Step1.am-ի զրուցակիցն է քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը։
-Պարոն Ղուկասյան, ինչպե՞ս եք գնահատում Եվրախորհրդարանի ընդունած բանաձեւը, ի՞նչ ուղերձ ունի այն։
-Սա փաստում է, որ Ադրբեջանի իշխանությունների քաղաքականությունը չի համապատասխանում Եվրամիության ակնկալիքներին։ Դրա համար տեսնում ենք, որ քննադատող բանաձեւ են ընդունում։
Բանաձեւում Եվրախորհրդարանը հորդորում է համապարփակ եւ թափանցիկ երկխոսություն սկսել արցախահայության հետ եւ տալ անհրաժեշտ բոլոր երաշխիքները նրանց պաշտպանության, հողի ու սեփականության իրավունքների վերաբերյալ։ Ինչ-որ գործնական քայլեր կարո՞ղ են լինել։
-Չեմ կարծում, որ դրանից հետո ինչ-որ իրադարձություն կարող է լինել։ Հարցին նաեւ այսպես կարելի է նայել՝ Եվրամիության կուսակցությունները, քաղաքական ուժերն իրենց վրայից հանում են պատասխանատվությունը Ադրբեջանի հանցավոր ռեժիմի հետ համագործակցության հարցում։ Եվ այդ պատասխանատվությունը թողնում են գործադիր մարմինների վրա։ Իսկ մենք տեսնում ենք, որ գործադիր մարմիններն Ադրբեջանի նկատմամբ գործուն քայլեր չեն գործարկում, որեւէ ձեւով ազդեցություն չունեն իրավիճակի վրա։ Այսինքն՝ կա փաստացի գնահատական քաղաքական ուժերի կողմից, որոնք համարում են, որ Ադրբեջանը խախտում է իր միջազգային պարտավորությունները, եւ կան գործադիր իշխանություններ, որոնք այլ կերպ են այդ ամենին նայում։ Այս պահին սա է գոյություն ունեցող իրավիճակը։
Այսինքն՝ գործնական քայլեր տեւական ժամանակ է՝ չկան, բաց տեսնում ենք, որ կա պատասխանատվությունը գործադիր իշխանությունների վրա թողնելու քաղաքականությունը։
Բանաձեւում նաեւ Ադրբեջանի դեմ հնարավոր պատժամիջոցների մասին խոսք կա, նշվում է, որ ԵՄ-ն պետք է պատրաստ լինի պատժամիջոցներ կիրառել ցանկացած ֆիզիկական անձի և կազմակերպության նկատմամբ, որոնք սպառնում են Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը։ Ո՞ր դեպքում պատժամիջոցներ կկիրառվեն։
-Անընդհատ այդ պատժամիջոցների մասին ասում են, պնդում են, որ պետք է ձեռնարկել ինչ-որ գործողություններ, բայց տեսնում ենք, որ ոչ մի բան տեղի չի ունենում։ Անշուշտ, նրանք գտնում են, որ Արցախի հարցը փակ չէ, որ Ադրբեջանը իրավունքների եւ իր պարտավորությունների խախտում է թույլ տվել այդ հարցում։ Բայց, կարելի է ասել, սայլը տեղից չի շարժվում։ Այսինքն՝ քաղաքական մարմինները պատասխանատվության գնդակը գցում են գործադիր իշխանությունների վրա, իսկ գործադիր իշխանութունները շարունակում են այն քաղաքականությունը, որը մինչեւ հիմա եղել է։
Ռոզա Հովհաննիսյան