Պուտինը Կրեմլի իրավիճակային կենտրոնից մեկնարկ է տվել ռազմավարական միջուկային զսպման ուժերի ռազմավարժություններին։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
«Այսօր մենք ռազմավարական ուժերի (միջուկային-խմբ.) զսպման հերթական վարժանքն ենք անցկացնում։ Մենք կիրականացնենք միջուկային զենքի կիրառումը վերահսկելու պաշտոնյաների գործողությունները բալիստիկ և թեւավոր հրթիռների գործնական արձակումներով»,- ասել է ՌԴ նախագահը։
Պուտինն ընդգծել է, որ միջուկային զենքի կիրառումը ծայրահեղ միջոց է երկրի անվտանգությունն ապահովելու համար։ Նա նշել է, որ դա Մոսկվայի սկզբունքային դիրքորոշումն է։
Միևնույն ժամանակ, հենց «միջուկային եռյակն» է, որ շարունակում է մնալ Ռուսաստանի ինքնիշխանության և անվտանգության հուսալի երաշխավորը, թույլ է տալիս նրան լուծել ռազմավարական զսպման խնդիրները, ինչպես նաև պահպանել միջուկային հավասարությունը և ուժերի հավասարակշռությունը աշխարհում։
«Թույլ տվեք ընդգծել, որ մենք չենք պատրաստվում ներքաշվել սպառազինությունների նոր մրցավազքի մեջ։ Սակայն մենք միջուկային ուժերը կպահպանենք անհրաժեշտ բավարարության մակարդակում»,- նշել է պետության ղեկավարը։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: