Արցախն ու Ցեղասպանությունը Արարատի համար “սենտիմենտ են”․ ռենեգատություն

  • 11:32 31.10.2024

Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը հարցրեց Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին․ «Արցախյան հակամարտության կարգավորման հարց արտգործնախարարության օրակարգում գոյություն ունի՞, թե՞ ոչ։ Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման հարց ԱԳՆ օրակարգում գոյություն ունի՞, թե՞ ոչ»։

«Երբ ասում եք Լեռնային Ղարաբաղի հակամարտություն, մենք հասկանում ենք այն ամբողջ կոնֆլիկտը, որը եղել է եւ քանի դեռ պայմանագիրը ստորագրվա՞ծ չէ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ, ես լավ չեմ հասկանում։ Այսինքն՝ բոլորս ունենք մեր պատերացումները։ Որպեսզի կարողանանք հարցադրումները ճիշտ հասկանալ ու պատասխանել, պետք է շատ հստակ ձեւակերպումներ անենք։ Ես մի բան եմ հասկանում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտություն ասելով, դուք կարող է մեկ այլ բան։ Մենք զբաղվում ենք այս պահին, եւ այդ մեր զբաղվելիքը ունի հետեւյալ վերնագիրը՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորում»,- ասաց Արարատ Միրզոյանը։

Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցին անդրադառնալով, ԱԳ նախարարը նշեց․ «Ինչպես կարող եք ենթադրել նրանից, որ ես առաջնահերթությունները թվարկելիս դրան առանձին չանդրադարձա, դա մեր թիվ մեկ առաջնահերթությունը չէ։ Եվ պատմության ողբերգական անցքերը՝ Հայոց Ցեղասպանությունն ուսումնասիրելը կամ դա թիվ մեկ առաջնահերթություն դարձնելը, անշուշտ, արտաքին գործերի նախարարության օրակարգը չէ»։

Միրզոյանը հավելեց․ «Իմ պարտականությունն է այնպես անել, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ապրեն անվտանգ ՀՀ 29 743 քառակուսի կիլոմետր ինքնիշխան եւ ապահով տարածքում։ Ես որեւէ նախադասություն, որեւէ քայլ, որեւէ հանձնարարություն կամ ուղերձ բխեցնում եմ միմյան այդ պատկերացումից ու պարտականությունից։ Ես իրավունք չունեմ, թույլ տալ, որ սենտիմենտները մեզ առաջնորդեն, դուք կարող եք դա ձեզ թույլ տալ»։

f