Դա դավաճանության հասնող ցինիզմ է․ Մամիջանյան

  • 14:34 31.10.2024

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությանը, թե ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգում Ցեղասպանության ճանաչման հարցը առաջնահերթություն չէ։

«Այն փաստը, որ իրենք Սահմանադրությունը ու ՀՀ օրենքները չեն հարգում, դա նորություն չէ։ Նաեւ նորություն չէ, որ իրենց իսկ գրած ծրագրերը չեն հարգում, մասնավորապես, կառավարությանբ ծրագիրը։ Այդպես եղավ այն ժամանակ, երբ իրենք նախընտրական ու հետագայում կառավարության ծրագրում գրեցին, որ Հադրութն ու Շուշին ազատագրելու են, Ղարաբաղի հակամարտության սկզբունքները կարգավորելու են երեք հիմնական սկզբունքների հիման վրա եւ հանձնեցին Արցախը։ Հիմա նույն պատմությունը Հայոց Ցեղասպանության ճանաչման հետ կապված է, որովհետեւ թե իրենց ծրագրում է դա նշված, թե ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության մեջ։ Բայց այսօր ՀՀ ԱԳ նախարարն ասում է, որ նման առաջնահերություն ՀՀ-ն չունի։ Երբ տարիներ առաջ ասում էինք՝ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն գալիս են իշխանության՝ Արցախը հանձնելու եւ Ցեղասպանության հարցը մոռացության մատնելու համար, հիմա երկուսն էլ, ցավոք սրտի, իրողություն են»,- ասաց Մամիջանյանը։

Նա նշեց, որ ԱԳՆ-ն վերջին տարիներին Ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ ոչ մի քայլ չէր էլ անում։ «Ուղղակի հայտարարել, որ չեն էլ անելու, դա արդեն ցինիզմի գագաթնակետն է։ ՀՀ ԱԳ նախարարը հայտարարում է, որ Ցեղասպանության ճանաչման հարցը օրակարգային առաջնահերթություն չէ, դրան կարող է հետեւել ինչ ասես։ Դա դավաճանության հասնող ցինիզմ է, դա մեկ նոտա չէ, դա արդեն երգ է։ Հաջորդը, թե ինչ ազգային օրակարգերից են հրաժարվելու ՔՊ-ականները, ես չեմ պատկերացնում։ Կարող է իրենք արդեն դիմեն ՅՈՒՆԵՍԿՕ-ին ու ասեն, որ Արցախում մնացած հայկական մշակութային ու կրոնական կոթողներն անհրաժեշտ չէ պաշտպանել։ Խնդիրն այն քաղաքական մեսիջն է, որը փոխանցվում է Թուքիային ու աշխարհին»,- հավելեց նա։

f