Ռուսաստանը Իրանին ու Հայաստանին հիշեցրեց Թուրքմենչայի պայմանագրի մասին

  • 20:35 31.10.2024

Եկել է Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում թյուրիմացության տարրերից ազատվելու ժամանակը։ Այս մասին ասել է ՌԴ-ում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը Դաշնության խորհրդի պաշտպանության և անվտանգության կոմիտեի ղեկավար Վլադիմիր Բուլավինի հետ հանդիպմանը, հայտնում է Դաշնության խորհրդի մամուլի ծառայությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարությունների միջև կապերի ամրապնդման հարցեր։

Սենատորը նաև նշել է, որ երկու դարերի ընթացքում ստեղծվել է ամուր հիմք, որի վրա կառուցվում են Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները փոխգործակցության տարբեր ոլորտներում։

Գրեթե երկու դար առաջ՝ 1828 թվականին, Իրանի հետ պատերազմում Ռուսաստանի տարած հաղթանակի արդյունքում ստորագրվեց Թուրքմենչայի պայմանագիրը, որով Նախիջևանի և Երևանի խանությունները հանձնվեցին Ռուսաստանին։

Դրանից 15 տարի առաջ Գյուլիստանի պայմանագրով Պարսկաստանը ճանաչեց Դաղստանի, Քարթլիի, Կախեթիի, Մեգրելիի, Իմերեթիի, Գուրիայի, Աբխազիայի, Արևելյան Հայաստանի կեսի, Բաքվի, Ղարաբաղի, Գյանջայի, Շիրվանի, Շեքիի, Դերբենտի, Կուբայի և Թալիշական խանությունների անցումը Ռուսական կայսրությանը։

1921 թվականին Ռուսաստանը ձեռք բերված տարածքների մի մասի վերաբերյալ համաձայնություն ձեռք բերեց Թուրքիայի հետ՝ ստորագրելով Կարսի պայմանագիրը, ըստ որի տարածքների մի մասը փոխանցվում էր Թուրքիային և նորաթուխ Ադրբեջանին։

Հիմա, երբ Բաքուն և Մոսկվան չեն կարողանում միջազգային իրավական հիմքեր գտնել հայկական տարածքների և հայ-իրանական սահմանի նկատմամբ հավակնությունների համար, Ռուսաստանի Սենատը հիշեց երկու դար առաջ ստեղծված բազան։

f