ՀՀ-ն պարտավոր է Արցախի կարգավիճակն Ադրբեջանի կազմում կանխորոշող որևէ փաստաթուղթ չստորագրել. «Հայաքվե»

Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է Արցախի կարգավիճակն Ադրբեջանի կազմում կանխորոշող որևէ փաստաթուղթ չստորագրել։ Այս մասին ասվում է «Հայաքվե» նախաձեռնության տարածած հաղորդագրությունում:

«Արցախի օկուպացիան ՀՀ իշխանությունների կողմից չի արձանագրվել, չի դատապարտվել, ընդհակառակը՝ լեգիտիմացվում է։

Մասնավորապես, 2023 թ․ հոկտեմբերի 5-ին Գրանադայում Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված հայտարարության մեջ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը կոնկրետ սահմաններում՝ 86600 քառակուսի կիլոմետր, որը ներառում է նաև Արցախի Հանրապետությունը, Ադրբեջանի կողմից Արցախի բռնազավթումը լեգիտիմացնող քայլ է։

ՀՀ Գերագույն խորհուրդը 1992 թ․ հուլիսի 8-ին ընդունել է որոշում, ըստ որի՝ 1/ Հայաստանի Հանրապետությունը պետք է հետևողականորեն սատար կանգնի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը և նրա բնակչության իրավունքների պաշտպանությանը, 2/ Հայաստանի Հանրապետության համար անընդունելի է միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում»։

ԱՄՆ-ում սկանդալ է. համացանցում հայտնվել են Իրանին հարվածելու իսրայելական ծրագրերի գաղտնի փաստաթղթեր

Միացյալ Նահանգները հետաքննում է Իրանի դեմ վրեժխնդիր լինելու Իսրայելի պլանների վերաբերյալ ամերիկյան խիստ գաղտնի հետախուզական տվյալների արտահոսքը, ասել են գործին ծանոթ երեք անձինք: Նրանցից մեկը հաստատել է փաստաթղթերի իսկությունը, հաղորդում է CNN-ը։

Արտահոսքը կարող է խաթարել ԱՄՆ-ի և Իսրայելի միջև առանց այն էլ լարված հարաբերությունները: Այս շաբաթ սոցցանցերի հարթակներում հայտնվեցին փաստաթղթեր, որոնք ցույց են տալիս, որ ԱՄՆ գաղտնի հետախուզությունը հավաքվում է Իրանին հնարավոր պատասխան հարված հասցնելու Իսրայելի նախապատրաստման վերաբերյալ տվյալներ՝ թվագրված հոկտեմբերի 15-ին և 16-ին:

Փաստաթղթերը դասակարգված են որպես «հույժ գաղտնի» և ունեն նշումներ, որոնք ցույց են տալիս, որ դրանք կարող են տեսնել միայն Միացյալ Նահանգները և նրա ՞հինգ աչքերի՞ դաշնակիցները՝ Ավստրալիան, Կանադան, Նոր Զելանդիան և Միացյալ Թագավորությունը:

Փաստաթղթերը կոնկրետ մանրամասներ են պարունակում զինամթերքի տեսակների և քանակի մասին, որոնք Իսրայելը պատրաստում է լայնածավալ հարձակման Իրանի վրա՝ ի պատասխան ռեժիմի կողմից սեպտեմբերի վերջին մոտ 200 բալիստիկ հրթիռների արձակման:

Սերը չի հետաքրքրվում, թե ինչ կարող ես անել. սերն օգնում է Էդվարդին և Էլմիրային հաղթահարել դժվար փորձությունները

Սերը չի հետաքրքրվում, թե ինչ կարող ես և ինչ չես կարող անել, ով ես դու և ով չես կարող լինել: Իսկական սերը նայում է ուղիղ սրտի մեջ:

Նիկ Վույչիչ

Այդպիսին է, օրինակ, Էդվարդի ու Էլմիրայի ճակատագիրը։

Էդվարդը ծնվել ու մեծացել է Բաքվում, իսկ Էլմիրան՝ Ստեփանակերտում։ 1988 թվականին հայտնի իրադարձությունների պատճառով Էդվարդը ստիպված է եղել տեղափոխվել պատմական հայրենիք՝ Արցախ, որից հետո, ինչպես բոլոր արցախցիները, նա վերապրել է Արցախյան առաջին պատերազմի սարսափելի տարիները՝  անմիջականորեն մասնակցելով մարտական ​​գործողություններին։

Պատերազմի ավարտից հետո նա մնում է ապրելու հայրենիքում, որտեղ մի քանի տարի անց բավականին հասուն տարիքում ծանոթանում է Էլմիրայի հետ։

«Առաջին անգամ հանդիպեցինք 2000 թվականին՝ Ստեփանակերտի պոլիկլինիկայի հին շենքի մոտ։ Այս հանդիպումից որոշ ժամանակ անց Էդվարդն ինձ առաջարկություն արեց, բայց ինձ համար դժվար էր միանգամից համաձայնվել։ Տարիքային տարբերություն ունեինք, որի հետ չէի կարողանում հաշտվել, բացի այդ՝ ախտորոշման պատճառով բարդույթներ ունեի (բնածին ուղեղային կաթված): Ինձ թվում էր, որ ես չեմ կարող լիարժեք կին դառնալ։ Բայց Էդվարդին հաջողվեց համոզել ինձ»։

Նույն տարում նրանք ամուսնացան։ Ապրում էին վարձով բնակարանում՝ առանց տարրական կենցաղային պայմանների։ Բայց այս ամենը նրանց չխանգարեց երջանիկ լինել։ Էդվարդը փորձում էր անել ամեն ինչ, որպեսզի ընտանիքն առատ ապրի։ Նրան հաճախ կարելի էր տեսնել կանաչ խալաթով Ստեփանակերտի փողոցներում։ Գեղեցիկ սիզամարգերն ու մաքուր փողոցները՝ Ստեփանակերտի սանմաքրման և կանաչապատման ծառայության աշխատակիցների վաստակն էին, այդ թվում Էդվարդի։

Էլմիրան հոգում էր տնային հոգսերը՝ ստեղծելով հարմարավետություն և ջերմ մթնոլորտ։ Պարբերաբար այցելելով Ստեփանակերտի վերականգնողական կենտրոն՝ փորձում էր պահպանել առողջությունը։ Նա Վերականգնողական կենտրոնի առաջին հիվանդներից էր, որտեղ, բացի բուժումից, հետաքրքիր էր անցկացնում իր հանգիստը և ուներ բազմաթիվ ընկերներ։

Այսպիսով, Էլմիրան և Էդվարդն ապրեցին խաղաղության և հանգստության մեջ մինչև 2020 թվականի սեպտեմբեր, որից հետո եկավ բարդ փորձությունների շրջան։ Մի քանի պատերազմներ, շրջափակում, սով, նկուղներում անքուն գիշերներ, վախ և վախի հետևանքներ, բռնի տեղահանություն և հուսահատություն։

Հիմա նրանք, ինչպես բոլոր արցախցիները, ստիպված են անորոշության պայմաններում գոյություն ունենալ հայրենիքից հեռու։

Արսեն Աղաջանյան

Լոռիում և Տավուշում ջրհեղեղից 4 ամիս անց սկսվել է փոխհատուցման վճարումը (ֆոտոռեպորտաժ)

Իշխանությունները սկսեցին ֆինանսական փոխհատուցման վճարումը Լոռիում և Տավուշում ջրհեղեղից տուժած ընտանիքներին՝ իրենց տները վերականգնելու համար։

Մասնավորապես, 1քմ-ի համար վճարվում է 60 հազար դրամ, իսկ կահույքի և տեխնիկայի ձեռքբերման համար յուրաքանչյուր ընտանիք կստանա 1 միլիոն 200 հազար դրամ։ Ընտանիքները նաև գումար են ստանում բնակարաններ վարձելու համար, որտեղ նրանք ապրում են մինչև վերանորոգման ավարտը: Փոխհատուցման չափը որոշելու համար հաշվարկվում է շարժական գույքի և կենցաղային վնասը:

Դեռ մայիսին՝ ջրհեղեղից անմիջապես հետո, իշխանությունները ջրհեղեղից տուժած բնակավայրերը հռչակեցին աղետի գոտի և 300 մլն դրամ հատկացրին դրա հետևանքները վերացնելու համար։ Չորս ամսում վերականգնվել են կապն ու ենթակառուցվածքները, շարունակվում են հանրապետական ​​նշանակության ճանապարհների ասֆալտապատումը, սակայն դրանցով արդեն երկկողմանի երթեւեկություն է իրականացվում, մեքենաների և համայնքները կենտրոնի հետ կապող կամուրջներ են կառուցվել կամ ժամանակավոր անցումներ։

Լոռու մարզի Ալավերդի համայնքի իշխանությունները կարծում են, որ թեև «նույնիսկ հնաբնակները չեն հիշում համայնքում մայիսյան ջրհեղեղի մասշտաբի աղետներ, սակայն դրա կրկնությունը չի կարելի բացառել, քաղաքացիական պաշտպանության ծրագիրը թարմացվում է, որպեսզի յուրաքանչյուր կառույց և բնակիչ հստակ իմանա իր գործողությունները աղետների դեպքում»։

Ալավերդիում ջրհեղեղից ամենաշատը տուժել են Ալավերդու Սանահին կայարան գյուղի և գետերի երկայնքով տեղակայված համայնքների բոլոր շենքերի ստորին հարկերը։ Բնակիչները փորձում են վերադառնալ իրենց առօրյային. տների մաքրումը կեղտից և աղբից արդեն ավարտված է։ Փոխհատուցում ստանալով՝ վերանորոգումն են սկսել։ Նրանց չի անհանգստացնում խոնավության դեռ ակնհայտ հոտը։ Նախ՝ մարդիկ ցանկանում են վերադառնալ իրենց տները։ Երկրորդ՝ իշխանությունները մաս-մաս են փոխհատուցումը տալիս՝ գործողությունները վերահսկելու համար։ Եթե ​​ընտանիքը չսկսի վերանորոգումը, հաջորդ տրանշ չի լինի։

Ինչպես Ալավերդցիներից մեկն ասաց. «Խղճով ենք վերանորոգում, ցեմենտը լցնում ենք այնքան, որքան պետք է, և եթե դեռ պետք է սենյակը չորացնել, դիմում ենք էլեկտրական վառարանների օգնությանը»։ Մեկ այլ տղամարդ որոշել է մեկ մետրով բարձրացնել հատակն ու պատուհանները, քանի որ չի բացառում հերթական ջրհեղեղը: «Մեր թաղամասում ջուրը երեք մետր բարձրացավ։ Վերին հարկերում պատսպարվեցինք հարեւանների մոտ։ Հետո բոլորին տարհանել են նավակներով։ Հիմա բոլորը զբաղված են վերանորոգմամբ, քանի որ հասկանում են, որ վախի մեջ ապրելը սխալ է, պետք է պատրաստ լինել նման բնական երեւույթներին»։

Ալվարդ Գրիգորյան

Ֆոտոռեպորտաժ Ալավերդիից՝ ջրհեղեղից 4 ամիս անց

Փաշինյանը ոչինչ չի ձախողել, նա ծրագրված կատարում է այն, ինչ առաջադրել է ռուս-թուրքական տանդեմը

Step1.am-ի զրուցակիցն է «Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լեւոն Հայրյանը։

Կան տեսակետներ, որ ՀՀ կառավարության՝ արցախցիների համար նախատեսված բնակապահովման ծրագիրը կարծես ձախողվում է։ Համենայնդեպս ծրագրից օգտվող արցախցիների թիվը մեծ չէ։ Ի՞նչ խնդիրներ կան, ինչո՞ւ են արցախցիները հրաժարվում այս ծրագրից։

-Ի՞նչ է իրենից ներկայացնում բնակարանայի ապահովման ծրագիրը, որը կառավարությունը ներկայացրել է Արցախից տեղահանված անձանց։ Ինչպես որոշ փորձագետներ են ասում, ծրագիրը բազմաֆունկցիոնալ գործիք է Հայաստանի իշխանության ձեռքին՝ հիմնականում իր չար մտադրություններն իրականացնելու համար։ Մի կողմից այս ծրագրով իրենք ներկայանում են Եվրոպայում, ներկայացնում, թե փախստականներին դիմավորել ու տեղավորել են եւ դրա շնորհիվ միջազգային կազմակերպություններից գումարներ են ստանում։ Եվ որեւէ կերպ չեն ուզում ստեղծել մարմին, որը կվերահսկի այդ գումարների շրջանառությունը։ Մյուս գործառույթը Արցախի հարցի ամբողջական թաղումն է։ Արցախի պետությունը լուծարել են, բայց կան Արցախի հայերը, որոնք պայքարում են ինչ-որ շահերի համար։ Պետք է դա էլ վերանա։ Իսկ վերանալու համար պետք է ժողովուրդը տարալուծվի մնացած հայության մեջ կամ արտագաղթի տարբեր երկրներ։ Ինչո՞ւ, որովհետեւ այսօր Հայաստանի իշխանությունը զավթած խմբակն իր տերերի առաջ պարտավորություն է ստանձնել Արցախի հարցը հանել մեջտեղից։

Հիմա շատ են խոսում այն մասին, որ իբր թե այս ծրագիրը ձախողվել է, բայց ծրագիրը ոչ թե ձախողվել է, այլ հենց սկզբից հաշվարկված էր դրա համար։ Մեր ժողովուրդը շատ է սիրում ասել, որ Նիկոլի իշխանությունը ձախողվել է այս կամ քայն հարցում, բայց ոչ մի հարցում էլ չի ձախողել, Նիկոլ Փաշինյանը ծրագրված շատ հստակ կատարում է այն, ինչ իրեն առաջադրել է ռուս-թուրքական տանդեմը, որն էլ նրան 2018 թվականին հատուկ այդ նպատակով բերել է իշխանության։ Նրան հատուկ բերել են իշխանության, որ հայկական պետականության սուբյեկտայնությունը վերացնեն։ Եվ քանի որ Արցախից դեռեւս հայկական պետականության սուբյեկտայնության ու ազատության ստիմուլներ էին գալիս, պետք էր հենց այդտեղից էլ սկսել հայկական պետականության կազմալուծումը։ Այսինքն՝ Արցախը լուծարել, այնուհետեւ անցնել բուն Հայաստանին։

Եթե անդրադառնանք բնակարանային ծրագրի մանրամասներին, կուզեմ շեշտադրել հետեւյալը։ Նախ, հատկացնում են գումար, որով հնարավոր չէ տուն գնել։ Այսինքն՝ սա նորից լծակ է՝ ճնշելու արցախցիներին, որպեսզի քաղաքական հարցեր չբարձրացնեն։ Երկրորդ, իբր թե յուրաքանչյուր անձի տրամադրվում է 5 մլն դրամ՝ բնակարան ձեռք բերելու համար, բայց միայն որոշ բնակավայրերում տուն գնելու համար են 5 մլն տալիս։ Այս բնակավայրերի մի մասում ենթակառուցվածքներ եւ անգամ բնակֆոնդ չկա։ Մամուլում արդեն հրապարակում կա, որ այդ գուղերի մեծ մասում նույնիսկ դպրոցներ չկան։ Երկրորդ, Ադրբեջանի հետ սահմանամերձ գյուղերում տուն գնելու դեպքում է մեկ անձին 5 մլն դրամ հատկացվելու։ Բայց Վրաստանի, Իրանի կամ Թուրքիայի հետ սահմանամերձ գյուղերի համար 3 մլն դրամ են տրամադրում։ Այսինքն՝ Ադրբեջանից իրենք վտանգ են սպասում, որ կարող է հարձակում լինի, եւ Արցախի հայերին, որոնք վտանգից փախած եկել են Հայաստան ու Հայաստանի օգնությանն են ապավինել, նորից տանում են այնտեղ, որտեղ պոտենցիալ վտանգ կա։ Սա էլ երեւի լծակ է, որպեսզի Արցախից բռնի տեղահանված հայերը չգնան այդ բնակավարեր եւ գնան արտերկիր։ Ես կարծում էի, որ արտագաղթող արցախցիները քիչ են, բայց շփվելով ժողովրդի հետ՝ արդեն տեսնում եմ, որ արտագաղթելու ցանկություն ունեցողների թիվը շատանում է։

Մենք հանդիպումների ժամանակ մի քանի անգամ ասել ենք, որ արցախցիների համար ավան կառուցեն, մեզ համար կարեւորը սեփականություն ձեռք բերելը չէ, կարեւորը տանիք ունենալն է։ Բնակարան ձեռք բերելու համար արցախցիներին ստիպում են ՀՀ քաղաքացիություն ստանալ։ Որպես պատճառ է բերվում այն, որ քանի որ ՀՀ կառավարությունը երկարաժամկետ ներդրում է անում արցախցիների համար, դրա համար էլ քաղաքացիության պահանջը մտցվել է։ Ոչ, ՀՀ քաղաքացիություն ստանալու պահանջը հերթական ճնշման լծակն է։ Մենք չենք ուզում ՀՀ քաղաքացիություն ստանալ եւ այստեղ ունեցվածք ունենալ։ Առաջարկել ենք մեզ համար կառուցել ավաններ, այնտեղ մեզ տրամադրել սոցիալական հիմունքներով բնակարաններ։ Երբ որ մենք կվերադառնանք Արցախ, այդ բնակարանները կմնան որպես Հայաստանի բնակֆոնդ։

ՀՀ քաղաքացիություն ստանալու պահանջի միջոցով փորձում են լուծարել Արցախի համայնքը։ Ինչո՞ւ են արցախցիներին ՀՀ քաղաքացիություն տրամադրելու գործընթացը ձգձգում։ Սրան մի պատասխան կա՝ 2026 թվականին Հայաստանի խորհրդարանի ընտրություններ են սպասվում։ Խնդիր է դրված, որ մինչեւ 2026 թվականը արցախցիները չպետք է Հայաստանի քաղաքացի լինեն, որպեսզի չմասնակցեն ընտրություններին։ 2026 թվականին իրենց վերարտադրվելուց հետո, այնպես, ինչպես փախստականի կարգավիճակի մասին վկայականն են մեկ հրամանով տվել, նույն կերպ մեկ հրամանով բոլոր արցախցիներին ՀՀ քաղաքացի են դարձնելու։ Իրենք ասել են, չէ՞, որ արցախցիները եկել են Հայաստան՝ հեղաշրջում անելու։

Այսինքն՝ երբ վերլուծում եմ այս ծրագիրը, հանգում եմ այն եզրակացության, որ այս ծրագրով վերջին արցախցիները բնակարան կստանան 35-40 տարի հետո, ինչպես Բաքվի փախստականներից ոմանք դեռ չեն ստացել բնակարան։ Այս ծրագիրը կարող են փոխել միայն արցախցիները՝ իրենց քաղաքական պայքարի միջոցով։ Բայց, երբ արցախցիներին մի բան ենք ասում, ասում են՝ չքաղաքականացնեք։ Ի՞նչը չքաղաքականացնենք՝ աշխարհի ամենափոքր սոցիալական հարցի հիմքում անգամ ընկած է սխալ քաղաքականությունը։ Եվ աշխարհի ամենափոքր սոցիալական հարցը քաղաքական լուծում է պահանջում։ Չքաղաքականցնել նշանակում է չպայքարել սեփական շահերի համար։ Հայաստանի կառավարությունը եւ Արցախի կառավարության մնացորդներն ամեն ինչ անում են՝ բոլորին գոհացնելու համար, բացի հայ ժողովրդի շահերը սպասարկելուց։

Ի՞նչ պատճառով են Արցախն ու արցախցին հայտնվել այս վիճակում, սա մտածված քաղաքականությո՞ւն է։

-Սա մտածված քաղաքականություն է՝ ծրագրված խոշոր քաղաքական կենտրոններում։ Այդ կենտրոններից ամենաշահագրգիռը Մոսկվան է, որը որոշել է ինչ-ինչ պատճառներով Արցախը լուծարել։ Վլադիմիր Պուտինը, իշխանությունը ստանձնելով, հայտարարեց, որ Սովետական Միության փլուզումը դժբախտություն էր, այսինքն՝ նա որոշեց Սովետական Միություն վերականգնել։ Այստեղ արդեն հայերը պետք է հասկանային իրենց գլխին գալիքը, որովհետեւ Սովետական Միության փլուզման հարցում մեծ դեր է ունեցել հայ ժողովուրդը՝ Արցախյան շարժումով։ Այսինքն՝ նրանք պետք է հասկանային, որ ռուսական սլաքներն ուղղվելու են այդ շարժման «մեղավորների դեմ։ Երկրորդ, Սովետական միությունը վերականգնելու համար ռուսները պիտի կռիվ սկսեին Ուկրաինայում, Մոլդովայում, Վրաստանում, ինչ-որ չափով նաեւ Հայաստանում, չնայած Հայաստանում իրենց ագենտուրան շատ մեծ էր, վստահ էին, որ իրենց քաղաքականությունը կանցկացնեն, եւ այդպես էլ արեցին։ Մինչեւ հիմա ոչ ոք չի բողոքում ռուսներից, որ Արցախ են լուծարել, բոլորը մեղադրում են Նիկոլ Փաշինյանին, որը չգիտես ինչպես հայտնվել է իշխանության ղեկին։

Որպեսզի համոզվենք, որ հատկապես ռուսներն են լուծարել Արցախը, պիտի հիշենք ռուս քաղաքական գործիչների հայտարարությունները։ Օրինակ՝ պատերազմը դեռ նոր վերջացած՝ Պուտինը հայտարարում էր, որ “Ղարաբաղը Ադրբեջան է”։ Պատերազմից հետո Սերգեյ Շոյգուն հայտարարեց՝ “մենք թուրքերի հետ դժվար օպերացիա անցկացրինք Ղարաբաղում”։ Դա զինվորականի տերմինաբանությամբ նշանակում է նախօրոք նստել են, ծրագիր են գծել, այդ ծրագրով առաջնորդվել են։ Սա ռուս-թուրքական համատեղ օպերացիա էր, այսինքն՝ նախօրոք նստել են, շտաբներում ծրագրել են, թե Արցախն ինչպես պետք է լուծարեն։ Այդ օպերացիան չէր կարող իրականանալ, եթե ներսում իրենց սատարող ուժ չունենային։ Ուստի, 2016 թվականի քառօրյա պատերազմից հետո հասկանալով, որ Ադրբեջանի ձեռքով հնարավոր չէ որեւէ հարց լուծել Անդրկովկասում, նրանք հասկացան, որ պետք է նաեւ քաղաքական օպերացիա իրականացնեն Հայաստանում։ Եվ  2018 թվականին կազմակերպեցին քաղաքական օպերացիան՝ Նիկոլ Փաշինյանին բերեցին իշխանության, որպեսզի պատերազմի ժամանակ որեւէ հայ հանկարծ չփորձի դիմադրել։ Այսինքն՝ եթե ներսում իրենք այդ քաղաքական օպերացիան չանեին, ռազմական օպերացիան շատ բարդ կլիներ իրենց համար։ Այդ օպերացիայի բարդությունը կայանում էր նաև նրանում, որ հայերին ջարդուփշուր անելով՝ թույլ չտալ հայերի կողմնորոշումը դեպի Եվրոպա, ինչն էլ քպ խմբակը փայլուն իրականացրեց: Նիկոլ Փաշինյանը չի ձախողվել, նրան ռուսներն ու թուրքերը բերել են իշխանության՝ հատուկ Արցախը լուծարելու համար, հետագայում էլ Հայաստանի սուվերենիտետը վերացնելու համար։ Եվ նրանց ծրագիրը փայլուն իրականացնում են։ Այդ պատճառով է ճղճղանը այսօր լոզունգ սարքել՝ որտեղ հաց, այնտեղ կաց, այսինքն՝ մեզ պետություն պետք չէ, փորի համար պետք է ապրենք: Ի դեպ այս կարգախոսը նա օգտագործելու քսանվեց թվի ընտրություններին:

Արցախ վերադարձի ի՞նչ հնարավորություն եք տեսնում։

-Վերադարձի թեման այսօր շատ է շոշափվում։ Բայց Հայաստանի էլիտան խոսում է վերադարձի մասին՝ առանց քաղաքական պահանջներ դնելու։ Չեն ասում՝ ո՞ր Արցախ պետք է վերադառնանք, այն, որ Ադրբեջա՞ն է, թե՞ անկախ պետություն կամ Հայաստանի մաս պետք է լինի։ Վերադարձի համար Արցախի 220 կազմակերպություններ ստորագրել են հայտարարություն։ Այդ հայտարարության մեջ 5 պայմաններ կան, եթե դրանցից գոնե մեկը խաթարվի, Արցախ վերադառնալը բացառվում է։ Պետք է անպայման այնտեղ լինի սուվերենիտետ, որպեսզի արցախցին վերադառնա։ Արցախի ու Հայաստանի հայերին որ թողնես, նորից ռուս խաղաղապահներին կբերեն Արցախ եւ նրանց հավատալով՝ կվերադառնան այնտեղ։ Սա մեզ համար մահ է, խայտառակություն է։

Այսինքն՝ այսօր Հայաստանի իշխանությունները հետեւյալ քաղաքականությունն են վարում՝ Հայաստանի ներսում արցախցիներին ճնշում են, հայտարարում են Արցախ չկա, Արցախից մի խոսեք։ Դրան զուգահեռ, իրենք Արցախի անունից հայտարարություններ են անում դրսում, ընդ որում՝ ոչ հայանպաստ: Նիկոլը նոյեմբերի 9-ի թուղթ ստորագրեց, Պրահայում հայտարարեց՝ Արցախ չկա։ Սա է նրանց քաղաքականությունը, նրանց որոշումները 100 տոկոսով ոչ հայանպաստ են։

Բայց քանի որ այս երկիրն ստեղծվել է 1988 թվականի արցախյան շարժման հիմքի վրա, երկրի առաջին ղեկավարները եղել են հենց Ղարաբաղ կոմիտեի անդամները, այս պետության հիմքում դրված է հենց Ղարաբաղը։ Եթե նրանք ուզում են Ղարաբաղը հանել մեջտեղից, ուզում են հայկական պետությունը վերացնել։ Արցախի հարցը ոչ թե սպառնալիք է Հայաստանի պետականության համար, ինչպես ՔՊ-ական դատարկագլուխներն են հայտարարում, այլ Արցախի հարցը Հայաստանի պետականության գոյության միակ պայմանն է, ինչպես նաեւ ցեղասպանության հարցը։ Պատահական չէ, որ ռուս-թուրքական տանդեմի հրամանով ՀՀ իշխանությունները հարվածում են հենց Արցախին ու ցեղասպանության հարցին։

Առիթից օգտվելով՝ հայտարարենք, որ Արցախի և ընդհանրապես Հայաստանի ճակատագրով մտահոգ մի խումբ ՀԿ-ներ հոկտեմբերի 21-ին ժամը 11-ին բողոքի ակցիա կանցկացնեն ՀՀ ԱԳՆ-ն մոտ:  Կոչ ենք անում ակտիվորեն մասնակցել ակցիային:

Ռոզա Հովհաննիսյան

Պատերազմից 20 օր առաջ էր ծնվել երկար սպասված երեխան

Աշխատասեր, քարից հաց քամող և ոչ մի աշխատանքից չվախեցող արցախցի ընտանիքն այսօր կանգնած է բազում խնդիրների առջև

Արցախի տեղահանումից ավելի քան մեկ տարի հետո Ստելլա Գաբրիելյանը առանց հուզվելու չի կարողանում հիշել 2023-ի սեպտեմբերի 19-ը և դրան հաջորդող ողբերգական օրերը։ Պատերազմից 20 օր առաջ էր ծննդաբերել և երկար սպասված երեխան գրկին չգիտեր՝ կփրկվե՞ն արդյոք․․․

Աննան արդեն մեկ տարեկան է, Ստելլան կրտսեր եղբոր ընտանիքի ու մոր հետ ապրում է Արարատի մարզի Արտաշատ համայնքի Բյուրավան գյուղում։

Դողացող ձայնով է պատմում

-Սեպտեմբերի 19-ի առավոտը սովորական առավոտ էր շրջափակված Արցախի համար, ու հանկարծ կեսօրին մոտ սկսվեց․․․ Հրետակոծությունները քանի գնում ուժգնանում էին՝ ոչ մի րոպե չդադարելով։ Եղբայրներս՝ Նորայրն ու Հրայրը, դիրքերում էին։ Նրանց կանայք, երեխաները, մայրս ու ես հավաքվել էինք՝ չիմանալով մեր հետագա քայլերը։ Արցախյան առաջին պատերազմում զոհվածի այրի մայրս, ինչքան ուժ ուներ, փորձում էր հավաքել․ 9 թոռնիկների պատասխանատուն էր։ Տարիներ շարունակ մեր ընտանիքը դժվարությունների միջով էր անցնում, և մորս շնորհիվ կարողանում էինք հաղթահարել դրանք։ Այս անգամ ևս մեր հույսը նրա վրա էինք դրել, մինչև կգային տղաները։

Արդեն հասկացել էինք, որ այս պատերազմը նախորդների նման չէ, և սպասվում է անկանխատեսելին։ Ասկերանցիներն արդեն տարհանվում էին Ստեփանակերտի օդանավակայան։ Երեկոյան կողմ մենք նույնպես տեղափոխվեցինք այնտեղ։ Աննկարագրելի տեսարան էր՝ մարդկանց հոծ բազմությամբ, աղմուկ-աղաղակով, անօգնական իրավիճակով։ Մի քանի օր մնացինք այդտեղ։ Եղբայրներս դիրքերից իջել էին ու միացել մեզ։ Հետո ես որոշեցի վերադառնալ տուն, որովհետև հնարավոր չէր նորածին երեխայիս պահել այդտեղ։ Փոքրիկին լողացնել, շորերը լվանալ էր պետք, և մայրիկիս հետ ոտքով գնացինք տուն։

Մեկ օր տևած պատերազմն իր աղետալի հետևանքներն էր թողել․ ամենուր ողբ էր, սուգ։ Արդեն խոսակցություններ էին գնում Արցախը լքելու մասին։ Ամեն ինչ որոշված էր՝ առանց ժողովրդի կարծիքն իմանալու։ Լսել էինք, որ բացվել է Արցախը Հայաստանի հետ կապող ճանապարհը, և մարդիկ արդեն դուրս էին գալիս երկրից։ Սեպտեմբերի 24-ին փոքր եղբորս ընտանիքը նույնպես բռնեց գաղթի ճանապարհը, իսկ հաջորդ օրը՝ մեծ եղբորս կինը երեխաների հետ։ Տանը մնացել էինք ես մայրս, Նորայրը և փոքրիկս։ Հոկտեմբերի 28-ին ոտքով ճանապարհվեցինք դեպի օդանավակայան։ Ասկերանը գրեթե դատարկվել էր։ Հաջորդ օրը Հայաստան մեկնող ավտուբուսներից մեկով Արցախից հեռացանք նաև մենք․․․

Ստելլան անասելի ցավ է ապրում, որ հոր գերեզմանը գերության մեջ է մնացել, ոչ ոք այլևս ծաղիկ չի խոնարհի նրա հիշատակին։ Արցախում են մնացել բոլոր թանկ հիշողությունները, երազանքները։ Նա իր փոքրիկի համար խաղաղ ու երջանիկ կյանք էր երազում հայրենի բնօրրանում։ Ավա՜ղ, բոլորովին այլ ընթացք ունեցավ արցախահայության ճակատագիրը: Սփոփվում է՝ վերջին երկու օրը հայրական տանն է քնել․․․

Գաբրիելյանների ընտանիքը, որ Ասկերանում հայտնի էր որպես աշխատասեր, քարից հաց քամող և ոչ մի աշխատանքից չվախեցող ընտանիք, այսօր կանգնած է բազում խնդիրների առջև։

Ստելլան մտահոգվում է

-Չենք կարողանում հիմնական աշխատանք գտնել։ Այդ խնդիրը համատարած է և ամենուր տարիքային սահմանափակումներ են։ Մայրս, որ ամբողջ կյանքում աշխատել է, այժմ դժվարությամբ է հարմարվում, որ անգործ է մնացել։ Մի կերպ ապրում ենք պետության կողմից տրվող 40+10 աջակցության հաշվին։ Երեխայիս նպաստը չի հերքիում անգամ նրա սննդի ու հիգիենայի պարագաների համար։ Եթե ճիշտ լինեն աջակցության մասնակի դադարեցման մասին խոսակցությունները, ապա մեր ընտանիքը ծանր կացության մեջ կհայտնվի։ Ձմեռվա նախաշեմին դրամական օգնության դադարեցումը շատ բացասական կանդրադառնա ինչպես մեր, այնպես էլ գրեթե բոլոր արցախցի ընտանիքների համար։

Հիշում է

-Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ մորս հետ մեկ օր անգամ չենք լքել հարազատ Ասկերանը։ Եղբայրներս դիրքերում էին։ Միշտ ասում էի, մինչև Նորայրն անձամբ չասի, մենք դուրս չենք գալու Ասկերանից։ Հրետանավոր էր, 44 օր շարունակ իրեն վերապահված դիրքում։ Դաժան պատերազմ էր, սակայն հույս ու հավատ կար։ Պատերազմից հետո թվում էր՝ կրկին կվերածնվենք, ոտքի կկանգնենք:

Չի դադարում հուսալ ու հավատալ

-Վաղուց եմ դուրս եկել երեխայի տարիքից, բայց ուզում եմ հավատալ հրաշքի կատարմանը։ Ապրում եմ վերադարձի հույսով։ Կարոտում եմ մեր տունը, իմ Ղլիժբաղը, բոլոր հարևաններիս և ընկերներիս։ Արցախում մենք կկարողանայինք հաղթահարել բոլոր դժվարությունները, կդիմանայինք փորձություններին․․․

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Սահմանները Մերձավոր Արևելքում. ով է ստորագրելու Սայքս-Պիկոյի նոր պայմանագիրը

IRNA  Բեյրութ, Դամասկոս, Ռիադ, Դոհա, Բաղդադ; Սեյյեդ Աբբաս Արաղչին առաջ է տանում իրանական օրակարգը Սայքս-Պիկոյի անհանգիստ սահմանների վրա, որոնք նշանավորեցին Մերձավոր Արևելքում ներկայիս սահմանների ի հայտ գալը:

Այսօրվա իրադարձությունները յուրատեսակ կրկնություն են անցյալի պատմական իրադարձությունների՝ որպես հետեւանք փաստերի, որոնք անտեսվել են։ Մերձավոր Արևելքը մոլորակի միակ վայրն է, որտեղ «իրականությունը» անքակտելիորեն կապված է «պատմության» հետ։

Հարյուր տարի առաջ Առաջին համաշխարհային պատերազմի հաղթողները որոշեցին ոչնչացնել «Եվրոպայի հիվանդ մարդուն»՝ քայքայվող Օսմանյան կայսրությունը: Անգլիայի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարները տարածաշրջանում անվերջ ճգնաժամի արմատները դրեցին գաղտնի համաձայնագրի ժամանակ, որն ի սկզբանե կոչվում էր “Փոքր Ասիայի պայմանագիր”: Արհեստական ​որեն գծված սահմանները, որոնք բաժանվեցին երկու եվրոպական գաղութատիրական տերությունների միջև, անկայուն տարածաշրջան ստեղծեցին Իրանի կողքին։

Աշխարհագրությունն այլևս չէր սահմանվում հարթավայրերով ու բարձրավանդակներով, հարթավայրերով ու անապատներով։ Ավելի շուտ այն դարձել է Միջին Արեւելք կոչվող հրաբխում կարգուկանոն հաստատելու գործիք։

Տարածաշրջանին պարտադրվեց «1948 թվականի ճգնաժամը» և «Իսրայելի» ստեղծումը։ «Հրեական պետության» քողի տակ այս արհեստական ​​կազմավորումը ծառայեց ԱՄՆ-ի և Արևմուտքի անվտանգության համակարգին՝ նախ սառը պատերազմում Խորհրդային Միությանը զսպելու, այնուհետև տարածաշրջանի երկրներին «բալկանացնելու» և այնուհետև՝ «Մեծ Մերձավոր Արևելք» ծրագրի համար։

Այսօր տարածաշրջանում հիմնական հակամարտությունը՝ կանոնների և «օրակարգի» պայքարն է։ Դաշտի մի կողմում հետսառըպատերազմյան ամերիկյան կարգերի թուլացումն է, իսկ մյուս կողմում՝ Իրանում կենտրոնացած դիմադրության կարգը։

The Guardian-ը անցյալ ձմռանը գրել էր, որ Իրանն է տարածաշրջանում առաջին ուժը, ոչ թե ԱՄՆ-ը: Այս օրերին, երբ Արևմտյան Ասիան կանգնած է բռնկման եզրին, Իրանը Արևմտյան Ասիայի միակ իրական ազգային պետությունն է, որը հանդես է գալիս տարածաշրջանի պաշտպանության համար:

Աբբաս Արաղչիի այս օրերի տարածաշրջանային այցերը կարող են հիշեցնել ԱՄՆ հանգուցյալ պետքարտուղար Հենրի Քիսինջերի 1970-ականներին Յոմ Կիպուր պատերազմի ժամանակ արևմտյան Ասիա կատարած այցերը, որոնք հայտնի են որպես «մաքոքային դիվանագիտություն»:

Արաղչիի կարևոր օրակարգն է, մի կողմից, բացատրել Իրանի տարածքային ամբողջականության վրա Իսրայելի ցանկացած հնարավոր գործողությունների գինն ու հետևանքները և դիվանագիտական ​​աղբյուրների միջոցով այս ուղերձը հասցնել Վաշինգտոն-Թել Ավիվին, իսկ մյուս կողմից՝ հետամուտ լինել հրադադարի անհապաղ ծրագրին Գազայի հատվածի և Լիբանանի միջև պատերազմում։

Արևմտյան Ասիան, որն ավանդաբար եղել է մրցակցության թատերաբեմ մի քանի մրցակիցների, այդ թվում՝ Իրանի, Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի միջև, այժմ մարտադաշտ է երկու տարածաշրջանային և երեք արտատարածաշրջանային տերությունների համար: Այսօր միայն Իրանը, Ամերիկայի Միացյալ Նահանգները, Չինաստանը, Ռուսաստանը և Սիոնիստական ​​ռեժիմը արդյունավետ խաղացողներ են Մերձավոր Արևելքում կարգուկանոն և անվտանգության միջոցներ ստեղծելու գործում։

Կարծես թե նույնիսկ Թուրքիայի նախագահն է հասկացել տարածաշրջանի նոր պայմանները։

Թուրքիայի նախագահը Ալբանիա և Սերբիա պաշտոնական այցից վերադառնալուց հետո լրագրողներին ասել է. «Ռուսաստանն ու Իրանը պետք է ավելի արդյունավետ միջոցներ ձեռնարկեն այս իրավիճակը հաղթահարելու համար, որը հնարավոր է ամենամեծ վտանգը ստեղծի Սիրիայի տարածքային ամբողջականության համար»:

Թուրքիայի նախագահը նշել է. «Նրանք հրապարակայնորեն հայտարարում են, որ Լիբանանից հետո գրավելու են Դամասկոսը։ Դամասկոսի օկուպացիան նշանակում է, որ իսրայելցի զինվորները կգան թուրքական սահման»։

Ո՞վ է գծելու նոր սահմանները Մերձավոր Արևելքում։

Արցախյան շունչն ու յուրահատուկ կոլորիտը Մասիսում

Եռօրյա փառատոն է կազմակերպվել Dizak Art-ի նախաձեռնությամբ հոկտեմբերի 18-20-ը Երևանում, Մասիսում և Մեղրաձորում։ Միջոցառումը ներառում է Արցախի պետական ​​ջազ նվագախմբի ելույթները, «Դիզակի գույները» սիմպոզիումի աշխատանքների ցուցահանդես, մրցույթներ և վարպետության դասեր, «Դիզակ ԱՐՏ» հասարակական կազմակերպության երգի-պարի համույթի ելույթ, տոնավաճառ՝ համտեսով և արցախյան ավանդական ուտեստների վաճառք, ինչպես նաև արցախցիների ձեռքի աշխատանքների ցուցադրություն և վաճառք։

«Արցախի օրեր» փառատոնը Մասիս քաղաքում հոկտեմբերի 19-ին

Լուսանկարները՝ Վիկտորյա Գրիգորյանի

Եղանակը կցրտի

Հանրապետության տարածքում` հոկտեմբերի 19-ի ցերեկը, 20-22-ին առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ, լեռնային գոտիներում ձյան տեսքով: Հոկտեմբերի 23-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը հատկապես գիշերային ժամերին հոկտեմբերի 20-21-ին ատիճանաբար կնվազի ևս 2-4 աստիճանով։

Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երևան քաղաքում` հոկտեմբերի 19-ին երեկոյան ժամերին, 21-ի և 22-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև։ Հոկտեմբերի 20-ի ցերեկը, 23-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +2+4, վաղը ցերեկը՝ +12+14։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ 0-4, ցերեկը՝ +5+10,

Կոտայքի լեռներում գիշերը՝ -1 -3, ցերեկը՝ +4+7,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +9+12,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -4 +1, ցերեկը՝ +4+8,

Լոռիում գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +8+12,

Տավուշում գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +10+14,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ -1-4, ցերեկը՝ +2+6,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ 0+4, ցերեկը՝ +9+12,

Արարատում գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +13+16,

Արմավիրում գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +12+15,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -1-4, ցերեկը՝ +6+8,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +12+15,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +5+8, ցերեկը՝ +14+16,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +7+11։

Արցախցի Վիկտորյան թթուների համի գաղտնիքը տեսնում է սիրո ու հավատի մեջ

Վիկտորյա Պետրոսյանը Արցախի Մարտունու շրջանի Ճարտար գյուղից է։ Ամուսնանալուց հետո ապրում էր Ստեփանակերտ քաղաքում։ 2023-ին են տեղահանվել Արցախից ու երեք երեխաների հետ հաստատվել Երևան քաղաքում։ Ամուսինը՝ ԱրմենԱղաջանյանը, Արցախում ծառայում էր ուժային կառույցներում, իսկ Վիկտորյան՝ արվեստի բնագավառում։ Այսօր նրանք բոլորովին այլ բնագավառում են։ Զբաղվում են թթուների արտադարանքով և արդեն ունեն իրենց հավատարիմ հաճախորդները։ Վիկտորյայի հրաշագործ ձեռքերում թարմ ու որակյալ մթերքները վեր են ածվում անմահական թթուների։

Վիկտորյան պատմում է․

-Թթուների սիրահար եմ փոքրուց ու միշտ ուշի ուշով հետևում էի մայրիկիս ու տատիկիս, երբ նրանք թթուներ էին դնում՝ մտքումս պահելով բոլոր նրբություններն ու գաղտնիքները։ Ամուսնանալուց հետո սկսեցի ինքս թթուներ դնել, իհարկե սկզբից խորհրդակցելով մայրիկիս հետ։ Տեսա, որ մոտս լավ է ստացվում։ Թե՛ համը, և թե՛ տեսքը չէին զիջում մեծերի պատրաստածներին։ Ամուսինս միշտ կատակում էր, որ կարող ենք լավ բիզնես սկսել։ Երբեք չէի պատկերացնի, որ նրա կատակը մի օր իրականություն կդառնա։ Արցախից տեղահանվելուց հետո մտածում էինք զբաղվել ինչ որ գործով, որովհետև դժվար ժամանակահատված էր բոլորիս համար։ Ամուսինս առաջարկեց թթվի բիզնես սկսել՝ հաշվի առնելով, որ այն լավ է ստացվում իմ մոտ։ Որոշեցինք ու սկսեցինք։ Սկզբից ավանդական մեր թթուները դրեցի ու ֆեյսբուքյան իմ էջում գովազդեցի մեր արտադրանքը։ Ի ուրախություն մեզ՝ մեր թթուները ուշադրության արժանացան հանրության կողմից։ Տեսնելով հետաքրքրվողների ակտիվությունը՝ որոշեցինք հատուկ էջ բացել, որը կգովազդի մեր արտադրանքը։ Ու այդպես ծնվեց <<Թարմ թթվի տեսականի-աղտիրած>> ապրանքանիշով մեր նոր էջը։

Երիտասարդ ամուսիններն իրենց առջև նպատակ են դրել ու գնում են դրա հետևից։ Նրանք, միասին հաղթահարելով բոլոր դժվարությունները, կարողանում են ուժ հավաքել ու իրենց նոր գործին նվիրվել մեծ պատասխանատվությամբ։ Միայն թարմ ու որակյալ բանջարեղենից պատրաստված թթուներ են ներկայացնում հաճախորդներին։ Արտադրանքը իրացնելու գործում նրանց օգնում են ընտանիքի ընկերները։ <<Թարմ թթվի տեսականիաղտիրած>> ապրանքանիշով նրանք արդեն մասնակցել են մի քանի տոնավաճառների։ Մտադիր են հետզհետե ընդլայնել ընտանեկան փոքր բիզնեսը։

Վիկտորյան իր թթուների համի գաղտնիքը տեսնում է սիրո ու հավատի մեջ, առանց որոնց հնարավոր չէ լավ արտադրանք ստանալ և իհարկե, կարևորում է ամուսնու հետ թիկունքթիկունքի իրենց աշխատանքը

-Ցանկացած գործ պետք է սիրով անել։ Ես մեծ նշանակություն եմ տալիս ինչպես համին, այնպես էլ տեսքին։ Թթուները պետք է ախորժելի լինեն ու գրավեն իրենց տեսքով։ Ավանդական թթուներին զուգահեռ պատրաստում եմ նաև մի շարք այլ թթուներ։ Երբ սկսեցինք մեր բիզնեսը, ես համացանցում համապատասխան վիդեոներ նայեցի, որոնք ինձ շատ օգնեցին ավելի հմտանալու։ Ունեմ նաև սեփական մտահղացմամբ թթու, որը իմ հեղինակային թթուն է՝ գունավոր պղպեղներով պատրաստված։ Ճիշտ է, դեռ սկսնակ եմ, բայց ոգևորվում եմ, երբ իմ արտադրանքը գովասանքի է արժանանում և մարդիկ զանգում և ինձանից բաղադրատոմս են հարցնում։

Բոլոր սկսնակ ձեռներեցներին հաջողություն, կամքի ուժ եմ ցանկանում։ Խորհուրդ եմ տալիս երբեք չկոտրվել, միշտ նայել առաջ։ Հավատում եմ՝ բոլորս էլ կկարողանանք ոտքի կանգել․․․

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Ալեն Սիմոնյանն արդարացրեց Բաքվի հարձակումը Արցախի վրա․ իրավունք ունեին

Պատասխանելով Ազատության հարցերին, Ալեն Սիմոնյանը արդարացրեց Ադրբեջանի հարձակումը Արցախի վրա, հետեւաբար՝ հայերի ցեղասպանությունը եւ բնակչության տեղահանումը։

“Հարձակվել Ղարաբաղի վրա և Հայաստանից տարածքներ օկուպացնել տարբեր բաներ են իրավունքի տեսակետից։ Ադրբեջանն արեց Ղարաբաղում մի գործողություն, որի տակ ինքն ուներ առնվազն 3-4 ՄԱԿ-ի բանաձև”, ասել է Ալեն Սիմոնյանը։

Հայաստանի իշխանություններն ավելի նախանձախնդիր են պաշտպանում Արցախը ոչնչացնելու Բաքվի “իրավունքը”, քան նույնիսկ Ալիեւը։ Բաքվի ղեկավարներն, օրինակ, բանից հասկացող մարդկանց մոտ աշխատում են չխոսել ՄԱԿ-ի բանաձեւերից, քանի որ գիտեն՝ նրանք Արցախի իրավունքների մասին են, եւ Բաքվին ոչ մի իրավունք չեն տալիս, առավել եւ՝ ցեղասպանության։

ՄԱԿ-ի բանաձեւերով Արցախի վրա հարձակումները արդարացնելը ոչ միայն ցինիզմի գագաթնակետն է, այլեւ արհամարանք սեփական ժողովրդի իրավուքներին եւ պետությանը հանդեպ։ Ազգային իրավունքներից հրաժարվելու այս կարգի ջանասիրությունը բերել է դրան, որ Հայաստանը հայտնվել է եզրին։ Հենց Սիմոնյանի խոսքերով։

“Ի՞նչ նոր զիջումների մասին է խոսքը. Հայաստանը միջազգային իրավունքի, իր ինքնիշխանության եզրագծին եկել և կանգնել է և այլևս զիջումների տեղ չունի”, ասել է նա։

Հայաստանի իշխանությունը կզիջի եւ ինքնիշանությունը․ ՄԱԿ-ի բանաձեւերում արդարացում հաստատ կգտնվի։ Չէ որ իշխանության հնարամտությունը եզրեր չունի։

 

Պուտինն նոյեմբերին չի գնա Բաքու, որպեսզի չխանգարի՞ Երեւանի ու Բաքվի համաձայնագրին

Պուտինը չի գա Բաքու՝ մասնակցելու ՄԱԿ-ի կլիմայական COP29 համաժողովին, որը կանցկացվի նոյեմբերին, BBC-ին հայտնել է Ադրբեջանի կառավարության աղբյուրը։

Աղբյուրը հաստատել է, որ հրավեր է ուղարկվել ՌԴ նախագահին՝ այլ երկրների ղեկավարների հետ միասին։ Երեկ Ադրբեջանի ներկայացուցիչը հաստատել է, որ հրավերը տրվել է նաեւ Հայաստանին։ Երևանը դեռ որոշում չի կայացրել, թեև Հայաստանի կառավարությունն առաջարկել է Բաքվի հետ «խաղաղության պայմանագիր» ստորագրել մինչև COP29-ը։ Ըստ երեւույթին, «պայմանագրի» ստորագրման դեպքում միայն Նիկոլ Փաշինյանը պատրաստ է գնալ Բաքու։

Չնայած այն հանգամանքին, որ միջազգային ազդեցիկ իրավապաշտպան կազմակերպությունները, ինչպիսիք են Human Rights Watch-ը և Freedom House-ը, կոչ են անում ՄԱԿ-ին համաժողով չանցկացնել Բաքվում, այդ թվում՝ 2023 թվականի ագրեսիայի, Ղարաբաղի օկուպացիայի և ողջ բնակչության արտաքսման պատճառով, Երևանը Բաքվին ոչ մի կերպ չի մեղադրում։

Պաշտոնական Երևանն անցյալ տարի հանեց իր թեկնածությունը հօգուտ Բաքվի՝ դրա համար ստանալով ցինիկ «փրկագին»՝ Բաքուն վերադարձրեց 32 հայ գերիների՝ մնացածներին պատանդ թողնելով։ Այդ ժամանակվանից պաշտոնական Երևանը երբեք կոչ չի արել հրաժարվել Բաքվում համաժողով անցկացնելու գաղափարից և չի մեղադրել Ադրբեջանին բազմաթիվ հանցագործությունների մեջ։

Այս շաբաթ Ուկրաինան կոչ արեց արևմտյան երկրներին բոյկոտել Ադրբեջանում կայանալիք COP29 գագաթնաժողովը, եթե Պուտինը մասնակցի համաժողովին: Զելենսկին կոչ չարեց ոչ մի դեպքում չմասնակցել գագաթնաժողովը, թեև Պուտինը այս տարի արդեն այցելել է Ադրբեջան և գործարք կնքել Ալիևի հետ։ Ուկրաինան բավականին լոյալ է Ալիևի և Պուտինի բարեկամությանը։

Նախագահ Ալիևը սեպտեմբերի 6-ին ասել է, որ և՛ Կիևը, և՛ Մոսկվան բանակցություններ են վարում Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցման և Ռուսաստանի և Ուկրաինայի տարածքներով ադրբեջանական գազի Եվրոպա փոխադրման մասին համաձայնագրի երկարաձգման շուրջ։

Նա նաև «լավատեսություն» է հայտնել Ուկրաինայի տարածքով անցնող ռուսական խողովակաշարերով Եվրոպա ադրբեջանական գազի մատակարարման վերաբերյալ։

Իսկ Ռազմավարական համագործակցության մասին հռչակագիրը Բաքուն և Մոսկվան ստորագրել են բառացիորեն 2022 թվականին Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման նախօրեին։

Պուտինը հայտարարեց Բաքու չգնալու մասին Կոստանդնուպոլսում կայացած 3+2 նախարարների հանդիպումից հետո, որտեղ Լավրովը ուշագրավ հայտարարություններ արեց․ նա ասաց, որ Հայաստանը ընդմիջում է վերցրել (եռակողմ ձևաչափում՝ Մոսկվայի մասնակցությամբ – խմբ.) և ցանկանում է ուղիղ բանակցել Թուրքիայի և Բաքվի հետ։ Փորձագետներն արդեն ասում են, որ Մոսկվան և Անկարան հեշտությամբ միմյանց են հանձնում հայկական պետության կործանման «առաջնահերթության ափը»։

Պուտինի՝ Բաքու գնալուց հրաժարվելը կարող է խորամանկ քայլ լինել. չխանգարել Երևանի և Բաքվի միջև փաստաթղթի ստորագրմանը, որը Փաշինյանին թույլ կտա գնալ Բաքու և արևմտյան առաջնորդների ներկայությամբ վերջ դնել ինքնիշխան Հայաստաի պատմությանը։