Լուսանկարները՝ Մարութ Վանյանի
Month: Հոկտեմբեր 2024
Խաչենց․ “Շատ ազդեցիկ էր, երբ ես չէի կարող գնալ Արցախ և այնտեղից ինձ կանչում էին իմ երգով”
Step1.am-ի զրուցակիցն է Արթուր Խաչենցը։
– Ինչպե՞ս սկսեցիք երգել, և ո՞վ կամ ի՞նչն էր Ձեզ ոգեշնչում այդ ուղին ընտրել:
Արցախն ու նրա մշակույթը մեծ ազդեցություն են ունեցել իմ վրա, և ես այնքան ուրախ ու վեհ եմ զգում, որ փորձում եմ պահպանել արցախյան բարբառը, մշակույթը, երաժշտությունը, երգահանությունը և ներկայացնել Արցախն արժանապատիվ ձևով: Սկսեցի երգել, քանզի շատ չարաճճի և ակտիվ երեխա էի և իմ էներգիան մի ձև պետք էր սպառել: 5-6 ամիս պարի դասերի հաճախելուց հետո խումբը փակվեց, ինչն ինձ ուրախացրեց: Պարը չէր գրավում ինձ, այն ավելի շատ ծնողներիս ցանկությունն էր: Իմ ձայնային տվյալներն առաջինը նկատեցին պապիկս ու տատիկս և խորհուրդ տվեցին զբաղվել երգով՝ միաժամանակ ձեռք բերելով այլ մասնագիտություն:
– Ո՞րն է եղել Ձեր ամենաազդեցիկ երգը և ի՞նչն է այն դարձնում առանձնահատուկ:
“Եկ քինինք Արցախ” երգն առանձնահատուկ է նրանով, որ այն բոլորին հրավիրում է Արցախ: Այն շրջափակման ընթացքում ամենաշատն էին երգում։ Արցախի երեխաները, «մամ-պապ» ասելուց հետո սովորում էին այդ երգը: Իմ կոչը մարդկանց հարազատ դարձավ, ու դա արդեն ոչ միայն իմ երգն էր, այլև բոլոր արցախցիների: Շատ էմոցիոնալ ու ազդեցիկ էր, երբ ես չէի կարող գնալ Արցախ և այնտեղից ինձ կանչում էին իմ երգով, բայց ես չէի կարող անցնել անցակետը… 2020 թվականի պատերազմից հետո երեք-չորս տարվա ընթացքում շատ եմ գնացել Արցախ ու բարեգործական համերգներով հանդես եկել: Չէի վախենում սահմանն անցնել կամ ադրբեջանցիների հետ դեմառդեմ հանդիպել: Թշնամին վախենում է իմ բարբառից ու այդ երգից, և դա միշտ էլ պիտի այդպես լինի: Պատերազմից առաջ ու հետո շատ եմ փոխվել՝ դարձել եմ ավելի հասուն, տոկուն և պայքարող: Պատերազմի ազդեցության տակ գրած «Սիրտս վիրավոր» երգը “45 օր. պայքար հանուն ազգի” ֆիլմի սաունդթրեքն է, որի շնորհիվ հրավիրվել էի ԱՄՆ: Այդ երգն ինձ բուժեց:
– Ի՞նչ զգացմունքներ եք փորձում փոխանցել Ձեր հանդիսատեսին՝ կապված Արցախի իրադարձությունների հետ:
Իմ փորձառություններն ու ապրումները արտացոլվում են երգերիս մեջ՝ ուղիղ և անկեղծ: Սիրտս, հոգիս ու լեզուս միաժամանակ են աշխատում, և անձնական այդ պատերազմը, տանջանքները, սերը, փաղաքշանքը, Արցախի բուրմունքը դառնում են երգեր… Լացելու փոխարեն ուղղակի գրում եմ երգեր, և դա ինձ համար մեծ ինքնասփոփանք է: Արցախցիներին փորձում եմ փոխանցել այն զգացողությունները, որ ցավը կա, և այդ ցավը մեր ներսում է՝ հոգում, ուղեղում, ամեն տեղ: Պետք է այդ ցավը հաղթահարենք, և պետք է հավատանք, որ մի օր վերադառնալու ենք:
– Ինչպե՞ս եք պատկերացնում արցախյան երաժշտական ժառանգության պահպանումը և զարգացումը:
Ես իմ ներդրումով էլ եմ պատկերացնում դա: Արցախյան երաժշտական ժառանգության պահպանումն ու զարգացումը հնարավոր է երգելով, ձայնագրելով, թե՜ աուդիոգրքերի, բանահյուսությունների տեսքով, թե՜ իմ, թե՜ նախքան ինձ գրված երգերը՝ իմ մեկնաբանությամբ ու ոճով ներկայացնելով: Հետագայում միտք ունեմ ստեղծել անիմացիաներ, որպեսզի արցախցի երեխաները բարբառով մուլտֆիլմեր նայեն և չմոռանան իրենց լեզուն: Ես իմ անունն ու ազգանունը ծառայեցնում եմ դրան, ու ամբողջ կյանքս ապրելու եմ Արցախով, սիրելու եմ Արցախը: Այն հոգուս մեջ է, երակներիս մեջ: Ես նույնիսկ Արցախում եղած ժամանակ Արցախը կարոտում էի: Հայկական երաժշտական առանձնահատկությունները փորձում եմ ընդգծել իմ երգերում՝ մաքուր երգեցողությունը, անկեղծությունը, հայկական ժողովրդական գործիքները՝ քյամանչա, քանոն, զուռնա, բլուլ, դափ, հայկական դհոլ, թմբուկ: Փորձում եմ դրանք ներկայացնել ժամանակակից մոտեցումներով՝ չկորցնելով հինը:
– Ինչպիսի՞ն են Ձեր ապագա ծրագրերը երաժշտական ոլորտում: Կա՞ն նախագծեր կամ երգեր, որոնք ցանկանում եք ստեղծել՝ ներկայացնելու Արցախի պատմությունը և մշակույթը:
Ապագան նաև ներկան է, և հենց ներկայից է կախված ամեն ինչ: Ներկայումս փորձում եմ իմ ողջ ուժը ներդնել երաժշտության մեջ, որովհետև սա երաժշտություն չէ, սա պայքար է, սա Արցախ է՝ չավարտված, դեռևս չկրակված փամփուշտներով: Բնականաբար, նախագծերն ու երգերը, որոնք ներկայացնում եմ, ստեղծվել են ու ծառայում են Արցախին: Ես ինքնագնահատականի խնդիր չունեմ, և պարտադիր չէ, որ տեսահոլովակներում ես լինեմ. պարտադիր է, որ Արցախը լինի, որպեսզի մարդիկ ճանաչեն ու իմանան, թե ինչ դրախտ ենք պատանդ թողել: Աշխատում եմ արդեն 4 տարի՝ իմ ստուդիայում, խմբով, թիմով, բենդերով, ձայնագրություններով, երաժշտության գործիքավորումներով, միքս մաստերով, ամբողջությամբ տեսանյութերը հրապարակելով: Իմ բոլոր տեսանյութերի ռեժիսորը ես եմ: Իմ երգերի մեծ մասի թե՛ բառերը, թե՛ երաժշտությունը պատկանում են ինձ:
– «Ինտեգրվել ե՞ք Երևանի մշակութային համայնքին, ձեզ «ընդունե՞լ են ընտանիք», թե «հեռու բարեկամի» պես են վերաբերվում:
Ես չեմ համարում, որ շոու-բիզնեսի անդամ եմ: Համարում եմ, որ ես արվեստագետ եմ, մտավորական, ով իր ստեղծագործությունները մտածված է գրում և մեկնաբանում իր ձևով: Ուզում եմ, որ մարդիկ, ովքեր լսում են իմ երգերը, նախ և առաջ հասկանան, որ Արցախը սեր է, Արցախը հավերժ է, և որ այն միշտ մեզ սպասելու է, կանչելու է, մինչև մենք վերադառնանք: Այն ոչ թե մեր կոկորդին մնացած փուշ է, այլ ընդհակառակը՝ մեզ թևեր տվող հույսի և հավատի ներշնչանք: Արցախը հանգիստ է, երբ մենք այնտեղ ենք, իսկ Արցախն էլ մեզ է կարոտում: Պետք է միշտ ուժեղ մնանք, տոկուն, Արցախով ապրենք, հայ մնանք և հայրենիքին կարոտ մնալով հանդերձ՝ այն չկորցնենք:
Տաթև Ազիզյան
Զախարովա. Բաքուն ամեն ինչ ճիշտ արեց Ղարաբաղում, հատկապես սեպտեմբերի 19-ին գյուղերում
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր ճեպազրույցում պատասխանել է հայ լրագրողի հարցին, ով խնդրել է մեկնաբանել օկուպացված Ստեփանակերտում հայկական տների և պատմական թաղամասերի քանդումը։
«Գիտեք, որքան ես հասկանում եմ, խոսքը Ադրբեջանի տարածքի մասին է։ Այնտեղ գործում են այս երկրի օրենքները։ Եթե մենք խոսում ենք մշակութային օբյեկտների մասին, ապա պետք է կապ հաստատել, օրինակ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
«Մենք բազմիցս մեկնաբանել և ընդգծել ենք Բաքվի կառուցողական քայլերը, որոնք ուղղված էին իրենց տները լքած բնակչությանը վերադառնալու հնարավորություն տալուն։ Եվ մենք հիանալի հասկանում ենք, թե ինչ է նշանակում այն մարդկանց համար, ովքեր պատմականորեն կապված են եղել այս վայրերի հետ, կորցնել դրանք:
Միաժամանակ, նորից եմ ասում, վերադարձի հնարավորություն կար և կա։ Եթե, ինչպես ասում եք, մարդիկ շահագրգռված են պահպանել իրենց տներն ու հայրենի վայրերը, նրանք, հավանաբար, պետք է օգտվենք այս հնարավորությունից։ Եվս մեկ անգամ շեշտեմ, որ այն կա»,- ասում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։ Նա խորհուրդ տվեց կապ հարցնել պաշտոնական Երևանին, թե ինչ է արել Հայաստանը, որպեսզի այդ մարդիկ չհեռանան և վերադառնան։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը չի «հիշում», թե ինչպես 2023 թվականի սեպտեմբերի 19-ին ռուսական զորքերի անմիջական մասնակցությամբ օկուպացվեցին Արցախի գրեթե բոլոր գյուղերը, տասնյակ հազարավոր մարդիկ տեղահանվեցին։ Ստեփանակերտն՝ ամբողջ Ղարաբաղը չէ, և եթե ստեփանակերտցիները մի քանի օր ունեին մտածելու և պատրաստվելու համար, ապա սեպտեմբերի 19-ին Արցախի բնակչության կեսը գործնականում ոտքով, անտառներով, գնդակոծության տակ լքեց իր տները, անցնելով արդեն տեղակայված ադրբեջանական բլոկպոստերով։ Ռուս «խաղաղապահներն» զինաթափեցին Արցախի ՊԲ-ին, օգնեցին վտարել մարդկանց, ովքեր դեռ հույսը դնելով ռուսների վրա, ժամանել էին Ստեփանակերտի օդանավակայան՝ ռուսական զորքերի բազան։ Բայց նրանք այդպես էլ աջակցություն չգտան։
Զախարովան մեղադրում է Երևանին այն բանում, որ Հայաստանի իշխանությունը չկարողացավ իրականացնել նախապես գրված ծրագիր՝ մի քանի հազար մարդ թողնել Ղարաբաղում, ցույց տալ, թե որքան կուլտուր-մուլտուր են ադրբեջանցիները, որքան քնքուշ են վերաբերվում հայերին։ Հայաստանի իշխանությունը արդարանում է, թե արցախցիներին առաջարկել է մնալ, բայց նրանք չեն ցանկացել՝ լքել են իրենց տները՝ Հայաստանում իշխանափոխություն անելու, ռուսների համար աշխատելու համար։
Արցախում ոչ ոք չմնաց, նույնիսկ շրջափակման ժամանակ «Ռուսական համայնքի» մեջ հավաքագրված մի քանի հարյուր մարդիկ, որոնք, ըստ երևույթին, պետք է հետագայում ռուսական զորքերի մնալու առիթ դառնային։
Սմոլենսկի հրապարակից զառանցանքն ավելի ու ավելի է շիզոֆրենիա հիշեցնում:
Ղազանչեցոցը “ռուսական եկեղեցի” են դարձրել
Monument Watch-ը ահազանգում է․
2024 թվականի հոկտեմբերի 7-ից ադրբեջանական լրատվամիջոցներով և սոցիալական ցանցերով տարածվեցին տեսանյութեր՝ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու «վերականգնված» նոր տեսքով, որոնք փաստում են, որ 19-րդ դարի եկեղեցու գմբեթը այլափոխված է․ հայկական եկեղեցին շինարարարական անթույլատրելի միջամտությամբ և ավերումներով դարձել է այլ կառույց՝ իրենց մատնանշմամբ, ռուսական եկեղեցի։
Նշենք, որ եկեղեցու հարավային շքամուտքի վերնամասում տեղադրված վիմագրում նշված էր, որ տաճարը կառուցվել է Շուշի քաղաքի ծխականների հանգանակություններով. շինարարությունը սկսվել է 1868 և ավարտվել՝ 1887 թվականին։ Եկեղեցու վերաբերյալ պատմական փաստերին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այս հոդվածում․ «Շուշիի սբ․ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին»․
ՈՒղիղ 4 տարի առաջ՝ 44-օրյա պետերազմի ընթացքում, հոկտեմբերի 8-ին Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին 2 անգամ դիտավորյալ թիրախավորվեց՝ խախտելով զինված բախումների դեպքում մշակութային արժեքները չթիրախավորելու Հաագայի և Ժնևի սկզբունքները։ Բնականաբար, այս հարվածը ապագայում ուներ հենց եկեղեցին կեղծ վերականգնումների քողի տակ այլափոխելու նպատակ։
Պատերազմից հետո Ադրբեջանը հայտարարել էր, որ եկեղեցին բերվելու է իր «պատմական տեսքին», որից հետո ադրբեջանական կողմը քանդեց երկթեք ճակատներից մեկի վրայի խաչաձև լուսամուտը և դրանից վեր գտնվող պատկերաքանդակը։ Արևմտյան ճակատի քանդակը ներկայացնում էր «Խաչակիր Քրիստոսը» թեման՝ համապատասխան արձանագրությամբ, որը նույնպես մաքրվել էր։ Շինարարական աշխատանքների հենց սկզբից պարզ էր, որ այն նպատակ ունի ավերել տաճարի մշակութային կարևորությունը ներկայացնող դետալները, մանրամասները, արձանագրություններն ու այլ տարրեր։
Մեր արձագանքը
Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղոցու անօրինական վերականգնումներով Ադրբեջանը խախտում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից 1994 թվականին ընդունված Նարայի փաստաթղթի իսկության սկզբունքը։ Ըստ Նարայի 1994 թ. փաստաթղթի «Պահպանություն հասկացությունը ենթադրում է մշակութային ժառանգության ընկալման, դրա պատմության և նշանակության գիտակցման, ժառանգության հանրահռչակման, դրա վերականգնմանն ու ամրապնդմանն ուղղված գործընթացների ամբողջություն։ Այս դեպքում ժառանգությունը հասկանալու մարդկանց կարողությունը, ի թիվս այլ հանգամանքների, կախված է նաև ժառանգության վերաբերյալ արժանահավատ և ճշմարիտ գիտելիքից, որի տեղեկատվական աղբյուրների իմացությունն ու ճիշտ ըմբռնումը անհրաժեշտ նախապայման են իսկության և հավաստիության բոլոր կողմերը գնահատելու համար» (UNESCO, Nara Document on Authenticity, art. 9. Values and authenticity): Ուստի՝ մշակութային ժառանգության տեսակը, առանձնահատկությունները, նշանակությունը և պատմությունը հասկանալու համար անհրաժեշտ են դրա մասին տեղեկատվական վստահելի փաստեր: Ըստ այսմ՝ իսկության ընկալումը հիմնարար դերակատարություն է ձեռք բերում մշակութային ժառանգության պահպանությանն առնչվող բոլոր գործընթացներում: Իսկ ինչ վերաբերում է ժառանգության՝ հակամարտություններում հայտնվելուն, ապա Նարայի փաստաթուղթը կարևորում է մշակութային արժեքների լեգիտիմության ճանաչման խնդիրը։
Բացի այդ, 2015 թ. մայիսի 22-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մշտական հանձնաժողովի ընդունած 2057-րդ բանաձևում խորհրդարանական վեհաժողովն իր խորին մտահոգությունն է հայտնում, որ մշակույթի, ինքնության և «ուրիշի» կանխամտածված ոչնչացումը դարձել է արդի հակամարտությունների առանցքային բաղադրիչը։ Եվրախորհրդարանը հորդորում է պետություններին քաղաքաշինական աշխատանքներում պահպանել ժառանգության իսկությունը և վերականգնման ու վերակառուցման գործընթացում հարգել պատմության բոլոր շերտերը՝ պահպանելով ժառանգության բնականությունն ու իրական բնույթը (կետ 4.4.6)։
2022 թ. մարտի 10-ին Եվրոպական խորհրդարանի լիագումար նստաշրջանին ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունված «Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման մասին» (N 2582) բանաձևը կոչ է արել Ադրբեջանին բացառել հայկական ժառանգության օբյեկտներում ցանկացած միջամտություն՝ պահպանելու ժառանգության իսկության սկզբունքները, իսկ վերականգնումները կատարել այդ սկզբունքին համաձայն (European Parliament Resolution on the destruction of cultural heritage in Nagorno-Karabakh, 2022/2582(RSP), 2022)։
Խմբ․ 2020 թ․, լուսանկարները Մարութ Վանյանի
2008թ. հոկտեմբերի 16-ին Արցախում մեծ հարսանիք էր
Արցախում սեպտեմբերի 19-ին իսկական ցեղասպանություն էր
Step1.am-ի զրուցակիցն է Լրագրողներ Հանուն Մարդու իրավունքների իրավապաշտպան ՀԿ ղեկավար, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։
-Տիկին Ալեքսանյան, վերջին տարիներին դուք բռնի տեղահանված արցախցիների հիմնախնդիրներով եք զբաղվում նաեւ, ի՞նչ եք արձանագրում, ի՞նչ խնդիրներ ունեն արցախցիները։
-Մենք հիմա տեսնում ենք, որ բռնի տեղահանությունից մեկ տարի անց արցախցիների խնդիրները, որոնք եղել են, ոչ թե չեն լուծվել, ավելի վատթարացել են։ Առաջին հերթին ես կշեշտեի, որ սոցիալական վիճակը շատ ծանր է, շատ ընտանիքներ աղքատության շեմին են հայտնվում։ Իսկ պետական մարմինները տարբեր պատճառաբանություններ են ներկայացնում։ Օրինակ՝ Գյումրիում տեղակայված մի ընտանիք մեզ պատմեց, որ ինքը 40 տարի առաջ ամուսնացել ու Հայաստանից գնացել է Արցախ, բայց համարում են, որ ինքն այստեղ գույք ունի եւ չի ստանում 40+10 հազար աջակցության գումարը։ Առանց այն էլ 40+10 հազարը մեծ գումար չէ, բայց մարդը չի ստանում։ Նման ընտանիքների մենք էլի ենք հանդիպել, որոնք աջակցության ծրագրից օգտվելու համար ընկնում են քաշքշուկների մեջ։
Խնդիրները շատ են, դժվար կացության մեջ են արցախցիները, հատկապես մարզերում շատերը շատ անճար վիճակում են։ Մյուս կողմից, բավականին բարձր են բնակարանների վարձավճարները, որոշ ընտանիքներ չեն կարողանում վճարել այդ գումարը։ Այսինքն՝ ես տեսնում եմ, որ առաջին հերթին սոցիալական խնդիրներն են սրված։ ՀՀ կառավարության բնակապահովման ծրագրին շատ քիչ թվով արցախցիներ են դիմել, քանի որ ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացը երկարատեւ է եւ քաշքշուկներ է ենթադրում։ Մենք սոցապ նախարարություն հարցումներ ենք արել, իրենք տեսել են, որ 94-ամյա կինը չէր ստանում թոշակ, քանի որ ինչ-որ մի ժամանակ ինքը մի քանի տարի ապրել է Հայաստանում։ Այսինքն՝ այդ մղումը չկա, որ պետական մարմինները հարթեն եւ փորձեն լուծել արցախցիների խնդիրները, ավելի չբարդացնեն։ Մեկ տարի անցել է բռնի տեղահանությունից, բայց անընդհատ խոչընդոտներ ու դժվարություններ են։
–2023 թվականին արցախցիների բռնի տեղահանությունը սկսվել է հենց սեպտեմբերի 19-ին, երբ Ադրբեջանը լայնածավալ ռազմական գործողություններ սկսեց Արցախում։ Ի՞նչ փաստեր եք դուք հավաքագրել այս առումով։
– Հայաստանում մենք տեղահանության մասին իմացանք, երբ սեպտեմբերի 25-ից արդեն սկսեցին արցացխցիները գալ Հայաստան։ Մենք բռնի տեղահանության հենց առաջին օրերին շատ ընտանիքներ ենք այցելել։ Հատկապես Մարտունու շրջանի գյուղերի բնակիչները մեզ պատմել են, որ սեպտեմբերի 19-ին, երբ մարտական գործողություններն սկսվել են, ադրբեջանցիները զուգահեռ ներխուժել են գյուղեր։ Մարդկանց համար դժվար է եղել գյուղերից դուրս գալը, այսինքն՝ իրոք դրանք ցեղասպանական գործողություններ են եղել։ Ստեփանակերտ պետք է գնային, բայց ադրբեջանիցները շրջափակել էին Ստեփանակերտ տանող բոլոր ճանապարհները, եւ մարդիկ ոտքով, անտառների միջով, գյուղից գյուղ անցնելով ու ահավոր տանջանքներով են հասել Ստեփանակերտ։
Սեպտեմբերի 19-ին շատ քաղաքացիական անձանց մահվան դեպքեր են գրանցվել Արցախի տարբեր բնակավայրերում։ Օրինակ՝ երբ Սարուշենի դիրքերից փորձել են վիրավորներ իջեցնել ու հասցնել Ստեփանակերտ, դեպքեր են եղել, որ դեպի Ստեփանակերտ ճանապարհին ադրբեջանիցները գնդակահարել են մարդկանց։ Սեպտեմբերի 19-25-ը մարդիկ Արցախի տարբեր շրջաններից մի կերպ են կարողացել հասնել Ստեփանակերտ։ Իսկ Նիկոլ Փաշինյանն այդ ընթացքում հայտարարում էր, թե Արցախի քաղաքացիական բնակչությանը վտանգ չի սպառնում։
Այսինքն՝ էթնիկ զտումներն Արցախում սկսվել են սեպտեմբերի 19-ին, երբ ադրբեջանցիները մարդկանց գյուղեր ու տներ են ներխուժել։ Այդ ներխուժումների հետեւանքով շատ քաղաքացիական զոհեր են եղել։ Կան գյուղեր, որտեղ ռումբեր են գցել մարդկանց վրա, օրինակ, Սառնաղբյուր գյուղի գյուղապետի հայրը եւ որդին հենց այդ պահին զոհվել են։
Ռոզա Հովհաննիսյան
Տոնավաճառ-ցուցահանդես, որ Արցախով էր շնչում
Այսօր Երևանի Մոսկավյան 6/7 հասցեն Արցախի համ ու հոտով էր շնչում։ Ժենգյալով հացի ու արցախյան կուրկուտի անուշաբույրը հեռվից էր գրավում անցորդների ուշադրությունն ու արցախյան բարիքները համտեսելու ցանկություն առաջացնում։ Արցախահունչ երգ ու երաժշտության ներքո աշխույժ եռուզեռ էր։ Տաղավարներն առատ էին՝ յուրատիպ ձեռքի աշխատանքներով, առանձնահատուկ մտահղացումներով:
Արաջին անգամը չէ, որ <<Ասկերանցիներ համայնքի զարգացման կենտրոն>> ՀԿ-ն իր տարբեր ծրագրերով մասնակցում է Հայաստանում կազմակերպվող միջոցառումներին, սակայն այս անգամ տոնավաճառ-ցուցահանդեսը կազմակերպվել էր հենց իր նախաձեռնությամբ։
ՀԿ նախագահ Ալլա Արզումանյանն անձամբ իր կողմից արցախյան կուրկուտ էր ներկայացրել, որը գրեթե վերջացել էր կեսօրին մոտ։
-ՀԿ-ի <<Վերածնունդ>> ծրագրի շահառուները՝ Մարինե Գաբրիելյանի գլխավորությամբ որոշեցին տոնավաճառ-ցուցահանդես կազմակերպել, որին մասնակցելու ցանկություն հայտնեցին մեր բոլոր շահառուները, ընթացքում մեզ միացան նաև մի խումբ արցախցիներ ևս, որոնք զբաղվում են փոքր բիզնեսով։ Միջոցառումը փորձնական է, նախատեսում ենք հետագայում ավելի մեծ տոնավաճառ կազմակերպել։ Իհարկե, արդյունքներից ելնելով, կորոշենք հետագա մեր անելիքները,-ասում է Ալլա Արզումանյանը և ավելացնում, որ շահառու կանայք ծրագրի ընթացքում ձեռք են բերել նոր հմտություններ, հաղթահարել են մի շարք դժվարություններ և, իհարկե, ստեղծվել են հաջողությունների պատմություններ։ Միաժամանակ, հույս ունեմ, որ շուտով նոր ծրագրեր կունենանք՝ ի շահ արցախցի ձեռներեց կանանց։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ օրն աշխատանքային է և մարդիկ այնքան էլ ակտիվորեն չեն կարողանում մասնակցել, միևնույն ժամանակ, վաճառքից այնքան էլ դժգոհ չէին արցախցի ձեռներեցները։ Կարևորն այն է, որ իրենց արտադրանքը հասանելի դարձավ նոր հաճախորդների, ստեղծվեցին նոր ծանոթություններ։ Արցախցիները հաստատակամորեն են տրամադրված և ինչպես իրենք են ասում՝ ամեն ինչ լավ է լինելու․․․
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ
COP29-ը հյուրընկալող Ադրբեջանը մարդու իրավունքների ոլորտում զարհուրելի համբավ ունի. Human Rights Watch
Մարութ Վանյանի լուսանկարում՝ Սարսանգի ջրամբարն է բլոկադայի վերջին օրերին
Ադրբեջանը՝ հանածո վառելիքի խոշոր արտադրող և արտահանող երկիրը, այս տարի հյուրընկալում է ՄԱԿ-ի կլիմայական համաժողովը (COP29):
Միևնույն ժամանակ, ինչպես հիշեցնում է Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը, այս երկիրն մարդու իրավունքների ոլորտում զարհուրելի համբավ ունի։
Կազմակերպությունը հիշեցրել է, որ իշխանությունները ձերբակալել են տասնյակ ակտիվիստների և լրագրողների՝ անհիմն և քաղաքական դրդապատճառներով մեղադրանքներով: Ավելին, սահմանափակող օրենքները վրեժխնդրության համար պարզապես իրենց աշխատանքը կատարող ոչ կառավարական ՀԿ-ներին և լրատվամիջոցներին միտումնավոր խոցելի են դարձնում:
Վերջին հալածանքների ալիքը բազմաթիվ ակտիվիստների և քննադատների ստիպել է լքել երկիրը:
Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ երկրի հանածո վառելիքի պաշարները աստվածների նվեր են, ինչը ցույց է տալիս, որ երկիրն իրավունք ունի ընդլայնել արդյունահանումը։ Սակայն հանածո վառելիքի այրումը կլիմայի փոփոխության հիմնական շարժիչ ուժն է, և որպեսզի երկրները հասնեն կլիմայի գլոբալ նպատակներին, նավթի, գազի կամ ածուխի նոր նախագծեր չեն կարող լինել:
Ադրբեջանը պետք է ազատ արձակի ազատությունից անարդարացիորեն զրկված բանտարկյալներին և նպաստի համաժողովին լիարժեք և բովանդակալից մասնակցությանը։
ՀԲ. Հայաստանում կանայք նույն աշխատանքի համար 30%-ով ավելի քիչ են վաստակում, քան տղամարդիկ
Հայաստանում աշխատանքային տարիքի կանանց կեսից քիչն է ընդգրկված աշխատուժի կազմում` հիմնականում երեխաների և ընտանիքում հաշմանդամություն ունեցող անձի խնամքի պարտականությունների պատճառով: Աշխատաշուկայում ներգրավված կանայք վաստակում են միջինում 25-30 տոկոսով ավելի քիչ, քան իրենց արական սեռի գործընկերները, ովքեր զբաղվում են նույնատիպ աշխատանքով, ասվում է Համաշխարհային բանկի կողմից այսօր հրապարակված զեկույցում:
Համաշխարհային բանկի «Հայաստան. երկրի գենդերային գնահատում» զեկույցի տվյալներով չնայած աշխատաշուկայում կանանց մասնակցության ցածր մակարդակի՝ կանանց 68%-ը բարձրագույն կրթություն է ստանում՝ տղամարդկանց 52%-ի համեմատ։ Գնահատմամբ առաջարկվում են քաղաքականության իրագործելի առաջարկություններ` համակարգային փոփոխություն խթանելու համար:
«Հայաստանը կորցնում է աճի կարևոր շահաբաժիններ` չխրախուսելով ավելի շատ կանանց միանալու աշխատուժին: Միայն աշխատուժի կազմում մասնակցության հարցում գենդերային հավասարության հասնելով` Հայաստանի ՀՆԱ-ն հնարավոր կլինի ավելացնել 4-ից 6%-ով: Հավասար աշխատավարձի ապահովումը պետք է լինի կանանց` աշխատուժին մասնակցելու խրախուսող ռազմավարության էական մաս: Այսօր կանայք ստանում են նույն աշխատանքի դիմաց տղամարդկանց վճարվող ժամավճարի մոտ 70%-ը», – ասել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատը:
Զեկույցում նաև ընդգծվում է տղամարդկանց` բարձրագույն կրթության ոլորտում ընդգրկվածության ցածր ցուցանիշը, որը պահպանվում է մոտավորապես 44%-ի սահմաններում (ի հակադրություն կանանց` 65.1% ընդգրկվածության ցուցանիշի): Տղամարդկանց վրա նաև ազդում է չափահաս տարիքում ավելի բարձր մահացության ցուցանիշը: Չնայած իրենց մարդկային կապիտալի մեծ ներուժին` կանայք դեռևս թերներկայացված են որոշումներ կայացնող գործառույթներում, այդ թվում այնպիսի պաշտոններում, ինչպիսիք են նախարարի, փոխնախարարի ու համայնքապետերի պաշտոնները: Թեև Ազգային ժողովում կանայք ներկայումս կազմում են 35.5%, նախարարների ընդամենը 17% և փոխնախարարների 18%-ն է կին:
Հաշվի առնելով կանանց ավելի բարձր կրթական ցենզը` կանանց պարագայում աշխատաշուկայի միտումների վրա անդրադառնում են գենդերային դերերի վերաբերյալ հասարակության պատկերացումներն, այլ ոչ թե իրական հմտությունները: Թեև ժամանակի ընթացքում ավելացել է բնագիտության, տեղեկատվական տեխնոլոգիաների, ճարտարագիտության, մաթեմատիկայի (ԲՏՃՄ) բնագավառներում կանանց թիվը, նրանք դեռևս կենտրոնացած են ավանդաբար ցածր վճարվող ոլորտներում, ինչպիսիք են կրթությունը և սոցիալական աշխատանքը, մինչդեռ տղամարդիկ գերիշխում են այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ճարտարագիտությունը և տեխնոլոգիան։
Զեկույցում նաև ընդգծվում է այն, որ Հայաստանում դեռևս կա գենդերային բռնություն, որը լուրջ և միաժամանակ թերի ներկայացված խնդիր է: Օրինակ, 15-59 տարեկան, երբևէ զուգընկեր ունեցած կանանց 18%-ը կյանքի ընթացքում ենթարկվել է ընտանեկան բռնության:
«Հայաստան. երկրի գենդերային գնահատում» զեկույցում թարմ փաստեր են ներկայացված գենդերային խզվածքի վերաբերյալ: Այստեղ նաև ներկայացված են քաղաքականության մակարդակի առաջարկություններ, որոնք կօգնեն փակել Հայաստանում մնացած գենդերային խզվածքները, օրինակ` սոցիալական նորմերի հասցեագրում, օրենսդրական դաշտի ու քաղաքականությունների իրականացման գործում բացերի կամրջում», – նշել է զեկույցի հիմնական հեղինակ, Համաշխարհային բանկի տնտեսագետ Նացուկո Կիսո Նոզակին:
Աշխատուժի կազմում կանանց թվի ավելացման համար անհրաժեշտ է խթանել խնամքի պարտականությունների ավելի հավասար բաժանումն ու հորդորել տղամարդկանց` ստանձնել այդպիսի դերեր: Արդյունավետ միջամտություններից են.
կանանց զբաղվածության դրական կողմերի մասին իրազեկության բարձրացում
երեխաների խնամքի ծառայությունների հասանելիության և օգտվելիության բարելավում
մասնագիտական ուսուցման հնարավորությունների ընձեռում, հատկապես այն ոլորտներում, որտեղ կանայք ավանդաբար թերներկայացված են եղել:
Կրթության հարցում ընտրության և զբաղվածության ոլորտում գենդերային հավասարության հասնելու համար անհրաժեշտ է.
խրախուսել տղամարդկանց, որպեսզի նրանք արժևորեն բարձրագույն կրթությունը` հանուն ավելի լավ հնարավորությունների
խրախուսել կանանց ԲՏՃՄ առարկաներ սովորել դպրոցում բարելավել վերապատրաստումների հասանելիությունը և համապատասխանությունը` աղջիկներին ու տղաներին տալով դպրոցից դեպի աշխատանք սահուն անցման հնարավորություն հավասար արժեքի աշխատանքի դիմաց հավասար վարձատրություն պարտադրելը ևս կարող է օգնել սեռով պայմանավորված վարձատրության խզվածքի հաղթահարմանը:
Առաջնորդության դերերում կանանց առաջ մղելու համար անհրաժեշտ է իրականացնել գենդերազգայուն կրթություն ներդրում կատարել տաղանդավոր կանանց ուսուցման ու զարգացման ոլորտում կիրառել օրինակելի դերեր, որոնք կոգևորեն կանանց և կստանան հասարակության աջակցությունը:
Համաշխարհային բանկի խումբը հանձնառու է արագացնել գենդերային հավասարությունը` ծրագրերի և տարբեր նախաձեռնությունների միջոցով` վերջերս հրապարակված Համաշխարհային բանկի 2024 – 2030 թթ. գենդերային ռազմավարության շրջանակներում:
6,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Մալաթիայում
6,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ներկայիս Թուրքիայի արեւելքում։ Երկրաշարժը տեղի է ունեցել տեղի ժամանակով ժամը 7.46-ին, Մալաթիա քաղաքից 46 կիլոմետր արեւելք։ Օջախը գտնվել է 9 կիլոմետր խորությունում։
Հնարավոր զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ առայժմ չեն ստացվել։
Վրաստանը չի մասնակցի Ստամբուլում «3+3» պլատֆորմի նիստին
Վրացական կողմը չի մասնակցի Ստամբուլում հոկտեմբերի 18-ին կայանալիք բանակցություններին Հարավային Կովկասի վերաբերյալ, «3+3» պլատֆորմի շրջանակում։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունում։
«Ոչ, մենք չենք մասնակցի Ստամբուլում «3+3» պլատֆորմի նիստին։ Վրաստանը վաղուց հայտնել է, որ չի աշխատում նշված ձեւաչափում»,- ասել է մամուլի ծառայության աշխատակցուհին։
Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումը կախված է կողմերից, ոչ թե Վաշինգտոնից․ Միլլեր
Վաշինգտոնը խաղաղության համաձայնագիրը երբեք չի կապել Բաքվում կայանալիք COP29-ի հետ, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը՝ շեշտելով, որ ԱՄՆ-ն ամիսներ առաջ էր դեռ ցանկանում տեսնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը և կողմերին մղում էր այդ համաձայնագրի տորագրմանը։
Միլլերը հույս է հայտնել, որ այն ի վերջո կստորագրվի։
«Բայց դա կախված է կողմերից, ոչ թե Միացյալ Նահանգներից», – եզրափակել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակը: