Ինչու Փաշինյանը մեղադրում է ոչ թե Ռուսաստանին, այլ Ռուբեն Վարդանյանին

«Հայաստան 2041» բարեգործական հիմնադրամի համահիմնադիր Նուբար Աֆեյանն, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կողմից Ռուբեն Վարդանյանի հասցեին արված վերջին հայտարարություններին, ասաց. «Չեմ կարծում՝ դա մեղադրանք է, այլ կասկած, եւ այդ կասկածի գործերը կարծես այլ՝ հյուսիսային երկրներին են ուղղված, ոչ Ռուբենին: Ռուբենը պարզապես միջնորդ է դարձել այդ նյութին: Ճիշտ է, որ մարդիկ պետք է կասկածեն, թե ինչ է տարբեր ազգերի նպատակները: Ես կարող եմ ասել, որ Ռուբենը՝ իմանալով, որ իրեն վտանգի տակ է դնում, Արցախ գնաց, որ այդ ժողովրդին օգնի»:

Հիշեցնենք, որ իր վերջին ասուլիսում, անդրադառնալով Ռուբեն Վարդանյանին, Նիկոլ Փաշինյանն ասել էր. «Շատ կարեւոր հարցեր կան՝ ի՞նչ տեղի ունեցավ, ինչպե՞ս ստացվեց, որ ՌԴ քաղաքացիությունից Ռուբեն Վարդանյանը հրաժարվեց, ո՞վ նրան խորհուրդ տվեց անել այդ քայլը, ո՞վ նրան գործուղեց ՀՀ, գործուղեց ԼՂ, ի՞նչ նպատակով, ի՞նչ երաշխիքներով, ինչ խոստումներով, ու վերջում /ՌԴ-ն/ ասեց՝ գիտեք ինչ, մենք այնքան էլ լավ չենք ճանաչում, թե ինքը ով է, որովհետեւ ինքը ոնց որ թե այլ երկրի քաղաքացի է: Մենք ուզո՞ւմ ենք այս հարցերին պատասխան ունենալ, թե՞ չէ»:

Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն ի պատասխան, Վարդանյանը Բաքվի բանտից ասել էր․  «Առաջին հերթին՝ յուրաքանչյուր մարդ ուրիշի գործողությունների մասին դատում է՝ ելնելով իր կյանքի մոդելներից և սկզբունքներից: Երկրորդը՝ եթե վարչապետն ինձ ինչ-ինչ հարցեր ուներ, նա հնարավորություն ուներ դրանք ինձ ուղղելու 2022 թվականի նոյեմբերին մեր վերջին հանդիպման ժամանակ, երբ ես նաև պետնախարարի պաշտոնն էի զբաղեցնում: Ամեն դեպքում, ես անգամ հիմա եմ պատրաստ, իմ ներկայիս հնարավորությունների իրավիճակում, պատասխանել նրա ցանկացած հարցի»։

«Եթե ուզում ենք այդ միջոցով ուղղել մեր կասկածները այլ երկրների, այլ ագենտների դեմ, դա հասկանալի է քաղաքականության մեջ: Եթե փաստեր կան, որ այլ ձեւով են գնում, պատրաստ եմ ես էլ հասկանալու»,- հայտարարեց Աֆեյանը:

Նուբար Աֆեյանը կարեւոր հայտարարություն է անում, որը արտացոլում է ՀՀ ներկայիս կառավարության գործելաձեւը։ Մեղադրելով Վարդանյանին կամ ուրիշներին Ռուսաստանի օգտին աշխատելու մեջ, Փաշինյանի կառավարությունը մեղադրանք չի ներկայացնում Ռուսաստանին՝ Հայաստանում, այդ թվում Արցախում քայքայիչ աշխատանք կատարելու համար։

Փաշինյանի կառավարությունը շարունակում է պահպանել Պուտինի հեղինակած նոյեմբերի 9-ի հայտարարությունը, Ռուսաստանի սահմանապահները շարունակում են ՀՀ սահմանների պաշտպանությունը, 102-րդ բազան ընդլայնվում է, իսկ ՀՀ ԱԱԾ-ը ոչ մի հարց չի ուղղում Մոսկվային, հետաքրքրվելով, թե ի՞նչ էր անում Վարդանյանը Արցախում, ինչպես հատկապես նա հայտնվեց Բաքվի բանտում եւ ի՞նչ եղան Ռուսաստանի երաշխիքները Արցախի համար։

Մոսկվան կողմ է փախստականների վերադարձին, բայց «երկու կողմից»

«Փախստականների և ժամանակավոր տեղահանվածների թեման արդիական է երկու կողմերի համար»,- երեկ ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Մոսկվան բացահայտորեն աջակցում է դեպի Հայաստան ադրբեջանցիների «վերադարձին», որոնց պետք է “պաշտպանել” և դրանով իսկ արդարացնել ՌԴ ռազմական ներկայությունը մնացած Հայաստանում։

Արցախում էլ Մոսկվան պաշտպանել է ադրբեջանցիներին հայերից. բավական է հիշել, թե ում ուղղությամբ էին ուղղված ռուս «խաղաղապահների» գնդացիրները։ Բացի այդ, քչերն են նկատել, որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ նույնիսկ մի անգամ չի հիշատակվել «հայեր» էթնոնանունը։ Այսինքն՝ ռուս «խաղաղապահները» չեն ներմուծվել հայերին պաշտպանելու համար։

Այժմ Մոսկվան փորձում է կազմակերպել «երկու կողմից փախստականների վերադարձի» գործընթաց՝ արցախցիներին գայթակղելով գերեզմաններ այցելելու հնարավորությամբ։ Ամենացավոտ թեմաներով շահարկումները միանգամայն բնական են Ռուսաստանի ղեկավարության համար։

«Մենք օգտակար ենք համարում Բաքվի և Երևանի համար ակտիվացնել երկխոսությունը հումանիտար հարցերի ողջ շրջանակի շուրջ, այդ թվում՝ մշակութային, պատմական, կրոնական ժառանգության հուշարձանների պահպանման, գերեզմանոցների անվտանգ և ազատ մուտքի ապահովման և անհայտ կորածների որոնման վերաբերյալ»,- ասել է Զախարովան։

Նրա խոսքով, մարդիկ նման մոտեցման մեծ պահանջարկ ունեն։ Եթե ​​այդ հարցերի լուծման համար Մոսկվային ներգրավելու անհրաժեշտություն կա, ապա ռուսական կողմը պատրաստ է դրան, ասել է նա։

Պարզաբանում․ ինչո՞ւ են արցախցիներին սահմանամերձ բնակավայրեր “ուղարկում”

Ինչպես տեղյակ ենք արդեն, ՀՀ–ում մեկնարկել է ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը, որը կիրականացվի փուլերով ու եղանակներով, շահառուներին տրամադրվող հավաստագրերով։

Տարբեր են սակայն ընտանիքի մեկ անդամի հաշվով հավաստագրերի արժեքները, կախված, թե բնակարանը շահառուն որտեղ է ձեռք բերում․ ո՞ր մարզում, ո՞ր բնակավայրում։

Եվ այսպես, հավաստագրերի արժեքը ընտանիքի մեկ անդամի հաշվով, ըստ կառավարության կողմից ներկայացված բնակավայրերի ցանկերի, կազմում է` 5 մլն դրամ, 4 մլն դրամ, 3 մլն դրամ և 2 մլն դրամ, եթե շահառուն ունի հիփոթեք, բացառությամբ՝ Երևանի 1-ին և 2-րդ գոտում գտնվող գույքի։

Արցախահայության մոտ այս ծրագիրը նույնպես ոչ միանշանակ ընդունվեց, հատկապես էմոցիոնալ տիրույթում սկսվեցին մի շարք քննարկումներ, կապված պարտադիր ՀՀ քաղաքացիություն ունենալու և առավելագույն գումարը սահմանային բնակավայրերին տրամադրելու մասով։

Ինչու՞ են արցախցիներին ուղարկում սահմանամերձ բնակավայրեր, փորձեցինք ճշտել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանից։

  • Անշուշտ մեզ նույնպես հասնում են տարբեր ուղերձներ, որոնք տարածված են տեղահանվածների շրջանում, կապված ԼՂ-ից բռնի տեղահանված հայերի բնակապահովման ծրագրի հետ, որ կառավարությունը տեղահանվածներին նորից հետ է ուղարկում սահման։ Սակայն ես կուզենայի ձեր ուշադրությունը սևեռել 5 և 4 միլիոն արժողությամբ բնակավայրերի ներկայացված ցանկերին, դուք կտեսնեք, որ 5 մլն արժողությամբ  բնակավայրերի ցանկում ունենք 242 բնակավայր, իսկ 4 միլիոնի դեպքում՝  148։ ՀՀ-ում 2014 թվականի 1444 Ն որոշմամբ հաստատված ցանկով պաշտոնապես սահմանամերձ է ճանաչված 82 բնակավայր, որից երկուսը քաղաքային՝ Ճամբարակը և Նոյեմբերյանը։ Ակնհայտ է, որ նշված ցանկում շատ ավելի շատ են ոչ սահմանամերձ բնակավայրերը։ Իսկ թե ի՞նչ տրամաբանությամբ են կազմվել այդ ցանկերը. դրանց հիմքում դրված են բացառապես ներկայումս կառավարության կողմից իրականացվող ռազմավարական նշանակության ծրագրերը։ Եվ այդ բնակավայրերում հիմա, կամ շատ մոտ ապագայում իրականացվելու են տարբեր ներդրումային ծրագրեր․ ճանապարհների, դպրոցների, մանկապարտեզների ու ամբուլատորիաների շինարարություն, և այս տեսանկյունից շատ կարևոր է այդ բնակավայրերի բնակեցումը։ Ներդրումները չպետք է ինքնանպատակ լինեն։ Հավելենք նաև, որ շատ բնակավայրեր ունենք, որտեղ տրվում են արտոնություններ նաև կոմունալ ծախսերի առումով։ Բոլոր պետական ծրագրերում, այդ թվում նաև ոչ ԼՂ տեղահանված անձանց վերաբերող, կառավարության մոտեցումը հետևյալն է․ Երևանից ինչքան հեռու է գտնվում բնակավայրը, որտեղ որևէ ծրագիր է իրականացվում, այնքան արտոնությունները տվյալ բնակավայրի համար շատ են։

Հարկ է նաև նշել, որ ծրագրի վերջնական տարբերակով, այն գումարը, որը աջակցության շրջանակում տրամադրվելու է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին, այսինքն ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով 3-ից 5 մլն․ դրամ, կախված բնակավայրից, և դրա նկատմամբ հաշվեգրվող տոկոսագումարը, քանի որ գույքը ձեռք է բերվելու նպատակային վարկավորմամբ, ենթակա չէ վերադարձման, անկախ սոցիալական խմբի պատկանելությունից։ Այն 10 տարիների ընթացքում մարվելու է պետության կողմից։ Այլ բան է, եթե ընտանիքը իրեն հասանելիք գումարից բացի կցանկանա ավելի բարձր արժողությամբ գույք ձեռք բերել և ավել վարկ ստանալ, այդ ավել գումարն ու տոկոսագումարները վճարելու է շահառուն։

Սեպտեմբերի 25-ին բենզինի պահեստի պայթյունի զոհերի ընտանիքների բնակապահովման մասով մեր զրուցակիցն ավելացրեց․

  • Եթե պայթյունի զոհ է դարձել կերակրողը, և ընտանիքը Հայաստան տեղափոխվելուց հետո հաշվառվել է միասնական սոցիալական ծառայությունում որպես ընտանիքի կերակրողին կորցրած, օրենքի ուժով նրանք ստանում են կերակրողին կորցրածի նպաստ, ապա առաջին փուլի առաջնահերթություններում զոհվածների ընտանիքների և առաջին ու երկրորդ կարգի հաշմանդամների ընտանիքների հետ նրանք հավասարեցված են։

Արմինե Հայրապետյան

 

Պահանջները, որոնք հայերը պետք է 90-ականներին ներկայացնեին Բաքվին, այժմ Ալիևն է հնչեցնում

Մեկ տարի առաջ Բերձորի միջանցք

Այն բանից հետո, երբ Հայաստանի Սահմանադրական դատարանը ալիևին հասկացրեց, որ ՀՀ Սահմանադրությունը չի փոխվելու, ադրբեջանցի ահաբեկիչներն անցան Հայաստանին պահանջներ ներկայացնելու նոր մարտավարության։

Սկզբում ալիևի խորհրդական զուլֆուգարովն ասել էր, որ եթե Հայաստանը չի կարողանում փոխհատուցում վճարել Ադրբեջանին իբր «Արցախի օկուպացիայի» համար, ապա դա կարող է անել՝ տարածքներ փոխանցելով ահաբեկիչներին։

Այնուհետև ալիևը Բաքվում «Անհայտ կորածների հիմնախնդիրների լուծումը» խորագրով միջազգային գագաթնաժողովի ժամանակ ասել է, որ «եթե Հայաստանն իսկապես խաղաղություն է ուզում, պետք է դատապարտի ադրբեջանցիների դեմ իրականացված վայրագությունները և պատժի մեղավորներին»։

Ինչպես գիտեք, Բաքվի բանտում այժմ էլ կան արցախահայեր, այդ թվում՝ Արցախի իշխանությունների օրինական ընտրված ներկայացուցիչներ, ովքեր մեղադրվում են «ահաբեկչության», «անջատողականության» և այլ մտացածին հանցագործությունների մեջ։

Պարադոքսալ է, սակայն, քանի որ ֆաշիստական, ռասիստական, բացահայտ ահաբեկչական կազմակերպության ղեկավարը, որը վերջին 36 տարվա ընթացքում առնվազն 6 ցեղասպանություն է իրականացրել (Սումգայիթ, Բաքու, Կիրովաբադ, Մարաղա, Շահումյան, Արցախ), համարձակվում է խոսել Հայաստանի և Արցախի տարածքը հանգիստ լքած ադրբեջանցիների նկատմամբ «վայրագությունների» մասին, որոնք իրենց հետ տարել են ունեցվածքը։

Փորձենք հասկանալ, թե ինչու է բռնապետ Ալիևն այդքան համարձակորեն շոշափում թեմաներ, որոնց առումով ինքն է մինչև արմունկները արյունոտված։

Ամենայն հավանականությամբ, դրա պատճառը հայկական երկու հայկական հանրապետությունների իշխանությունների միջակ քաղաքականությունն ու դիվանագիտությունն է, որոնք մինչ օրս չեն գիտակցել, որ փախստականների խնդիրների, սեփական տարածքների և իրավունքների թշնամուն չարդարացված զիջումները ոչ միայն չեն կարող բերել խաղաղության, այլ նաև դառնում են նոր սպառնալիքների պատճառ ու արդարացում։

Այս չարիքի արմատը 90-ականներին է։

-Նախ՝ Հայաստանի այդ ժամանակաշրջանի իշխանությունը, զիջելով ռուս-թուրքական ծրագրերին, չդատապարտեց ադրբեջանական ագրեսիան Արցախի և բուն Հայաստանի դեմ։

-Երկրորդ, Հայաստանը ոչ մի անգամ չի հայտնել այն ժամանակվա ԵԱՀԽ-ին (ԵԱՀԿ), որ Ադրբեջանը խախտել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու և ԼՂՀ կարգավիճակը որոշելու իր պարտավորությունները և 1992թ. փետրվարին ագրեսիա է իրականացրել Արցախի բնակիչների նկատմամբ։

Երրորդ՝ 1996 թվականին Հայաստանի իշխանությունները ապօրինի կերպով ԼՂՀ-ին հանեցին բանակցային գործընթացից, որի ընթացքում փախստականների խնդիրը պետք է դառնա առանցքայիններից մեկը։ Իսկ ԼՂՀ-ի շուրջ ազատագրված տարածքների հարցը պետք է տարածքային փոխհատուցման առարկա դառնար Շահումյանի, Գետաշենի եւ այլ տարածքների կորստի համար, որոնք հայաթափվել էին մինչ այդ։

Բոլոր այն պահանջները, որ անցյալ տարիների Հայաստանի իշխանությունները պետք է ներկայացնեին Ադրբեջանին, այժմ թշնամիները ներկայացնում են Հայաստանին։

Իսկ Հայաստանի գործող իշխանությունը ցեղասպանությունից փախած արցախցիներին մեղադրում է իրենց տներում չմնալու և սեփական հողը չպաշտպանելու մեջ։

Հետաքրքիր է, Հայաստանի ներկայիս իշխանությունը գիտակցո՞ւմ է, թե ինչ կլիներ արցախցիների հետ, եթե նրանք մնային ահաբեկիչների վերահսկողության տակ։ Արդյո՞ք հայ պաշտոնյաները հասկանում են, որ բոլոր արցախցիները կդատվեին մտացածին հանցագործությունների և ենթադրաբար «ադրբեջանցիների դեմ» հնարած գործողություններին մասնակցելու համար։ Կանայք կվերածվեն «սեքս-ստրուկների», ինչպես անում են բոլոր ահաբեկիչները, իսկ երեխաներին կտանեն իրենց տարածքները և կրոնափոխ կանեին, ինչպես դա արեց Ռուսաստանը ուկրաինացի երեխաների հետ:

ՔՊ պատգամավորները, ովքեր դեմ քվեարկեցին ՀՀ-ում բնակություն հաստատած Արցախի Հանրապետությունից բռնագաղթված բնակիչների կենսապայմաններն ուսումնասիրող Ազգային ժողովի քննչական հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությանը, գիտակցո՞ւմ են, որ Ադրբեջանին եւս մեկ պատճառ են տվել մեղադրե՞լ Հայաստանին, որ այժմ այն չի կատարում իր միջազգային պարտավորությունները՝ ապահովելու այն փախստականների իրավունքները, որոնց Հայաստանը վերցրել է ժամանակավոր պաշտպանության տակ։

Իսկ եթե վաղը Ադրբեջանը դիմի ՄԱԿ-ին և պնդի, որ Հայաստանը ի վիճակի չէ (կամ չի ցանկանում) պաշտպանել Արցախի ժողովրդի իրավունքները, այնինչ ահաբեկիչները պատրա՞ստ են դա անել։

Անկախության տարիների ընթացքում Հայաստանի իշխանությունների անկարողությունը պարզապես ռասիստների համար աստվածային պարգեւ է։

Մարգարիտա Քարամյան

Ալիեւը հակված չէ ստորագրել․ ինչ է ակնարկում Ալեն Սիմոնյանը

«Այն, որ Ադրբեջանը նոր թեմաներ է բերում դաշտ, նշանակում է, որ այո՛, ինքն այնքան էլ հակված չէ խաղաղության պայմանագիր ստորագրելու։ Եվ մեր քաղաքական խնդիրն է փոխել ընդհանուր միջավայրը և մթնոլորտը, որպեսզի խաղաղության պայմանագրի ստորագրումը դառնա իրատեսական», – խորհրդարանի ամբիոնից այսօր հայտարարեց Նիկոլ Փաշինյանը, միաժամանակ պնդելով, որ միևնույն է՝ Հայաստանը պետք է հետևողականորեն առաջ տանի խաղաղության օրակարգը։

Արտգործնախարար Արարատ Միրզոյանը պնդում է՝ նորանոր պահանջներ առաջ քաշելով՝ Ադրբեջանը պարզապես չի ուզում ստորագրել խաղաղության պայմանագիրը։ Ելույթ ունենալով Վարշավայի անվտանգության ֆորումում՝ Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը հիշեցրել է, որ Երևանն աջակցել է Բաքվին հյուրընկալել Կլիմայական համաժողովը, ուստի հիմա ճիշտ ժամանակն է՝ փակելու հակամարտության էջը։

Միաժամանակ Միրզոյանը ֆորումի մասնակիցներին փոխանցել է հայկական կողմի մտահոգությունները, որ Ադրբեջանը ռազմական նոր գործողությունների է պատրաստվում․ “Ես անձամբ ինքս որևէ վստահություն չունեմ Ադրբեջանի խաղաղարար նպատակների հարցում»։

Հիշեցնենք, որ Ալիեւն արդեն պահանջում է Հայաստանից ներողություն խնդրել «պատերազմական հանցագործությունների» համար։

«Եթե Հայաստանն իսկապես ուզում է խաղաղության հասնել Ադրբեջանի հետ, պետք է վճռականորեն դատապարտի գերեվարված ադրբեջանցիների նկատմամբ իրականացված գազանությունները։ Դա կարող է դառնալ երկու երկրների միջև վստահություն կառուցելու գործուն միջոցներից մեկը», – նշել է Ալիևը։

Փաշինյանը եւ Միրզոյանը, փաստորեն, ճանաչում են, որ մինչեւ Բաքվում կայանալիք COP 29 միջազգային գագաթնաժողովը պայմանագիր չի ստորագրվելու, Ալիեւը նոր պայմաններ է առաջ տանում, եւ պատերազմի վտանգը ավելանում է։ Եթե դա Հայաստանի կառավարության ռազմավարությունը չէ, ապա ի՞նչ գործիքներ ունի այն՝ նման ընթացքը կանխարգելելու համար։ 

Մինչ օրս նման գործիքների մասին չի խոսվում, թեկուզ դրանք ակնհայտ են, օրինակ, հետ կանչել նոյեմբերի 9-ի հայտարարությունը, պահանջել Մինսկի խմբի մանդատի կատարումը, իրագործել 1989 թ․ Միացումի մասին որոշումը, հիշեցնել Կարսի պայմանագրի ապօրինի բնույթի մասին եւ այլ։ 

“Գործիքի” մասին միայն Ալեն Սիմոնյանն է ակնարկում․

Ազգային ժողովի նախագահի խոսքով՝ Ադրբեջանի ընտրությունն է՝ ստորագրել խաղաղության պայմանագիրն արդեն համաձայնեցված 16 կետերով, կամ Բաքվում հաջորդ ամիս կայանալիք COP 29 միջազգային հեղինակավոր գագաթնաժողովը վերածել Ադրբեջանում պահվող հայ գերիների և խաղաղության պայմանագրի շուրջ միջոցառման։

«Արդյոք պետք է, որ COP 29-ի ընթացքում միջազգային գործընկերները, որոնք այցելեն Բաքու, խոսեն այս պայմանագրից, խոսեն ռազմագերիներից, որոնք գտնվում են Ադրբեջանում, խոսեն Ադրբեջանի նախագահի տարածքային պահանջներից Հայաստանի Հանրապետության նկատմամբ», – ասաց ԱԺ նախագահը:

Հեսա տես ինչ ենք անելու, օ-հո-հո։

Բագրատ սրբազան. Եթե անգամ փողոցում մնա մեկ մարդ, պայքարը շարունակվելու է

Երթին համեմատաբար քիչ մարդ է մասնակցել: Շարժման մասնակիցները “Հա՛յ, Հայաստա՛ն, Հայրենի՛ք ու Աստվա՛ծ” վանկարկելով են մտել հրապարակ:

https://www.facebook.com/reel/508529328609397

Նույնիսկ ինտենսիվ հրետակոծության ժամանակ՝ նկուղում, Ռուզաննան մխիթարում էր բոլորին

Կյանքը փորձությունների շարան է։ Ամեն օր մենք խաչվում ենք մարդկանց հետ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր կյանքի պատմությունը։ Որոշ մարդիկ, բախվելով դժվարություններին, անմիջապես հուսահատվում են, իսկ ոմանք, չնայած խոչընդոտներին և դժվարին փորձություններին, վստահորեն առաջ են շարժվում:

Վառ օրինակ է Ռուզաննա Սարգսյանը։ Ծնվել և մեծացել է Ստեփանակերտում։ Նա ունի լուրջ ախտորոշում։ Ռուզաննան իր ողջ մանկությունը մոր հետ անցկացրել է Հայաստանի և արտերկրի տարբեր բուժհաստատություններում՝ բուժման օպտիմալ մեթոդների որոնման հույսով, բայց, ցավոք, արդյունքներն այնքան էլ լավ չեն։

Չնայած հիվանդությանը և ֆիզիկական սահմանափակումներին, Ռուզաննան երբեք չի կորցրել հավատը։ Անգամ ինտենսիվ հրետակոծության ժամանակ, գտնվելով նկուղում, նա մխիթարում էր բոլորին՝ հույս սերմանելով։

44-օրյա պատերազմի ժամանակ նա շատ էր անհանգստանում առաջնագծում գտնվող իր եղբայրների համար։ Բայց Ռուզաննայի համար պատերազմը վերջին փորձությունը չէր. դրան հետևեց 9-ամսյա շրջափակումը, որի ընթացքում նա շարունակեց ապրել և հավատալ պայծառ ապագային։

2023 թվականի սեպտեմբերին հույսերը մի ակնթարթում փլուզվեցին։ Մեկօրյա պատերազմի արդյունքում Ռուզաննան ընտանիքով Արցախի ողջ բնակչության պես բռնեց տեղահանության ճանապարհը։ Մի քանի օր մեքենայի հետևի նստատեղին պառկած՝  նա անցավ դժոխքի ճանապարհը։

Այժմ Ռուզաննան ընտանիքի հետ ապրում է Երեւանում՝ վարձով բնակարանում։ Նա հաճախ է տխրությամբ հիշում հայրենի Ստեփանակերտը և երազում վերադառնալու մասին։

Նրան հաճախ են այցելում Ստեփանակերտի Վերականգնողական կենտրոնի աշխատակիցները և ցուցաբերում անհրաժեշտ բուժօգնություն։

Հուսանք, որ Ք.Քոքսի Վերականգնողական կենտրոնը շուտով կվերաբացի իր դռները Երևանում, որպեսզի Ռուզաննան և մյուս հիվանդները կարողանան շարունակել վերականգնողական գործընթացը։

Արսեն Աղաջանյան

ՔՊ-ն, օրինակ, կարող է արգելել Արցախի պաշտոնյաներին անվանել այդպիսին

Step1.am-ի զրուցակիցն է Արցախի մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախկին նախարար Սերգեյ Շահվերդյանը։

Պարո՛ն Շահվերդյան, դուք սոցիալական ցանցում գրառում եք արել, որ Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները հարցում են ուղարկել ԱԱԾ այն մասին, թե արդյոք երկրի անվտանգությանը սպառնո՞ւմ է ՀՀ տարածքում «գոյություն չունեցող Արցախի Հանրապետության իշխանության մարմինների ներկայացուցիչներ համարվող քաղաքացիների գտնվելը»։ Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի իշխանության այսօրինակ գործողություններն Արցախի ու արցախցիների դեմ։

-Հայաստանի իշխանությունների վերաբերմունքն Արցախի վտարանդի իշխանությունների նկատմամբ տարակուսանք է առաջացնում, հատկապես այն ֆոնին, որ Ադրբեջանն արդեն հայտարարում է այսպես կոչված «Արեւմտյան Ադրբեջանի» վտարանդի կառավարության ստեղծման մասին։

Ինչ վեաբերում է պատգամավորների՝ ԱԱԾ-ին ուղղված հարցմանը, կարելի է ենթադրել, թե դա ինչ հետեւանքներ է ունենալու։ Եթե ԱԱԾ-ն ասի՝ այո՛, վտանգ կա, «Քաղաքացիական պայմանագիրը» հավանաբար նոր օրինագծեր կներկայացնի, որոնցով, օրինակ, կարգելվի Արցախի պաշտոնյաներին անվանել այդպիսին, Արցախի պետական մարմիններին հիշատակել։

Ընդհանրապես այս վերջին մեկ ամսվա ընթացքում մենք արձանագրում ենք լուրջ հակաարցախյան արշավ, որն իրականացնում են Հայաստանի խորհրդարանի որոշ պատգամավորներ։ Ինչո՞ւ է դա արվում։ Դրան հաջորդեցին «Դոգ»-ի այսպես կոչված բացահայտումները, Արցախի իշխանությունների վերաբերյալ այլ բացահայտումներ։ Իմ կարծիքով՝ այդ հակաարցախյան արշավը հետեւյալ նպատակն ունի՝ պառակտել արցախցիներին, որպեսզի թույլ չտրվի նրանց համախմբումը։ Երկու նպատակ կա՝ մեկը արցախցիների բռնի տեղահանման մեկ տարելիցի կապակցությամբ ընդհանրական միջոցառումների, պահանջատիրության բացառումն է, ինչը, մենք տեսանք, որ փաստացի հաջողվեց։ Երկրորդն ավելի հեռանկարային նպատակ է․ տարբեր հրապարակումների, նաեւ պաշտոնական հայտարարությունների համաձայն՝ արցախցիների աջակցության ծրագրերը կարող են ընդհատվել դեկտեմբեր ամսին։ Ուստի, հանրային կարծիք է նախապատրաստվում, որպեսզի այդ որոշումը բնականոն ընդունվի ՀՀ բնակչության կողմից, իսկ արցախցիները պառակտվելով՝ չկարողանան միավորվել ու իրենց պահանջները ներկայացնել։

Ինչ վերաբերում է աջակցության ծրագրերին, արցախցիները չեն իրենց հայտարարել ոչ Հայաստանի քաղաքացիներ, դա արել է ՀՀ կառավարությունը՝ մեր բոլորիս կամքին հակառակ։ Արցախցիներ չէ, որ հրաժարվել են Հայաստանի զինված ուժերում ծառայելուց, դա արվել է մեր կամքին հակառակ։ Այսինքն՝ երբ մեզ հայտարարել են փախստական ու ոչ Հայաստանի Հանրապետության քաղաքացի, Հայաստանի Հանրապետությունն իր վրա պատասխանատվություն է վերցրել գաղթականի կարգավիճակ ունեցող մարդկանց ապահովել նվազագույն կենսապայմաններով՝ այս ոլորտի միջազգային կարգավորումներին համապատասխան։ Ուստի, արցախցիներին տրամադրվող աջակցությունը լավություն չէ ՀՀ կառավարության կողմից, հենց իրենք են մեզ հայտարարել ոչ Հայաստանի քաղաքացի ու փախստական։ Եվ Հայաստանի կառավարությունն ունի ստանձնած պատավորություններ՝ փախստականների կենսամակարդակն ապահովելու համար։

Արցախցիներին ուզում եմ հորդորել՝ ինչքան էլ այս այսպես կոչված բացահայտումներն իրենց սրտով լինեն, պետք է գիտակցեն, որ դա արվում է արցախյան հասարակության պառակտման համար, որպեսզի թույլ չտրվի համընդհանուր իրավունքների պաշտպանության որեւէ դրսեւորում։

-Ի՞նչ վտանգ կարող է ներկայացնել Արցախի իշխանությունը Հայաստանի համար, որի մասին խոսում է ՀՀ իշխանությունը։

-Ես կարծում եմ՝ Արցախի Հանրապետության վտարանդի իշխանությունների գործունեությունը Հայաստանում ոչ թե ազգային սպառնալիք է, այլ այն կամրացնի մեր իշխանությունների դիրքերը բանակցային գործընթացում։ Ընդհակառակը, պետք է աջակցել, որ Արցախի իշխանություններն աշխատեն, մանավանդ այն ֆոնին, երբ Ադրբեջանում քննարկվում է այսպես կոչված «Արեւմտյան Ադրբեջանի» վտարանդի կառավարության ստեղծման խնդիրը։

Ադրբեջանի իշխանություններն ամեն փուլից հետո նոր պահանջներ են առաջադրելու Հայաստանին, ինչպես, օրինակ, երեկ Ալիեւն արդեն նոր թեզ մտցրեց օրակարգ՝ ասելով, որ ՀՀ-ն պետք է ներողություն խնդրի այն դեպքերի համար, որոնք տեղի են ունեցել Արցախյան առաջին պատերազմի ժամանակ։ Այսինքն՝ ինչքան մենք զիջումներ անենք, այնքան Ադրբեջանի պահանջներն ավելանում են։ Ու Ադրբեջանն իմ պատկերացմամբ որեւէ ձգտում ու մտադրություն չունի ստորագրելու «խաղաղության պայմանագիր»։

Ռոզա Հովհաննիսյան

Փաշինյանը չի ասել, թե ինչ հիմքով են հանձնվել հայկական տարածքները

Ինչ իրավական հիմքով են հանձնվել Շուռնուխի, Կիրանցի հատվածներում Հայաստանի իրավազորության տակ գտնվող տարածքները. եթե չկա այդպիսի իրավական հիմք, հիմա նոր այս կանոնակարգով է ստեղծվում այդ հիմքը, ապա ձեր գործողությունն ինչպես կբնութագրեք՝ հանցագործությո՞ւն, ապաշնորհությո՞ւն: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:

Փաշինյանի խոսքով, այո՛, ՀՀ տարածքներից  ավելի քան 200 քկմ տարածք օկուպացված է, բայց նաեւ ասում ենք, որ ռազմական ճանապարհով դրանք վերադարձնելու խնդիր չենք դնում, քանի որ այդ կանոնակարգը ստեղծում է հնարավորություն, որ իրավական, դիվանագիտական, բանակցային ճանապարհով այդ խնդիրը լուծվի:

Անդրադառնալով նրան, որ Կիրանցի եւ Շուռնուխի մի շարք բնակիչներ անգամ սեփականության վկայականներ են ունեցել, սակայն այդ տարածքները տրվել են Ադրբեջանին, վարչապետն ասաց. «Մենք ասել ենք, որ պետք է հասկանանք, թե ինչ հիմքեր ունեն այդ սեփականության վկայականները: Մենք այդ հիմքերը չենք գտել, եւ այդ սեփականության գնահատականներ տալու առիթը ուղարկված է իրավապահ մարմիններին, թե ոնց է, որ իրավական հիմքը չկա, բայց վկայականը կա:

Փաշինյանն այդպես էլ չպատասխանեց, թե ի՞նչ հիմքով են հանձնվել հայկական տարածքները, ինչպե՞ս է որոշվել, որ հողերն են մերը եւ իրենցը, եթե բառացիորեն մի քանի օր առաջ Սահմանադրական դատարանը հաստատել է, որ Հայաստանը “սահմաններ չունի”։

ԱՄՆ Պաշտպանության հետախուզական գործակալության տարածաշրջանային կենտրոնի տնօրենը Հայաստանում է

ԱՄՆ Պաշտպանության հետախուզական գործակալության Եվրոպայի և Եվրասիայի տարածաշրջանային կենտրոնի տնօրեն Պատրիկ Պրայորին Հայաստանում է:

Այսօր նրան ընդունել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Ըստ հայկական կողմի՝ Պրայորին ու Գրիգորյանը նախանշել են համագործակցության հետագա ուղղությունները, քննարկել տարածաշրջանային անվտանգային իրավիճակն ու շոշափել արտատարածաշրջանային անվտանգային միջավայրին առնչվող որոշ հարցեր:

Հիշեցնենք, որ Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող իրադարձությունների հետեւանքով երեկ Հայաստանի Զվարթնոցը մի շարք չվերթներ է չեղարկել։ ԱՄՆ Պաշտպանության հետախուզական գործակալության հետաքրքրությունը Հայաստանի հանդեպ խոսում է այն մասին, որ Հաայստանը պատերազմական գործողություններին ներքաշելու վտանգ կա։ 

Իսրայելական զորքերը ցամաքային մարտերի մեջ են մտել Լիբանանի հարավում, ավելի շատ զորքեր շարժվել են դեպի սահման

BBC

Իսրայելի զինված ուժերը ցամաքային մարտեր են անցկացնում Լիբանանի հարավում, ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի նոր հայտարարության մեջ՝ միաժամանակ մի քանի շրջաններում գործողությունների մասին:

«Կոմանդոսի ուժերը, այդ թվում՝ Էգոզի ստորաբաժանման զինվորները, հայտնաբերել և ոչնչացրել են «Հեզբոլլահի» մարտական ​​կառույցները… Զորքերը Իսրայելի ռազմաօդային ուժերի հետ համատեղ ոչնչացրել են ահաբեկիչներին և նրանց ենթակառուցվածքը՝ օգտագործելով ճշգրիտ կառավարվող զինամթերքը», ասված է հայտարարության մեջ։

Բացի այդ, վերջին ավիահարվածները ոչնչացրել են «ավելի քան 150 ահաբեկչական ենթակառուցվածք», ասել են զինվորականները:

Իսրայելի պաշտպանության բանակը հաստատել է առաջին իսրայելցի զինվորի մահը Լիբանան ցամաքային ներխուժումից ի վեր: Սա 22-ամյա կապիտան Էյտան Յիցխակ Օստերն է էլիտար հրամանատարական «Էգոզ» ստորաբաժանումից, որը մասնագիտացած է հակապարտիզանական գործողություններում:

Լիբանանյան բանակը հաստատել է Իսրայելի ներխուժումը։ Սոցցանցերում տեղադրված հաղորդագրության մեջ ասվում է, որ իսրայելական զորքերը խախտել են Կապույտ գիծը՝ ՄԱԿ-ի կողմից վերահսկվող սահմանը, որը բաժանում է Իսրայելը և գրավյալ Գոլանի բարձունքները Լիբանանից՝ մոտ 400 մետր առաջ շարժվելով դեպի հարավային Լիբանան:

Իսրայելական զորքերը «որոշ ժամանակ անց հետ են քաշվել», ասվում է զեկույցում։

«Հեզբոլլահի» խոսնակն ասել է, որ այսօրվա բախումները Իսրայելի պաշտպանության բանակի հետ հարավային Լիբանանում «պատերազմի առաջին փուլի» մաս են կազմում:

«Մեր ուժերը և դիմադրության մարտիկները լիովին պատրաստ են պաշտպանվել թշնամուց», – Reuters-ը և NBC-ն մեջբերում են Հեզբոլլահի խոսնակ Մոհամմադ Աֆիֆին:

Աֆիֆը հավելել է, որ Հեզբոլլահը բավականաչափ զենք ունի իսրայելական բանակի դեմ կռվելու համար։

Երևանը հաշվարկում է ՀԱՊԿ-ից դուրս գալու բոլոր ռիսկերը. Միրզոյան

Երևանը հաշվարկում է ՀԱՊԿ-ից դուրս գալու բոլոր ռիսկերը, Վարշավայում, Անվտանգության միջազգային ֆորումի ժամանակ, հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

«Կայունությունն առաջնահերթություն է, և այն գործընթացը, որը կարող է տեղի ունենալ, պետք է լավ հաշվարկվի, կառավարվի։ Խոսքը ռիսկերի կառավարման մասին է», – ասել է Միրզոյանը՝ պատասխանելով ՀԱՊԿ-ից դուրս գալու հնարավորության մասին։