Արցախի թեմի երիտասարդաց միությունը կազմակերպել է «Մարդու ներքին պայքարները» թեմայով քննարկում

Հոկտեմբերի 25-ին, Երևանի Բաղրամյան 59գ հասցեում, Արցախի թեմի երիտասարդաց միությունը նախաձեռնել է քննարկում «Մարդու ներքին պայքարները» խորագրով։

Միջոցառման բանախոսը՝ Դավիթ ուրարակիր Փաշայանը, խոսել է մարդու ներքին խնդիրների, անձնական և հոգևոր պայքարների, ինչպես նաև դրանց հաղթահարման հնարավոր ուղիների մասին։

Նմանօրինակ քննարկումները նպատակ ունեն երիտասարդների մոտ բարձրացնել գիտակցության մակարդակը՝ ներքին պայքարի հաղթահարման կարևորության շուրջ և աջակցել նրանց անձնական զարգացման ճանապարհին։

Թեման հատկապես արդիական է այսօր, երբ երիտասարդությունը հաճախ բախվում է ինքնության և արժեքների որոնման հարցերին։

«Մարդու ներքին պայքարները» խորագիրը խոստանում է օգտակար լինել յուրաքանչյուրին, ով ցանկանում է ճանաչել ու հասկանալ սեփական ներքին խնդիրներն ու դրանք հաղթահարելու ճանապարհները։ << Ոչ թե անում եմ այն, ինչ ուզում եմ, այլ անում եմ այն, ինչ ատում եմ >>: (Պողոս առաքյալի հռոմեացիներին ուղղված նամակ 7:15)

Նմանօրինակ հանդիպումները կրելու են շարունակական բնույթ։

Տաթև Ազիզյան

Իսրայելը հարվածել է Իրանին․ հույս կա, որ դա վերջին հարվածն է միմյանց

Իսրաելը հարվածել է Իրանի ռազմական օբյեկտներին, ինչպես ասում են՝ նախապես զգուշացնելով։ Իրանը հաղորդում է “սահմանափակ” վնասի մասին, իսկ Արևմուտքը հույս ունի, որ դա վերջին հարվածն է միմյանց։ Իսրայելը հավաստիացնում է, որ Իրանին այլեւս չի հարվածի։ Իրանը դեռ չի հայտարարել պատասխան հարվածի մասին։

Իսրայելական բանակի (ՑԱԽԱԼ) ներկայացուցիչ, դերծովակալ Դանիել Հագարին հավաստիացնում է, որ Իրանի թիրախներին «հաջող հարված է հասցվել», տեղեկացրել է Times of Israel-ը։

«Պատասխան հարվածն ավարտվել է, եւ նրա նպատակն իրականացվել է»,- հայտնել է Հագարին մամուլի ասուլիսում։

ՑԱԽԱԼ-ը հարվածել է հրթիռների արտադրման իրանական օբյեկտներին եւ հակաօդային պաշտպանության մարտկոցներին՝ «ի պատասխան Իսրայելի դեմ Իրանի գրոհի այս ամսվա սկզբին եւ ապրիլին»։

«Այժմ Իսրայելը գործողությունների ավելի մեծ ազատություն ունի նաեւ Իրանում։ Իրանը երկու անգամ հարվածել է Իսրայելին… եւ վճարել է դրա համար։ Մենք կենտրոնացել ենք Գազայում եւ Լիբանանում պատերազմի թիրախների դեմ։ Հենց Իրանն է շարունակում համառել, որ տարածաշրջանային թեժացում լինի»,- նշել է Հագարին։

Նրա խոսքով՝ թիրախներն Իրանում ընտրվել են «թիրախների լայն ցուցակից»։

«Մենք կիմանանք, թե ինչպես ընտրենք լրացուցիչ թիրախները եւ հարվածենք դրանց, եթե կարիք լինի։ Սա հստակ ազդանշան է. ով սպառնա Իսրայելին, կվճարի բարձր գին»,- ավելացրել է նա։

Իրանի հետագա քայլերին Իսրայելը «պատասխան կտա»։

«Եթե Իրանի ռեժիմը սխալ գործի եւ նոր թեժացում սկսի, մենք պարտավոր ենք արձագանքել։ Այսօր մենք ցուցադրեցինք, որ ինչպես հնարավորություն, այնպես էլ վճռական գործելու վճռականություն ունենք, եւ մենք պատրաստ ենք ինչպես հարձակման, այնպես էլ պաշտպանության»,- ավելացրել է նա։

Ավելի վաղ իրանական Mehr գործակալությունը տեղեկացրել էր, որ իսրայելական ուժերը հարվածել են ռազմական օբյեկտներին Իրանում՝ նրանց «սահմանափակ վնաս» պատճառելով։

Իրանի ՀՕՊ ուժերի հայտարարության համաձայն՝ նրանց հաջողվել է հաջողությամբ հետ մղել իսրայելական հարվածները։

«Նա [Իսրայելը] հարձակվել է Թեհրանի, Խուզեստանի և Իլամի նահանգների ռազմական կենտրոնների վրա, և չնայած երկրի հակաօդային պաշտպանության ինտեգրված համակարգը հաջողությամբ կալանել և հետ է մղել այդ ագրեսիվ գործողությունները, սահմանափակ վնաս է հասցվել», – ասվում է զեկույցում:

Իրանական իրազեկ աղբյուրները հերքել են Իսրայելի հայտարարությունն այն մասին, որ հարվածներ է հասցրել Իրանի 20 կետերին։

Իսրայելական բանակի այն պնդումը, թե 20 թիրախ է խոցել Իրանի ողջ տարածքում, չի համապատասխանում իրականությանը, Tasnim-ին հայտնել է աղբյուրը՝ նշելով, որ հակառակորդի կողմից թիրախավորված թիրախների թիվը զգալիորեն ավելի քիչ է, քան նշված է:

Աղբյուրը հավելում է, որ իսրայելական ուժերի գործողություններն իրականացվել են Իրանի սահմանից դուրս և սահմանափակ վնասներ են պատճառել։ Աղբյուրը նաև հաստատել է տեղեկությունը, որ Թեհրանում գտնվող Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմական կենտրոններից ոչ մեկը հարձակման չի ենթարկվել։

«Տեղեկություններն այն մասին, որ 100 իսրայելական ռազմական ինքնաթիռներ են մասնակցել հարվածին, նույնպես լիովին կեղծ են, քանի որ Իսրայելը փորձում է ուռճացնել իր թույլ հարձակումը», – հավելել է աղբյուրը։

Ուրբաթ, պատասխան հարվածից առաջ, Իսրայելն Իրանին տեղեկություն է ուղարկել պատասխան հարված չհասցնելու նախազգուշացմամբ, տեղեկացրել է Axios-ը՝ հղում կատարելով հարցին ծանոթ աղբյուրներին։

Նրանց խոսքով՝ Իսրայելի ուղերձը հանձնվել է իրանցիներին երրորդ անձանց միջոցով։

«Իսրայելցիները նախապես հասկացրել են իրանցիներին, թե ինչի դեմ են պատրաստվում հարձակվել եւ ինչի դեմ՝ ոչ»,- ասել է աղբյուրներից մեկը։

Երկու այլ աղբյուր տեղեկացրել է, որ Իսրայելը նախազգուշացրել է իրանցիներին չարձագանքել այս հարձակմանը եւ ընդգծել է, որ եթե Իրանը պատասխան միջոցներ ձեռնարկի, Իսրայելն ավելի լուրջ հարված կհասցնի, մանավանդ եթե սպանվեն կամ վիրավորվեն իսրայելցի քաղաքացիական անձինք։ Իսրայելի վարչապետի գրասենյակը չի պատասխանել մեկնաբանությունների խնդրանքին։ Իրանը հայտնել է, որ չի ցանկանում խոշորածավալ պատերազմ Իսրայելի հետ, բայց պատասխան միջոցներ կձեռնարկի հարձակման դեպքում։

Աղբյուրների խոսքով՝ Իսրայելի հայտարարությունը հարվածների փոխանակումը սահմանափակելու փորձ էր։

Axios-ի աղբյուրների խոսքով՝ տեղեկությունը հանձնողներից մեկը Նիդեռլանդների արտգործնախարար Կասպար Վելդկամպն էր։

«Ես խոսել եմ Իրանի արտաքին գործերի նախարարի հետ աճող լարվածության մասին։ Ես զսպվածության կոչ եմ արել։ Բոլոր կողմերը պետք է աշխատեն հետագա թեժացումը կանխելու ուղղությամբ»,- գրել է Վելդկամպը X սոցցանցում իսրայելական գրոհից մի քանի ժամ առաջ։

ԱՄՆ պաշտոնատար անձինք հայտել են, որ սպասում են, որ Իրանը կպատասխանի իսրայելական գրոհին առաջիկա օրերին, բայց սահմանափակ ձեւով, ինչը թույլ կտա Իսրայելին դադարեցնել «ակն ընդ ական» ցիկլը։

«Մեր նպատակը դիվանագիտական ջանքերն արագացնելն է եւ լարվածությունը թուլացնելը մերձավորարեւելյան տարածաշրջանում։ Մենք Իրանին կոչ ենք անում դադարեցնել հարձակումներն Իսրայելի դեմ, որպեսզի այդ ցիկլը ավարտվի առանց հետագա թեժացման»,- ասել է  Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Շոն Սավեթը։

Սպասվում է, որ Իսրայելի հարվածներն Իրանին կդառնան վերջինը երկու երկրների միջեւ ռազմական գործողություններում, այսօր հայտնել է ԱՄՆ նախագահի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան, տեղեկացրել է NBC News-ը։

Պաշտոնական աղբյուրի խոսքով՝ սա «ԱՄՆ հաստատուն կարծիքն է», եւ դրա մասին «տեղեկացվել է տարածաշրջանի մեր բոլոր գործընկերներին»։

Պաշտոնյան նշել է, որ Բայդենը եւ նրա անվտանգության թիմը «աշխատել են իսրայելցիների հետ, որպեսզի վերջինը համամասնական պատասխան միջոցներ ընդունի ցածր ռիսկով»։

Պաշտոնյայի խոսքով՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցում Բայդենն անցած շաբաթ հայտնել է, որ ցանկացած գրոհ պետք է ուղղված լինի Իսրայելի դեմ հետագա հարձակումների կանխմանը եւ հետագա թեժացման նվազեցմանը։

«Մենք չենք ցանկանում, որ դա տեղի ունենա»,- ասել է պաշտոնյան։

Աղբյուրն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները անմիջական մասնակցություն չի ունեցել իսրայելական հարվածներին, որոնք հասցվել են «մի քանի ալիքներով»։

Բայց եթե Իրանը ուղիղ հարված հասցնի Իսրայելին, ԱՄՆ-ը խոստացել է աջակցել իր դաշնակցին, ասել է նա։

«Եթե Իրանը որոշի պատասխանել, մենք լրիվ պատրաստ ենք նորից պաշտպանվել ցանկացած հարձակումից»,- ավելացրել է աղբյուրը։

Արցախի Ազգային ժողովը ողջունում է Եվրոպական խորհրդարանի բանաձեւը

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի
նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցի հայտարարությունը
Եվրոպական խորհրդարանի հոկտեմբերի 24-ի բանաձևի վերաբերյալ
Արցախի Հանրապետության Ազգային ժողովը ողջունում է Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված հոկտեմբերի 24-ի ՝2024 թ. «Ադրբեջանում մարդու իրավունքների և միջազգային իրավունքի խախտումների և Հայաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ» բանաձևը, որն ուղղված է Ադրբեջանի տարածքում մարդու իրավունքների աղետալի իրավիճակի, միջազգային իրավունքի նսեմացման և ողջ տարածաշրջանում, մասնավորապես Հայաստանի նկատմամբ, սանձազերծված ագրեսիվ մոտեցումների բացահայտմանը։
Մեր խորին գնահատանքն ենք հայտնում Եվրոպական խորհրդարանի պատգամավորներին՝ Արցախի ժողովրդի իրավունքների վերականգնմանն ուղղված հստակ դիրքորոշման համար: Կարևոր է, որ բանաձևն ընդգծում է միջազգային դատարանների որոշումների կատարման անհրաժեշտությունը, Արցախի ժողովրդի ներկայացուցիչների հետ անմիջական երկխոսության անհրաժեշտությունը՝ մեր անվտանգ և արժանապատիվ վերադարձի երաշխավորմամբ, Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների ու քաղաքական բանտարկյալների ազատ արձակումը, ինչպես նաև մեր գույքի ու մշակութային ժառանգության պահպանումը։
Արցախի ժողովրդի համախմբված և անվտանգ վերադարձը հայրենիք առանցքային նշանակություն ունի տարածաշրջանում տևական խաղաղության հաստատման համար, ինչը հնարավոր է ադրբեջանա-արցախյան ուղիղ բանակցությունների միջոցով՝ միջազգային պաշտպանության ներքո։
ԱՀ Ազգային ժողովը հորդորում է Եվրոպական միությանը ձեռնարկել գործնական և ուղղակի միջոցներ, որոնք ապահովելու են տարածաշրջանում մարդու իրավունքների պաշտպանությունն ու Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների հարգումը: Այս նպատակով կարևորվում է միջազգային արդյունավետ մեխանիզմների ներդրումը, որոնք կերաշխավորեն արդյունավետ երկխոսության, հավաքական վերադարձի, անվտանգ ու արժանապատիվ կյանքի և այլ հիմնարար իրավունքների պատշաճ իրացումը:
25 հոկտեմբերի, 2024 թ.

Ղափամայի տոն

Ղափաման հայկական ավանդական ուտեստ է, որը պատրաստվում է ամբողջական դդումով՝ ներսը լցված  բրնձով, չորացրած մրգերով և ընկույզներով։ Այն հաճախ համարվում է ոչ միայն ուտեստ, այլև տոնական խորհրդանիշ։ Ղափաման ունի խորը մշակութային և սոցիալական նշանակություն, և այն կապվում է հայերի ընտանեկան և ազգային տոնակատարությունների հետ։

Պատրաստման եղանակը

Ղափամայի հիմնական բաղադրիչը դդումն է։ Դդումը մաքրում են ներսից՝ հեռացնելով սերմերը և պոչը, բայց պահպանելով արտաքին հատվածը՝ որպես «կափարիչ»: Այսպես, դդումը դառնում է յուրահատուկ աման՝ պատրաստելու և մատուցելու համար։

Դդմի ներսում տեղադրվում է հետևյալ խառնուրդը՝

Բրինձ: Նախապես եփված, բայց ոչ ամբողջովին պատրաստված բրինձը՝ որպես հիմք։

Չրեր: Թուզ, ծիրանաչիր, սալորաչիր և այլ չորացրած մրգեր՝ կտրատված կտորների։

Ընկուզեղեն: Որպեսզի ավելացնի հագեցվածությունը և համը, ավելացվում են ընկույզներ, նուշ և պնդուկ։

Համեմունքներ և մեղր: Ավելացվում են դարչին, մեխակ և այլ քաղցրահամ համեմունքներ, ինչպես նաև մեղր՝ քաղցրությունը լիարժեք դարձնելու համար։

Լցոնված դդումը կափարիչով ծածկում են և դնում ջեռոցի մեջ՝ եփվելու։ Ջեռոցում դդումը կիսվում է՝ բրինձը ներծծելով դդմի քաղցր հյութերը, իսկ չրերը և ընկուզեղենը հարստացնում են համը։ Ղափաման պատրաստվում է բավականին երկար՝ դանդաղ կրակի վրա, ինչը ապահովում է ուտեստի համերի լիարժեք միաձուլումը։

Տոնական օրը և սոցիալական նշանակությունը

Ղափամա պատրաստելու ավանդույթը հաճախ կապված է Նոր տարվա, Սուրբ Ծննդի և այլ ընտանեկան ու ազգային տոնակատարությունների հետ։  Այս ուտեստը խորհրդանշում է առատություն, ջերմություն և ընտանեկան կապեր, ուստի այն հիմնականում մատուցվում է, երբ ընտանիքը հավաքվում է մի մեծ սեղանի շուրջ։

Հատկապես, ղափամայի պատրաստումը ավանդական հայկական երգերի և պատմությունների ներքո է, ինչը ստեղծում է ջերմ ընտանեկան մթնոլորտ։ Հայկական մշակույթում ղափաման համարվում է հյուրընկալության և բարեկամության խորհրդանիշ։

Ղափամայի տոնն այսօր նշվել է  Սուրբ Աննա եկեղեցու բակում։

Տաթև Ազիզյան

Հայաստանը չի բացառում, որ կմասնակցի Բաքվում COP29-ին

Հայաստանը ստացել է COP29 համաժողովին մասնակցելու Բաքվի հրավերը, այն ստացվել է ՀՀ արտգործնախարարի անունով, այս մասին Factor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանի COP29 համաժողովին մասնակցության հարցն այժմ քննարկվում է կառավարության կողմից։ «Այդ հարցը քննարկվում է մի քանի ասպեկտներով ինչպես խաղաղության հաստատման, հումանիտար հարցերի լուծման, այնպես էլ՝ այդ միջոցառման օրակարգով պայմանավորված։ Գիտեք, որ դա միջազգային ամենահեղինակավոր միջոցառումն է՝ ուղղված կլիմայի փոփոխությանը։ Հաշվի առնելով իմ նշած այդ բոլոր հանգամանքները՝ մոտ ապագայում կկայացնենք որոշում, թե ինչ մակարդակով Հայաստանը ներկայացված կլինի»,- հայտնեց փոխարտգործնախարարը։

Հարցին՝ հնարավո՞ր է Արարատ Միրզոյանը մանսակցի COP29-ին, Պարույր Հովհաննիսյանն ասաց, որ չեն բացառում որևէ տարբերակ։

Ըստ նրա՝ ամեն ինչ կախված է առաջիկա շաբաթների զարգացումներից։

Ավելի վաղ Ադրբեջանի էներգետիկայի փոխնախարար, COP29-ի գլխավոր գործադիր տնօրեն Էլնուր Սոլթանովը հայտարարել էր, որ ադրբեջանական կողմը Հայաստանին ուղարկել է նոյեմբերին Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի կլիմայական COP29 համաժողովին մասնակցելու հրավեր։

Բռնի տեղահանումից առաջ արձակագիր ամուսինս վառեց իր գրքերը

forrights.am

Ծննդով ստեփանակերտցի Նաիրա Աղաջանյանը 33 տարի աշխատել է մշակույթի օջախներում, իսկ վերջին 10 տարիներին Արցախի Հ. Թումանյանի անվան հանրապետական մանկական գրադարանի տնօրենն էր։ Գրադարանը համապատասխանում էր ժամանակակից չափանիշներին, ունեին 13 աշխատող և ստեղծված էին աշխատելու համար բարենպաստ բոլոր պայմանները։

«Ամբողջ կյանքիդ ստեղծածը միանգամից թողնել ու ձեռնունայն հեռանալ՝ մի ճամպրուկի մեջ տեղավորելով ողջ ինչքդ։ Մենք, ինչպեսև մյուս արցախցիները, կարողացանք ընդամենը մեզ փրկել։ Ամենասարսափելին 2023թ. սեպտեմբերի 19-նն էր։ Աղջիկս համալսարանից պիտի տուն դառնար։ Ամուսինս անմիջապես տոպրակները թողեց և դուրս եկավ աղջկաս գտնելու…ամեն ինչ միանգամից տակնուվրա եղավ։ Ահավոր ու անբացատրելի ապրումներով ստիպված իջա նկուղ, իսկ ամուսինս արկակոծությունների տակ տնից մինչև համալսարան տանող ճանապարհի բոլոր նկուղները մեկ առ մեկ մտնելով Նարեին էր փնտրում։ Սարսափելի իրավիճակ էր, կապ չկար։ Հետո իմացանք, որ աղջիկս Վերածննդի Հրապարակ էր հասել, երբ սկսվեց պատերազմը։ Երկու պատերազմ ապրած  Նարես առաջին պայթյունից այնպես էր սարսափահար ճչացել, որ մի երիտասարդ կին իր երկու փոքրիկների հետ բռնեց նաև աղջկաս ձեռքից ու արագ տարավ «Վալյեքս Գարդեն» հյուրանացոային համալիրի նկուղ։ Աղջիկս այնպիսի շոկի մեջ էր հայտնվել, որ չէր կարողացել գոնել զանգել, երկար ժամանակ դողում էր։ Միայն Ժամեր հետո՝ երեկոյան մոտ, մի անծանոթ տղամարդ զանգեց և տեղեկացրեց մեզ աղջկաս գտնվելու վայրը։ Չնայած չեմ լսել աղջկաս ճչոցը, բայց մինչև հիմա այն իմ ականջներում է։ Այդ ապրումները հնարավոր չէ բառերով նկարագրել»,-հուզված պատմեց Նաիրա Աղաջանյանը։

Քանի որ մեր զրուցակցի բնակարանը Հրապարակի կենտրոնական մասում էր, նա հաջորդ օրերին իրենց 5-րդ հարկի պատշգամբից սարսափելի տեսարանների ականատես եղավ։ Նկուղ չունեին և պատսպարվում էին Վալլեքս Գարդենի ապաստարանում, որտեղ մարդկանց ապահովում էին նաև սննդով։ Հետո շրջաններից մազապուրծ խեղճ տեղահանվածներն այդտեղ ապաստանեցին։ Նրանք միանգամից էին տնից դուրս եկել և Ստեփանակերտ էին հասել պատառոտված ու կեղտոտ շորերով։ Աստիճանաբար մարդիկ լուռ ու մունջ սկսեցին հավաքել իրենց անհրաժեշտ իրերը ու լքել քաղաքը։ Օրեցօր քչանում էին տների լույսերը ու հեռվից երևում էր դեպի Շուշի տանող մեքենաներով խցանված ճանապարհը։

«Տունդ լքել չես ուզում, բայցև չես ուզում վերջինը դուրս գալ, որովհետև անկանխատեսելի իրավիճակներ կլինեին ու այդ պահերին ոչինչ գլխովդ չի անցնում՝ միայն թե փրկվել։ Ադրբեջանցիներն արդեն քաղաքում պտտվում էին։ Րոպե առաջ պետք էր դուրս գալ։        Սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած վառելիքի պահեստի պայթյունը հերթական շոկն էր մեզ համար։ Այդ պահերին ամեն մարդ իր ընտանիքի փրկության մասին էր մտածում ու հետո հասկացանք, թե ինչ սարսափելի դեպք տեղի ունեցավ մեր կողքին։ Այդ պահին մենք դեռ Ստեփանակերտում էինք։ Տեղահանվեցինք սեպտեմբերի 28-29-ին։ Առաջին անգամ փորձել ենք ճանապարհվել, սակայն հասանք մինչև մայրաքաղաքի Աստվածամոր Հովանու եկեղեցին, որովհետև ավտոմեքենաների հոսքն այնքան շատ էր, որ խցանումներ էին ու համարյա տեղից չէինք կարողանում շարժվել։ Օրը կիսվում էր։ Մենք դուրս եկանք ավտոմեքենայից և մտանք եկեղեցի։ Դա վերջին պահն էր, որ աղջկաս հետ մտանք եկեղեցին, որտեղ ոչ սովորոական մթնոլորտ էր տիրում։ Մայր տաճարում դրված էին եկեղեցական պարագաները, իրերը՝ մոմեր,  խաչեր ու բոլորն անվճար։ Ու ես դիմեցի ներկաներին,  որ ամեն մեկն ինչ-որ մի բան վերցնի ու փրկի։ Մենք էլ վերցրինք խաչեր, անվանատառեր և մոմ վառելով դուրս եկանք։ Ահավոր ապրումներն էին և ամուսինս գտավ, որ պետք է դեռ հետ վերադառնանք մեր տուն ու սպասենք հաջորդ օրվան»,- այդ օրերի իր ծանր ապրումների մասին կիսվեց զրուցակիցս։

Ճանապարհից հետ դառնալը տիկին Նաիրայի համար մեկ այլ ցնցում էր։ Նրա խոսքով՝ բնակարան մտնելով ահավոր սառնություն զգաց. տան իրերը դասավորել էր, որոշները հավաքել-թողել, որովհետև հնարավոր չէր բոլորը տեղավորել ավտոմեքենայի մեջ։ Այդ ապրումների մեջ նա հանկարծ հիշել էր շրջափակման ծանր օրերը, երբ սննդամթերքի խիստ սղության, իսկ երբեմն նաև բացակայության պայմաններում փորձում էին դիմակայել ու նույնիսկ այդ զրկանքներն ավելի երանելի էին իրեն թվում, քան բռնի տեղահանումը։ Ամուսինը վառարանը վառեց և տան եղած-չեղածով որոշեցին ինչ-որ բան պատրաստել, որ հաջորդ օրն իրենց հետ վերցնեն։

Ամուսինը՝ արձակագիր, ՀՀ և ԱՀ գրողների միության անդամ Համլետ Մարտիրոսյանը ստիպված վառել է իր գրքերը։ Ամենից միայն մի քանի օրինակ կարողացավ վերցնել և տեղավորել մեքենայի մեջ, իսկ մնացածը, որպեսզի թուրքի ձեռք չընկնի, իր իսկ ձեռքով վառեց։ Գրողի համար դա մեծ ողբերգություն է։

Շենքում արդեն բնակիչներ չկային։ Ամեն ինչ արձագանքում էր։ Բնակարանի դուռը վերջում Նաիրան փակեց և դուրս եկավ։ Նրանց ընտանիքը ճարահատյալ տեղահանվեց սեպտեմբերի 29-ին։ Ամուսինը արհեստավարժ վարրորդ չէր և ԱՀ հանրային հեռուստաընկերության գործընկեր-լրագրողների հետ միասին մեծ դժվարություններ հաղթահարելով հատեցին անցակետը, ինչը Նաիրան համեմատեց Գողգոթայի ճանապարհի հետ։ Նրանք պայմանավորվել էին, որ եթե հանկարծ անցակետում մեկին ձերբակալեն, մյուսները պետք է հոգային կանանց և երեխաների մասին։

«Արցախցիներս անցել ենք դժոխքի միջով և արդեն Տեղ գյուղում ցուցաբերված տարրական ջերմ վերաբերմունքն անբացատրելի հուզումնառատ էր։ Հիմա մենք պետք է ամեն ինչ սկսենք զրոյից։ Քար պետք է լինես, որ այս ամենին դիմանաս։ Այժմ վարձով բնակվում ենք մեկ սենյականոցում, որը մոտ է աղջկաս համալսարանին։ Ամուսինս չի աշխատում։ Տեղահանությունից հետո տարբեր տեղեր են սփռվել հարազատներս և մեկ տարի է՝ հնարավորություն չունեմ տեսակցելու 80-անց մորս, մինչդեռ ամեն Աստծո օր Արցախում տեսնում էի նրան»,- վրդովված ասած Նաիրա Աղաջանյանը։

Խնդիրներ շատ ունեն։ Որոշ ժամանակ նա չէր կարողանում հաղթահարել տեղի ունեցած ողբերգությունը և սոցիալ կենցաղային խնդիրներն այս կամ այն կերպ լուծելուց հետո մարտ ամսից տեղավորվեց Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում։ Նա՝ իր և մյուս արցախցիների անունից շնորհակալ է գրադարանի տնօրենությանը՝ այդ ծանր պահերին իրենց ձեռք մեկնելու, յուրահատուկ վերաբերմունք ցուցաբերելու և զբաղվածության խնդիրը լուծելու համար։ Նաիրան այնուամենայնիվ հուսով է, որ մի օր իրավիճակները կփոխվեն  և իրենք տուն կվերադառնան։

Զառա Մայիլյան

Ջերմաստիճանը ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ հոկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը Արարատյան դաշտում օդում սպասվում է -1․․․-3 աստիճան, հողի մակերևույթին՝ -4․․․-5 աստիճան ցուրտ։

Երևանում հոկտեմբերի 25-ի ցերեկը, 27-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 27-ի ցերեկը հնարավոր է կարճատև անձրև։

Մարզերում հոկտեմբերի 25-ի ցերեկը, 26-ի գիշերը, 27-ի ցերեկը, 28-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 26-ի ցերեկը, 27-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձյան տեսքով:

Օդի ջերմաստիճանը 26-27-ին հատկապես ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։

Խաչատուրյանն ու Ալիեւը միաժամանակ սոորագրեցին կանոնակարգը

Հայաստանի և Ադրբեջանի նախագահները ստորագրել են հայ-ադրբեջանական սահմանազատման կանոնակարգը վավերացնելու մասին օրենքը։

Վահագն Խաչատուրյանն օրենքը երեկ է ստորագրել։ Բաքուն էլ այսօր հաղորդեց, որ Իլհամ Ալիևը ևս ստորագրել է օրենքը։

Հայաստանի Ազգային ժողով այն վավերացրել էր երկու օր առաջ։

Կանոնակարգը ուժի մեջ կմտնի, երբ Երևանն ու Բաքուն փոխանակվեն ծանուցումների բնօրինակներով։

Դա առաջին փաստաթուղթն է, որով Հայաստանը ճանաչում է իր սովետական սահմանները, այդպիսով հրաժարվելով ազգային իրավունքներից։

“Արցախից` եկեղեցիների ավերման վերաբերյալ հայցեր ունենք ՄԻԵԴ-ում, ՅՈՒՆԵՍԿՕ-ին դիմումների մասին տեղեկություն չունեմ”

Step1.am-ի զրուցակիցն է Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախկին նախարար Սերգեյ Շահվերդյանը։

-Պարոն Շահվերդյան, Եվրոպական միության խորհրդարանը երեկ ընդունեց Ադրբեջանում իրավիճակի, մարդու իրավունքների ու միջազգային իրավունքի ոտնահարման և Հայաստանի հետ հարաբերությունների մասին բանաձևը: ԵԽ պատգամավորները պնդում են, որ Ադրբեջանը պետք է ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությանն անհրաժեշտ մուտք տրամադրի Լեռնային Ղարաբաղ։ Տեղյա՞կ եք, Արցախի որեւէ պետական կառույց դիմե՞լ է ՅՈՒՆԵՍԿՕ-ին, որպեսզի ներկայություն հաստատեն Արցախում։ Եթե դիմել են, ի՞նչ պատասխան է եղել, եթե չեն դիմել, ի՞նչն է պատճառը։

-Ինչո՞ւ չեն դիմել, այդ հարցը պետք է տալ Արցախի մշակույթի ու արտաքին գործերի նախարարերին ու նախագահին։ Որքան ես տեղյակ եմ՝ մենք եկեղեցիների ավերման վերաբերյալ հայցեր ունենք Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։ ՅՈՒՆԵՍԿՕ-ին դիմումների մասին որեւէ տեղեկություն չունեմ։

-Որքանո՞վ է կարեւոր ՅՈՒՆԵՍԿՕ-ի մուտքը Արցախ, ի՞նչ խնդիրներ կլուծի դա։

– ՅՈՒՆԵՍԿՕ-ի մուտքն Արցախ շատ կարեւոր է, որովհետեւ դա առնվազն անկողմնակալ դիտարկման հնարավորություն կտա։ Չեմ ասում, որ կարող է գործնական ազդեցություն ունենալ Ադրբեջանի քաղաքականության վրա, բայց առնվազն մենք տեղեկություններ կարող ենք ստանալ։

-Ինչպե՞ս եք գնահատում ԵՄ խորհրդարանի այդ բանաձեւը, դրանում Ադրբեջանին նաեւ կոչ են անում կատարել Արդարադատության միջազգային դատարանի որոշումները՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգ, անարգել ու արագ վերադարձի վերաբերյալ որոշումը։

-Ես կարծում եմ՝ վաղուց ժամանակն է, որ Եվրոպական խորհրդարանի բանաձեւերին ունկնդիր լինեն նաեւ Եվրոպական խորհրդի գործադիր մարմինները, որոնք, վստահ եմ, որ չեն կարող անվերջ անտեսել իրենց խորհրդարանի հորդորները։ Կգա մի օր, որ ստիպված կլինեն այդ հորդորները գործադրել։

-Բանաձեւում նաեւ նշվում է, որ ԵՄ-ն պետք է պատրաստ լինի պատժամիջոցներ կիրառել Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը սպառնացող ցանկացած անհատի կամ սուբյեկտի նկատմամբ: Ինչ եք կարծում, այս ուղղությամբ գործնական քայլեր կլինե՞ն։

-Կրկնում եմ, եվրոպական գործադիր մարմինները չեն կարող անվերջ անտեսել իրենց խորհրդարանի որոշումները, կոչերն ու պահանջները։ Վստահ եմ՝ կգամ մի օր, որ գործընթացներ կսկսվեն նաեւ գործադիր իշխանության մեջ։

Ռոզա Հովհաննիսյան

Մարտակերտի քաղաքապետը արդարացվեց

Արցախի Հանրապետության Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանն արդարացվեց, նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց: Այդ մասին իր էջում գրել է դատապաշտպան Արսեն Բաբայանը։

Հիշեցնենք, որ Գյուրջյանը ձերբակալվել էր 2024 թվականի մայիսի 25-ին, ինչից հետո դատարանի որոշմամբ երկու ամսով կալանավորվել։ Հունիսի 27-ին, սակայն, նրա կալանքը փոխարինվել էր տնային կալանքով:

Մայիսին փաստաբան Արսեն Բաբայանը հայտնել էր, որ Գյուրջյանի կալանավորելու վերաբերյալ դատարան ներկայացված միջնորդության և կից նյութերի ուսումնասիրությունը հաստատապես վկայում է, որ Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանին կալանավորելն ունի միայն մեկ նպատակ, այն է՝ սպասվող հանրահավաքից առաջ արցախցիներին ահաբեկելը։

Քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել և մանրամասներ հայտնել Մարտակերտի քաղաքապետի ձերբակալությունից։ Ըստ այդմ նա կասկածվում է Փաստաթղթերի կեղծման, խարդախությամբ խոշոր չափերով հափշտակության մեջ։

Ստեփանակերտում մահացած Վերա Աղասյանի հարազանտները ուզում են կնոջ մարմինը Հայաստանում հուղարկավորեն

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին Ադրբեջանի իշխանությունները տեղեկացրել են Ստեփանակերտում տարեց կնոջ մահվան մասին։

Արդյոք 70-ամյա Վերա Աղասյանի մարմինը կտեղափոխվի՞ Հայաստան, Կոմիտեի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Ամատունին միայն նշեց, որ իրենք հիմա կապի մեջ են Հայաստանում գտնվող հարազատների հետ, պատրաստակամություն են հայտնել աջակցելու հետագա քայլերի հարցում։

Ստեփանակերում մնացած կնոջ մահվան մասին հայտնի դարձավ երեկ: Ադրբեջանական APA գործակալությունը հայտնել էր, որ 70-ամյա Վերա Աղասյանը մահացել հոկտեմբերի 20-ին։ Որպես մահվան պատճառ նշվում են առողջական խնդիրները։

Վերա Աղասյանի հարազատները պատրաստվում են դիմել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին, որպեսզի կնոջ մարմինը Հայաստանում հուղարկավորեն։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 25-ին, NEWS.am–ի հետ զրույցում հայտնեց Վերա Աղասյանի 32-ամյա  դուստրը՝ նշելով, որ Վերա Աղասյանը 4 զավակ ունի, սակայն իրենց չի հաջողվել համոզել նրան ու Հայաստան բերել։

«Մայրս գյուղում էր ապրում։ Պատերազմի ժամանակ ես՝ երեք անչափահաս երեխաներիս հետ տեղափոխվեցի Հայաստան, չգիտեի, որ մայրս այնտեղ է մնացել։ Հետո անընդհատ համոզում էի իրեն, որ գար Հայաստան, սակայն նա չէր ցանկանում։ Մայրս հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ուներ։

Մի քանի անգամ նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեին եմ դիմել, սակայն ասել են, որ չեն կարող բռնի ուժով բերել մայրիկիս, եթե նա չի ցանկանում։ Վերջին վեց ամիսների ընթացքում մայրիկիս հետ զրուցել չի ստացվել։ Ես անգամ չգիտեի, որ նա հիվանդ էր։ Մի քանի օր առաջ մահվան մասին իմացա։ Պատրաստվում եմ դիմել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին, որպեսզի մայրիկիս մարմինը Հայաստան բերեն ու կարողանանք այստեղ հուղարկավորել»,–պատմեց Վերա Աղասյանի դուստրը։

Հայաստանի ու Թուրքիայի համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչները շուտով կհանդիպեն

Հայաստանի ու Թուրքիայի համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչները շուտով կհանդիպեն՝ գնահատելու Գյումրի-Կարս երկաթգծի վերագործարկման պայմանները, «Ազատությանը» հայտնեց հայ-թուրքական կարգավորման հարցով Հայաստանի բանագնաց, խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։ Ըստ նրա, սակայն, դեռ հանդիպման օր չի նշանակվել։

«Ինչպես նախկինում արել ենք, օրինակ, Մարգարայի կամրջի վերաբերյալ համատեղ հետազոտություն, շուտով նման հետազոտության համար հանդիպում կլինի միջգերատեսչական Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների, որպեսզի այս պայմանավորվածությունը իրագործենք, նկատի ունեմ՝ գնահատելու համար պայմանները, որոնք անհրաժեշտ են Գյումրի-Կարս երկաթգծի վերագործարկման համար», – ասաց նա։