Թրամփն ու Բայդենը “դուխ” չունեն հաստատել ամերիկյան “արբիտրաժը”, ենթարկվելով Պուտինին կամ Էրդողանին

«Երբ ես դառնամ նախագահ, ես կպաշտպանեմ հալածված քրիստոնյաներին, կաշխատեմ դադարեցնել բռնությունն ու էթնիկ զտումները, և մենք կվերականգնենք խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև», – իրեն պատկանող Truth սոցիալական ցանցում գրել է ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու, նախկին նախագահ Դոնալդ Թրամփը՝ չնշելով, թե ինչպես է դա անելու։

Kamala Harris did NOTHING as 120,000 Armenian Christians were horrifically persecuted and forcibly displaced in Artsakh. Christians around the World will not be safe if Kamala Harris is President of the United States. When I am President, I will protect persecuted Christians, I will work to stop the violence and ethnic cleansing, and we will restore PEACE between Armenia and Azerbaijan.

Նա օգտագործել է հենց “Արցախ” տեղանունը, սակայն չի հիշատակել, թե ինքը ի՞նչ է արել 2020-ի 44-օրյա պատերազմին նույն Արցախում, երբ դեռ ԱՄՆ նախագահ էր։

Հիշեցնենք, նա ոչ միայն թույլ տվեց թուրքերին ներխուժում Արցախ, զավփել եւ կոտորել, այլեւ հրաժարվեց Մինսկի խմբի համանախագահի իր պարտականությունից եւ թույլ տվեց Ռուսաստանին Թուրքիայի հետ միասին զավթել Արցախի մի մասը, հատկապես Հադրութը, Շուշին, Իրանի հետ սահնաբակից Քաշաթաղը եւ Հայաստանի միջնաբերդ Քարվաճարը։ Նա թույլ է տվել ռուսական զորքերի մուտքն Արցախ և ռուս-թուրքական հետախուզական կենտրոնի բացումը Ակնայում։ Նա չի պնդեն ՄԱԿ կամ այլ միջազգային զորքերի ներկայությունը։ Երբ պատերազմի թեժ պահին նրան հարցրել են, թե ինչ է մտածում այդ ամենի մասին, նա ասել է՝ “Տեսնենք, հայերը կդիմանա՞ն”։

2020-ի պատերազմի օրերը ընտրված էին ոչ պատահական՝ երբ ԱՄՆ-ում նախագահական նախընտրական ժամանակաշրջան էր, եւ հենց Թրամփը թույլ տվեց սկսել ագրեսիան։ Պատերազմը կանգնեցվեց ընտրություններից հետո, երբ պարզ դարձավ, որ նախագահ է ընտրվել Բայդենը։ Նա մի քանի ամիս հետո ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, բայց դա իրավաքաղաքական հետեւանք չունեցավ։ Օրինակ, 1921 թ․ Կարսի պայմանագիրը անօրինական չճանաչվեց։

Հետագայում Բայդենի ներկայացուցիչիչը մասնակցեց Պոլսում 2023-ի սեպտեմբերի 17-ին կայացած գաղտնի ժողովին ՌԴ եւ ԵՄ մասնակցությամբ, որտեղ եւ հավանություն տրվեց սեպտեմբերի 19-ի ագրեսիային Արցախում։

Բայդենի վարչակազմն ոչինչ չարեց, որ տապալի ռուս-թուրքական պլանները Հայաստանի հանդեպ եւ դեմոկրատ նախագահ Վիլսոնին հարիր լուծում չառաջարկեց, խուլ ու հնազանդ պաշտպանելով Իսրաելի կողմից սատարվող ռուս-թուրքական պլանը։

Հիմա Թրամփը հիշել է, որ հայերը քրիստոնյա են, անշուշտ Բայդենի՝ Ալիեւին եւ Փաշինյանին հղած նամակից հետո, որտեղ նա ինչ-որ “համարձակ” քայլեր է առաջարկել։ Այդ քայլերը, ենթադրաբար, կապված են Ռուսաստանի եւ Իրանի դեմ քաղաքականության եւ տարածաշրջանը Թուրքիայի վերահսկողության տակ փոխանցելու մտադրության հետ։

Թրամփը չի կարող թույլ տալ, որ դա առանց իրեն արվի։ Նա քննադատել է ԱՄՆ փոխնախագահ, դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Քամալա Հարիսին՝ շեշտելով, որ վերջինս «ոչինչ չարեց, երբ 120 հազար հայ քրիստոնյաներ դաժանորեն հալածվեցին և բռնի տեղահանվեցին Արցախից»:

Քննադատությունն, անշուշտ, տեղին է, քանի որ Բայդեն-Հարիսի վարչակազմի դեսպան Քրիստինա Քվինն էր, որ 2023-ին Արցախի շրջափակման ժամանակ ասել է, թե կարծում է, որ հայերը կարող են ադրբեջանի կազմում “երջանիկ ընտանեական կյանքով ապրել”։ Հիմա Բայդեն-Հարիսի դեսպանը չի հետաքրքրվում, արդյո՞ք երջանիկ են Արցախից ցեղասպանությամբ քշված հայերը։ Սակայն վարչակազմը առաջ է տանումմի ծրագիր, որով արցախցիներին առաջարկվում է հենց “ադրբերան” վերադառնալ։

Հարիսն ավելի վաղ, Հայաստանի Անկախության օրվա առիթով ամերիկահայ համայնքին հղած շնորհավորական ուղերձում, ասել էր, որ ԼՂ-ի հայերի վերադարձի իրավունքը կարևոր է տարածաշրջանում կայունությունը վերականգնելու տեսանկյունից։

Ոչ Թրամփը, ոչ Հարիսը “դուխ” չունեն ԱՄՆ գլոբալ առաջնորդությունը հաստատելու եւ տարածաշրջանում սեփական արբիտրաժով նոր սահմաններ գծելու համար։ Հիմա ԱՄՆ-ն աշխատում է Կարսի պայմանագրի ընդլայնված երկարացման եւ Ստալինի որոշման լեգիտիմացնելու ուղղությամբ՝ ի շահ Ռուսաստանին եւ Թուրքիային եւ ի վնաս “քրիստոնյա” հայերին։  

Հարիսը նշել է, որ հավատարիմ է Հայաստանի և նրա հարևանների միջև կայուն խաղաղության հաստատմանը, որը հաշվի կառնի երկրների ինքնիշխանությունը, անկախությունը և տարածքային ամբողջականությունը: Բայց չի նշել, որ նկատի ունի Հայաստանի “սովետական” սահմանները։

Թրամփն իր գրառման մեջ խոստացել է նախագահ դառնալու պարագայում խաղաղություն հաստատել Հայաստանի և Ադրբեջանի միջև: Անշուշտ՝ Ռուսաստանի մասնակցությամբ։ Որպեսզի ռուսական զորքերը վերադառնան Արցախ, մի քանի հազար հայ տանեն իրենց հետ եւ հաստատեն, որ Ամերիկան այս տարածաշրջանում այլեւս գործ չունի։

Նաիրա Հայրումյան

Զինված հարձակում Անկարայում՝ ավիացիայի արտադրությամբ զբաղվող TUSAŞ ընկերության վրա․ կան զոհեր ու վիրավորներ

Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան X-ի իր էջում գրել է՝ ահաբեկչական հարձակում է եղել ավիացիայի արտադրությամբ զբաղվող TUSAŞ ընկերության վրա: «Ցավոք, զոհեր ու վիրավորներ կան»,- գրել է նախարարը։

Զոհերի ու տուժածների թվի մասին տեղեկություններ առայժմ չկան։

Լրատվամիջոցները գրում են՝ հարձակումը տեղի է ունեցել տեղական ժամանակով 15․20-ին, մահապարտ է ռումբ տեղադրել:

Թուրքական լրատվամիջոցները նաև հաղորդում են, որ հարձակվողները երեքն են եղել:

Տելեգրամում տարածվող տեսանյութերում ծուխ է երևում, նաև կրակոցներ են լսվում:

Ծիծեռնավանքի խաչքարերը Գորիսի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում գտա

Օրեր առաջ զանգ էի ստացել Արմինե Հայրապետյանից, ով հետաքրքրվում էր Ծիծեռնավանքի խաչքարերի ճակատարգով: Նա հայտնեց, որ խաչքարերը Գորիսում պետք է լինեն եւ “գործուղեց” ինձ դրանք գտնելու:

Գորիսի Երկրագիտական թանգարանում ասացին, որ հաստատ իրենց մոտ չէ, եւ հուշեցին, որ Սուրբ Հռիփսիմե եկեղեցում փնտրեմ: Թանգարանի աշխատակիցն ինձ ճիշտ էր ուղղորդում:

Գորիսի գյուղատեղու եկեղեցու բակում մի տղամարդ ինձ ուղեկցեց դեպի խաչքարեր եւ երկու քայլափոխի ընթացքում պատմեց իր Կովսասան ապրած 15 տարիների մասին:

Առերեսվելով խաչքարերին, միանգամից մեզ` արցախցիներիս նմանեցրի. Ինչպես մունք.

Եվ մեր տեղն ենք եւ ոչ:
Եվ հայրենիքում ենք եւ ոչ:
Եվ հյուր ենք եւ տեր:
Ճիշտ այսպես, մեջքի վրա պառկած` մեկ դիրքով, անսասան…
Չգիտենք, մեջքի վրա քնելն է ճիշտ, թե կողքի:
Բայց մեզ տեղահանել պետք չէր, ինչպես հուշարձանները:
Եվ խաչքար եւ գյունաքար ենք:

Վստահ եմ, որ կարդացողի երեւակայությունն ավելի հզոր է` ցանկը երկարաեցնելու համար:

Մարութ Վանյան

 

Նախարար․ մենք անընդհատ վերադառնում ենք բնակապահովման ծրագրին, հասկանալու համար, թե այնտեղ ինչ խնդիրներ կան

Աշխատանքի եւ սոցիալական հարցերիկ նախարար Նարեկ Մկրտչյանին այսօր լրագրողները հարցերին՝ իրենց չի մտահոգո՞ւմ արցախցիների շրջանում արտագաղթի մեծ ծավալը։ «Ես չեմ կարծում, որ բավական մեծ թվով ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներ արտագաղթում են։ Բավական բնական միտում կա՝ եւ գնում են, եւ վերադառնում են։ Երբ նայում ենք նախորդ տարվա հոկտեմբերից սկսված շարժը, այստեղ էական արտագաղթի միտում մենք չենք տեսնում»,- ասաց նա։

Նախարարը հավելեց․ «Մենք մեր աջակցության ծրագրերն իրականացրել ենք երեք տրամաբանությամբ՝ կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ։ Միջնաժամկետ ծրագրերի հատվածում մշակեցինք բնակապահովման ծրագիրը, եւ մենք անընդհատ վերադառնում ենք այդ ծրագրին՝ հասկանալու համար, թե այնտեղ ինչ խնդիրներ կան։ Վերջին տվյալներն ինձ մոտ չկան, բայց գիտեք, որ կարեւոր նախապայման է քաղաքացիության ընդունումը, որից հետո կարող են դառնալ ծրագրի շահառու։ Հիմա մենք կրկին վերադառնում ենք այդ ծրագրերին՝ նայելու համար, թե այնտեղ ինչ լավարկումներ կարող ենք անել, որպեսզի ավելի մեծացնենք արդյունավետությունը դիմելության առումով»։

Հարցին, որ բողոքի ակցիաներին մասնակցող արցախցիներից կան ահազանգեր, որ մարդկանց զրկում են աջակկցության ծրագրեից, նախարարը պատասխանեց․ «Դա հերյուրանք է, չկա նման բան։ Եթե դուք բերեք մեկ օրինակ, որ որեւիցե մարդ իր քաղաքական կամ չգիտեմ ինչ ակցիաների մասնակցության պատճառով զրվել է աջակցության ծրագրերից, սուտ է»։

«Մենք կվերհանենք այն սահմանը, որով անկախացել ենք սեպտեմբերի 21-ին»

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, պատասխանելով լրագրողների հարցին, թե ադրբեջանական կողմը երբ է դուրս գալու ՀՀ օկուպացված տարածքներից, ասել էր․ «Մենք չենք քննարկել այդ մանրուքը, մենք քննարկել ենք, որ սկզբունքներ ենք սահմանում, որի հետևանքով իրենք էլ պետք է դուրս գան, մենք էլ պետք է դուրս գանք այն վայրերից, որտեղ մենք ենք առաջ»:

Լրագրողներն այսօր հարցրին Ալեն Սիմոնյանին, էլ որտեղի՞ց պետք է դուրս գան հայկական զորքերը, ի՞նչ նոր զիջումներ են պատրաստվում։ Ի պատասխան նա ասաց․ «Հիմա դուք ուզում եք՝ ես ձեզ կոորդինատներ տա՞մ, բայց ակնհայտ է եւ դա երեւաց նաեւ Տավուշի սահմանը վերարտադրելու ժամանակ, որ ինչ-որ տեղեր մենք ենք առաջ, ինչ-որ տեղեր՝ իրենք։ Սահմանը եթե սահմանագծված ու սահմանազատված չէ, այդ խնդիրը կա, վերեւից մինչեւ ներքեւ մենք պետք է սահմանը վերհանենք։ Այդ նույն Տավուշի գյուղերի բնակիչները կարծում էին, որ եկեղեցին մնալու է այն մյուս կողմը կամ այսինչ գետը մնալու է այսինչ կողմը, բա պետք է այդ ամեն ինչը վերհանվի։ Ուզում եք ասել՝ այնտեղ հստակ սահմանազատված եւ սահմանագծված տարածք կա՞, եւ մեր զորքերն ու ադրբեջանական զորքերը կանգնած են այնտեղ, որտեղ պետք է կանգնե՞ն։ Իհարկե, ոչ»։

Այնուհետեւ Ալեն Սիմոնյանը նշեց կոնկրետ տարածք․ «Առնվազն Տավուշում երկու եռանկյունի կա, որ իրենց մասի եռանկյունին գտնվում է մեր տիրապետության տակ, իսկ մերը գտնվում է իրենց մասում։ Դա որեւիցե մեկի համար գաղտնիք չէ, եւ սահմանազատումն ու սահմանագծումը հենց դրա համար է արվում, որպեսզի այդ հարցերը լուծվեն։ Իմ ասածը հետեւյալն է, որ բոլոր այն տեղերում, որտեղ իրենք են առաջ, իրենք պետք է հետ գնան, բոլոր այն տեղերում, որտեղ մենք ենք առաջ, մենք պետք է հետ գնանք։ Մերը մերն է, իրենցը իրենցն է»։

Լրագրողները նաեւ հարց ուղղեցին՝ ԱԺ նախագահը մանրո՞ւք է համարում, որ ՀՀ տարածքներն օկուպացված են, եւ ադրբեջանցիները հետ չեն քաշվում։ «Չէ, ես դա մանրուք չեմ համարում, ասում եմ, որ գլոբալ պատկերի մեջ մենք պետք է գլոբալ հարցերին անդրադառնանք։ Բայց եթե գոլոբալ ենք խոսում սահմանը վերականգնելու մասին, մենք պետք է հասկանանք, որ հիմա գլխավոր նպատակը սահմանը վերարտադրելն է, ինչպես մենք արդեն իսկ արել ենք եւ խաղաղության պայմանագիրը կնքելը։ Դրանից հետո մեր հարեւաննեի հետ մեր քաղաքացիներն առեւտուր են անելու, իրար հետ փոխայցեր են անելու, այդ բոլոր հարցրերը լուծվելու են»,- պատասխանեց նա։

Ալեն Սիմոնյանը հավելեց․ «Ես վստահ եմ, որ այդ պայմանագրի կնքումով մենք դրան էլ կհասնենք, եւ Ադրբեջանը հետ կքաշվի այն մասերից, որտեղ ինքն է առաջ։ Եվ մենք կվերհանենք այն սահմանը, որով մենք անկախացել ենք սեպտեմբերի 21-ին»։

Միաժամանակ Ալեն Սիմոնյանն ասաց, որ ռեւանշի ուղղությամբ քայլեր անում է Ադրբեջանը, ոչ թե Հայաստանը։ «Երբ ադրբեջանական կողմը խոսում է ռեւանշիզմից, ամենամեծ ռեւանշիզմն այն է, ինչ հիմա իրենք անում են, այն է՝ կոնկրետ ինչ-որ մի ուղղությամբ մեզանից ճանապարհ ուզելը, Հայաստանին ինչ-որ բան փորձել պատադրելը։ Դրանով են իրենք սերմանում այն ռեւանշիզմը, որն այսօր հայ ժողովրդի մեջ չկա։ Ես պնդում եմ, որ չկա, որովհետեւ հայ ժողովուրդն այսօր ուզում է ապրել խաղաղ իր երկրի տարածքում»։

Արցախցի ազատամարտիկը չի ընդունում մեղադրանքները, նրան արդեն 23 օր ապօրինի պահում են «կարանտինում»

Forrights

Իշխանության յուրացման փորձի համար մեղադրվող արցախցի ազատամարտիկ Արմեն ՄՆացականյանի փաստաբան Ռոման Երիցյանն իր ՖԲ էջի միջոցով հանրությանը տեղեկացրել է, որ  Մնացականյանը արդեն 23 օր ապօրինաբար պահվում է «Արմավիր» ՔԿՀ -ի «կարանտինում», որտեղ «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի ուժով անձը կարող է պահվել առավելագույնը 7 օր,  «այն էլ բացառապես բժշկական զննություն անցնելու և կալանավորվածներին պահելու վայրի պայմաններին ծանոթանալու նպատակով»։  «Արդեն 3 օր է, ինչ այս մասին գրավոր և բանավոր եղանակներով տեղեկացրել եմ մաև ՀՀ ՄԻՊ աշխատակազմին, մինչդեռ, բացի մտահոգություն արտահայտելուց, որևէ արդյունք առ այս պահ չի արձանագրվել», — գրել է փաստաբանը, ավելացնելով, որ ՄԻՊ Անահիտ Մանասյանը բողոքն ընդունել է քննարկման ։

ՄԻՊ-ն էլ արձագանքել է  փաստաբանին, հայտարարելով, որ քննարկել է փաստաբանի բողոքը ՔԿՀ վարչակազմի հետ, վերջինս պարզաբանել է, որ կալանավորի անվտանգությունը  պահպանում են։ Հաշվի առնելով խնդրի հրատապությունը, Անահիտ Մանասյանը այս բոլոր գործողությունները ձեռնարկել է արագորեն, բողոքը ստանալուց 2 օր անց՝ հոկտեմբերի 17-ին, ոչ թե սպասել է օրենքով սահմանված 30 օրը։

Այնուամենայնիվ փաստ է, որ ՄԻՊ Անահիտ Մանասյանի քննարկումից ու գործողություններից արցախցի ազատամարտիկի վիճակը չի փոխվել։ Նրան շարուն ակում են պահել կարանտինային խցում, իսկ նա շարունակում է չընդունել իրեն առաջադրված մեղադրանքը։

Սեպտեմբերի 18-ին Քննչական կոմիտեն հայտնեց, որ մի խումբ անձինք առերևույթ պատրաստվում էին` նախնական համաձայնությամբ` յուրացնելու իշխանությունը։ 7 հոգու նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, նրանցից 3-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

«Բավարար փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ ՀՀ քաղաքացիներ Ս.Գ.-ն, Ա.Ե.-ն, Ա.Հ-ն, Ե.Ս.-ն, Ա.Ս-ն, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի նախկին բնակիչներ Ա.Մ.-ն Ա.Ս.-ն, ինքնությունները դեռևս չպարզաբանված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, կատարել են իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն, այն է՝ դիտավորությամբ ստեղծել են Հայաստանի Հանրապետության իշխանությունը զավթելու՝ բռնություն գործադրելու և բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալու համար պայմաններ», – ասված էր հաղորդագրության մեջ:

Ըստ կոմիտեի, նշված անձանց՝ յուրաքանչյուրին ամսական շուրջ 220.000 ՌԴ ռուբլի վճարելով, ներգրավել են ՌԴ –ում անցկացվող եռամսյա հավաքների, որի ընթացքում նրանք ծանր զինատեսակների են ծանոթացել, դրանց կիրառման հմտություններին, «ապա ՀՀ վերադառնալուց հետո մարտական հերթապահություն իրականացնելու, ինչպես նաև գիտելիքները այլ անձանց փոխանցելու պատրվակով, 2024 թվականի ընթացքում հավաքագրել են ՀՀ մի շարք քաղաքացիների և Լեռնային Ղարաբաղի մի շարք նախկին բնակիչների»:

ՔԿ հաղորդագրությանը անմիջապես հետևեց ՌԴ  ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունն այն մասին, որ  Ռուսաստանում ռազմական վերապատրաստում անցնող քաղաքացիների կողմից ՀՀ իշխանությունը զավթելու փորձի մասին տեղեկատվությունը անհեթեթություն է և կեղծիք։

Մեր տեղեկություններով, ՌԴ Դոնի Ռոստով քաղաքում իրոք ռազմական վերապատրաստում է անցկացվում,  սակայն այստեղ վերապատրաստված անձանց հետագայում ուղարկում են Ուկրաինա, հատուկ ռազմական օպերացիային ՌԴ կողմից մասնակցելու։ ՌԴ մեր աղբյուրը հայտնում է, որ նրանք ստանում են ամսական 500–600 հազար ռուբլի աշխատավարձ։

Այս վարույթով անցնող արցախցի մեղադրյալներից մեկը ազատամարտիկ Արմեն Մնացականյանն է։ Նա բնակվում էր Ռոստովում, եւ սեպտեմբերի 19–ին Հայաստան էր եկել իր եղբոր՝ Արթուր Մնացականյանի որդու՝ Արման Մնացականյանի մահվան տարելիցին մասնակցելու։ Արթուր Մնացականյանը ԼՂ Մարտակերտի շրջանի Ներքին Հոռաթաղ բնակավայրի գյուղապետն էր։ Նրա որդին զոհվել է 2023 թվականի սեպտեմբերի 19-ին, Արցախում ադրբեջանական վերջին ռազմական գործողությունների հետևանքով։ 18-ամյա Արման Մնացականյանը ընդամենը վեց ամսվա զինծառայող էր։ Ագրեսիայից առաջ հայրն իջել էր դիրքերից, որդին՝ բարձրացել։

Օրերս Արմեն Մնացականյանի փաստաբան Ռոման Երիցյանը իր ֆեյսբուքյան էջի միջոցով տեղեկացրեց, որ Արմեն Մնացականյանի հետ ապօրինի, խայտառակաբար և բռնի կերպով ձերբակալվել են նրա ընտանիքի անդամները և հարազատները և նույն օրն ազատ են արձակվել։

«Արմեն Մնացականյանի գործը (իշխանության զավթման գործ) գտնվում է նախաքննության փուլում։ Թեմայի շուրջ շատ մանրամասներ հայտնել, ցավոք, չեմ կարող։ Այնուամենայնիվ, իրազեկեմ, որ Ա․Մնացականյանը մեղադրվում է իշխանության յուրացման նախապատրաստության մեջ և նրա նկատմամբ ընտրված է կալանք խափանման միջոցը։ Իրեն առաջադրված մեղադրանքը Ա․Մնացականյանը կտրականապես չի ընդունում։ Այս վարույթով դատարան է ներկայացվել կալանավորումը վերացնելու կամ այն գրավով փոխարինելու միջնորդություն՝ հիմնավոր կասկածն այլևս վերացված լինելու հիմքով», – հաղորդում է փաստաբանը։

Մեղադրյալների հարազատներին նրանց հետ կալանավորելն, ապա, կարճ ժամանակ անց բաց թողնելը, կարծես ավանդույթ է դառնում մեր իրավապահների մոտ։

Սա արվում է հատկապես այն դեպքերում, երբ անձի դեմ չկան բավարար ապացույցներ։

Այս նույն ձեռագրով իրավապահները ձերբակալեցին Արցախի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար, Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավարի նախկին տեղակալ, այլ պետական պաշտոններ զբաղեցրած Սարգիս Գալստյանի հետ, որը ամբաստանլայի աթոռին է հօգուտ Ադրբեջանի լրտեսության գործով։

Նա մյուս արցախցիներից ուշ էր տեղափոխվել Հայաստան և Գորիս մտնելուն պես ձերբակալվել էր սահմանին կնոջ հետ։

Կնոջը շուտով բաց թողեցին, իսկ Գալստյանին կալանավորեցին՝ մեղադրելով Ադրբեջանի հատուկ ծառայություններին գաղտնի տեղեկություններ հաղորդելու  մեջ։

Գալստյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը հայտնեց, որ Գալստյանի կնոջը բաց են թողել միայն այն բանից հետո, երբ նա ինքնախոստովանական ցուցմունք է գրել։

«Ինքնախոստովանական ցուցմունքը նրա կնոջն ազատելու արժեքն էր»,- ասում է Կոչուբաեւը։

Հետագայում Գալստյանը հրաժարվեց ինքնախոստովանական ցուցմունքներից, հայտնելով, որ դրանք տվել է ճնշման ներքո։

Հնարավո՞ր է, նույն սխեման գործել է նաև արցախցի ազատամարտիկ Արմեն Մնացականյանի դեպքում՝ հարցրեցինք նրա փաստաբան Ռոման Երիցյանից։ «Ո’չ, – պատասխանեց փաստաբանը, – իմ պաշտպանյալը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը»։

Հարցին, թե ինչպես է Արեմն մնացականյանի առողջական վիճակը, տրամադրությունը մոտ մեկ ամիս կալանքի տակ պահվելուց հետո, նա պատասխանեց․ «Նորմալ»։ Իսկ հարցին, թե ինչ ապացույցներ են ներկայացվել Արմեն Մնացականյանին, որ նա պատրաստվում էր յուրացնել իշխանությունը, փաստաբանը պատասխանեց․ «Չեմ կարող հրապարակել», – ասաց նա։

Առհասարակ, տպավորություն է ստեղծվում, թե փաստաբանը կաշկանդված է, և կամ գտնվում է խիստ վերահսկողության տակ։

Փաստաբանը նաև հայտնեց, որ Արմեն Մնացականյանի եղբայրը մեղադրյալների թվում չկա։ Նրան ձերբակալել են, ապա ազատ են արձակել։

Սյուզան Սիմոնյան

Թրամփի և Հարիսի միջև տարբերությունն աննշան է

ВВС

ԱՄՆ նախագահական ընտրություններին մնացել է երկու շաբաթ, նոր հարցումները ցույց են տալիս, որ Դոնալդ Թրամփը գրեթե հավասարվել է Կամալա Հարիսին առանցքային նահանգներում, որոնք կորոշեն, թե ով է լինելու Սպիտակ տան հաջորդ բնակիչը:

Երկուշաբթի հրապարակված Washington Post-Schar դպրոցի հարցումը ցույց է տվել, որ երկու թեկնածուները գրեթե հավասար են Արիզոնայում, Ջորջիայում, Միչիգանում, Նևադայում, Հյուսիսային Կարոլինայում, Փենսիլվանիայում և Վիսկոնսինում, որոնք բոլորը կրիտիկական նահանգներ են:

Հարցումը նաև ցույց է տվել, որ Թրամփն ու Հարիսը ազգային մակարդակում հավասար են՝ 47-ական տոկոս: Վերջին շաբաթների հարցումների մեծամասնությունը Հարրիսին մի փոքր առավելություն էր տալիս:

Արդյունքները համընկնում են տասնյակ ամերիկյան հարցումների ագրեգատորի տվյալների հետ, որոնք վարում է Financial Times-ի բրիտանական հրատարակությունը:

Ըստ FT-ի տվյալների, ինչպես առանցքային նահանգներում, այնպես էլ ազգային միջին ցուցանիշով Թրամփն ու Հարիսը հավասար են: Չորս կարևորագույն շրջաններում հարցումների տարբերությունը կես տոկոսային կետից պակաս է:

Հյուսիսային Կարոլինայում, Փենսիլվանիայում և Միչիգանում ոչ մի թեկնածու չի գերազանցում մյուսին ավելի քան երկու տասներորդ տոկոսային կետով: Ընդ որում, ոչ մի թեկնածու չի կարողանա հաղթել ընտրություններում՝ առանց այդ նահանգներից գոնե մեկում հաղթելու։

Գանձասարի վանքի բանալիները փոխանցվել են Վրթանես Սրբազանին

Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը այցելել է Լոռու մարզի Տաշիր քաղաք, որտեղ տեղի է ունեցել հանդիպում արցախցիների հետ։ Հանդիպմանը մասնակցել է  Տաշիր քաղաքում և հարակից գյուղերում բնակություն հաստատած արցախահայությունը։

Վրթանես Սրբազանը հարցերի միջոցով ընդհանուր պատկերացում է կազմել հիշյալ համայնքում բնակվող արցախցիների կացության վերաբերյալ։

«Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել նաև հետաքրքիր միջադեպ․ Մարտակերտի շրջանի Վանք գյուղի բնակիչներից մեկը մոտեցել է Սրբազանին և հանձնել բանալիներ։ Պարզվեց, որ վերջինս Գոռ Բաղդասարյանի ընկերն է, ով 90-ական թվականներին Գանձասարը պաշտպանողների շարքում էր։ 2023 թվականի տարհանման ժամանակ Գոռը իր հետ վերցրել էր Գանձասարի վանքի բանալիները: Հանդիպման ժամանակ նրա ընկերը բանալիները փոխանցեց Վրթանես Սրբազանին՝ հույս հայտնելով, որ բոլորս կրկին կվերադառնանք հայրենի Արցախ և նույն բանալիներով կբացենք հնագույն վանական համալիրի դռները։

Օրվա վերջում Սրբազան Հայրը այցելել է Լեռնահովիտ բնակավայրում հաստատված արցախցի մի ընտանիքի՝ տեղում ծանոթանալու տեղահանվածների ներկայիս սոցիալական կացությանը»,- նշում են Արցախի թեմից։

Եվրախորհրդարանում պատգամավորները հանդես են եկել Ադրբեջանի նկատմամբ թիրախային պատժամիջոցների կիրառման օգտին

Եվրոպական խորհրդարանի՝ Ստրասբուրգում ընթացող լիագումար նիստի ընթացքում, հոկտեմբերի 22-ին քննարկվել է Ադրբեջանում մարդու իրավունքների և միջազգային իրավունքի խախտումների վիճակը, ինչպես նաև հարաբերությունները Հայաստանի հետ։

Ելույթ են ունեցել շուրջ 30 պատգամավորներ, ովքեր իրենց ելույթներում անդրադարձել են Արցախում ադրբեջանական ցեղասպան քաղաքականությանը։ Եվրոպական խորհրդարանի պատգամավորների կողմից, ի թիվս այլնի, կարևորվել է հայ ռազմագերիների ազատ արձակումը, հայկական մշակութային ժառանգության պաշտպանությունը, արցախցիների՝ արժանապատիվ ու ապահով վերադարձի իրավունքի իրացումը։

Ինչպես հայտնու,մ է ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը, COP 29-ին ընդառաջ՝ խստորեն քննադատվել է Ալիևի ռեժիմի հանցագործ քաղաքականությունն ինչպես Ադրբեջանի ներսում, այնպես էլ պատերազմական ոճրագործություններն ու շրջափակումը Լեռնային Ղարաբաղում։ Մի շարք պատգամավորներ հանդես են եկել Ադրբեջանի նկատմամբ թիրախային պատժամիջոցների կիրառման, ԵՄ էներգետիկ համագործակցությունը դադարեցներու դիրքերից։ Մի խումբ պատգամավորների կողմից ուշադրության է հրավիրվել Եվրոպական միությունում Ադրբեջանի մշտական ներկայացուցչի լկտի պահվածքը, ով Եվրոպական խորհրդարանի կողմից Ադրբեջանին խստիվ քննադատող բանաձևի քվեարկության նախօրեին սպառնացել է Եվրոպական խորհրդարանի պատգամավորներին։

Կարևոր էր նաև Բաքվի կողմից միջազգային կառույցներում կոռուպցիոն սխեմաներ ստեղծելու և օտարերկրյա պաշտոնյաներին կաշառելու կամ շանտաժի ենթարկելու դրսևորումների մասին պատգամավորների զգուշացումներն ու հայտարարությունները։

Եվրոպական խորհրդարանի պատգամավորների շրջանում Հայաստանին ու Արցախին վերաբերող հարցերի վերաբերյալ առարկայական իրազեկվածության նման բարձր մակարդակը պայմանավորված է նաև ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի տևական աշխատանքով։ Նախորդ գումարման խորհրդարանի պատգամավորների համար ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը մի շարք փաստահավաք այցելություններ է կազմակերպել, որոնք նպաստել են ստեղծված իրավիճակի վերաբերյալ պատգամավորների իրազեկվածության բարձրացմանը։

Մեկնաբանելով Եվրոպական խորհրդարանի քննարկումը՝ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը նկատել է․ «Մենք շնորհակալ ենք Եվրոպական խորհրդարանի պատգամավորներին՝ իրենց սկզբունքային դիրքորոշումների համար։ Այս քննարկումը մեկ անգամ ևս ցույց տվեց՝ Եվրոպական խորհրդարանում հայությանն առնչվող հարցերով ձևավորված է առարկայական դիրքորոշում։ Խորհրդարանականների տևական և անզիջում աշխատանքի արդյունքում է նաև, որ ԵՄ գործադիր իշխանության շրջանում մեր տեսակետները սկսում են ընկալելի դառնալ։ Մասնավորապես, կարևոր է քննարկմանը ներկա՝ ԵՄ գործադիր իշխանության ներկայացուցչի հայտարարությունը՝ տեղում իրավիճակի գնահատման համար Արցախում միջազգային ներկայության ապահովման և վերադարձի իրավունքի իրացման վերաբերյալ։ Ի գիտություն ենք ընդունում նաև գործադիր իշխանության այն տեսակետը, որ Ադրբեջանի հետ ԵՄ էներգետիկ գործարքները չպետք է եվրոպական կառույցներին հետ պահեն Ադրբեջանի հասցեին խիստ քննադատությունից։ Հատկապես այս հայտարարությունից հետո մենք ԵՄ գործադիր իշխանությունից ակնկալում ենք հստակ քայլերի»։

Հայաստան զբոսաշրջային հոսքի նվազում. պատճառները ոչ ոք չի բացատրում

Հայաստանի զբոսաշրջության կոմիտեի տվյալներով՝ 2024 թվականին երկիր է այցելել 7,9%-ով ավելի քիչ զբոսաշրջիկներ, քան 2023 թվականի նույն ժամանակահատվածում։ 2024 թվականի գրեթե յուրաքանչյուր ամիս զբոսաշրջային հոսքի նվազում է նկատվել։ Զբոսաշրջիկների մեծ մասը եղել է Ռուսաստանից՝ ավելի քան 40%-ը։

Օրերս Երևանում տեղի ունեցավ Real Business Conference 2024 բիզնես համաժողովը, որտեղ քննարկվեցին Հայաստանի տնտեսության առանցքային ոլորտների հնարավորությունները։

Զբոսաշրջությանը հատուկ ուշադրություն է դարձվել որպես տնտեսության կարևոր ճյուղերից մեկի։ Ներգնա զբոսաշրջության զարգացման համար անհրաժեշտ են պետական ​​և մասնավոր ներդրումներ: Մայրաքաղաքից դուրս ենթակառուցվածքները թերզարգացած են, զբոսաշրջիկները բախվում են խնդիրների, ինչը նվազեցնում է Հայաստանի գրավչությունն աշխարհում։

Հուշանվերներ վաճառողները կարող են ճշգրիտ տեղեկատվություն տրամադրել զբոսաշրջության իրավիճակի մասին։ Հաղպատի վանական համալիրի վաճառողուհիներից մեկն ասաց. «Արդեն երկրորդ տարին է, որ զբոսաշրջային սեզոնն այնքան դանդաղ է, որ կորուստներ եմ կրում։ Ոմանք ասում են, որ այս տարի ջրհեղեղի պատճառով էր, բայց ես դրան իսկապես չեմ հավատում, քանի որ ճանապարհները լավ վիճակում են, մենք բոլորս շարունակում ենք այստեղ ապրել, այլևս ոչ մի վտանգ չկա։ Անցյալ տարի էլ այնքան զբոսաշրջիկ չկար, որքան սպասվում էր, և ոչ ոք չի կարող կամ չի ուզում դա բացատրել»:

Իր դիտարկումների մասին հարցնում եմ մի օտարերկրացու, ով ընտանիքի հետ շուրջ մեկ ամիս շրջում է Հայաստանում։ Նա նշում է, որ Հայաստանում առաջին անգամ է, զբոսաշրջության մասնագետ չէ, բայց անմիջապես տեսավ բարձր ներուժը և նկատեց, թե որքան քիչ է ներդրվում Հայաստանը զբոսաշրջիկների համար ամբողջ տարի գրավիչ դարձնելու համար։ Հայաստանը, ըստ զբոսաշրջիկի, հազար անգամ ավելի հետաքրքիր է, քան աշխարհի շատ երկրներ, սակայն բարձր գների, հարմարավետության ու ծառայությունների որակի բացակայության պատճառով շատերը հրաժարվում են ճանապարհորդել։

Ալվարդ Գրիգորյան

Ալեն Սիմոնյանին պետք է հիշեցնել ՄԱԿ-ի բանաձեւերի հիմնական պահանջը

Մինչ Հայաստանի Ազգային ժողովը քննարկում էր Ադրբեջանի հետ սահմանների սահմանազատման հանձնաժողովի կանոնակարգը, ֆաշիստական, նացիստական ​​միավորման Միլլի Մեջլիսը սկսեց ստեղծել քոչվորների հորինած անհայտ ադրբեջան վերադառնալու նախաձեռնող խումբ, որը իրականում ենթադրում է Հայաստանի ներկայիս տարածքը։

Իսկ ինչո՞ւ ոչ։ Ի վերջո, Հայաստանի ներկայիս իշխանությունը թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի հանդեպ բոլոր իրավունքները հանձնել է ահաբեկիչների ձեռքը։ Սրանում համոզվելու համար բավական է լսել ՀՀ իշխանական «մեծն դիվանագետների» ելույթները, որոնք կրկնում են ռուս-թուրքական-ադրբեջանական հանցագործ եռյակի՝ Հայաստանի պետականությունը վերացնելու և այն «խաչմերուկի» եւ “проходной двор”-ի վերածելու նարատիվները։

Հասարակ մարդուն, որի գիտակցությունն այդքան հմտորեն շահարկում են ՀՀ վարչապետը, Ազգային ժողովի նախագահը և մյուս բարձրաստիճան պաշտոնյաները, դժվար է հասկանալ, որ խաղաղություն կնքելու կառավարության համառ ցանկության հետևում իրականում հայկական պետությունը վերացնելու ծրագիրն է, իսկ խաղաղություն չի եղել և չի լինելու։ Որովհետև ռուս-թուրք-ադրբեջանական ահաբեկիչները և մանկասպանները չեն ցանկանում խաղաղություն ժողովրդի հետ, որին նրանք հռչակել են դարավոր թշնամի և պանթուրքիստական ​​Թուրանի ծրագրերի տապալման մեղավոր։

Հայ ժողովրդի համար դժվար է գիտակցել նաև, որ Հայաստանի իշխանությունները ԽՍՀՄ-ի փլուզումից հետո անկախության տարիներին հետեւողականորեն հանձնել են մեր ազգի իրավունքներն ու կամքը քոչվորներին, որոնք յուրացրել են ոչ միայն հայկական հողերը, այլև հայկական մշակույթը, ճարտարապետությունը և սովորույթները։ Մնում է միայն յուրացնել հայկական ինքնությունը կամ ազգը թուրքացնել և ընդմիշտ փակել «Հայկական հարցը»։

Դատելով մեր ուժերի հայտարարություններից՝ ահաբեկիչներին դա մինչ այժմ հաջողվել է։

Բավական է հիշել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի խոսքերն այն մասին, որ Արցախը օկուպացնելու իրավունք Ալիեւին տրվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 4 բանաձեւերով (822, 853, 874 եւ 884)։

Ինչի՞ մասին էին այս բանաձեւերը, որոնք ընդունվել էին ղարաբաղյան պատերազմի ամենաթեժ պահին՝ 1993 թվականի ապրիլի 30-ից նոյեմբերի 12-ը։

Առաջնային, ամենակարեւոր պահանջը՝ անհապաղ զինադադարն էր, բոլոր ռազմական գործողություններն ու թշնամական գործողությունները դադարեցնելը։ Այս պահանջը կարմիր թելի պես անցնում է բոլոր 4 բանաձեւերի միջով, որպես դրանց ընդհանուր միջուկ:

Ա.Սիմոնյանը ծանո՞թ է այս պահանջին։ Հազիվ թե։ Նրա համար ավելի հեշտ էր կրկնել ադրբեջանական նարատիվը, որը, ըստ էության, հանգեցնում է բանաձեւերի պահանջները «գրավյալ տարածքների» ազատագրմանը։

Ազգային ժողովի նախագահը հետաքրքրվե՞լ է, թե ով եւ ինչու սկսեց պատերազմը արցախցիների դեմ։ Ամենայն հավանականությամբ ոչ, այլապես նա կիմանար, որ հայ տղամարդիկ ստիպված էին զենք վերցնել ու պաշտպանել իրենց ընտանիքները։ Իսկ դրա համար անհրաժեշտ էր ոչնչացնել ադրբեջանական զինուժի կրակակետերը, ինչի պատճառով մեր զինված ստորաբաժանումները պետք է ազատագրեին այն տարածքները, որտեղից ամեն օր հրետանային գնդակոծում էին խաղաղ բնակչությանը։

Ազգային ժողովի նախագահը պետք է ուշադիր ուսումնասիրեր բոլոր 4 բանաձեւերը, գուցե հասկանար, որ նույնիսկ կորցնելով իր տարածքները՝ Ադրբեջանը չհամաձայնեց զինադադարի, քանի դեռ գործը չի հասել Իրանի հետ սահմանին։

Բոլոր 4 բանաձեւերում խոսվում էր Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների վատթարացման եւ լարվածության մասին։ Բայց դրանցից ոչ մեկում Հայաստանը չի նշվում որպես հակառակորդ կողմ։

Փոխանակ միջազգային հանրությանը համոզել՝ ստիպել ադրբեջանին ճանաչել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, հայ բարձրաստիճան պաշտոնյան Ադրբեջանին հնարավորություն է տալիս հավակնել Հայաստանի Հանրապետության ողջ տարածքին։ Ինչն էլ Բաքուն անում է հաջողությամբ. գոյություն չունեցող «Արևմտյան Ադրբեջանի» հայեցակարգն արդեն ներկայացվել է Մելլի Մեջլիսի քննարկմանը:

Մարգարիտա Քարամյան

Խորհրդարանն առաջին անգամ հաստատեց Կարսի պայմանագրով եւ Ստալինի կողմից գծված սահմանները

ԱԺ նիստում ՔՊ խմբակցությունը վավերացրեց «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին օրենքի նախագիծը։
«Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները չմասնակցեցին այս նախագծի քննարկմանն ու քվեարկությանը՝ հայտարարելով, որ սա հակասահմանադրական ու հակաօրինական գործընթաց է։
Վերջին օրերին խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը չպատասխանեց հարցերին, թե այսպես կոչված սահմանազատման գործընթացի շրջանակներում ՀՀ տարածքներն օկուպացրած ադրբեջանցիները երբ են հետ քաշվելու:
Կանոնակարգը կլինի խորհրդարանի կողմից հաստատված առաջին փաստաթուղթը, որով Հայաստանը պաշտոնապես ճանաչում է «խորհրդային սահմանները»։ Խոսքը ոչ միայն Ադրբեջանի հետ «սահմանի» մասին է, որը գծել է Ստալինը, այլ նաև Թուրքիայի հետ սահմանի մասին, որը սահմանվել է 1921 թվականի Կարսի անօրինական պայմանագրով։