“Ուլունքները տրամադրությունը զգալու հատկություն ունեն”, ասում է Մերին

Ծնվել Արցախում, լինել կենսաբան և անսահման սիրել ձեռագործությունը: Այս ամենը Մերիի մասին է, ով դեռ փոքր տարիքից տեսել է, թե ինչպես է մայրիկը ձեռագործ աքսեսուարներ պատրաստում:

Որպես իր սիրելի ուղղություն Մերին ընտրել է ուլունքագործությունը` սկզբից պայուսակներ էր պատրաստում, հետո կրծքազարդեր։ Ասում է, որ ինչպես գրեթե բոլոր աշխատանքները, սկզբից դժվար էր, բայց պետք է ուղղակի ունենալ մի փոքր նպատակասլացություն և կամքի ուժ դժվարությունները հաղթահարելու համար, և, իհարկե, գեղեցիկ մտքեր գեղեցիկը ստեղծելու համար:

«Վատ տրամադրությամբ ուլունքներ չեմ գործում: Ուլունքները տրամադրությունը զգալու հատկություն ունեն և չեն ենթարկվում, եթե դու վատ տրամադրությամբ ես փորձում դա անել: Ես իրոք փորձում եմ իմ ստեղծագործություններով մարդկանց փոխանցել դրական էներգիա»:

Ժամերով փնտրել ուլունքները, գտնել գունային ճիշտ համադրություն, համապատասխանեցնլ բոլոր ուլունքները իրար հետ և վերջում ստանալ այն ամենը, ինչը հաճույք է պարգևում ոչ միայն հաճախորդներին, այլև ստեղծողին:

Այս ամենը մի փոքր դժվար էր իրականացնել շրջափակման ժամանակ, բայց այդ ժամանակ էլ ո՛չ Մերին, ո՛չ էլ հաճախորդները չէին ընկճվում, փորձում էին ոչնչից ստանալ ինչ-որ բան, մի բան, որը այդ դժվար ժամանակներում գոնե մի փոքր կարող էր ուրախություն, սփոփանք պարգևել:

«Շրջափակման օրերին հումք չկար, հաճախորդները դա ևս հասկանում էին: Միասին հնարավոր տարբերակներ էինք գտնում և բավականին սիրուն աքսեսուարներ ստանում»:

Մերին այժմ ևս շարունակում է ստեղծագործել, բրոշների հավաքածուներին ավելացնելով նաև հարսանեկան գլխազարդեր:

Քրիստինե Ալավերդյան

Բայդենը նամակներ է հղել Փաշինյանին եւ Ալիեւին. մի քանի տարբերություն

ԱՄՆ նախագահը նամակ է հասցեագրել Հայաստանի վարչապետին։ Նիկոլ Փաշինյանին Ջո Բայդենի նամակն այսօր փոխանցել է ԱՄՆ նախագահի հատուկ օգնական, Ազգային անվտանգության խորհրդի՝ Եվրոպայի հարցով գլխավոր տնօրեն Մայքլ Քարփենթերը։ Հայաստան է եկել նաեւ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Լուիս Բոնոն, որին հիմա Պետքարտուղարության “խորհրդական” են անվանում։

«Ուրախ եմ տեսնել, որ Ձեր երկիրը և Ադրբեջանը կայուն առաջընթաց են գրանցել խաղաղության համաձայնագիրը վերջնական տեսքի բերելու ուղղությամբ, որը կկարգավորի ձեր երկու երկրների միջև հարաբերությունները», – կառավարության փոխանցմամբ՝ ասված է Բայդենի նամակում:

Հայաստանի վարչապետին ԱՄՆ առաջնորդը վստահեցրել է, որ Նահանգները պատրաստ է աջակցել կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրին, որը «վերջնականապես վերջ կդնի դարավոր հակամարտությանը»։ Ըստ նրա՝ խաղաղության համաձայնագիրը, որը երաշխավորում է Հայաստանի միասնությունը, ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը, ապահովություն և կայունություն կապահովի ոչ միայն հայ ժողովրդի համար, այն նաև կվերափոխի ողջ Հարավային Կովկասի տարածաշրջանը։

Բայդենը միաժամանակ շեշտել է՝ խաղաղության համաձայնագրի մնացած հոդվածների վերջնականացումը կպահանջի համառություն, հնարամտություն և փոխզիջում. «Բայց հայրենասիրությունը քաղաքականությունից վեր դասելով՝ Դուք խիզախորեն և հետևողականորեն ընտրել եք խաղաղության ուղին, և ես Ձեզ քաջալերում եմ այս տարի վերջնական տեսքի բերել պայմանագիրը»։

ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է՝ իր վարչակազմը պատրաստ է ձեռնարկել համարձակ նախաձեռնություններ, որոնք կօգնեն հարթել ճանապարհը դեպի խաղաղություն:

«Ես խնդրել եմ Եվրոպայի գծով գլխավոր տնօրեն Մայքլ Քարփենթերին տեղեկացնել Ձեզ որոշ քայլերի մասին, որոնք մենք կուզենայինք ձեռնարկել և ստանալ Ձեր կարծիքն Ադրբեջանի հետ քննարկումների վերաբերյալ:

Ինչպես անցյալ ամիս Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում հիշատակվեց, այժմ եկել է պահը վերահաստատելու հանձնառությունը Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությանը և խաղաղության հիմնարար սկզբունքներին: Ավելի պայծառ ապագան հասանելի է, և ես անհամբեր սպասում եմ Ձեզ հետ աշխատանքին՝ այն բաց չթողնելու համար», – ասված է Միացյալ Նահանգների նախագահի նամակում:

Ամերիկացի պաշտոնյայի հետ այսօրվա հանդիպմանը Փաշինյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ ստորագրելու խաղաղության պայմանագիրն արդեն իսկ համաձայնեցված հոդվածների հիման վրա և շարունակելու հետագա քննարկումները: Երևանի այս առաջարկը Բաքուն անիրատեսական է որակում:

Մայքլ Քարփենթերն ընդգծել է, որ ԱՄՆ-n ողջունում է Հայաստանի նպատակադրումն ու քայլերը՝ ի նպաստ խաղաղության ու կայունության հաստատման, կարևորել սահմանազատման գործընթացն ու կանոնակարգի ստորագրումը, շեշտել Միացյալ Նահանգների պատրաստակամությունը՝ հետագայում ևս նպաստելու տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովմանը:

Նրանք մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման հնարավորությունների շուրջ: Մայքլ Քարփենթերն ընդգծել է ԱՄՆ աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը:

ԱՄՆ նախագահը Ալիևին նամակ է հասցեագրել՝ հորդորելով ավարտին հասցնել Հայաստանի հետ Խաղաղության պայմանագիրն այս տարվա ընթացքում:

«Միացյալ Նահանգների նախագահն ուրախ է տեսնել Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն առաջընթացը Խաղաղության պայմանագրի ուղղությամբ: Վաշինգտոնը մնում է հաստատակամ՝ աջակցելու երկու երկրների միջև տևական ու արժանապատիվ խաղաղությանը, որը վերջապես վերջակետ կդնի դարավոր հակամարտությանը», – գրել է Ջո Բայդենը Ադրբեջանի նախագահին ուղարկած նամակում։

«Խաղաղության պայմանագիրը ոչ միայն կերաշխավորի Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, այլև կվերափոխի ողջ տարածաշրջանը՝ ճանապարհ հարթելով մեծացող առևտրի, ներդրումների, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի միջև հաղորդակցության համար», – նշել է Բայդենը։

Սպիտակ տան ղեկավարը գրել է։ «Այժմ, երբ աշխարհի ուշադրությունը ուղղվում է դեպի Բաքու՝ COP29-ի կապակցությամբ, Դուք բացառիկ հնարավորություն ունեք համաշխարհային հանրության առջև ցույց տալու Ձեր հանձնառությունը խաղաղությանը», – գրել է Ջո Բայդենը, ընդգծելով. – «Խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված հոդվածների համաձայնեցումը կպահանջի ստեղծագործական մոտեցում ու փոխզիջում բոլոր կողմերից։ Սակայն ես վստահ եմ, որ Դուք կշարունակեք քայլերն այդ ուղղությամբ, և քաջալերում եմ Ձեզ ավարտին հասցնել պայմանագիրն այս տարվա ընթացքում»։

Ի պատասխան, Ալիևը կրկին պնդել է, թե Խաղաղության պայմանագրի ստորագրման հիմնական խոչընդոտը Հայաստանի Սահմանադրության մեջ ամրագրված «տարածքային նկրտումներն են Ադրբեջանի նկատմամբ»։

Ջեյհուն Բայրամովն էլ է խոսել «Ադրբեջանի հանդեպ տարածքային նկրտումներից», պնդելով, թե այդպիսի ձևակերպումներ կան Հայաստանի ոչ միայն Սահմանադրության, այլև «մի շարք իրավական ու քաղաքական փաստաթղթերում»։

Կյանքի լույսը՝ բլոկադայի խավարում (վիդեո)

Արցախյան բլոկադայի խավարի մեջ կուռ ու ամուր արցախցիներից լույս էր ճառագում՝ դիմակայելու, չհուսահատվելու, ապրելու լույս։ Այսօրինակ լույսի աղբյուր էին հղիները, ովքեր սեփական զրկանքների գնով փայփայում էին իրենց կրծքի տակ ծվարած էակին, որպեսզի նոր արցախցիներ ծնվեն ու նրանցով աշխարհի բարությունն ու լույսը շատանա։
Նյութը պատրաստված է Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ։ Հրապարակման բովանդակությունը բացառապես [NAME]-ի պատասխանատվությունն է, և այն չի կարող ընկալվել որպես Եվրոպական միության տեսակետների արտացոլում: Հեղինակ՝ Սոֆի Իվանիդիս։

«Մենք ուզում ենք շեշտել, որ պահանջատեր ենք, տեր ենք մեր իրավունքներին»․ Արմինե Ավագիմյան

«Մենք ուզում ենք շեշտել, որ պահանջատեր ենք, տեր ենք մեր իրավունքներին, մեր հոգեւոր ժառանգությանը, գույքային իրավունքներին։ Ամենօրյա ռեժիմով տեսանյութերի միջոցով Ադրբեջանը մատուցում է, թե ինչպես է վերացնում Արցախը, հատկապես պատմամշակութային թաղամասերը։ Մեր ակցիաները պարբերական պետք է լինեն, հանրային լայն արձագանք պետք է ապահովենք»,- step1.am-ի հետ զրույցում ասաց «Գեն» նախաձեռնությունների կենտրոնի ղեկավար Արմինե Ավագիմյանը։

Հիշեցնենք, որ արցախցիները հոկտեմբերի 21-ին ակցիա արեցին ՀՀ ԱԳՆ շենքի մոտ եւ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին փոխանցեցին արցախյան ավելի քան 60 ՀԿ-ների ստորագրությամբ նամակը։

Արմինե Ավագիմյանն ասաց, որ այսպիսով արցախցիները հիշեցնում են, որ ՀՀ իշխանությունը պարտավոր է միջազգային հարթակներում բարձրաձայնել արցախցիների շահերի ու իրավունքների հարցերը եւ ոչ թե հակառակը, ինչին հիմա ականատես ենք լինում։ Ըստ նրա՝ Արցախի հարցն օրակարգից հանելը շատ ծանր է անդրադառնալու Հայաստանի վրա։

«Մենք չպետք է թույլ տանք, որ Արցախի հարցն օրակագրից հանեն։ Կամաց-կամաց հրաժարվելով Արցախի հարցից, հլու-հնազանդ իրականացնելով Ալիեւի բոլոր պահանջները, մինչեւ ո՞ւր ենք հասնելու։ Հիմա ականատես ենք լինելու, թե ՀՀ իշխանություններն ինչպես են օրակարգից հանելու Արցախի հարցը։ Ընդ որում, մի շարք երվրոպական երկրներ, ԱՄՆ-ն շեշտում են այն, ինչ տեղի է ունեցել մեզ հետ, անընդհատ մեր իրավունքների ու վերադարձի հարցի մասին են խոսում, բացի Հայաստանի իշխանություններից, ինչը շատ ցավալի է։ Օրերս Հայաստանի Ազգային ժողովում քննարկում էր Արցախի վտանգված պատմամշակութային ժառանգության մասին, եւ Հայաստանի իշխող կուսակցությունը՝ ՔՊ-ն, կառավարության անդամները չմասնակցեցին այդ նիստին։ Դա ցուցադրական արհամարհանք էր, այսինքն՝ այդ հարցով նույնիսկ քննարկումների չեն մասնակցում»,- ասաց նա։

Արմինե Ավագիմյանը դիմեց արցախցիներին․ «Այդ տեսանյութերը տարածելով, լաց ու կոծով որեւէ ազդեցություն չենք ունենալու այդ գործընթացի դադարեցման վրա։ Դրա համար կոնկրետ քայլեր են պետք, ոչ թե էմոցիաներ։ Մենք ստորագրահավաք ենք սկսել change.org հարթակում, որով դիմում ենք միջազգային քրեական դատարանի դատախազին՝ քննություն սկսելու Արցախում տեղի ունեցած ցեղասպան գործողությունների փաստով։ Շատ ցավալի է Արցախի բնակչության այս անտարբեր վերաբերմունքը։ Ես տեսնում եմ, թե ինչ «մարտեր» են վարվում սոցիալական հարթակներում 40+10 հազար աջակցության համար,  բայց գույքային իրավունքների մասին շատ քիչ մարդ է, որ արձագանքում է։ Կոչ եմ անում անպայման մասնակցել այս ստորագրահավաքին, վերջում այդ ստորագրություններն անուն առ անուն տպելու ենք եւ գրավոր ներկայացնենք միջազգային քրեական դատարանի դատախազին»։

Նա հավելեց, որ Հայաստանի բնակչության վերաբերմունքն էլ է անհասկանալի այս հարցերին․ «Մարդկանց  մի մասը փառատոնների ու հրավառությունների է մասնակցում։ Ինչպե՞ս կարող ես երկրիդ տարածքի մոտ կեսը կորցնել, բայց ժողովրդիդ համոզել, որ ամեն ինչ կարգին է, փառատոններ ու հրավառություններ անցկացնել։ Դրան զուգահեռ այս ողբերգական դեպքերի կապակցությամբ Հայաստանում գոնե մեկ օր սգո օր չի հայտարարվել, որպեսզի հասարակությունը եւս զգա, թե ինչ է զգացել հասարակության մյուս հատվածը»։

Ռոզա Հովհաննիսյան

Երեւանում գերագույն պատասխանատվությունից են խոսում․ բոլորը նստելու են

Սահմանազաժման կանոնակարգի քննարկումները Հայաստանի ակտուալ վերնախավում առաջացրել են գերագույն պատասխանատվության հարց, քանի որ գործն հասել է հայկական իրավունքներից օրենքով հրաժարվելու եւ պետությունը ուրիշներին փոխանցելու մասին։

Չնայած 2020-2024-ի եւ դրանից առաջ մարդկային եւ տարածքային կորուստներին, առ այսօր իրավաքաղաքական ոչ մի փաստաթուղթ գոյություն չունի, որը կհիմնավորեր հայկական իրավունքների չեղարկումը եւ հայկական տարածքների /Արցախն ու Նախիջեւանը/ որեւէ այլ պետության պատկանելիությունը։ Նույնիսկ պատերազմները, հայաթափումը, օկուպացիան չբերեցին նման փաստաթղթերի ստեղծման։ Ավելին՝ զավթումն ու բնակչության միակամ դուրս գալը Արցախից ավելի են ընդգծել զավթիչների իրավազրկությունը։

Եթե Արցախի եւ Նախիջեւանի՝ Ադրբեջանին պատկանելու մասին մի թղթի կտոր լինել, այն վաղուց բոլորի աչքն էին մտցրել։ Բայց նման փաստաթուղթ գոյություն չունի, թեկուզ ՀՀ իշխանությունները “հուշում են” Ալմաթիի հռչակագիրն ու ՄԱԿ բանաձեւերը։ Հիմա Հայաստանի «վերնախավը»՝ իշխանությունով եւ ընդդիմությունով լծվել են հայկական իրավունքներից հրաժարվելու իրավական հիմքի ստեղծմանը։

Սահմանազատման կանոնակարգը առաջին փաստաթուղթը կլինի, որը կամրագրի Հայաստանի հրաժարումը Արցախից եւ 1921 թ․ Կարսի պայմանագրով Հայաստանից ապօրինաբար բռբազավթած տարածքներից, այդ թվում Նախիջեւանից։

Դա իրոք բարձրագույն պատասխանատվություն է ենթադրում։ Եւ Հայաստանի «վերնախավը» զբաղված է հիմա պատասխանատվությունը միմյանց վրա գցելով։

Անդրադառնալով ապագա պատասխանատվության մասին հնչած հայտարարություններին՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշեց. «Ձեզ թվում է՝ ես դա չեմ հասկանում, բայց ես հասկանում եմ նաև մեկ բան, որ եթե մենք մեր պրոբլեմները չլուծենք՝ ոչ մեկ չի լուծի կամ կլուծի երրորդ երկիր, իսկ դա ես համարում եմ դավաճանություն»:

Դա, իհարկե, արդարացում չէ, քանի որ ցանկացած բանական մարդ կհարցնի․ իսկ այլ ձե՞ւ չկա հարցերը լուծելու, բացի մեր իրավունքներից հրաժարվելը։ Եւ եթե դուք այլ ճանապարհ չգիտեք, ինչո՞ւ հրաժարական չեք տալիս, այլ համառ տանում եք հայոց իրավունքներից եւ տարածքներից հրաժարվելու գիծը։

Իշխանավորները եւ ընդդիմությունը լավ ձեւ են գտել․ նրանք ոչ թե բանական հարցերին են պատասխանում, այլ միմյանց մեղադրանքներին, որոնք չեն ընդգրկում Մոսկվայից տաբուի տակ դրված հարցերը։ Օրինակ, ընդդիմությունը կարող է լսումներ անել Անկախության հռչակագրի հարցով եւ ոչ մի բառ չասի Արցախի եւ Հայաստանի միացումի մասին 1989 թ․ որոշման մասին։ Տաբու է։ Կամ Կարսի պայմանագրի եւ Թուրքիայի հետ ներկայիս սահմանների օրինականության մասին։ Տաբու է։

Ավետիք Չալաբյանը ասում է, որ «Մհեր Գրիգորյանի դեմ հանցագործության մասին հաղորդում ենք ներկայացրել»։

“Չեք համարո՞ւմ, որ անձամբ Դուք, որպես պետական պաշտոնյա, վերազանցել եք Ձեր իրավասությունները, և Հայաստանի Հանրապետության տարածքներ եք զիջել Ադրբեջանին, առանց ունենալու դրա համար որևէ վավերական իրավական հիմք:

Մենք հետամուտ ենք լինելու, որ պարոն Գրիգորյանը կանգնի դատարանի առջև և այս հարցերին պատասխանի այնտեղ, ոչ թե փորձի պրիմիտիվ մանիպուլացիաներով Ազգային ժողովում մարդկանց մոլորության մեջ դնել», ասել է Չալաբյանը:

«Ամեն բան շատ լավ հասկանալով ու շնորհակալություն հայտնելով իմ ապագայի նկատմամբ հոգատարության համար՝ ուզում եմ ասել՝ վստահ եղեք, որ որևէ կասկած ու մտահոգություն դրա հետ ես չունեմ՝ անկախ թե ինչ տեղի կունենա», ասել է Մհեր Գրիգորյանը, հաստատելով, որ չգիտի, թե ինչ տեղի կունենա։

Եւ նա, եւ մնացածները գիտեն, որ բոլորը նստելու են։

ՏԵՂավորված մի ղարաբաղցի ասում էր “սա էլ Հայաստանի Թալիշն է…”

Տեղ գյուղ: Չնայած ես հենց այնտեղ էի, բայց փնտրեցի, թե հայերեն Վիքին ինչ կարող է ասել լրացուցիչ: Պարզվում է, այն գտնվում է Գորիս-Ստեփանակերտ նախկին մայրուղու վրա, ծովի մակարդակից մոտ 1350-1400մ բարձրության վրա։

Նախկի՞ն…Արդե՞ն… Սպասեք գոնե բուղը նստի:

Տարօրինակ մի զգացողություն է այսՏԵՂ, Երբ գիտակցում ես, որ այն, ինչ տեսնում ենք ադրբեջանական սոցիալական մեդիայում, տեղի է ունենում հենց այս սարերի հետեւում, այսքան մոտ մեզանից:

ՏԵՂացի մի պապիկ ասում էր, որ Ղարաբաղից մի 5-6 ընտանիք են գյուղում ապրում: Ոմանք վարձով, ոմանց էլ տանտերը հյուրընկալում է: ՏԵՂավորված մի ղարաբաղցի էլ ասում էր “սա էլ Հայաստանի Թալիշն է…”: Ցավոք, հենց այդպիսի տպավորություն է: Ով ժամանակին եղել է Թալիշում, հաստատ կզգա դա:

Մարութ Վանյան

Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախմբը անցնում է երկրորդ փուլին

Հոկտեմբերի 18-20-ը Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հարցերով հանձնախումբն ամբողջական կազմով հանդիպել է Երևանում։

Հանձնախումբը հանդիպումներ է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի, ԱՀ Ազգային ժողովի պատգամավորների, Արցախի թեմի առաջնորդի, ինչպես նաև այցելել է Մայր աթոռ և հանդիպել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ։ Հանդիպումների ընթացքում տեղեկություններ է փոխանցել իրականացված աշխատանքների և ապագա անելիքների վերաբերյալ։

Եռօրյա աշխատանքի և հանդիպումների ընթացքում հանձնախումբը, կարևորելով նախորդիվ իրականացված աշխատանքը, գոհունակությամբ ընդգծել է, որ Արցախի ժողովրդի հավաքական, անվտանգ և արժանապատիվ վերադարձի իրավունքի հարցը տարբեր ձևաչափերով բարձրաձայնվել և արձանագրվել է մի շարք պետությունների և միջազգային կառույցների հայտարարություններում։ Այս հանգամանքը հիմք է ստեղծում հանձնախմբի գործունեության երկրորդ փուլի մեկնարկի համար, որը միտված է ամրագրելու և զարգացնելու արձանագրված արդյունքը և ջանքեր գործադրելու վերադարձի իրավունքի շուրջ քննարկումների համար անհրաժեշտ միջազգային բանակցային ձևաչափի ստեղծման ուղղությամբ։

Հանձախմբի կողմից քննարկվել են առաջիկա վեց ամիսներին իրականացվելիք աշխատանքները, որոնք ներառում են Արցախում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանության, հանրային և մասնավոր գույքի պաշտպանության, Բաքվում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և պատանդների վերադարձիև Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության տեսանկյունից կենսական կարևորության այլ ուղղություններ։

Սույն հարցերի ուղղությամբ համադրված գործելու անհրաժեշտության օրակարգով Հանձնախմբի և «Հայաքվե» նախաձեռնության կողմից կազմակերպվել է կլոր սեղան-քննարկում որին մասնակցություն են ունեցել Հայաստանի և Արցախի քաղաքական, հասարակական, դիվանագիտական և վերլուծական շրջանակների չորս տասնյակից ավել մասնակիցներ։

Հանձնախումբը վերահաստատել է վերոնշյալ նպատակներին հասնելու ուղղությամբ բոլոր շահագրգիռ կազմակերպությունների և անհատների հետ համագործակցության իր պատրաստակամությունը։

Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախումբը ստեղծվել և լիազորվել է Արցախի խորհրդարանի 2023 թվականի դեկտեմբերի 2-ի որոշմամբ։

Երկգլուխ Ալեն Սիմոնյանը

2020 թվականի մարտին, երբ Արցախում ընտրությունների էին պատրաստվում, այն ժամանակ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ասել է

«ՀՀ իշխանությունը կհամագործակցի Արցախում ձևավորվող նոր իշխանության հետ. «Հայաստանը Արցախի անվտանգության երաշխավորն է…Ստեփանակերտի ուղղությամբ յուրաքանչյուր կրակոցը, դա կրակոց է նաև Երևանի ուղղությամբ… Մենք կողջունենք արցախցու ընտրությունը»:

ԱԺ նախագահի պաշտոնում Ստեփանակերտ չայցելած եւ Արցախը անպետք գավառ համարող Սիմոնյանին 2020-ին պետք էր, որ Արցախում անպայման իշխանության գա Փաշինյանին լոյալ Արայիկ Հարությունյանը։

2023-ի ամռանը Ալեն Սիմոնյանը միացրել է երկրորդ գլուխը եւ արդեն ասում էր, որ Հայաստանը չի կարղ իրեն վտանգել Արցախի համար, ու եթե խոսի Բերձորի միջանցքի մասին, ապա Բաքուն էլ կպահանջի “Զանգեզուրի միջանցքը”։

2024-ի հոկտեմբերին այլեւս չկա Բերձորի միջանցքը, բայց Բաքուն ավելի համառ է պահանջում ոչ միայն “միջանցքը”, այլեւ ամբողջ Զանգեզուրը։ Իսկ Ալեն Սիմոնյանը ասում է, որ ՄԱԿ 4 բանաձեւրը Ալիեւին իրավունք են տվել Արցախը զավթելու։ Այսօր էլ նա հայտարարեց, որ “Ղարաբաղը միշտ եղել ու հիմա էլ միջազգայնորեն ճանաչված Ադրբեջանի մաս է”։

Ալեն Սիմոնյանը իր խմբակի հետ՝ մարդկային դեգրադացիայի, ազգային անպատվության մարմնավորումն է։ Նրանք ոչ միայն հայերի դեմ ագրեսիայի իրավունք են “նվիրում” առանց փաստաթղթային հիմնավորման, այլեւ ջանքեր են գործադրում պայմանագրային հիմք ստեղծել՝ ագրեսիան հիմնավորելու համար։

Մոլդովայում եվրաինտեգրման հանրաքվե․ սփյուռքը օգնեց, ի՞նչ կլինի Մերձդնեստրի հետ

Մոլդովայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաշվել է կիրակի օրը Մոլդովայում կայացած եվրաինտեգրման հանրաքվեի բոլոր քվեաթերթիկները. 50,46%-ը կողմ է արտահայտվել ԵՄ-ին, իսկ 49,54%-ը՝ դեմ։ Արտերկրում բնակվող մոլդովացիներն ամենաշատն են քվեարկել ԵՄ-ին ինտեգրվելու օգտին։

Դեռ ձայների հաշվարկի ավարտից առաջ նախագահ Սանդուն մեղադրել է Մոլդովայի ռուսամետ ուժերին երկրում իրավիճակը ապակայունացնելու և ընտրություններին միջամտելու փորձերի մեջ։ Նրա խոսքով, «հանցավոր խմբերը», իբր, ծրագրել են գնել 300 հազար մոլդովացիների ձայները։ Հանրաքվեն, ի դեպ, անցկացվել է նաեւ ռուսամետ Մերձդնեստրում։

Կրեմլը հայտնել է, որ Մոլդովայի իշխանությունները կեղծել են հանրաքվեի արդյունքները։ Նրանք զարմացած են, թե ինչպես են փոխվել վերջնական թվերը ձայների հաշվարկի վերջնական փուլում։

Փաստորեն, սփյուռքը օգնեց Մոլդովային ընտրել եվրոպական ինտեգրումը։ Նշենք, որ Ռումինիայում ապրում է մոլդովական մեծ սփյուռք, Մոլդովան հաճախ հաճախ համարվում է Ռումինիայի մաս։ Շատ ռոմանախոս մոլդովացիներ աշխատում են եվրոպական երկրներում: 

Հիմա, երբ սկսվի եվրաինտեգրման գործընթացը, անհասկանալի է, ինչ է լինելու Մերձդնեստրի հետ, որտեղ տեղակայված են ռուսական զորքեր։   

Ասում են ղարաբաղցին չի կռվել, ո՞նց չեն կռվել․ տղաս, եղբայրս, թոռս ու թոռնուհուս ամուսինը զոհվել են

Forrights

Գոհար Առաքելյանի թոռը, թոռնուհու ամուսինը ժամերի տարբերությամբ զոհվել են սեպտեմբերի 19-ին՝ ադրբեջանական հարձակման դեմ պայքարում։ Մարտերին մասնակցել են նաև մյուս երկու թոռները: Տիկին Գոհարի ընտանիքում կորուստներն այսքանով չեն ավարտվում։ 90-ականներին որդին է զոհվել, 2020-ին՝ եղբայրը։ Արցախցի կինը Forrights.am-ի հետ զրույցում ներկայացրել է իր ընտանիքի պատմությունը։

Սեպտեմբերի 19-ի առավոտյան Գոհար Առաքելյանի հիմնական խնդիրը բլոկադայի պայմաններում առողջական ծանր խնդիրներ ձեռք բերած ամուսնու՝ Շամիրի, դեղորայքի խնդիրը լուծելն էր։ Սակայն, կայծակնային արագությամբ մտահոգությունները փոխվել են, երբ հնչել են ադրբեջանական առաջին կրակոցների ձայները։

«Շամիր պապին պառկած էր, բլոկադայի պատճառով հվանդություն էր ձեռք բերել։ Գնացի, որ պապիի դեղերը բերեմ, ճանապարհին մտա տելեկոմ (կապի օպերատորի գրասենյակ), հենց դուրս եկա, մի հատ ուժեղ գմփոց լսեցի։ Ասացին՝ թշնամին խփեց Հարավ գյուղին, առավոտ ժամը 10-ն էր։ Մի քիչ գնացի, հասա դպրոցին, մարդիկ վազում էին ու գոռում՝ կռիվը սկսվել է, թշնամին հարձակվել է։ Հասա դեղատնի մոտ, մի հատ էլ խփեցին, Ասկերանի պոլկի վրա խփեցին։ Փողոցում էլ չգիտես, թե ինչ էր կատարվում․ էլ կին, երեխա, տղամարդ, սաղ գոռոցով գնում էին»,-պատմում է տիկին Գոհարն ու ներկայացնում, որ այդ պահին երեք թոռներն ու թոռան ամուսինն առաջնագծում են եղել։

Տիկին Գոհարի թոռներից Մասիսը Շուշիի ուղղությամբ է եղել, Հայկը՝ Ասկերանում, Վահեն՝ Ցորի զորամասում, թոռան ամուսինը՝ Սասունը, ևս առաջնագծում է եղել։

Զանգում եմ մյուս թոռանս՝ Գայանին, հարցնում եմ ի՞նչ կա, ասում է, որ ամուսինը՝ Սասունը, զանգել ասել է՝ էրեխուն վերցրու, շուտ մտի պադվալը։ Վազելով եկա տուն, չէի մտել ներս, տեսնեմ հարևանի հարսը կանգնած լացում է․ ասում է՝ Գոհար տատ, Հարավից մարդկանց տարհանում են, մերոնք ճանապարհին են, անտառներով գալիս են քաղաք»։

Նրանց տնից քիչ հեռավորության վրա զորամաս է եղել։ Տիկին Գոհարն ու հարևաները բակում կանգնած տեսել են, թե ադրբեջանցիներն ինչպես են այն խոցում։ «Գլխներով երկու սնարյադ եկավ ու ընկավ դրա վրան։ Մեր տնից երկու կիլոմետր հեռավորության վրա էր այդ պոլկը, բայց պարզ երևում էր»։

«Մեր բակից տեսնում էի, թե ինչեր են անում Շուշիի կողմից, ինչեր են թափում պոստերի վրա։ Մարդիկ կանգնած նայում էին։ Մասիսն այդ կողմն էր։ Ոչ մի տեղեկություն չկար, կապերը չկար, կռիվն ուժեղ գնում էր»,-տարեց ամուսիները թոռներից որևէ լուր չունենալով նկուղից նկուղ են տեղափոխվել։

«Պադվալից դուրս եկանք, լասեցինք, որ կռիվը կանգնել է, բանակը լուծարում են։ Մի քիչ անցավ տեսանք, որ բոլոր զինվորները գալիս են, վազում եմ մոտները, իմ թոռներից եմ հարցնում, բան չեն ասում։ Օրը մթնեց, բայց ոչ մի ձեն չունենք նրանցից։ Աղջիկս է Հայաստանից զանգում, ասում է՝ մամ, սաղ իջնում են, Մասիսիը չկա։ Գալիս եմ Շամիրին ասում եմ՝ գնա, Ցոր, իմացի ինչ կա։ Մի կերպ վեր է կենում, գնում»,-վատառողջ Շամիր պապը Ցորի զորամասի մոտ ականատես է լինում, թե ինչպես են ծնողները եկել ու իրենց տղաներին են փնտրում։ Նա այստեղ էլ լսել է դաժան իրականությունը։

«Մասիսի նշանածի հարազատները եկել են, որ Վահեից լուր իմանան Մասիսի մասին։ Վահեն մյուս թոռս է։ Մութ է լինում, ոչինչ չի երևում, Վահեն դուրս է գալիս ու ձայն է տալիս, թե ով է Մասիսիով հետաքրքրվում, Շամիրը լսում է ու գոռում՝ Մասիսին ի՞նչ է եղել։ Վահեն, որ տեսնում է պապն է, չի դիմանում, վազում է մոտն ու ասում՝ պապի, քեզ պինդ պահի, էլ ոչ Մասիսի ունենք, ոչ Սասուն»,- հարազատները հետո համածառայակիցներից են իմացել, թե թոռներն ի՞նչ հանգամանքներում են զոհվել։ «Մասիսիը դիրքի ավագն է եղել, թշնամին նրան սնայպերով է խփել։ Սեպտեմբերի 19-ին նա արդեն չկար, սեպտեմբերի 20-ին էլ Սասունին են խփել, ԱԹՍ-ն է խփել։ Մասիսիը նոր էր նշանվել, չէր հասցրել ամուսնանալ, իսկ Սասունը մեկ երեխա ունի»։

Դաժանությունն այսքանով չի ավարտվել տիկին Գոհարի համար։ Վտանգված է եղել նաև նրանց կյանքը։ Նշում է, որ ադրբեջանցիները զինված հասել են իրենց թաղամաս։

«Սպեցնազը եկել կանգնել էր մարդկանց ու թշնամու միջև, զենքերով եկել էին, եթե մեր սպեցնազը չգար, գալու էին մեզ կոտորեին։ Թշնամուն ես տեսնում էի, մտել էին մեր թաղամասի տները, որոնք թողել գնացել էին արդեն»,-տիկին Գոհարն ասում է՝ իրենք չէին կարող առանց երիտասարդների մարմինները գտնելու հեռանալ։

«Ահավոր վիճակ էր, լույս չկար, վառելիք չկար, մարդիկ են եղել, որ իրենց դիակները հայաթում՝ ծառի տակ, հուղարկավորել, գնացել են։ Առանց դագաղի հուղարկավորում էին Ստեփանակերտում»,-ասում է տիկին Գոհարն ու հիշում, թե ինչպես որդին էլ զոհվեց թոռների նման՝ հայրենիքը պաշտպանելիս։

«Իմ տղային էլ են սնայպերով խփել՝ 93 թվականին, անունը Գուրգեն է»։

Սասունի և Մասիսի դիերը. 130 դիեր Կարմիր Խաչի մեքենաներով տեղափոխել են Հայաստան, ընտանիքին մի կտրոն տվել, որ Երևանում դիերն իրենց փոխանցեն։

Հայաթափվող Արցախից դուրս գալ նաև տիկին Գոհարի ընտանիքին է որոշել։ Մեքենան վարել է առողջական խնդիրներ ունեցող ամուսինը։ «Հակարիի կամուրջն անցանք, հասանք Գորիս, Շամիրն ասաց՝ էլ չեմ կարողանում քշել, ուր ուզում եք գնացեք, արդեն Հայաստանի հողում ենք»։

Տիկին Գոհարին այսքանից հետո մի բան է վշտացնում․ «Ասում են՝ ղարաբաղցիները չեն կռվել։ Մեկն էլ մենք ենք, չե՞նք կռվել։ 1993 թվականին 18 տարեկան տղաս, 2020-ին 50 տարեկան ախպերս, 2023-ին՝ թոռս ու ոռանս ամուսինը։ Ո՞նց չեն կռվել, ո՞նց, դրանից ես շատ եմ նեղվում։

Նարեկ Կիրակոսյան

Եվրախորհրդարանում կքննարկվի հայ-ադրբեջանական հարաբերությունները և Ադրբեջանում քաղաքական վիճակը

Եվրախորհրդարանի անդամները հոկտեմբերի 22-ին կքննարկեն Ադրբեջանում քաղաքական իրավիճակը և մարդու իրավունքները, իսկ հոկտեմբերի 24-ին կքվեարկեն բանաձևի օգտին:

Դրա մասին հայտնել է Եվրախորհրդարանի մամուլի ծառայությունը։

«Քննարկումն ու բանաձևը կկենտրոնանան նաև Ադրբեջանի և հարևան Հայաստանի հարաբերությունների վրա։ Ըստ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատրյանի վերջերս արած հայտարարության՝ երկու երկրների միջև խաղաղության համաձայնագիր կարող է ձեռք բերվել մինչև հաջորդ ամիս Բաքվում անցկացվելիք ՄԱԿ-ի կլիմայի համաժողովի (COP 29) մեկնարկը:

Հայաստանն ու Ադրբեջանը խրված են տասնամյակներ տևած հակամարտության մեջ, որը սրվեց անցյալ տարի, երբ Բաքուն ռազմական հարձակում սկսեց և գրավեց Լեռնային Ղարաբաղի շրջանը, ինչը հանգեցրեց մոտ 100 հազար հայերի արտագաղթի:

Ուստի Եվրախորհրդարանի անդամները խստորեն դատապարտեցին անհիմն ռազմական հարձակումը՝ որպես միջազգային իրավունքի կոպտագույն խախտում և կոչ արեցին ԵՄ-ին վերանայել հարաբերությունները Ադրբեջանի հետ, այդ թվում՝ էներգետիկայի ոլորտում», – ասված է մամուլի հաղորդագրությունում։

Նոյեմբերին տեղի կունենա Հայկազովի գազալցակայանում պայթյունի զոհերի հիշատակի երեկո

Սեպտեմբերի 25-ին Արցախում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների հիշատակի երեկոն նախատեսվում է անցկացնել նոյեմբերի կեսերին։ Միջոցառումը նպատակ ունի հարգել ողբերգական դեպքի զոհերի հիշատակը և աջակցել նրանց ընտանիքներին ու հարազատներին։

Քանի որ պայթյունի զոհերի ցանկը մեծ է, կազմակերպիչները դիմում են զոհերի ընտանիքներին՝ խնդրելով արձագանքել և մասնակցության ցանկություն հայտնել։ Մասնակցել ցանկացող հարազատները կարող են դիմել կազմակերպիչ Гаяне Закиян-Агаян-ին՝ անձնական նամակով ուղարկելով հանգուցյալի լուսանկարը՝ իր անուն-ազգանունով։

«Մեզ համար շատ կարևոր է, որ որևէ մեկին չանտեսենք և բոլոր ցանկացողներին տեղեկացնենք միջոցառման մասին։ Եթե ունեք ծանոթներ կամ բարեկամներ, որոնց հարազատները զոհվել են պայթյունի ժամանակ, բայց հնարավորություն չունեն տեղեկանալ հուշ-երեկոյի մասին, խնդրում ենք նրանց փոխանցել այս լուրը կամ տարածել այս տեղեկությունը», — նշում են կազմակերպիչները:

Միջոցառման վայրի, ժամի և այլ մանրամասները կհրապարակվեն հետագայում։ Կազմակերպիչները խնդրում են բոլոր ցանկացողներին հնարավորինս շուտ կապ հաստատել՝ մասնակցության ցանկություն հայտնելու համար։ Այս տվյալները կարևոր են՝ միջոցառման կազմակերպման հաջորդ քայլերն ապահովելու համար։

Նշենք, որ հիշատակի երեկոյի նպատակն է համախմբել բոլոր այն մարդկանց, ովքեր կորստի ցավն են կիսում, և նրանց տալ հույսի ու համերաշխության պահ։