ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի, ՀՀ Արտաքին գործերի նախարարության եւ ՀՀ-ում գործող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանատների մոտ այսօր տեղի ունեցավ բողոքի ակցիա՝ Բաքվի բանտերում գտնվող հայ գերիների ազատ արձակման կոչով։ Ակցիայի մասնակիցները պահանջում են Բաքվում կայանալիք COP29 համաժողովից առաջ ազատ արձակել Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիներին, քաղաքացիական անձանց, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը։
Ակցիայի մասնակցիներն իրենց ելույթներում հայտարարեցին, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարված չէ, իսկ Արցախյան համակարտությունը լուծված չէ։
ՀՅԴ բյուրոյի ՀԱՅ դատի կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գեւորգ Ղուկասյանը Ֆրանսիայի դեսպանատան մոտ իր ելույթում ասաց․ «Բաքվի բանտերում պատանդառված են մարդիկ, որոնց հետ տարիներ շարունակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կառավարությունների պաշտոնական ներկայացուցիչները խաղաղության բանակցություններ են վարել։ Այսինքն՝ եւ Ֆրանսիան, եւ ԱՄՆ-ն, եւ Ռուսաստանը, եւ ԵԱՀԿ-ն՝ որպես Եվրոպայում անվտանգության ապահովման գործում կարեւոր ազդեցություն ունեցող կազմակերպություն, ընդունել են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության լեգիտիմությունն իրենց պաշտոնների բերմամբ։ Եվ այս իրավիճակում մենք առաջին հերթին Մինսկի խմբի համանախագահ երկրներից պահանջում ենք, որպեսզի նրանք, օգտագործելով նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանբախագահության հանգամանքը, հետամուտ լինեն այն հարցերի լուծմանը, որոնք խորացել են Ղարաբաղյան հակամարտության ներկա հանգրվանում։ Ադրբեջանի կողմից ուժի կիրառման հետեւանքով Ղարաբաղյան համակարտությունը չի լուծվել, ավելին, խորացել են հակամարտության հետեւանքները։ Եվ այն, ինչի մասին մենք այսօր խոսում ենք, հենց հակամարտության հետեւանքների խորացում է նշանակում»։
Գեւորգ Ղուկասյանը հայտարարեց, որ ԵԱՀԿ Մինսկին խումբը չի դադարեցրել իր գոյությունը․ «Եվ այդ առումով մենք ակնկալում ենք համանախագահ պետությունների հստակ դիրքորոշումը Արցախի հարցի վերաբերյալ»։
Ըստ նրա՝ COP29-ը հնարավորություն է՝ Ադրբեջանի վրա առկա միջազգային ճնշումն ավելի առարկայական դարձնելու։ «Բաքուն ամեն ինչ անելու է, որ այս միջոցառմամբ փորձի փոքր ինչ շտկել ցեղասպանի, էթնիկ զտման հանցագործություն կատարողի իր դեմքն ու էությունը, մեր աշխատանքն է թույլ չտալ դա»,- նշեց նա։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը Ֆրանսիայի եւ ԱՄՆ դեսպանատների մոտ իր ելույթում ասաց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրների՝ ԱՄՆ, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի քաղաքական եւ բարոյական պատասխանատվության դաշտում է Արցախի չկարգավորված խնդրի արդար հանգուցալուծումը։ «Ի վերջո միջազգգային իրավունքից չի ջնջվել ժողովուրդների ինքնորոշման իրավունքը։ Միջազգային հանրություն, ձեր աչքը փակելով ագրեսիայի, մարդասպանության, ցեղասպանության ճանապարհով Արցախի խնդրի հանգուցալուծման վրա, ակամայից ցեղասպանությանը հանցակից եք դառնում եւ նաեւ լեգիտիմացնում եք ցեղասպանություն անշրջելի հանցագործությունը։ Մենք բարոյական եւ քաղաքական իրավունք ունենք, որպեսզի ԱՄՆ-ից ակնկալենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի օրակարգում ունենալ արցախահայության վերադարձի իրավունքի հարցը»,- ասաց Լիլիթ Գալստյանը։
ՀՀ ԱԳՆ շենքի մոտ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտարարեց, որ Արցախում էթնիկ զտումից հետո այսօր էլ իրականացվում է մշակութային ցեղասպանություն։ Ըստ նրա՝ Հայաստանի իշխանությունները պետք է ամեն ինչ անեն, որպեսզի արցախահայերի վերադարձի իրավունքը ու Արցախի հարցը դրվեն բանակցային սեղանին։ «Նաեւ կոչ ենք անում ԱԳՆ-ին, միջազգային հանրությանը՝ ճնշումներ գործադրել բռնապետական ադրբեջանական ռեժիմի վրա, պահանջել, որ օր առաջ ազատ արձակվեն Բաքվում գտնվող հայ գերիները»,- ասաց նա։
Ռոզա Հովհաննիսյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: