Հուսով է, որ կգտնվեն բարի մարդիկ և կօգնեն իր բազմանդամ ընտանիքին

  • 21:08 01.11.2024

Հայասեր Պետրոսյանն Արցախի Ստեփանակերտ քաղաքից է։ Տեղահանվելուց հետո մի քանի անգամ բնակավայր է փոխել։ Այժմ հաստատվել է Արարատի մարզի Արտաշատ համայնքի Մխչյան գյուղում։ Երեք անչափահաս երեխաների հայրը տեղահանվելուց առաջ Ստեփանակերտում ավտովթարի է ենթարկվել, ինչի հետևանքով առաջին կարգի հաշմանդամություն է ձեռք բերել։ Նրա առողջությունը լրիվությամբ կարգավորված չէ։ Երիտասարդ տղամարդուն սպասվում է ողնուղեղի վիրահատություն։

 -Երբ եկանք Հայաստան, փաստաթղթերի հետ կապված խնդիրների առաջ էի կանգնել։ Իմ ծննդյան, ծնողներիս ամուսնության վկայականներում սխալներ կային, որոնք փոխելու համար երկար ժամանակ էր պահանջվում։ Դժվար էր, իհարկե, հարմարվել նոր միջավայրին։ Կորցնելով Արցախը՝ մենք մեզ ենք կորցրել և այսօր փորձում ենք մի փոքր հարմարվել, բայց չենք կորցնում տուն վերադառնալու հույսը։

Տեղափոխվել ենք Մխչյան գյուղ, տուն ենք վարձակալել 150 հազար դրամով։ Բազմաթիվ սոցիալական խնդիրներ ունենք։ Մեր ընտանիքը բաղկացած է 8 հոգուց։ Ապրում ենք ծնողներիս և եղբորս հետ միասին։ Բոլորս գործազուրկ ենք։ Կինս մանկավարժ է, բայց չի կարողանում աշխատանք գտնել։ Ես, գտնվելով անդամալույծի սայլակին, չգիտեմ ինչպես հոգամ ընտանիքիս հարցերը։ Երեխաներս մեծանում են, և ավելանում են նրանց կարիքները։ Մխչյան գյուղում մարդիկ հիմնականում զբաղվում են ջերմոցային ծաղիկների աճեցմամբ։ Ուրիշ աշխատանք գրեթե չկա։ Եթե աշխատանք գտնեինք, գոնե մի փոքր կթեթևանար մեր վիճակը, – ասում է Հայասերը և ավելացնում, – առողջական խնդիրներս լուծվեն, ամեն ինչ իր տեղը կընկնի։ Ես կկարողանամ իմ ընտանիքին լիարժեք տեր կանգնել։ Մի բան գիտեմ միայն․ տան հոգսերը պետք է տան տղամարդը հոգա։

Այսօր Հայասերին անհրաժեշտ է ողնուղեղի վիրահատություն, որի արժեքը 172 000 եվրո է։ Թե ինչպես նա կգտնի այդքան գումար և ինչպես կհաղթահարի այդ ծանր վիրահատությունը, չգիտի։ Հուսով է, որ կգտնվեն բարի մարդիկ և օգնության ձեռք կմեկնեն իր բազմանդամ ընտանիքին։

-Արցախում երկու տեղ էի աշխատում։ Անվտանգության ծառայող էի Ստեփանակերտի մանկական հիվանդանոցում, իսկ Ջրմուղ կոյուղում աշխատում էի՝ որպես հսկիչ։ Միշտ այն կարծիքին էի, որ տան տղամարդը պետք է աշխատի, իսկ կինը՝ երեխաներին խնամի։ Լավ էինք ապրում մեր հայրենիքում, ուրախ էինք, կարողանում էինք հավուր պատշաճի ընտանիք պահել։ Մեր կամքին հակառակ՝ ամեն ինչ թողեցինք ու հեռացանք Արցախից։ Ի՞նչ է սպասվում արցախահայությանը, էլ ի՞նչ փորձություններ պետք է հաղթահարենք, դեռևս անհայտ է,- մտքերն է մեզ հետ կիսում Հայասերը․․․

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

f