Լեռնիկ Հովհաննիսյան․ Արցախում կատարվում է մշակութային էթնոցիդի քաղաքականություն

  • 21:38 01.11.2024

«ՄԱԿ-ից պահանջում ենք ազատել մեր գերիներին եւ իրականացնել մարդու հիմնարար իրավունքները, որոնք հաստատել է ՄԱԿ-ն իր կոնվենցիաներով։ Բացի մարդու իրավունքների կոպիտ ոտնահարումից, այսօր Արցախում կատարվում է մշակութային էթնոցիդի քաղաքականություն»,- ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ իր ելույթում ասաց Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի թեմական խորհրդի ատենապետ Լեռնիկ Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանը խախտել է բոլոր կոնվենցիաները, բոլոր կարմիր գծերը, եւ հիմա Արցախում գնում է հայկական ինքնության ոչնչացում՝ ոչնչացվում են մեր եկեղեցիները, իսլամացվում են մեր գյուղերը։

«Այսինքն՝ այսօր տոտալ հայկական ինքնության ոչնչացում է գնում Արցախում։ Եվ ՄԱԿ-ից պահանջում ենք, որպես միջազգային կազմակերպություն, որի թիվ մեկ կառույցը՝ ՅՈւՆԵՍԿՕ-ն, որի հիմնական գործառույթներից մեկը հենց մշակութային ծառանգության պահպանությունն է, զբաղվի իր իսկ գործառույթով։ Գոնե մեկ անգամ կամք, վճռականություն ունեցեք՝ սաստելու Ադրբեջանին։ Ջուղայի խաչքարերը ոչնչացրին, ոչ մի խոսք, բացի կոչերից ու հայտարարություններից։ Չի կարելի կոչերով ու հայտարարություններով վերաբերվել մշակութային ժառանգության ոչնչացմանը։ Ի վերջո, դա ոչ միայն հայ ժողովրդի, այլ նաեւ համաշխարհային մշակութային արժեքներից մեկն է, որն այսօր գտնվում է կործանման եզրին։ Ուստի, կոչ ենք անում մեր գերիների ազատում, մեր մշակութային ժառանգության պաշտպանություն եւ արցախահայության ինքնորոշման իրավունքի պահպանում»,- ասաց Լեռնիկ Հովհաննիսյանը։

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի, ՀՀ Արտաքին գործերի նախարարության եւ ՀՀ-ում գործող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանատների մոտ այսօր տեղի ունեցավ բողոքի ակցիա՝ Բաքվի բանտերում գտնվող հայ գերիների ազատ արձակման կոչով։ Ակցիայի մասնակիցները պահանջում են Բաքվում կայանալիք COP29 համաժողովից առաջ ազատ արձակել Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիներին, քաղաքացիական անձանց, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը։

Ռոզա Հովհաննիսյան

f