Հայաստանում սոցիալական բնակարանային ապահովման քաղաքականության բարելավման և զարգացման նպատակով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու CRS-United States Conference of Catholic Bishops-ի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր։ Հայտնում են ԱՍՀ նախարարությունից:
Փաստաթղթի շրջանակում կողմերը պարտավորվել են համատեղել ջանքերը՝ Հայաստանում սոցիալական բնակարանային ֆոնդի և դրա կառավարման շարունակական զարգացման նպատակով։
ԱՍՀ նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանի խոսքով՝ նախարարության կողմից իրականացվում են քայլեր՝ ուղղված ՀՀ-ում սոցիալական բնակարանների հասանելիության ապահովմանն ու ոլորտի բարելավմանը՝ հաշվի առնելով ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց, ինչպես նաև տեղացի խոցելի ընտանիքների և անհատների կարիքները: Այս ուղղությամբ իրականացվող աշխատանքներից են բնակարանով ապահովելու միասնական սոցիալական քաղաքականությունների հայեցակարգի և գործողությունների ծրագրի մշակումը, ինչպես նաև առանձին շինությունները սոցիալական բնակարանների վերափոխելու նպատակով դրանց ուսումնասիրությունները, գնահատումները և վերանորոգմանն ուղղված աշխատանքներ։
CRS-ի՝ բալկանյան ներկայացուցչության ղեկավար Սանելա Իմամովիչն իր խոսքում նշել է․ «CRS-ն ամերիկյան ոչ կառավարական կազմակերպություն է։ Մենք ուրախ ենք գտնվել Հայաստանում և աջակցել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ջանքերին՝ ոչ առևտրային սոցիալական բնակարանային մոդելի ներդրման միջոցով լուծելու Հայաստանում տեղահանված անձանց և տեղացի խոցելի խմբերի բնակարանային կարիքները։ Սա ԱՍՀՆ-ի հետ համատեղ ճանապարհի սկիզբն է, որի շրջանակում մենք համագործակցելու ենք Հայկական Կարիտասի, Առաքելություն Հայաստան ՀԿ-ի, Ակցիա սովի դեմ ՀԿ-ի և տեղական փորձագետների հետ»։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: