Կայացել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին կից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի աջակցման հարցերով ձևավորված հասարակական խորհրդի հերթական նիստը։
Խորհրդի նիստին սոցապ նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը ներկայացրել է 2025 թվականին «40+10» ծրագրում սպասվող փոփոխությունները։ Ըստ նրա՝ ՀՀ Կառավարությունը կսկսի ավելի թիրախային մոտեցում ցուցաբերել։
Ի՞նչ էնշանակում “թիրախային”։ 40+10 հազ․ ծրագիրը ընդունվել է 1 տարի առաջ եւ որպես թիրախ դիտարկել է Արցախից բռնի տեղահանված, Հայաստանում սեփական բնակության վայր չունեցող բոլոր անձանց։
Ի՞նչն է փոխվել մեկ տարի անց, որ թիրախ են փոխում։ Եթե կառավարությունը վիճակագրություն ունի, որ արցախցիների մի մասը տուն է ձեռք բերել կամ վերադարձել է Արցախ, ապա թիրախի փոփոխությունը հասկանալի կլինի։ Եթե կառավարության բնակապահովման եւ զբաղվածության խթանման ծրագրերը փայլուն արդյունքներ են ունեցել եւ լուծել արցախցիների բնակվելու կամ աշխատելու հարցը, կրկին ամեն ինչ հասկանալի կլինի։
Բայց ոչինչ չի փոխվել․ կառավարությունը միլիոնավոր դոլարներ է ներդրել զբաղվածության ծրագրի մեջ, սակայն դեռ որեւէ թիվ չի հրապարակել, թե քանի արցախցի է գործի ընդունվել այդ ծրագրով։ Իսկ բնակապահովման ծրագիրը ընդհանրապես տապալվեց։ Թեկուզ կառավարությունը մեղադրում էր արցախցիներին, որոնք, իբր, քաղաքացիություն չեն ուզում վերցնել, բայց հիմա 5 հազ․ արցախցի արդեն դիմել են քաղաքացիություն ստանալու համար, գրեթե 4000 ստացել են, սակայն բնակապահովման ծրագրին միանալը գրեթե անհնար է։
Հիմա, երբ ասում են՝ 2025-ի ապրիլից արցախցիների մեծ մասը կզրկեն 40+10 հազարից, դա թիրախային լուծում չէ, այլ մարդկանց պարզապես սովի դատապարտել է։
40+10 ծրագիրը բռնի տեղահանումից հետո արցախցիներին առաջարկած միակ ուղիղ օգնության ծրագիրն է։ Թեկուզ ստացված գումաը նույն օրը փոխանցվում է Հայաստանի տանտերերին, բայց դա արցախցիներին գոնե կացարան է ապահովում։
Մնացած պետական ծրագրերը ավելի շատ համակարգչային խաղեր են հիշեցնում․ կարծես նպատակը ոչ թե մարդկանց օգնելն է, այլ «թույն» ծրագիր գրելը եւ “փող ֆռցնելը”։ Այս ամենի մեջ կա բավական թափանցիկ կոռուպցիոն ռիսկ։ Եւ ամենամեծ կոռուպցիոն ռիսկը թաքնված է արցախցիներին բնակարանային ապահովման ծրագրի մեջ։
ՀՀ իշխանության ներկայացուցիչները միջազգային բոլոր հանդիպումների ժամանակ կոչ են անում սատարել արցախցի փախստականների բնակարանային ապահովման ծրագրին։ Հայտարարություններ են հնչում առանձին երկրների եւ կառույցների կողմից այդ ծրագրի համար միլիոնավոր դոլար եւ եվրո տրամադրելու մասին։ Գումարները փոխանցվում են ՀՀ Կառավարության հաշվին, եւ քանի որ մինչ օրս բնակարանային 30 սերտիֆիկատ է տրամադրվել, հարց է առաջանում, ո՞ւր են տրամադրված գումարները։ Արդյո՞ք նրանք չեն օգտագործվում այլ նպատակների համար կամ կարճաժամկետ դեպոզիտով չեն ներդրվում շվեյցարական բանկերում։
Այս մի տարվա ընթացքում կառավարությունն ոչինչ չի արել, որպեսզի փառատի կոռուպցիոն ռիսկերի մասին կասկածները։ Չկա առանձին հիմնադրամ, որտեղ կկուտակվեին արցախցիների համար նախատեսված պետական եւ դոնորների կողմից տրամադրված գումարները։ Դա թույլ կտար վերահսկել եւ մուտքերը, եւ ծախսերը, եւ արդյունավետ օգտագործել ամեն մի դրամ։ Չկա նաեւ միասնական հարթակ, որտեղ կարելի էր հետեւել գումարների հոսքին եւ ծրագրերի ընթացքին։ Չկա Հոգեբարձուների կամ այլ խորհուրդ, որը եւ կորոշի առաջնահերթությունները, մոնիթորինգ կանի եւ վստահություն կառաջացնի։
Ստեղծվել է ինչ-որ Խորհուրդ, որի անդամներ են հանդիսանում ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, նախարարի տեղակալ Նարեկ Մանուկյանը, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը, մարզպետները, Երևանը և մարզերը ներկայացնող ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 40 անձ: Եւ նրանք որոշել են, որ արցախցիներին արդեն պետք չեն 40+10 հազարը։
Նաիրա Հայրումյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: