Նոյեմբերի 12-ին ՄԱԿ-ի դատարանը որոշում կկայացնի արցախյան հայցերի մասով

  • 10:13 05.11.2024
Նոյեմբերի 12-ին ՄԱԿ–ի միջազգային դատարանը որոշում կկայացնի Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի հետ կապված հայցերի վերաբերյալ և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի նախնական առարկությունների մասով։ Այս մասին հայտնել է դատարանի մամուլի ծառայությունը։
«ՄԱԿ–ի միջազգային դատարանը 2024 թվականի նոյեմբերի 12-ին Հաագայի ժամանակով ժամը 15.00-ին որոշում կկայացնիԱդրբեջանի դեմ Հայաստանի ներկայացրած հայցի վերաբերյալ Ադրբեջանի առաջ քաշած նախնական առարկությունների մասով։ Նույն օրը դատարանը Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ներկայացրած հակընդդեմ հայցի շրջանակում որոշում կկայացնի Հայաստանի առարկությունների վերաբերյալ»,- ասված է դատարանի հայտարարության մեջ։
Ապրիլի 15-19-ը ՄԱԿ–ի միջազգային դատարանում տեղի ունեցավ Հայաստանի հայցի վերաբերյալ Ադրբեջանի նախնական առարկություններին առնչվող լսումները։ Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի պատճառով Հայաստանն իր հայցում մեղադրել է Բաքվին ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիան խախտելու մեջ:
Ապրիլի 22-26-ը դատարանը լսեց Հայաստանի նախնական առարկությունները Բաքվի հայցի վերաբերյալ, որով վերջինս մեղադրում էր տարածաշրջանում ադրբեջանցիների նկատմամբ խտրական գործողությունների մեջ: 2021 թվականի սեպտեմբերի 16-ին Հայաստանը ՄԱԿ-ի դատարան հայց է ներկայացրել ընդդեմ Ադրբեջանի՝ նրան մեղադրելով հայերի նկատմամբ ռասայական խտրականության մեջ։ Հայցում նշվում էր, որ Ադրբեջանն օժանդակում էր հայերի նկատմամբ ատելության քաղաքականությանը, ինչի հետևանքով նրանք ենթարկվել են խտրականության, զանգվածային սպանությունների և խոշտանգումների։ Նույն թվականի սեպտեմբերին Ադրբեջանը Հայաստանի դեմ հակընդդեմ հայց ներկայացրեց դատարան՝ նրան մեղադրելով տարածաշրջանում ադրբեջանցիների նկատմամբ խտրական գործողությունների մեջ։
2023 թվականի սեպտեմբերի 19-ին Բաքուն` երկար ամիսների արցախյան շրջափակումից հետո, ռազմական գործողություններ սկսեց այնտեղ, ինչի հետևանքով Լեռնային Ղարաբաղի հայերը լքեցին տարածաշրջանը։
2023 թվականի սեպտեմբերի 28-ին Հայաստանը նոր հայց ներկայացրեց ՄԱԿ–ի միջազգային դատարան՝ կոչ անելով միջանկյալ միջոցներ ձեռնարկել Բաքվի դեմ՝ կապված Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման հետ։ Երևանը դատարանին խնդրեց պարտավորեցնել Բաքվին զերծ մնալ ցանկացած միջոցից, որը կարող է հանգեցնել ռասայական խտրականության մասին կոնվենցիայի խախտման և ցանկացած գործողությունից, որը կարող է ուղղակիորեն կամ անուղղակիորեն հանգեցնել Լեռնային Ղարաբաղից մնացած էթնիկ հայերի տեղահանմանը կամ իրենց տներ մարդկանց անվտանգ ու արագ վերադարձի կանխմանը, ինչպես նաև դուրս բերել իրենց զինվորականներին և իրավապահ մարմիններին քաղաքացիական օբյեկտներից:
Ադրբեջանը մերժեց Ղարաբաղում էթնիկ զտումների վերաբերյալ հայկական մեղադրանքները և խոստացավ անվտանգ պայմաններ ստեղծել արցախցի հայերի՝ իրենց տները վերադառնալու համար։ ՄԱԿ-ի դատարանը 2023 թվականի նոյեմբերի 17-ին որոշեց, որ Ադրբեջանը պետք է ապահովի հայերի անվտանգ վերադարձը Լեռնային Ղարաբաղ։
f