Արցախցի Կամո Իսաբաբյանը 4 տարի առաջ է զգացել բռնատեղահանման դառնահամը, երբ առաջին անգամ տեղահանվել է 2020-ի 44-օրյա պատերազմի հետևանքով։ Երբեք չի մտածել, որ կկորցնի հարազատ Ակնաղբյուր գյուղը, և այնտեղ թողնելով ամեն ինչ՝ ձեռնունայն դուրս կգա՝ գնալով դեպի անորոշություն։ Գյուղում նա թողել է ամենասուրբը՝ որդու՝ 12-ամյա Լևոնի շիրմաքարը։ Մինչև 2023-ի սեպտեմբերը Իսաբաբյանների ընտանիքը ապրում էր Ստեփանակերտի հյուրանոցներից մեկում։ Երկրորդ անգամ տեղահանվելուց հետո հաստատվել են Երևան քաղաքում։ Առողջական խնդիրների պատճառով Կամոն չի կարող ապրել որևէ մարզում․ նա բժիշկների անմիջական վերահսկողության տակ է։
Զարմանում է՝ ինչպես է դիմանում
– Երբ Ակնաղբյուրն ընկավ, ինձ համար կյանքը միանգամից կանգ առավ։ Ծանր շրջան սկսվեց ինչպես ինձ, այնպես էլ բոլոր տեղահանվածների համար։ Շատ դժվար է կորցնել հարազատ տուն ու տեղդ, արած ու թողածդ, բայց առավել ծանր է այնտեղ թողնել հարազատներիդ շիրիմները։ Մտատանջումները սպանում են մեզ․ թշնամուն լավ ճանաչելով՝ գիտենք, թե նա ինչ վայրագությունների կենթարկի մեր սրբությունները։ Երեք տարի հետո լրիվությամբ կորցրինք մեր հայրենիքը։ Դժվար է հաղթահարել այս ցավը, անտանելի է դիմանալ։ Չեմ կարծում, թե այն երբևէ կբուժվի, սակայն փորձում ենք հարմարվել նոր միջավայրին ու մեր կարգավիճակին։
Հաճախ եմ մտածում արցախցու անցած ուղու մասին։ Ինչպես էինք նվիրվել Արցախյան շարժմանը, պետականություն կերտել։ Շարժումը տարիների պատմություն ուներ և երկար նախապատրաստական փուլով է անցել։ Ինչպիսի խանդավառությամբ հայ ժողովուրդը բռունցք դարձավ, ոտքի կանգնեց 88-ին: Պատմական հայրենիքի մի մասը՝ Արցախը, պետք է կրկին Հայաստանի կազմում լիներ: Եվ այս պահանջներով սկսվեցին կազմակերպվել հանրահավաքներ Հայաստանում, Ստեփանակերտում և Արցախի բոլոր շրջաններում: Մասնակցում էինք գրեթե բոլորս, տանում էինք ընդհատակյա գործունեություն ու գործում էինք առանց վախենալու և երկմտելու: Ամեն ինչ ջուրն ընկավ:
Արցախյան շարժման ակտիվիստ Կամո Իսաբաբյանը շարունակել է իր պայքարը և ակտիվորեն մասնակցել նաև Արցախյան առաջին պատերազմին, երկու անգամ վիրավորվել և երկու անգամ ուղեղի ցնցում է ստացել: Սակայն հաշմանդամ մարդը չի դադարել հայրենիքի նվիրյալ լինելուց: Նա Ապրիլյան քառօրյա և 2020-ի պատերազմների կամավորակնների խմբում էր:
-Առաջին պատերազմի մասնակից եմ՝ սկսած ֆիդայական շարժումից, մինչև կանոնավոր բանակի ստեղծումը։ Երկու անգամ ծանր վիրավորում եմ ստացել։ 1993-ի հոկտեմբերին ինձ անհուսալի վիճակում ուղղաթիռով հասցրել են Երևան։ Մեկ ամիս բուժում ստանալուց հետո վերադարձել եմ Արցախ։ 10 տարվա մեջ 20 վիրահատություն եմ տարել․ իմ մարմնից հանել են 30 բեկոր, դեռևս 8-ը մնում է։ Հետագա տարիներին առողջական խնդիրներն ինձ հանգիստ չէին թողնում։ Ապրում էի խարխլված առողջությամբ, հավանաբար տեղի ունեցող սթրեսներն ավելի էին ազդում։ 2023-ի հուլիսին Կարմիր Խաչի միջոցով տեղափոխվեցի ՀՀ և 2 անգամ ևս վիրահատվեցի։ Գտնվում եմ 4՝ ուռուցքաբանական, Գրիգոր Լուսավորիչ, Իզմիրլյան, Արթմեդ հիվանդանոցների բժիշկների վերահսկողության տակ, ամեն օր դեղորայք եմ ընդունում։ Շատ գոհ եմ բժիշկներից, ովքեր անում են հնարավորը իմ առողջությունը պահպանելու համար։ Արցախյան առաջին պատերազմից առայսօր տարել եմ 26 վիրահատություն և կանգուն եմ դեռ․․․
Լավատեսությունը չի լքում բազում փորձություններով անցած արցախցուն
-Այսօր իմ և կնոջս ուրախությունը մեր երեք դստրերն ու թոռնիկներն են։ Նրանց մեջ ենք տեսնում մեր ապագան, և հանուն նրանց պարտավոր ենք ապրել։ Մտադիր ենք տուն ձեռք բերել Հայաստանում, քանի որ ուրիշ ոչ մի երկրում մենք չենք կարող մեզ լիարժեք զգալ։ Երբեք չենք կորցնում Արցախ վերադառնալու հավատը, և հենց այդ հավատն է մեզ ուժ տալիս՝ կրկին ապրելու։
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: