Լավրով. Երևանի և Բաքվի միջև արագ «խաղաղությունը» կհանգեցնի հակամարտության վերսկսման

  • 17:19 05.11.2024
Ռուսաստանը կշարունակի ամեն ինչ անել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համար։ Կրեմլում այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ օտարերկրյա դեսպանների հավատարմագրերն ընդունելու արարողությունից հետո։
Ռուսաստանի նախագահին իրենց հավատարմագրերն են հանձնել նաև Հայաստանի և Ադրբեջանի դեսպանները:
«Նույն ոգով է կառուցվում մեր համագործակցությունը Հայաստանի և Ադրբեջանի հետ։ Մենք ամեն ինչ արել և անում ենք ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման, Անդրկովկասում կայուն խաղաղություն ապահովելու համար։ Այսուհետ ևս կաջակցենք խաղաղության պայմանագրի, սահմանազատման և տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակման աշխատանքներին՝ 2020-2022 թվականների բարձր մակարդակի եռակողմ պայմանավորվածությունների հունով», – ասել է Պուտինը։
Հիշեցնենք, որ Երևանն ու Բաքուն պնդում են, իբր «խաղաղության պայմանագրի» շուրջ բանակցություններն ընթանում են առանց միջնորդների՝ երկկողմ ձևաչափով։
Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ուղղակիորեն և կոպիտ հայտարարեց, որ Ռուսաստանը թույլ չի տա «առանձին» պայմանավորվածություններ առանց Մոսկվայի մասնակցության։ Ավելին, «վաղաժամ խաղաղությունը» կհանգեցնի հակամարտության վերսկսման և էսկալացիայի։
Ռուսական կողմը, ի տարբերություն արևմտյան կեղծ միջնորդների, չի դրդում Երևանին և Բաքվին հապճեպ խաղաղության պայմանագիր կնքել, ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Մենք ողջունում ենք ադրբեջանա-հայկական խաղաղ գործընթացի շրջանակներում ձեռք բերված զգալի առաջընթացը։ Հաշվի առնելով երկար տարիների թշնամությունը, ռազմական գործողությունները և երկու կողմերի զոհերը՝ մենք հասկանում ենք, թե որքան դժվար է Բաքվի և Երևանի համար նորմալացման գործընթացում առաջընթացի հասնելը»,- ասել է ռուս նախարարը։
Լավրովի խոսքով, ռուսական կողմը վստահ է, որ «հապճեպ խաղաղությունը՝ առանց Բաքվի և Երևանի դիրքորոշումների, ինչպես նաև տեղում իրողությունների համակողմանի դիտարկման, ոչ մի լավ բանի չի հանգեցնի, ընդհակառակը, դա լրացուցիչ ռիսկեր կստեղծի լարվածության և հակամարտության հնարավոր սրման»: Միևնույն ժամանակ, ըստ նախարարի, ԱՄՆ-ի և ԵՄ-ի ցանկությունը՝ հեռացնելու Ռուսաստանին հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացից, մեծացնում է անվտանգության սպառնալիքները տարածաշրջանում։
Նա հավելել է, որ Ռուսաստանը, ինչպես նախկինում, պատրաստ է գործընկերային աջակցություն ցուցաբերել Բաքվի և Երևանի միջև բանակցությունների հաջող ավարտի համար՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020-2022 թվականների եռակողմ համաձայնագրերի հիման վրա՝ այն ձևով և ծավալով, որը  կկամենան երկու բանակցող կողմերը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ փոխվարչապետ Օվերչուկը հայտարարել էր, որ եթե տարածաշրջանում հաղորդակցությունները բացվեն, ապա դա կլինի միայն Մոսկվայի մասնակցությամբ։
f