Հայկական նոր «սահմանը» չի կարող որոշվել առանց Կարսի պայմանագրի

  • 18:26 05.11.2024

Ընդունելով Հայաստանի և Ադրբեջանի դեսպանների հավատարմագրերը՝ Պուտինը և Լավրովն հայտարարեցին, որ պարտադրված «հապճեպ խաղաղությունը» կարող է հանգեցնել լարվածության աճի և էսկալացիայի, և ավելի լավ կլինի վերադառնալ եռակողմ ձևաչափի՝ Ռուսաստանի մասնակցությամբ։

Մոսկվան կարծում է, որ Երևանին ու Բաքվին մղում են դեպի «արագ խաղաղություն» արևմտյան գործընկերները, որոնք փորձում են Ռուսաստանին դուրս մղել տարածաշրջանից։ Սակայն, դատելով տոնայնությունից, Հայաստանի և Վրաստանի վերացման և տարածաշրջանը Թուրքիային փոխանցելու ռուսական քաղաքականությունը բախվել է նոր իրականության հետ։

Այն բանից հետո, երբ Թուրքիան վերջերս կրկնեց, որ ուկրաինական հակամարտության կարգավորման պայմանը պետք է լինի Ուկրաինայի տարածքային ամբողջականության վերականգնումը, Սերգեյ Լավրովը տարակուսելի համարեց Թուրքիայի «միջնորդությունը»: Նա հիշեցրեց, որ Թուրքիան ռազմատեխնիկական համագործակցություն է իրականացնում Ուկրաինայի հետ և չի կարող միջնորդ լինել։ Այս դիրքորոշումը հուշում է որոշակի առճակատման մասին, քանի որ մինչև վերջերս հենց Էրդողանն էր Պուտինի համար ամենաընդունելի միջնորդը։

Բացի այդ, ռուս սահմանապահների ծառայություններից Հայաստանի հավանական հրաժարվելու ֆոնին Մոսկվան գործի դրեց իր բոլոր գործիքները՝ թույլ չտալու Հայաստանին խաղաղության պայմանագրեր կնքել Բաքվի և Անկարայի հետ առանց Մոսկվայի մասնակցության։ Ներկայիս սահմանը դեռ սովետա-թուրքական է և առանց Մոսկվայի հնարավոր չէ այն փոխել։

Այս կապակցությամբ ռուսական պաշտոնական քարոզչությունը հիշեցրեց, որ հենց Ռուսաստանն է ստեղծել ժամանակակից Թուրքիան։

«Թուրքիայի ազգային նախագիծը սկսվել է ընդամենը հարյուր տարի առաջ (Օսմանյան) կայսրության ավերակներից Թուրքիայի Հանրապետության ի հայտ գալուց հետո: Ստեղծվել է ԽՍՀՄ-ի ամենաակտիվ աջակցությամբ․ բոլշևիկները օգնեցին Աթաթուրքին՝ աջակցելով նրան թուրքական պետության կառուցմանը, որը եվրոպացիները ցանկանում էին բաժանել երեք մասի (թուրքերին թողնելով Անատոլիայի միայն մի մասը՝ առանց նեղուցների և արևելյան շրջանների)։ Այսինքն՝ Մոսկվան իրականում օգնեց թուրքերին պահպանել իրենց պետության գոնե մի մասը՝ ոչ այնքան նրանց հանդեպ սիրո, որքան իր հարավում Արևմուտքին ենթակա պետություններ ունենալու դժկամության պատճառով»։ Սա հատված է РИА Новости-ի վերլուծաբան Պյոտր Ակոպովի հոդվածից։

Հիշեցնենք, որ մինչ օրս հայ-թուրքական սահմանը որոշվում է 1921 թվականի ռուս-թուրքական Կարսի պայմանագրով։ Արևելյան Հայաստանի մի մասը, Նախիջևանը և հայկական այլ հողերը Ռուսաստանի կողմից այս պայմանագրով են փոխանցվել Թուրքիային։ Ռուս-թուրքական գործարքի մաս է կազմում նաև Ադրբեջանի ստեղծումը։

Հայկական նոր «սահմանը» չի կարող որոշվել առանց Կարսի պայմանագրի վերացման կամ երկարաձգման։

f