Չնայած այն հանգամանքին, որ ձայների հաշվարկը շարունակվում է, իսկ Դոնալդ Թրամփը դեռ չի ստացել 270 ձայն, թեկնածուն ստացել է առաջին շնորհավորանքը ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթելու կապակցությամբ։
Առաջին օտարերկրյա ղեկավարը, ով շնորհավորեց Թրամփին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ, Սալվադորի նախագահ Նայիբ Բուկելեն էր։ «Շնորհավորում եմ Ամերիկայի Միացյալ Նահանգների նորընտիր նախագահին», – գրել է Բուկելեն X սոցիալական ցանցում:
Եվրոպացի առաջնորդներից Թրամփին շնորհավորել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը և Ավստրիայի կանցլեր Կարլ Նեհամերը։
«Շնորհավորում եմ Դոնալդ Թրամփին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։ ԱՄՆ-ը Ավստրիայի կարևոր ռազմավարական գործընկերն է»,-ասել է Նեհամմերը X սոցիալական ցանցում կատարած գրառման մեջ։
Թրամփին շնորհավորել է նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ հույս հայտնելով Սպիտակ տան նոր ղեկավարի աջակցության համար։ Բացի այդ, Թրամփը շնորհավորանքներ է ստացել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուից։
«Անհամբերությամբ սպասում եմ ձեզ հետ աշխատելուն գալիք տարիներին»,- ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Կիր Սթարմերը, ով Թրամփի հաղթանակն անվանել է «պատմական»։