Բանակից՝ սահմանապահներ. այսուհետ կարելի է պայմանագիր կնքել նաեւ ԱԱԾ-ի հետ

  • 13:05 07.11.2024

Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 7-ի նիստում որոշեց ԱԱԾ-ում ներդնել պարտադիր զինծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության անցման «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը:

Ծրագիրը նախատեսում է շարքային և սպայական կազմերի պարտադիր զինծառայության առաջին 6 ամիսը լրանալուց հետո պայմանագրային զինվորական ծառայության անցնելու հնարավորություն՝ ծառայության ժամկետը սահմանելով 5 տարի, ինչպես նաև պայմանագրի ժամկետը լրանալու կամ առողջական վիճակի պատճառով ոչ պիտանի ճանաչվելու հիմքով ծառայությունից արձակելիս նրանց համար սահմանելով պատվովճար ստանալու իրավունք:

Ներկայումս ԱԱԾ սահմանապահ զորքերում զգալի թվով պարտադիր ժամկետային զինծառայողներ ցանկություն են հայտնել «Պաշտպան հայրենյաց» ծրագրով անցնելու պայմանագրային զինվորական ծառայության։ Վերջիններս հաճախ տեղափոխվում են ՀՀ զինված ուժեր՝ հետագա պայմանագրային ծառայությունը շարունակելու նպատակով։

Բացի այդ, Սահմանապահ զորքերը ՊՆ-ից փուլային տարբերակով ընդունելու են հայ-ադրբեջանական պետական ամբողջ սահմանի պահպանությունը, ինչի համար անհրաժեշտ է լինելու հավելյալ անձնակազմ, որը կարող է լրացվել նաև «Պաշտպան հայրենյաց» ծրագրի կիրառմամբ։

f