ԱՄՆ պետքարտուղարի թեկնածու Մարկո Ռուբիոն՝ Արցախի մասին

  • 11:18 08.11.2024

Ֆլորիդայից սենատոր Մարկո Ռուբիոն կարող է դառնալ ԱՄՆ նոր պետքարտուղար Դոնալդ Թրամփի օրոք։ Այս մասին նոյեմբերի 6-ին եւ 7-ին գրել են ամերիկյան The Hill եւ Politico հրատարակությունները՝ վկայակոչելով ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթած Թրամփին մոտ աղբյուրներ։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ընտրվելուց հետո Ռուբիոն ասել է, որ Ուկրաինայում պատերազմը «փակուղի է մտել» և որ այն պետք է ավարտվի։ Միևնույն ժամանակ նա նշել է, որ «ուկրաինացիները աներևակայելի խիզախ և ուժեղ էին»՝ պաշտպանվելով ռուսական ագրեսիայից։

Ամերիկացի հարկատուները չպետք է վճարեն Ադրբեջանին ԱՄՆ ռազմական աջակցության համար, հայտարարել է սենատոր Մարկ Ռուբիոն 2023 թվականի նոյեմբերի 21-ին՝ Արցախի օկուպացիայից և բնիկ բնակչության արտաքսումից հետո։ X սոցիալական ցանցում (նախկին Twitter) նա հիշեցրել է, որ ԱՄՆ Սենատն ընդունել է Հայաստանի պաշտպանության մասին օրենքը, որը դադարեցնում է նման օգնությունը։

«ԱՄՆ հարկատուների դոլարները չպետք է գնան Ադրբեջան, երկիր, որը տարածաշրջանում անկայունություն է բերել։ Սենատի իմ գործընկերները համաձայն են, և մենք միասին ընդունեցինք Հայաստանի պաշտպանության մասին օրենքը: Ես խրախուսում եմ Ներկայացուցիչների պալատի իմ գործընկերներին անել նույնը»,- գրել է Ռուբիոն:

Նոյեմբերի 15-ին ԱՄՆ Սենատում ընդունվել է Հայաստանի պաշտպանության մասին ակտը։ Փաստաթուղթը նախատեսում է, որ 2024-25 թվականներին ԱՄՆ նախագահը չի կարողանա օգտագործել իր հրամանագրերը՝ Ադրբեջանին ռազմատեխնիկական աջակցություն ցուցաբերելու համար։ ԱՄՆ Սենատը միաձայն է ընդունել օրինագիծը։

2024 թվականի փետրվարին ամերիկացի սենատորներ Էդ Մարքին և Բիլ Քեսիդին երկկուսակցական բանաձև են ներկայացրել՝ պահանջելով համապատասխան զեկույց ներկայացնել Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ։ Զեկույցը պետք է հիմք հանդիսանա, որպեսզի ԱՄՆ-ն փոխի կամ դադարեցնի իր աջակցությունն անվտանգության ոլորտում Ադրբեջանին։

Բանաձեւը պետքարտուղարից պահանջում է մանրամասն տեղեկատվություն տրամադրել ինչպես Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների, այնպես էլ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ընթացքում և դրա հետևանքով էթնիկ զտումների վերաբերյալ: Բանաձևին միացած մյուս սենատորներն էին Մարկո Ռուբիոն, Գարի Փիթերսը, Էլիզաբեթ Ուորենը, Շելդոն Ուայթհաուսը, Բոբ Մենենդեսը և Փիթեր Ուելչը: