“40 օր Շուշիում։ Երբ պայթեցրին եկեղեցին, մենք այնտեղ էինք”

  • 14:36 09.11.2024

Նունե Շահրամանյանը 2000 թվականից ապրում էր Շուշի քաղաքի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու դիմացի շենքում։ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ ռմբակոծվել և լրիվությամբ ավիրվել է Ստեփանակերտում գտնվող նրանց տունը, և Շահրամանյանների ընտանիքը տեղափոխվել է Հայոց բերդաքաղաքը՝ հույս ու հավատ ունենալով, որ կապրեն ապահով ու արժանապատիվ կյանքով։ Երջանիկ էին ապրում։ Նունեի ընտանիքում մեծանում և դաստիարակվում էին երեք դուստրեր։ 2020-ի պատերազմը և Շուշիի անկումը գլխիվայր շուռ տվեց Շահրամանյանների ընտանիքի խաղաղ կյանքը։

 Նունեն հուզմունքով է պատմում, և ամեն անգամ այդ օրերը մտաբերելիս՝ սաստկանում է նրա ցավը

 -Երբ սկսվեց 2020-ի պատերազմը, առաջին իսկ օրերից Շուշին հայտնվեց ԱԹՍ-ների հարձակումների տակ։ Քաղաքը խուճապի մեջ էր, մարդիկ վազում էին պատսպարվելու շենքերի նկուղներում։ Երեխաներիս, թոռներիս ու ծնողներիս հետ գնացինք եկեղեցու նկուղ և այդտեղ մնացինք շուրջ 40 օր։ Երբ պայթեցրին եկեղեցին, մենք այնտեղ էինք։ Փրկարարների միջոցով տեղափոխեցինք մեր շենքի նկուղը։ Բառերն անզոր են՝ նկարագրելու այն վախն ու տագնապը, որ զգում էինք մենք։ Հասկանում էի, որ վիճակը շատ վտանգավոր է՝ երեխաներիս փրկել է պետք։ Նոյեմբերի 2-ը կամ 3-ն էր։ Երեք հատ ավտոբուս եկավ և եկեղեցու դիմացից մենք՝ քաղաքում մնացած վերջին շուշեցիներս, տարհանվեցինք Երևան։ Հետս վերցրել էի միայն մեր փաստաթղթերը։ Պատերազմի աղետալի ավարտից և Շուշիի անկումից հետո ես չգիտեի ինչ անել։ Մտածում էի, որ վերադառնամ Արցախ․ բայց որտե՞ղ պետք է ապրի ընտանիքս։ Երևանում ապրում էինք վարձով, փոքր աղջիկս էլ ուսանող էր այդ ժամանակ։ Ստիպված մնացինք և միայն 2022-ին վերադարձանք Ստեփանակերտ։ Ապրեցինք շրջափակման ծանր օրերը, նորից պատերազմի արհավիրքի միջով անցանք և 2023-ի սեպտեմբերի վերջին վերստին բռնեցինք գաղթի դժոխային ճանապարհը։

Արցախից տեղահանվելուց հետո Նունեն փոքր աղջկա հետ է ապրում։ Հաստատվել են Արարատի մարզի Նոյակերտ գյուղում։ Ապրում են ծայրահեղ ծանր պայմաններում։ Առողջական խնդիրների պատճառով ընտանիքի մայրը չի կարողանում աշխատանք գտնել։ Երբ հարցազրույցի համար կապ հաստատեցինք շուշեցի կնոջ հետ, նա հիվանդանոցում էր աղջիկը վաղաժամ ծննդաբերել էր կեսարյան հատումով։ Հղիությունը թունավոր է եղել, և բժիշկները մի կերպ են փրկել երեխայի կյանքը։ 

Նունեն հուսահատության մեջ է

– Աղջկաս վիճակն այնքան էր վատացել, որ շուտ հասցրինք Երևան, և շտապ վիրահատությամբ փրկվեցին և՛ աղջիկս, և՛ երեխան։ Սակայն թոռնիկս շատ թույլ է, ժամանակ ու բուժում է հարկավոր, որ նրա վիճակը կայունանա։ Նա վերակենդանացման բաժանմունքում է․ արդեն 10 օրական է, բայց հազիվ է շնչում։ Այս պահին իմ միակ նպատակը փոքրիկի կյանքը փրկելն է։ Աղջկաս վիճակը դեռևս չի կարգավորվել։ Դստերս կյանքը փրկելու համար բարձր արժողությամբ դեղորայք եմ ձեռք բերում։ Օգնող չունեմ․ ամուսինս մահացել է 2016-ին։ Կրկնակի տեղահանված իմ ընտանիքը հայտնվել է ծանր կացության մեջ։ Չգիտեմ ո՞ւմ դիմեմ, ի՞նչ անեմ։

Տեղահանվելուց հետո ապրում ենք մի տան, որտեղ կոմունալ նորմալ պայմաններ չկան։ Այդ տանը չկա ոչ տաք ջուր, ոչ լվացքի մեքենա։ Ջուր ենք տաքացնում և ձեռքով լվացք անում։ Մտածում եմ՝ ինչ է մեզ սպասվում, երբ երեխային տուն տանենք։ Ուրիշ տուն վարձելու հնարավորություն ընդհանրապես չունենք։ Մի կերպ գոյատևում ենք պետության կողմից տրվող աջակցությունների հաշվին։ Թե երբ դուրս կգանք այս անորոշ վիճակից, չգիտեմ։ Հիմա միայն անորոշություն եմ տեսնում․․․

Կարոտով ու սիրով է հիշում Արցախն ու այնտեղ ապրած իր տարիները

-Արցախում աշխատում էինք և ամուսնուս հետ մեր ընտանիքի կարիքները հոգում։ 90-ականներին Ստեփանակերտում դասավանդում էի, իսկ երբ տեղափոխվեցինք Շուշի, աշխատում էի Հայ ավետարանչական ընկերակցությունում, միաժամանակ՝ գիշերները հացի արտադրամասում։ Աղջիկներիս ամուսնացրի, թոռնիկներ ունեցա։ Իրենց առանձին տունուտեղն ունեին։ Այլևս ոչինչ հարկավոր չէր լիարժեք ապրելու և երջանիկ լինելու համար։ Լավ էինք ապրում, ուրախ էինք: Չեմ դադարում հավատալ, որ մի օր կվերադառնանք, և ես Ղազանչեցոցում աղոթք կհղեմ առ Աստված ու մոմ կվառեմ մեր ժողովրի համար։

 Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

f