Դուք 30 տարի պնդում էիք, որ խնդիրը պետք է լուծվի երեք սկզբունքների հիման վրա, իսկ հիմա չե՞ք արձագանքում

  • 21:41 09.11.2024

«Մենք հավաքվել ենք, որպեսզի արտահայտենք մեր անհամաձայնությունը նոյեմբերի 9-ի հայտարարությանը, որը խաղաղություն չբերեց, վայց խորացրեց մեր խնդիրները», – այսօր Ազգային-ժողովրդավարական բևեռի ակցիայի ժամանակ ասաց ԱԺԲ խորհրդի անդամ Արա Պապյանը։

«Այս փաստաթուղթը ոչ լեգիտիմ է և անարդար, քանի որ մի ամբողջ ժողովուրդ չի կարող լքել իր հազարամյակների հայրենիքը միայն այն պատճառով, որ ինչ-որ մեկը նավթ ունի և ավելի շատ զենք։ Անթույլատրելի է հաշտվել տեղի ունեցածի հետ, Հայաստանը պետք է վերականգնի ռազմաքաղաքական հավասարակշռությունը», – նշեց Պապյանը։

Նա մանրամասն վերլուծեց այն երեք հիմնական սկզբունքները, որոնց հիման վրա 30 տարի շարունակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո բանակցություններ էին ընթանում։

Առաջին սկզբունքը՝ տարածքային ամբողջականություն։ «Բայց այս սկզբունքը ենթադրում է ոչ թե Ստալինի կողմից գծված խորհրդային սահմանները, այլ միջազգային ճանաչում ունեցող սահմանները։ Եվ պատահական չէ, որ երեկ Ալիևը պահանջեց «խաղաղության պայմանագրի» տեքստում ներառել կետ, համաձայն որի ստորագրող կողմերը չեն կարող բողոքարկել պայմանագրի տեքստը միջազգային ատյաններում։ Որովհետև նրանք գիտեն, որ պայմանագրի տեքստը հակասում է միջազգային իրավունքին», – ասաց Արա Պապյանը։

Երկրորդ սկզբունքը՝ ժողովուրդների ինքնորոշում։ Արա Պապյանի խոսքով՝ ինքնորոշումը պարտադիր չէ, որ լինի անկախություն, այն կարող է լինել նաև Հայաստանի հետ վերամիավորում։

Երրորդ սկզբունքը՝ ուժի և ուժի սպառնալիքի չկիրառումն է։ Իսկ նոյեմբերի 9-ի հայտարարությունը ընդունվել է ոչ թե պարզապես ուժի սպառնալիքի ներքո, այլ պատերազմի հետևանքով։

Արա Պապյանի խոսքով՝ խախտվել են բոլոր երեք սկզբունքները, և հայ ժողովրդին անհրաժեշտ է այս հարցը բարձրացնել, առաջին հերթին, համանախագահող երկրների առաջ։ «Դուք 30 տարի նույնն էիք ասում, պնդում էիք, որ խնդիրը պետք է լուծվի այս սկզբունքների հիման վրա, իսկ այժմ մեզ ասում եք՝ հաշտվե՞ք իրականության հետ»: