Ազատություն
«Հայաստան» համահայկական հիմնադրամը նախատեսում է մի քանի շաբաթից կայանալիք դրամահավաքի միջոցներով Գյումրիում Արցախից տեղահանվածների համար բնակելի ավան կառուցել։
«Արցախցիների համար կառուցել բնակելի ավան Գյումրիում, հենց այս թաղամասում», – այսօր Գյումրիում հայտարարեց հիմնադրամի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Դիանա Գաբրիելյանը։
Ըստ նրա՝ բնակելի ավանից բացի նախատեսում են նաև գորգագործության կենտրոն կառուցել. – «Որտեղ կպահպանենք Արցախի մշակութային ժառանգությունը, հայկական մշակութային ժառանգությունը: Այնտեղ կգործեն, կաշխատեն, գումար կվաստակեն, ինչպես նաև կբնակվեն»:
«Գորգագործության կենտրոնը նախատեսվում է կառուցել հենց շուրջ 14 արցախցի գործող գորգագործ ընտանիքների համար: Դեռ նախնական փուլում է այս ամենը, միգուցե արդեն հեռուստամարաթոնի հանգականությունից ելնելով թիվը կա՛մ նվազի, կա՛մ աճի՝ կախված է հեռուստամարաթոնի հանգանակությունից: Յուրաքանչյուրի ներդրած լուման շատ կարևոր է այս գործում, որպեսզի կարողանանք ի կատար ածել այն ծրագրերը, որոնք ներկայացնելու ենք մարաթոնին», – ասաց Գաբրիելյանը:
Վերջին չորս տարվա ընթացքում «Հայաստան» համահայկական հիմնադրամը Գյումրիում չորս բնակելի շենք է կառուցել՝ 86 բնակարանով։ Հիմնական շահառուները տնակներում ապրող ու պետության կողմից փոխհատուցում չստացած բազմազավակ ու սոցիալապես անապահով ընտանիքներն էին։ Վերջին երկու շենքերը կառուցվեցին հիմադրամի հոգաբարձուների ամերիկյան տեղական մարմնի հանգանակությամբ։ Բնակարանամուտի օրը տեղական մարմնի ատենապետն ասել էր, թե ցանկանում են շարունակել ծրագիրը։ Հիմնադրամում, սակայն, այս պահին այս ծրագիրը շարունակելու մասին որևէ տեղեկություն չունեին։
Նորակառույց շենքերում նաև 44-օրյա պատերազմում զոհված կամ հաշմանդամության ստացած զինվորականների մի քանի ընտանիքի բնակարան տրամադրվեց։ Հաջորդ տարի նախատեսում են 44-օրյա պատերազմում հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների ընտանիքների համար թաղամաս կառուցել Կոտայքի մարզում:
«44-օրյա պատերազմի տղաների համար բնակելի ավանի կառուցում հենց Բալահովիտում՝ Կոտայքի մարզում, համագործակցելու ենք Զինվորի տան հետ», – ասաց հիմնադրամի հասարակայնության հետ կապերի պատասխանատուն:
Պատերազմից հետո հիմնադրամի թիրախում նաև սահմանամերձ գյուղերն են, ըստ Գաբրիելյանի՝ կենսական նշանակության խնդիրներն են փորձում լուծել։
«Հեռուստամարաթոնի խորագրի ներքո կենսունակ սահմանային համայնքներն են՝ մշտապես զարգացնել սահմանային համայնքները: Մեր ոլորտները բազմազան են՝ ջրամատակարարում, վերականգնվող էներգիա, սոցիալական, կրթական, մշակութային, առողջապահական, որը շատ կարևոր է: Առողջապահական ոլորտի առումով մենք բուժկետեր, բուժկենտրոններ ենք կառուցում սահմանային համայնքներում, որոնք նաև համալիր զարգացմանն են խթանում, որովհետև կառուցում ենք բուժկետը, դրա արդյունքում համայնքապետարանը կամ Կառավարությունը ասֆալտապատում է այդ տարածքը, որի արդյունքում մենք, օրինակ, լուսավորում ենք այդ տարածքը», – ասաց Դիանա Գաբրիելյանը:
Անցած տարի հիմնադրամի հեռուստամարաթոնին 8.4 մլն դոլար էր հանգանակվել։ Ավանդաբար Գոհաբանության տոնին անցկացվող դրամահավաքն այս տարի կանցկացվի «Քեզ համար, Հայաստան» խորագրով։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: