Շոլցի երեք տհաճ ուղերձները Ալիևին

  • 11:25 10.11.2024

Գերմանիայի կանցլերի հետ հեռախոսազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին շեշտել է, թե «Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի Սահմանադրությամբ ամրագրված տարածքային պահանջները դեռևս պահպանվում են»։ Միաժամանակ Իլհամ Ալիևն Օլաֆ Շոլցին ասել է, որ կողմերը մոտ են փաստաթղթի տեքստի շուրջ վերջնական համաձայնության գալուն, և բանակցությունները կշարունակվեն COP-ի ավարտից հետո, փոխանցում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Հայտարարելով, որ Գերմանիան աջակցում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության և բարիդրացիական հարաբերությունների հաստատմանը, Օլաֆ Շոլցն ընդգծել է՝ Բեռլինը կողմերին կոչ է անում համարձակ քայլեր ձեռնարկել։

Գերմանիայի կանցլերը փոխանցել է, որ չի մասնակցելու Ադրբեջանում COP29-ի գագաթնաժողովին։

Այս փոքրիկ տեղեկատվության մեջ Գերմանիայի առաջնորդ Շոլցի երեք կարևոր ուղերձներն են Ալիևին։

Նախ՝ կանցլերը անհրաժեշտ չի համարում մասնակցել Բաքվում անցկացվելիք COP29-ին։ Երկրորդ՝ եթե Ալիևը ցանկանում է պայմանագիր կնքել, ապա նա նույնպես պետք է պատրաստ լինի «վճռական քայլերի»։ Եվ երրորդ, որ ամենակարևորն է՝ Շոլցը չաջակցեց Ալիևի հայտարարությանը և կոչ չարեց Երևանին փոփոխել իր Սահմանադրությունը և հեռացնել դրանից Հայաստանի և Արցախի վերամիավորման վերաբերյալ 1989 թ. որոշման, ինչպես նաև Ցեղասպանության ճանաչման մասին հղումները։

Բունդեսթագին պահանջվեց 101 տարի, որպեսզի ճանաչի 1915 թ. Հայոց ցեղասպանությունը։ Հիմա դժվար թե Գերմանիան պահանջի, որ Հայաստանը «ինքնակամ» մոռանա ցեղասպանության մասին։

Բացի այդ, Գերմանիան չի կարող մերժել միջազգային իրավունքը և ընդունել 2020-2023 թթ. Արցախի ահաբեկչական պատերազմի արդյունքները։ Հետաքրքիր զուգադիպությամբ՝ 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրման օրը համընկնում է Բեռլինյան պատի քանդման օրվա հետ, որը արդյունքում վերամիավորեց գերմանացի ժողովրդը։ Եվ Բեռլինը չի կարող պնդել Արցախի էթնիկ զտումների արդյունքների ճանաչումը և ժողովրդի բաժանումը։

Ինչ վերաբերում է COP29-ին Բաքվում, փաստացի, գրեթե բոլոր խոշոր պետությունների առաջնորդները, այդ թվում՝ Պուտինը, հրաժարվել են մասնակցությունից։ Թրամփի նախագահ ընտրվելուց և Երևանի ու Բաքվի միջև բանակցությունների փաստացի դադարեցումից հետո COP29-ը վերածվում է ոչ մի նշանակություն չունեցող հավաքույթի, որը արդեն կեղտոտ սկանդալներով է փաթաթվում։

f