ВВС
Երեկ Ադրբեջանում բացվեց COP29 կլիմայական գագաթնաժողովը: Գագաթնաժողովի երկու շաբաթվա ընթացքում մասնակից երկրները պետք է որոշեն, արդյոք կավելանա զարգացած երկրների կողմից կլիմայի փոփոխության դեմ պայքարի ֆինանսավորումը: Միաժամանակ, գագաթնաժողովին շատ միջազգային առաջնորդներ չեն կարողացել մասնակցել, իսկ COP29-ի կազմակերպիչ երկրում միջոցառման նախօրեին սկանդալ է առաջացել:
COP29-ի օրակարգի կարևորագույն կետն է՝ համաձայնություն ձեռք բերել կլիմայական ծրագրերի ֆինանսավորման նպատակով զարգացող երկրներին տարեկան մինչև մեկ տրիլիոն դոլար տրամադրելու վերաբերյալ: Ներկայումս այդ ֆինանսավորման ծավալը կազմում է 100 միլիարդ դոլար, որի ժամկետը լրանում է այս տարի: 2020 թվականից ի վեր հարուստ, կամ զարգացած երկրները միշտ չէ, որ կատարել են այդ պարտավորությունները, ինչն էլ, ինչպես նշում է Reuters գործակալությունը, հանգեցրել է կլիմայի փոփոխության նկատմամբ խոցելի երկրների շրջանում աճող անվստահության:
Նախորդ տարի Դուբայում տեղի ունեցած նմանատիպ գագաթնաժողովում երկրները համաձայնության եկան աստիճանաբար հրաժարվել հանածո վառելիքից, սակայն այդ ժամանակից ի վեր դրա օգտագործումն ու վաճառքը շարունակում են աճել, իսկ որոշ երկրներում, օրինակ՝ ԱՄՆ-ում և Ադրբեջանում, նոր հանքավայրեր են զարգացվում:
Զարգացած երկրների կողմից կլիմայի փոփոխության դեմ պայքարի ֆինանսավորման ավելացման հարցի քննարկումները կանցնեն ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարության ֆոնին, ըստ որի՝ ԱՄՆ-ը պատրաստվում է կրկին դուրս գալ Փարիզյան համաձայնագրից (նա համարում է, որ կլիմայական փոփոխությունները հորինվածք են): Ինչպես նշում է Reuters գործակալությունը, ԱՄՆ-ի կողմից այսպիսի քայլը կարող է հանգեցնել նրան, որ մյուս երկրները հրաժարվեն նախկին պարտավորություններից կամ նվազեցնեն իրենց նպատակները կլիմայական փոփոխությունների դեմ պայքարում:
ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքները հիասթափություն են պատճառել նրանց, ովքեր մտահոգված են կլիմայի փոփոխություններով, այս մասին COP29 գագաթնաժողովում հայտնել է ԱՄՆ պատվիրակության ղեկավար Ջոն Պոդեստան: Այնուամենայնիվ, նա խոստացել է, որ երկրում կլիմայական փոփոխությունների դեմ պայքարը կշարունակվի:
Նավթագազային ոլորտը կազմում է Ադրբեջանի տնտեսության գրեթե կեսը և ավելի քան 90%-ը արտահանման մեջ: Նավթը գլխավոր արտահանվող արտադրանքն է, իսկ երկրորդ տեղում՝ գազը, որը Ադրբեջանը առաջարկում է որպես «անցումային շրջանի» վառելիք:
Եվրոպան փորձում է նվազեցնել կախվածությունը ռուսական գազից: Reuters գործակալության կանխատեսմամբ՝ այս տարի Ադրբեջանի գազի արտահանումը դեպի Եվրոպա կգերազանցի 12 միլիարդ խորանարդ մետրը (անցյալ տարի այն կազմել էր 11.8 միլիարդ խորանարդ մետր):
Գագաթնաժողովի նախօրեին BBC-ի տրամադրության տակ է հայտնվել տեսանյութ, որտեղ COP29-ի գործադիր տնօրեն Էլնուր Սուլթանովը քննարկում է իրեն ներդրող ներկայացնող մարդու հետ պետական նավթագազային Socar ընկերությունում ներդրումների հնարավորությունը՝ լինելով նրա ղեկավար խորհրդի անդամ: Այդ տեսանյութում Սուլթանովը նույնպես գազը կոչում է «անցումային վառելիք» և խոսում Ադրբեջանի՝ գազի արդյունահանման ավելացման և նոր խողովակաշարերի ենթակառուցվածքների ստեղծման պլանների մասին:
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: