Ռուսաստանն ու Իրանը Հարավային Կովկասում տարբերվող շահեր ունեն՝ New York Times-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին, մանրամասնելով՝ «մենք որոշ տարաձայնություններ ունենք, և որոշ համընդհանուր շահեր։ Դա չի նշանակում, որ մենք դաշնակից ենք»։
«Հակամարտություններով լի Կովկասում Ռուսաստանն ու Իրանը տարբերվող տեսակետներ ունեն առևտրային ճանապարհների ու ազդեցության բաժանման հարցում», – գրում է ամերիկյան պարբերականը, մանրամասնելով՝ դա արևմտյան երկրներին անսովոր երկընտրանքի առջև է կանգնեցնում։
«Իրանցիները հայերի լավագույն բարեկամներն են այս տարածաշրջանում», – ասել է Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը, հավելելով՝ ադրբեջանցիներն ու ռուսները վրդովվում են եվրոպական ներկայությունից, մինչդեռ Իրանը, թվում է, թե ընդունում է այն։
Փաստելով, որ տարածաշրջանի ապագայի շուրջ լարվածությունը վերջին ալիքը Սյունիքի շուրջ է պտտվում, New York Times-ը գրում է՝ «այս պահին այդ ճանապարհը առանցքային նշանակություն ունի իրանական ապրանքները Պարսից ծոցից Ռուսաստան ու Եվրոպա հասցնելու համար։ Այստեղ է, որ Ռուսաստանն ու Ադրբեջանն ուզում են արևելք-արևմուտք ճանապարհ բացել դեպի Թուրքիա, որը կլինի Հայաստանի վերահսկողությունից դուրս։ Հայերը մտավախություն ունեն, որ այդ ճանապարհն Ադրբեջանը կվերցնի ուժով»։
«Մենք չենք կարող ընդունել միջազգային սահմանների փոփոխություն», – ամերիկյան պարբերականին տված եզակի հարցազրույցում ասել է Հայաստանում Իրանի դեսպանը։
Մեհդի Սոբհանին, միաժամանակ, խուսափել է հստակեցնել՝ ինչ կանի Թեհրանը, եթե Ադրբեջանը հարձակվի։ «Դա տեղի չի ունենա», – ասել է նա։
Ագարակի քաղաքապետ Խաչատուր Անդրեասյանը, մինչդեռ, NYT-ի հետ զրույցում պնդել է՝ ինքը քննարկել է հարցը իրանցի պաշտոնյաների հետ, և վստահ է, որ եթե մի բան պատահի, Իրանն անկասկած Հայաստանին օգնության կգա։
«Նրանք բոլորն էլ ասում են՝ եթե, Աստված չանի, որևէ մեկը հարձակվի Սյունիքի վրա, մենք ձեզ հետ միասին կկռվենք», – ասել է Ագարակի քաղաքապետը։
«Հայաստանում մտավախություն ունեն, որ Թրամփի նախագահության օրոք առավել կոշտ ամերիկյան քաղաքականությունը Իրանի հանդեպ կհարվածի իրենց երկրին և կամրապնդի Ադրբեջանին։ Նրանք նաև վախենում են, որ Հայաստանին պաշտպանելու՝ Թեհրանի կարողությունը կնվազի, եթե Իրանի ու Իսրայելի միջև այժմ շարունակվող հակամարտությունը վերածվի լայնածավալ պատերազմի», – գրում է ամերիկյան պարբերականը։
Հայաստանի սահմաններին պարեկություն իրականացնող եվրոպական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերն էլ իր հերթին փաստել է՝ թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանն այժմ բունկերներ են կառուցում, խրամատներ ու հրետանային դիրքեր փորում՝ վատթարագույն սցենարին պատրաստ լինելու։
«Իրանի հետ Հայաստանի նեղ սահմանի երկայնքով՝ Ադրբեջանից մոտավորապես 10 մղոն հեռավորության վրա խորհրդային տարիներին կառուցված, այժմ՝ լքված Մեղրիի կայարանն է, ուր ժանգոտ գնացքի վագոնները թաղված են մոլախոտերի մեջ, – փաստում է New York Times–ն ամփոփելով,- երկաթգիծը խորհրդային իշխանության օրոք փոխկապակցված Կովկասի խորհրդանիշն է և հիշեցում, թե շրջադարձային ինչ նշանակություն ունի այդ տարածքը մինչև այսօր»։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: