Ամերիկյան քաղաքականությունը Հայաստանի ու Արցախի հարցով փոխվելու է, դա ակնհայտ է

  • 17:24 13.11.2024

Step1.am-ի զրուցակիցն է «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը։

Պարոն Պապյան, ԱՄՆ ընտրություններից հետո Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցային գործընթացը կանգ է առել, այնինչ, վերջերս խոսվում էր նոյեմբերին փաստաթուղթ ստորագրելու մասին։ Ի՞նչ զարգացումներ են տեղի ունենում։

-Գործընթացի կանգ առնելը ոչ միայն Թրամփի ընտրությամբ է պայմանավորված, այլ նաեւ Ադրբեջանի իրավիճակով՝ СOP29 համաժողովն է ընթանում։ Բայրամովը հայտարարեց, որ այս միջոցառումից հետո դեկտեմբերին կվերսկսեն բանակցությունները։ Բայց հարցն այն է, որ ադրբեջանական կողմն անուղղակի բացահայտել է այն երեք կետերը, որոնց շուրջ անհամաձայնություն կա։ Դրանք ծանր կետեր են, որոնք հայկական կողմից զիջումներ են պահանջում։ Իրենք հիմա բանակցում են, որպեսզի այդ զիջումները պոկեն, դրանք են՝ Հայաստանի Սահմանադրության փոփոխություն, հայ-ադրբեջանական սահմանից օտար ուժերի դուրս բերում, իհարկե, իրենք նկատի ունեն եվրոպացի դիտորդներին, եւ երրորդ կետը վերաբերում է նրան, որ Հայաստանը պետք է զերծ մնա Ադրբեջանի դեմ միջազգային դատական ատյաններում հայցեր ներկայացնելուց։ Ստացվում է, որ իրենք ներկայացնում են, որ չհամաձայնեցված կետեր կան, բայց, կրկնում եմ, այդ կետերը վերաբերում է Հայաստանից նոր զիջումներ կորզելուն։

Բնական է, որ Բայդենը նախքան այս ընտրությունները փորձում էր արդյունք ցույց տալ, բայց չստացվեց։ Հիմա մինչեւ տարեվերջ ժամկետն են նշում, բայց չեն կարծում, որ դա տեղի կունենա, հիմա անցումային շրջան է, մնացածը կթողնեն Թրամփի վարչակազմի վրա։

-Ամերիկյան քաղաքականությունն ի՞նչ փոփոխություն կկրի Հայաստանի ու Արցախի հարցով։

-Այն, որ քաղաքականությունը փոխվելու է, դա ակնհայտ է։ Պարզապես դա կարող է լինել եւ լավ, եւ վատ՝ հաշվի առնելով այն, որ Թրամփն անկանախտեսելի է։ Կարող է լինել հետեւյալը՝ հաշվի առնելով Թուրքիայի ու Ադրբեջանի կարեւորությունը ԱՄՆ համար, նաեւ Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու գործոնը, իրենք ավելի քիչ հայանպաստ կարող են լինել։ Բայց կարող է լինել լրիվ այլ տարբերակ, որը ես ավելի հավանական եմ համարում։ Դա հետեւյալն է՝ քանի որ Թրամփը հայտարարել է, որ իր քաղաքականությամբ բերելու է նավթի ու գազի գնի իջեցմանը, դա էապես ազդելու է Ադրբեջանի տնտեսության վրա, ինչպես նաեւ թույլ չեն տալու, որ Ադրբեջանի միջոցով Ռուսաստանը շրջանցի պատժամիջոցները։ Մյուս կողմից էլ Թրամփն արմատական քրիստոնյաների աջակցությամբ ու քվեներով է ընտրվել, նաեւ նրանց քաղաքականությունը պետք է հաշվի առնի, չի կարող անտեսել։ Եվ պատահական չէ, որ ինքը, խոսելով Արցախի մասին, օգտագործում է «քրիստոնյա հայեր» ձեւակերպումը՝ դրանով շեշտելով, որ ինքն ամերիկյան խորը ավանդույթին հավատարիմ է մնում։

-Թրամփի՝ Արցախի մասին հայտարարությունը եւ Արամ Ա-ի հետ զրույցը միայն նախընտրական բնույթ էր կրում, թե՞ այլ ուղերձ էլ ունի։

-Հետաքրքիր է՝ երբ ինքն ի վնաս հայերի ինչ-որ հայտարարություն է անում, բոլորը դա ընդունում են որպես քաղաքական գիծ։ Իսկ հենց ի օգուտ հայերի որեւէ հայտարարություն է անում, չգիտես ինչու, ընկալում են, որ դա միայն նախընտրական խոստում կլինի։ Իհարկե, բոլոր քաղաքական գործիչներն էլ շատ ավելին են խոստանում, քան անում են, բայց այն, որ այդ ուղղությամբ ինքը պետք է քայլեր անի, դա միանշանակ է։ Ինքը չի կարող անտեսել թեկուզ եւ հայերի քվեների համար տրված խոստումները։ Այստեղ միայն հայկական հարցը չէ, կա քրիստոնեական կազմակերպված խմբերի հարցը, եւ հենց Հանրապետական կուսակցության ներսում կա խումբ, որը գտնում է, որ պետք է ռուսական ազդեցությունը թուլացնել Հարավային Կովկասում։ Դա նշանակում է, որ Հայաստանի անվտանգությունը չպետք է կախված լինի Ռուսաստանից, որովհետեւ այդ դեպքում Հայաստանը մնում է կախված Ռուսաստանից։ Իսկ այդ դեպքում Ռուսաստանի ազդեցությունը չի թուլանում Հարավային Կովկասում։

Ռոզա Հովհաննիսյան

f