Ռուսաստանը խոստովանեց, որ ինքն է ուզում “հուղարկավորել” Մինսկի խումբը

  • 18:32 13.11.2024
Ռուսաստանն ինքն էլ էր դժգոհ ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքից, ինչի մասին բազմիցս և բացահայտ հայտարարել է։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք ինքներս էլ դժգոհ էինք այդ կառույցի աշխատանքից, շատ էինք քննադատում այն, հատկապես այն բանից հետո, երբ արևմտամետները սկսեցին բացահայտ արգելափակել խմբի աշխատանքը», – ասաց Զախարովան:
Ավելի վաղ Ալիևը հայտարարել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն արդեն պատմության մաս է դարձել: Բաքուն Երևանին առաջարկում է համատեղ դիմել ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խումբը լուծարելու հարցով։
Մինսկի խումբը չի հայտարարել ինքնալուծարման մասին, և դրա մանդատը գործում է մինչև այժմ։ Մոսկվան, ըստ էության, ընդունում է, որ ՄԽ-ի պահպանումը առաջին հերթին անբարենպաստ էր իրեն համար։
Զախարովայի խոսքով` այն ամենը, ինչ դրական էր ԵԱՀԿ ՄԽ-ում, հիմնականում հիմնված էր ռուսական մշակումների վրա, որոնք արտացոլվել են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի եռակողմ պայմանավորվածություններում:
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ 2022 թվականի փետրվարին արևմտյան երկրները թաղեցին ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Հենց այդ ժամանակ պարզ դարձավ, որ նրանք տրամադրված են պաշտպանելու սեփական շահերը, քաղաքականացնելու խնդիրը, այլ ոչ թե կարգավորելու այն։
«Մինսկի խումբը մենք քննադատում էինք տեղին և կոշտ։ Ընդհանուր առմամբ, իրավիճակի կարգավորման նպատակով մենք խմբի գործունեության մեջ ունենք ավանդ, որը բարձր մակարդակով բազմիցս գնահատվել է երկու երկրներում (Հայաստանում և Ադրբեջանում, – խմբ.)», – ասաց Զախարովան։
f