Առաքյուլի Մարիամ Աստվածածնի եկեղեցի

  • 11:50 14.11.2024

Հարավային Արցախի ամենանշանավոր ու խոշոր բնակավայրերից է Առաքյալ-Առաքյուլը: Գյուղը 17-րդ դարում նույնպես ենթարկվել է Շահ Աբասի կողմից կազմակերպված հայաթափմանը և շուրջ երկու դար Առաքյուլ գյուղի բնակիչները ապրել են Արաքսի մյուս ափին՝ Ղարադաղում և միայն 1827-28 թվականների ռուս-պարսկական պատերազմից հետո նրանց հաջողվեց վերադառնալ հայրենիք և հիմնել նոր գյուղ, հին անունով։ Բռնագաղթված առաքյուլցիների մի մասը Գյուլիստանի պայմանագրով վերադարձել և հիմնավորվել է պապենական գերեզմանատների կողքին: 2018 թվականի վիճակագրական տվյալներով, գյուղն ուներ 119 բնակիչ։

Առաքյուլի պարծանքը ճարտարապետական խստականոն սկզբունքներով կառուցված Մարիամ Աստվածածին եկեղեցին է: Գտնվում է գյուղամիջի բլրի վրա, որը և շահեկանորեն բարձր է շրջապատի բոլոր շենքերից: Ըստ ականատեսների, եկեղեցին կառուցվել է բաքվաբնակ Մակիչ Գրիգորյանի միջոցներով: Եկեղեցու նախագիծը պատվիրել է Թբիլիսիի ճարտարապետներին, իսկ հարդարանքի համար Բաքվից ուղարկել է յոթ հույն ծեփագործներ: Մնացած աշխատանքները կատարել են տեղացիները:

Ճարտարապետական նորամուծություններով բնորոշ եկեղեցին ունի ուղղանկյուն հորինվածք: Գմբեթի հետ միասին բարձրությունը կազմում է 18 մետր, գրեթե վեց հարկանի շենքի բարձրությամբ: Գմբեթը նստած է չորս խաչաձև, հոյակապ սյուների և դրանք իրար կապող կամարների վրա: Եկեղեցին ունի երեք դուռ, ինը լուսամուտ և երկու խորան: Պատերն իրականացված են տեղական գորշ սրբատաշ ու կոպտատաշ բազալտ քարերով:

Գմբեթի հետ միասին եկեղեցու բարձրությունը կազմում էր 18մ: Գմբեթը նստած էր չորս խաչաձև հոյակապ սյուներին և դրանք իրար կապող կամարների վրա: Եկեղեցին ունի երեք դուռ, ինը լուսամուտ, կիսակլոր բեմ և երկու խորան:

1960- ական թթ.. կեսերին եկեղեցու խոշոր , զարդաքանդակ զանգը տրվեց մարզային թանգարանին: Ավելի քան 200 ֆունտ քաշ ունեցող զանգը 18-րդ դ. գեղեցիկ մի գործ է, պատրաստված Նիժնի Նովգորոդում:

1992թ. ադրբեջանցիների կողմից Առաքյուլը գրավվելուց հետո, թշնամին պայթեցրել է եկեղեցին, սակայն հիմնահատակ կործանել չի հաջողվել:

Այժմ եկեղեցին կրկին անգամ բռնազավթված է Ադրբեջանի կողմից, և ըստ այդմ վտանգված է, քանի որ օկուպանտ երկիրը Արցախում հայկական հետքերի վերացման եռանդագին քաղաքականություն է վարում։

Արմինե Հայրապետյան

f