«Ադրբեջանի ագրեսիայի ազդեցությունը մարդու իրավունքների եւ շրջակա միջավայրի պաշտպանության վրա» թեմայով քննարկման ժամանակ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական հարցերով փորձագետ Աննա Մելիքյանն անդրադարձավ Ադրբեջանի իրականացրած պատերազմական հանցագործություններին։
Դեռեւս 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո իրականացված մոնիթորինգի միջոցով պարզել էին, որ զոհված շուրջ 80 քաղաքացիական անձանցից մոտ կեսը զոհվել են դիտավորությամբ սպանության հետեւանքով։ Եվ նրանց մեծ մասը տարեց մարդիկ էին։
«Բոլորդ տեսել եք ահասարսուռ դրվագներ, բայց դրանք ավելին էին, ոչ բոլորն են հրապարակային ցուցադրվել։ Ցավոք սրտի, արձանագրել ենք տարեց անձանց գլխատումներ, խոշտանգումներ, գնդահակարություններ։ Քիչ ենք խոսել տուժած կանանց մասին․ փորձագիտական տվյալներով՝ առնվազն 7 կին ենթարկվել են խոշտանգման, այդ թվում՝ գլատվել են։ Նրանք ողջ են եղել, մինչեւ ընկել են ադրբեջանական զինծառայողների ձեռքը, որոնց կողմից տանջամահ են արվել։ Այդ դեպքերի մասին քիչ ենք խոսել, բայց 2022 թվականին, երբ կին զինծառայողները համանման վերաբերմունքի զոհ դարձան, նոր սկսեցինք խոսել, որ ոչ միայն տղամարդիկ են եղել պատերազմական հանցագործությունների զոհ, այլ նաեւ կանայք։ Երեխաներ էլ են զոհվել, ադրբեջանական զինծառայողները ոչ միայն ռազմական օբյեկտներն էին թիրախավորում, այլ ոչ ընտրողական բնույթի հարձակումներ էին իրականացվում»,- ասաց նա։
Աննա Մելիքյանը նաեւ ասաց, որ գերությունից վերադարձած հայ զինծառայողներն իրենց հետ զրույցում պատմել են խոտանգումների ու վատ վերաբերմունքի մասին, որոնց արժանացել են Բաքվի բանտերում։
«Ադրբեջանցիների կողմից հրապարակային ցուցադրվել են նաեւ դիապղծության դեպքեր, կարծես թե հատուկ հպարտությամբ էին ադրբեջանցիները պղծում հայերի մարմինները։ Ունենք դեպքեր, երբ գերիներին են գնդակահարել՝ տեսախցիկի առաջ։ Նման դեպքեր եւ 2016 թվականին են արձանագրվել, եւ շարունակվել են 2020 թվականին ու 2020-ից հետո։ Եվ պատճառն այն է, որ չկա պատժելիություն։ Ցավով պետք է արձանագրել, որ միջազգային հանրություննն էլ թերի արձագանք ցուցաբերեց եւ չդատապարտեց այդ հանցագործությունները։ Եվ կարծես թե միայն մեկ դեպքը՝ Հադրութում քաղաքացիական անձանց սպանությունը մի փոքր հրապարակային լուսաբանվեց եւ արձագանք ստացավ։ Մնացած բոլոր դեպքերը՝ ոչ պակաս ահասարսուռ, դատապարտման չարժանացան»,- հավելեց նա։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: