«Ինչո՞ւ է Ադրբեջանն այդքան շատ վախենում դատական գործընթացներից, որովհետեւ դատական գործընթացում ճշմարտությունը բացահայտվում է հեշտությամբ։ Այն, ինչ մենք կրկին տեսանք՝ Հայաստանը երկու գործերով էլ շահեց, առ այն, որ հայ զինվորականների ու քաղաքացիների սպանությունն ուղղակի դիտավորություն էր, այդ համատեքստում՝ նաեւ բռնի տեղահանումը։ Մի քանի օր առաջ զեկույց հրապարակվեց իրավապաշտպանների կողմից, եւ այնտեղ մի շատ պարզ վերանագիր էր՝ իսկ ո՞ւր են Արցախի հայերը, ինչո՞ւ նրանք այնտեղ չեն ապրում։ Պարզ է, չէ՞՝ եթե 2000 տարի ապրել են այնտեղ մարդիկ եւ այսօր չկան, դա չես կարող բացատրել նրանով, որ մարդիկ ուղղակի գնացել են։ Պարզ է, որ նրանց վռնդել են, այն էլ՝ ռազմական գործողությունների միջոցով»,- այսօր «Ադրբեջանի ագրեսիայի ազդեցությունը մարդու իրավունքների եւ շրջակա միջավայրի պաշտպանության վրա» թեմայով համաժողովում ասաց միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը։
Նրա խոսքով՝ վերադարձի իրավունքը պետք է լինի, եւ Ադրբեջանը չի կարող հերքել վերադարձի իրավունքը։ «Թեեւ միջազգային իրավունքում դուք բառացիորեն չեք գտնի այդ արտահայտությունը, բայց վերադարձի իրավունքը սովորույթային նորմ է։ Այսինքն՝ հարյուրամյակներ շարունակ պետություններն ընդունել են, որ բռնի տեղահանված անձինք իրավունք ունեն վերադառնալ իրենց տները։ Այլ բան է, որ Ադրբեջանը դա օգտագործում է հայելանման իր փաստարկները ներկայացնելով, որ այդ դեպքում «ադրբեջանցիներն էլ պետք է իրավունք ունենան վերադառնալ Հայաստան»։ Եթե Հայաստանն առաջ է բերում վերադարձի իրավունքի հարց, ապա Ադրբեջանը փորձում է դա հակակշռել 1992-1994 թվականների պատերազմի արդյունքներով»,- հավելեց նա։
Արա Ղազարյանի խոսքով՝ Ադրբեջանը շատ լավ հասկանում է, որ որքան ժամանակը հոսի, այնքան այդ բեռն իրենց վրա մեծանալու է, իրենք չենք կարող հերքել, որ արցախցիներն իրավունք ունեն վերադառնալ։
«Եվ նրանք դա չեն էլ հերքում, այլ դրա փոխարեն հակափաստարկներ են բերում իրենց վերադարձի իրավունքի մասին։ Որպես լավ հասկանանք վերադարձի իրավունքը, դա ընդամենը տուն վերադարձ չէ, դա վերադարձ հայրենիք է։ Հայրենիքը դա Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի տասնյակ բաղադրիչներն են։ Կարեւոր նշանակություն ունի քո սեփական երկիր վերադարձը, որտեղ երկիր բառը չի ասոցացվում քաղաքացիության հետ, այլ ասոցացվում է ազգության հետ։ Իսկ ազգությունն էլ ասոցացվում է այնպիսի բաղադրիչների հետ, որոնք յուրաքանչյուրիս համար իր հայրենիքն է՝ դա տունն է, եկեղեցիներն են, պատմությունն է, համայնքն է, բնիկ լինելու հանագմանքն է։ Այս գաղափարները դուք կգտնեք ՄԻԵԴ վճիռներում։ Եվ Ադրբեջանը դա շատ լավ հասկանում է, դրա համար հանկարծ Ալիեւը հիշեց, որ «Արեւմտյան Ադրբեջան» կա։ Այսինքն՝ նրան հուշեցին՝ եթե դու միայն գույքի վրա շեշտը դնես, որ մենք գույք ենք թողել Հայաստանում, մեծ հաջողության չես հասնի, որովհետեւ տեսական հիմքը թույլ է։ Իսկ եթե «հայրենիք» գաղափարը շահարկես, որ «Արեւմտյան Ադրբեջան» է եղել Հայաստանի տարածքում, կարող ես շատ ավելի լայն ներկայացնել տեսական հիմքերը, որ այնտեղ պատմություն ես թողել, որն իրականում չկա։ Իրականում կա միայն անշարժ գույք, որը թողել են ադրբեջանցիները Հայաստանի որոշ տարածքներում»,- նշեց Ղազարյանը։
Ըստ մասնագետի՝ այսօր միջազգային հանրության գնահատականն Ադրբեջանի նկատմամբ բացասական է, որովհետեւ Արցախում հայեր չեն ապրում։ Եվ Ադրբեջանը վախենում է դատական գործընթացներից, որովհետեւ վերադարձի իրավունքի հետ միասին պարզվել է, որ Ադրբեջանը միջազգային հանցագործ պետություն է եւ տարածաշրջանում բազմաթիվ հանցագործություններ է կատարել՝ ընդհուպ մինչեւ մարդկության դեմ հանցագործություններ։ «Եվ դրա համար է պահանջում Հայաստանի Հանրապետությունից՝ հետ վերցնել իրավական գործընթացները եւ միայն քաղաքական բանակցություններ վարել, որտեղ Ադրբեջանն ունի առավելություն եւ կարող է վերադարձի իրավունքը ասիմետրիկ կերպով կապել ադրբեջանցիների վերադարձի հետ։ Դրանով են շատ լավ այս դատական գործընթացները, որտեղ գերիշխում է նորմը, այսինքն՝ օրենքի գերակայությունը, որտեղ նույնիսկ պատերազմի դաշտում պարտված պետությունը կարող է 4։1 հաշվով պարտության մատնել Ադրբեջանին։ Արդարադատության միջազգային դատարանում երկու օր առաջ մենք դա տեսանք, որ Ադրբեջանի բազմաթիվ միֆեր ցրվեցին, եւ Հայաստանը որոշակի առավելություն ձեռք բերեց, այդ թվում՝ վերադարձի իրավունքի հարցով»,- ասաց Արա Ղազարյանը։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: