2020 թվականի պատերազմից հետո հարյուրավոր հայեր գերեվարվել են՝ նախնական տվյալներով՝ նրանց թիվը գերազանցում է 300-ը։ Այս մասին այսօր «Ադրբեջանի ագրեսիայի ազդեցությունը մարդու իրավունքների եւ շրջակա միջավայրի պաշտպանության վրա» թեմայով համաժողովում ասաց ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերը ներկայացնող փաստաբան Սիրանուշ Սահակյանը։
Նրա խոսքով՝ մեծ ջանքերի շնորհիվ շուրջ 210 գերիներ հայրենադարձվել են։ Բայց 23 պաշտոնապես հաստատված հայեր այսօր գտնվում են Բաքվի բանտերում։ Նրանց ազատ արձակման հարցը ոչ թե կապված է բուն կոնֆլիկտի հետ, այլ քաղաքական պահանջների բավարարման հետ։ Այդ 23 անձանցից 5-ը գերեվարվել են 2020 թվականին, մյուսները՝ 2023 թվականին։ Նշված 23 թիվը ներառում է նաեւ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, այսինքն՝ ունենք 8 քաղաքական բանտարկյալներ՝ ի դեմս Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության։
«Անազատության մեջ գտնվող հայերի շարունակական կալանավորումը պետական քաղաքականության մաս է, որը շահարկվում է բանակցային գործընթացում։ Ի սկզբանե մեծաթիվ գերիների վերաբերյալ տեսանյութեր ցուցադրվեցին, վաղ փուլում ադրբեջանական կողմը հրաժարվում էր հաստատումներ տալ, տեւական ժամանակ ընտանիքները գտնվում էին անարոշության մեջ։ Եվ այս անորոշությունն էլ հավելյալ հոգեկան տառապանքներ պատճառելու միտում ուներ։ Բարեբախատաբար, դատական գործընթացների եւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի շնորհիվ գերեվարման դեպքերն սկսեցին հաստատվել։ Ավելի ուշ փուլում նաեւ գերեվարվածների հետ տեսակցությունների հնարավորություն ապահովվեց»,- ասաց Սիրանուշ Սահակյանը։
Նրա խոսքով՝ այս անձանց ազատ արձակումը կապված է եւ քաղաքական, եւ դիվանագիտական, եւ իրավական աշխատանքի հետ։ «Խոշտանգումների դեմ պայքար մղող որեւէ միջազգային մեխանիզմ երեբեւ ի վիճակի չի եղել մուտք գործել եւ տեսակցել այնտեղ գտնվող գերիներին։ Արտաքին աշխարհի հետ կապը բացառապես ապահովվում է ԿԽՄԿ-ի շնորհիվ։ Բայց արձանագրեմ, որ կոնֆլիկտի վաղ փուլում արգելափակված է եղել նաեւ ԿԽՄԿ գործունեությունը»,- ասաց նա։
Սիրանուշ Սահակյնաի խոսքով՝ Բաքվի բանտերում գտնվող հայերը խոցելի վիճակում են, քանի որ նրանց շահերը չեն պաշտպանում անկախ փաստաբանները։ Իսկ Ադրբեջանում լիցենզիա ստացած եւ վախի մթնոլորտում գործունեություն ծավալող փաստաբաններն ի զորու չեն ապահովել իրավաբանական օգնությունը։ «Հայերանադարձվածների հետ մեր հանդիպումներն էլ վերահաստատում են, որ փաստաբանի ներգրավվածությունը եղել է ձեւական, նրանց չեն տեսակցել, չեն քննարկել գործերը։ Եվ շատ ավելի վատ պրակտիկա է գրանցվել, երբ նրանք ենթարկվել են վատ վերաբերմունքի նաեւ փաստաբանների ներգրավվածությամբ»,- հավելեց նա։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: