“Ադրբեջանն այսօր պատերազմում է մեր ժողովրդի հիշողության դեմ”

  • 17:25 14.11.2024

Ադրբեջանը Արցախում կիրառում է դեռ 1920-ական թվականներից որդեգրած իր քաղաքականությունը՝ տարածքի ազատում հայկական հետքից։ Այս պահին փորձում են ջնջել Արցախի հայկականությունը, դրանով նաեւ փորձելով փակել հայերի վերադարձը հայրենիք։ Այս մասին այսօր «Ադրբեջանի ագրեսիայի ազդեցությունը մարդու իրավունքների եւ շրջակա միջավայրի պաշտպանության վրա» թեմայով համաժողովում ասաց հուշարձանների պահպանության մասնագետ Արմինե Հայրապետյանը։

Նրա խոսքով՝ Արցախի տարածքում բազմաթիվ պատմամշակութային հուշարձաններ պարզապես ավարվել են։ Դրանց թվում է նաեւ Շուշիի 19-րդ դարի Հովհաննես Մկրտիչ եկեղեցին՝ Կանաչ ժամը։ 2023 թվականի ապրիլին պարզ դարձավ, որ այն հիմնահատակ ավերվել է։ Հիմնահատակ ավերվել են նաեւ Բերձորի Սուրբ Համբարձման եւ Մեխակավանի Զորավոր Աստվածածնի եկեղեցիները։ Ոչնչացվել են նաեւ խաչքարեր, հուշահամալիներ։

«Այս քաղաքականությունը տարվում է մի քանի ուղղությամբ՝ առաջինը, ժառանգության ֆիզիկական ոչնչացում եւ երկրորդը, ժառանգության բռնի օտարում կամ բռնայուրացում։ Շատ դեպքերում Ադրբեջանը մեր հոգեւոր օջախները ներկայացնում է որպես աղվանական, ուդիական եկեղեցիներ՝ դրանով օտարելով հայերի մշակութային ժառանգությունը։ Ադրբեջանի նախագահը, այցելելով Հադրութի շրջանի Ծաղկավանք եկեղեցի, հրահանգել էր վերացնել հայկական բոլոր այն արձանագրությունները, որոնք կան մեր եկեղեցիների վրա՝ ասելով, որ դրանք ֆեյք արձանագրություններ են։ Երկրորդ ամենամեծ մարտահրավերն այն է, որ Ադրբեջանը վերջին շրջանում հիմնահատակ ավերում է նաեւ Արցախի բնակավայրերը։ Մենք ունենք մի քանի բնակավայրեր, որոնք ընդհանրապես արդեն գոյություն չունեն որպես այդպիսին։ Այդ թվում են՝ Քարին տակ, Մոխրենես գյուղերը։ Վերջին շրջանում նաեւ շատ ինտենսիվ կերպով վերացվում են Ստեփանակերտի թաղամասերը։ Մենք արդեն ունենք Ստեփանակերտի ավերված 19-րդ դարի թաղամաս։ Սա նույնպես փաստում է այն մասին, որ Ադրբեջանը գետնի վրա վերացնում է այդ տարածքի հայկականության պատմական փաստերը»,- ասաց նա։

Արմինե Հայրապետյանը նշեց, որ Արցախում ոչնչացվում են նաեւ հայկական գերեզմանոցները։ «Պատմամշակութային ժառանգությունը դա որեւէ ժողովրդի հիշողության կրիչն է։ Ադրբեջանն այսօր պատերազմում է մեր ժողովրդի հիշողության դեմ, որպեսզի ամեն ինչ վերացնի։ Դա նաեւ հոգեբանական ճնշում է, որպեսզի արցախահայությունը վերադարձի հետ հույսեր չկապի։ Երեւի թե հաշվարկ են անում այն մտքի վրա, որ տուն չունենալով՝ արցախցին վերադարձի պահանջ չի դնի։ Եվ շատ ցավալի է, որ Ադրբեջանում այսօր անցկացվող COP29-ին մասնակցող երկրներից որեւէ մեկի համար կարեւոր չեն այն համամարդկային արժեքները, ի դեմս հայկական պատմամշակութային ժառանգության, որոնք այսօր վերացվում են Արցախում։ Այդ երկերեսանիությունը, որը կա աշխարհում, երբեմն մեզ հուսահատեցնում է։ Միջազգային հանրությունը, որը որպես մարդու իրավունքների պաշտպան է հանդես գալիս, պետք է փորձի կանգնեցնել այն հայատյաց մեքենան, որը մարդկային ճակատագրերի եւ ողբերգությունների պատճառ է հանդիսանում»,- հավելեց Արմինե Հայրապետյանը։

f