44-օրյա պատերազմի օրերին ադրբեջանցիները Հադրութում մտել են մարդկանց տները, եւ այնտեղ սարսափելի դեպքեր են տեղի ունեցել։ Հադրութի շրջանում մնացած քաղաքացիական բնակչությունը դաժանաբար սպանվել է։ Այս մասին «Ադրբեջանի ագրեսիայի ազդեցությունը մարդու իրավունքների եւ շրջակա միջավայրի պաշտպանության վրա» թեմայով համաժողովում ասաց «Վերադարձ դեպի Դիզակ» ՀԿ նախագահ Մարգարիտա Քարամյանը։
«23 խաղաղ բնակիչներ սպանվել են իրենց տներում կամ բակերում, 16 հոգի դեռ անհետ կորած են համարվում, այդ թվում՝ 4 կին եւ 2 երեխա։ Սպանվածներից ամուսիներ Դավիթ եւ Նինա Դավթյանները Հադրութի Վարդաշատ գյուղից էին։ Նինա Դավթյանը կույր էր, 82 տարեկան։ Ամուսինը՝ Դավիթը 86 տարեկան էր։ Նինա Դավթյանին գնդակահարել են իր անկողնում, նրա մարմնի վրա գնադակի տեղ էր, նաեւ գլխին էր կրակած։ Դավիթ Դավթյանին գլխատել են հենց իր բակում։ Նրանց մարմինները գտել են երկու ամիս հետո։ Կամո Դավթյանը սպանվել է իր բակում, Բաքվից փախած Լենա Հակոբյանին գլխատել ու մասնատել են իր երկու հարեւանների հետ եւ երեքին հուղարկավորել հենց իրենց բակում։ Նրա ամուսնուն՝ Բենիկ Հակոբյանին մենք տեսել ենք հրապարած տեսանյութերով, որ ձեռքերը բարձրացրած գերի են տանում, բայց նրա ճակատագիրն առ այսօր անհայտ է։ Երկու տղամարդու գնդակահարել են հենց Հադրութի կենտրոնի հրապարակում, տեսանյութը կար համացանցում։ Նրանց փաթաթել են Արցախի դրոշով ու գնդակահարել։ Եվս մեկ տղամարդու գնադակահարել են Հադրութի մոտակայքում գտնվող Նուրաշեն գյուղում։ Անկողնային հիվանդին՝ Էռնեստին չեն կարողացել հանել, այդ մարդուն նույնպես մասնատել են։ Անհետ կորածներից երկու կին Մելիքաշեն գյուղից էին՝ մայր ու աղջիկ էին, նրանց չէին կարողացել հանել։ Եվս երկու անհետ կորած ունեին առողջական խնդիրներ, նրանց նույնպես չհաջողվեց համոզել, որ դուրս գան։ Իմ աշխատակցուհու հորն ու եղբորը գերի են տարել, ընդ որում՝ հորը տարել են Բաքու, հետո հետ են բերել։ Այդ մարդն արդեն կիսամարդ էր, որովհետեւ նրա մարմինն ամբողջությամբ կապտած էր։ Ձեռքերից ու ոտքերից կապել եւ կախել են 76 տարեկան տղամարդուն։ Նա վերադառնալուց հետո ընդամենը մեկ տարի ապրեց։ Իսկ իր որդուն՝ Կարախանյան Արսենին երկու ամիս պահել են Հադրութում եւ տանջամահ արել։ Ես 10 ֆիլմ եմ պատրաստել այս դեպքերի մասին, այդ ամենն ուղարկվել է միջազգային դատարաններ ու միջազգային կազմակերպություններին»,- ադրբեջանական վայրագություններից մանրամասներ ներկայացրեց Մարգարիտա Քարամյանը։
Նա նշեց, որ Ադրբեջանը պղծել է հայերի գերեզմանատները, Հադրութի հուշահամալիրը։ Ադրբեջանը նաեւ բնապահպանական վնաս է հասցրել Արցախին։ Արցախի շրջափակման օրերին Սարսանգի ջրամբարն ամբողջովին ցամաքել էր, որովհետեւ Արցախը մնացել էր առանց էլեկտրաէներգիայի, եւ ստիպված էին ջրամբարն օգտագործել ու էլեկտրաէներգիա ապահովել մարդկանց։ Պատերազմի ժամանակ օգտագործվել են ֆոսֆորային ռումբեր, որոնք մեծ վնաս են պատճառել Արցախի անտառներին։ Հադրութի անտառն ամբողջությամբ այրվել էր 2020 թվականին։ «Էկոլոգիան պահպանում են մարդու համար, իսկ եթե մարդու կյանքն արժեք չունի, ուրեմն բոլոր պայքարներն անիմաստ են»,- ասաց Մարգարիտա Քարամյանը։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: