Ադրբեջանը պատասխանատու է էթնիկ զտման համար, եւ այս երկերեսանիությունը սրտխառնոց է առաջացնում

  • 19:31 14.11.2024

«Ադրբեջանի ագրեսիայի ազդեցությունը մարդու իրավունքների եւ շրջակա միջավայրի պաշտպանության վրա» թեմայով համաժողովում էկոակտիվիստ Գրետա Թունբերգն անդրադարձավ Ադրբեջանի վարած քաղաքականությանը։

«Ինչո՞ւ ես COP29-ում չեմ, շատ պարզ է՝ մեր եւ նրանց օրակարգերը բոլորովին տարբեր են, հակասում են այն իրականությանը, որը տեղի է ունենում Ադրբեջանում։ Ադրբեջանը պատասխանատու է էթնիկ զտման համար, եւ պարզապես սրտխառնոց է առաջացնում այդ երկերեսանիությունն ու կեղծավորությունը, որ կլիմային ուղղված այս կոնֆերանսը՝ COP29-ը  տեղի է ունենում այդ երկրում։ Սա ուղղակի կեղծավորության, երեսպաշտության ու երկերեսանիության ծայրահեղ դրսևորում է։ Ադրբեջանը փորձում է այսպիսով «կանաչ մաքրում» անել, թույլ չենք տա»,- ասաց նա։

Ըստ Թունբերգի՝ Ադրբեջանը ոչ միայն կարողանում է այս սարսափելի հանցագործությունները կատարել ու չպատժվել, այլ նաեւ նրանց համար դռներ են բացվում, նրանց խոսք է տրվում աշխարհի բեմի վրա՝ օրինականացնելու մարդու իրավունքների սարսափազդու խախտումները՝ էթնիկ զտումը։  «Աշխարհը լուռ է եւ նրանց տալիս է այդ հնարավորությունը։ Նորից ու նորից տեսնում ենք, քանի որ սա միակ դեպքը չէ։ Մենք պետք է դադարենք ձեւացնել, որ նորմալ է, երբ կլիմային ուղղված կոնֆերանսն իրականացվում է այնպիսի մի երկրում, որը ռեպրեսիվ մոտեցումներ ունի, որը ճնշում է իր իսկ բնակիչներին։ Ադրբեջանի ակտիվիստներն ասում են, որ իրենք կարծես ապրում են բանտում, իրենց իսկ իրավունքները նրանցից խլում է պետությունը, այնտեղ քաղհասարակության վրա մշտապես ճնշումներ են գորածադրվում։ Էթնիկ զտումը, գերիները, հոգեբանական ու ֆիզիկական վայրագությունները, որոնց միջով հայերն անցել են, սա անհանդուրժելի է, անընդունելի է։ Եվ այն փաստը, որ աշխարհը շարուկաբար մնում է լուռ ու թույլ է տալիս, որ Ադրբեջանն անի այս հանցագործությունները, բացարձակապես անընդունելի է»։

Գրետա Թունբերգը նաեւ նշեց, որ Ադրբեջանը նպատակ ունի ընդլայնել վառելիքի հանածոների արտադրությունը։ Սա մարտահրավեր է կլիմայի համար, եւ աշխարհը շարունակում է լուռ մնալ։

f