Աբխազիայում ցուցարարները պահանջում են չվավերացնել Մոսկվայի հետ պայմանագիրը

  • 15:37 15.11.2024

Աբխազիայում ցուցարարներն ամբողջությամբ շրջափակել են կառավարության շենքը, որտեղ գտնվում են երկրի խորհրդարանը և նախագահի աշխատակազմը։ Այս մասին հայտնում են Respublica հեռագրային ալիքը և ՏԱՍՍ-ը։

Respublica-ն գրում է, որ շենքը հսկող ուժերը չեն դիմադրել, իսկ հեռուստաալիքը ցուցարարների թիվը գնահատում է մի քանի հազար մարդ։ Հրապարակման համաձայն՝ խորհրդարանի շենքը լքել են խոսնակ Լաշա Աշուբան և փոխնախագահ Աստամուր Արշբան։

Ցուցարարները կոտրել էին ցանկապատն ու մտել համալիր, հնչել էին կրակոցներ։ Նրանք պահանջում էին չեղարկել Ռուսաստանի հետ ներդրումային համաձայնագրի վավերացման օրինագիծը։

Համաձայնագիրը նախատեսում է զգալի հարկային արտոնություններ ռուս ներդրողների համար, օրինակ՝ ավելացված արժեքի հարկի դրույքաչափը կազմում է 5%, ստանդարտ դրույքաչափի կեսը։

Աբխազիայի ընդդիմությունը պնդում է, որ նման միջոցները կհարվածեն տեղական բիզնեսին և պատշաճ օգուտ չեն բերի հանրապետությանը։

f