«Այն միջազգային կառույցները, որոնք ստեղծել է մարդկությունը, ցավալիորեն չաշխատեցին։ Բացառիորեն տեղի ունեցավ ցեղասպանություն, եւ այդ ցեղասպանությունը ոչ թե չտեսնելու տվեցին, այլ նպատակահարմար գտան գնալ ու մասնակցել ցեղասպանություն իրականացրած երկրի ներսում էկոլոգիական ինչ-որ միջոցառման։ Էկոլոգիան նախ եւ առաջ մարդկանց համար է, հետեւաբար, երբ ՄԱԿ-ի ղեկավարը, որը մանդատով ունի պարտավորություն՝ գործողություններ իրականացնել՝ կանխարգելելու ցեղասպանությունը կամ դրան համարժեք պատասխան տալ, գնում Բաքվում մասնակցում է նման միջոցառումների, ես կարծում եմ, որ այս մարդիկ հանցակից են այսուհետ տեղի ունեցող բոլոր ցեղասպանություններին»,- ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ բողոքի ակցիայի ժամանակ ասաց իրավապաշտպան Նինա Կարապետյանցը։
Նա դիմեց միջազգային հանրությանը․ «Պարոնայք եւ տիկնայք, դուք բոլորդ հանցակից եք եւ բոլորդ պետք է պատասխանատվություն կրեք։ Ձեր ստեղծած կառույցները դուք օգտագործում եք ձեր անձնական շահերի համար։ Դուք տեղավորվել եք ձեր կաբինետներում ու ապահովում եք ձեր բարեկեցիկ կյանքը։ Այն մանդատները, որոնք դուք ունեցել եք, դրանք արհամարհված են։ Բայց շատ չուրախանաք, երբ ու դիկտատորն ու ցեղասպանը չի պատժվում, դա ունենում է իր շարունակությունը, եւ սպասեք, որ իրենք թակելու են նաեւ ձեր դուռը»։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: