Վրաստանում ընտրություններից հետո, երբ հաղթեց «Վրացական երազանքը» և պատերազմը Աբխազիայում բնութագրեց որպես Սաակաշվիլիի սխալ, Ռուսաստանը սկսեց «պատասխան» քայլեր: Ինչպես ասում են Կովկասում՝ «ալավերդի». դուք մեզ ընտրություններ և հաշտեցում Ռուսաստանի հետ, մենք ձեզ՝ Աբխազիան, եթե համաձայն եք վերադառնալ Ռուսաստանի գիրկ:
Մոսկվան վերջերս պնդել է Աբխազիայում օրենքի ընդունումը, որը թույլ կտա ռուս ներդրողներին օգտվել հարկային արտոնություններից Աբխազիայում: Պարզ էր, որ աբխազները դա թույլ չեն տա, եւ անկարգություններ կսկսեն, ինչը եւ տեղի ունեցավ երեկ։ Ընդդիմությունը գրավեց պետական շենքերը եւ թույլ չտվեց վավերացնել ռուսների հետ պայմանագիրը։
Անկախության տարիների ընթացքում Ռուսաստանը այդպես էլ չի կարողացել հասնել օրենքի ընդունմանը, որը ռուսաստանցիներին թույլ կտար Աբխազիայում անշարժ գույք ձեռք բերել սեփականության իրավունքով: Նույնիսկ եղել է դեպք, երբ սպանվել է ՌԴ անվտանգության ծառայության աշխատակից, ով Աբխազիայում այդ օրենքն առաջ մղելու նպատակով էր ժամանել: Նրա մեքենան ընտանիքի անդամների հետ միասին վառել են։
Այս օրենքի պատճառով Աբխազիայում մի քանի անգամ փոխվել է իշխանությունը, սակայն աբխազները իրենց հողի իրավունքը ռուսաստանցիներին չեն զիջել:
Այժմ, երբ ընտրությունները Վրաստանում ցույց են տվել, որ Թբիլիսին թեքվում է դեպի Ռուսաստան, Աբխազիայում անհրաժեշտ է կազմակերպել անկարգություններ և քաոս, ինչպես դա եղավ Արցախում, ապա զորքերը դուրս բերել, հայտարարել Աբխազիայի հանրապետության լուծարման մասին, այնուհետեւ՝ Ռուսաստանի հետ միացման կամ «ռուսամետ Վրաստանի հետ Աբխազիայի ռեինտեգրացիան» մասին: Երկու տարբերակն էլ Մոսկվային ձեռնտու է:
Մոսկվային անհրաժեշտ է բացել Աբխազական երկաթուղին, քանի որ ակնհայտ է դարձել, որ Իրանը և Արևմուտքը չեն թույլատրի Հայաստանին բացել «Զանգեզուրի միջանցքը»: Բացի այդ, Բաքուն նույնպես հազիվ թե համաձայնվի թույլ տալ Ռուսաստանին իր տարածքով անցնել Վրաստան և Հայաստան, ինչպես նաև Իրան, եթե Ասթարա-Ռեշտ հատվածը ավարտին հասցվի:
Այդ պատճառով Վրաստանում ընտրություններից անմիջապես հետո Մոսկվան պահանջեց սկսել Աբխազիայի հետ սահմանների սահմանազատման գործընթացը, ինչը նշանակում է՝ բացել սահմանները: Աբխազիան չի համաձայնվում սահմանը բացել, եթե Թբիլիսին չճանաչի նրա կարգավիճակը: Բայց Վրաստանը և Ռուսաստանը կարող են պայմանավորվել առանց Աբխազիայի:
Դրա համար անհրաժեշտ է Սուխումում հրահրել հակառուսական տրամադրություններ և քաոս, հետո սկսել «բանակցություններ» և ստիպել աբխազական ղեկավարությանը «ցրել հանրապետությունը», ինչպես դա տեղի ունեցավ Արցախում անցյալ տարի: Դրանից հետո տեխնիկական հարց կլինի, թե ում միացնել Աբխազիան՝ Ռուսաստանին թե Վրաստանին: Սուխումը ստիպված կլինի ընտրություն կատարել՝ կամ ռուսական “ինտեգրում”, կամ վրացական: «Անկախ հանրապետության» ծրագիրը, կարծես, մոտենում է ավարտին:
Երեկ Սուխումում տեղի ունեցած անկարգություններից և ընդդիմության կողմից պետական շենքերի զավթումից հետո նախագահ Ասլան Բժանիան մերժել է հրաժարականի պահանջները և թաքնվում ՌԴ ռազմաբազայում:
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: