Երեկ «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Ինչ կլինի արցախցիների հետ 2025 թվականի մարտից հետո» թեմայով, որին մասնակցում էին Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Աննա Ժամկոչյանը, Արցախի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը և հասարակական գործիչ Լիաննա Պետրոսյանը։
Հիշեցնենք, որ կա որոշման նախագիծ, ըստ որի՝ 2025 թվականի ապրիլից բռնագաղթված արցախցիներին վարձակալության և կոմունալ վճարումների համար այլևս 40+10 հազար դրամ չի տրվի։ Դրանք կտրամադրվեն միայն որոշակի կատեգորիաների, այդ թվում՝ հաշմանդամների, թոշակառուների և անչափահասների, սակայն առաջին 2 ամիսների համար՝ 40 հազար դրամի չափով, ևս 2 եռամսյակների համար՝ 30 հազար դրամի։ Հետո օգնությունը կարող է ընդհանրապես դադարեցվել:
Աննա Ժամկոչյանը քաղաքավարի նկատեց, որ իրենք որոշել են արցախցիներին լավություն անել՝ ձմռան ամիսներին չդադարեցնել 50 հազար դրամի տրամադրումը։ Բայց հետո, ինչպես Հայաստանի բոլոր բնակիչները, արցախցիներն էլ ստիպված կլինեն իրենց հացը վաստակել։ 25 հազար մարդ, ըստ նրա, արդեն աշխատում է, իսկ 13 հազարը ստանում է 100-500 հազար դրամ աշխատավարձ։
Գեղամ Ստեփանյանն նկատեց, որ ընտանիքներում հիմնականում մեկ մարդ է աշխատում, և 100-150 հազար աշխատավարձը բավարարում է կամ սննդի, կամ վարձակալության համար։ Իսկ երբ 50 հազարի չափով վճարումները դադարեցվեն, շատերը պարզապես կհայտնվեն փողոցում։
Ի պատասխան՝ Աննա Ժամկոչյանը նկատեց, որ երկրորդ և երրորդ խմբի հաշմանդամները նույնպես կարող են աշխատել և կարող են իրենք գումար վաստակել, ինչպես մինչև 75 տարեկան թոշակառուները։ Նա նշեց, որ ծրագրերի նպատակն է ապահովել Արցախի ժողովրդի ինտեգրումը։
Նախապես նշվում էր, որ ծրագրերի նպատակն է օգնել առանց գույքի, հայրենիքի, աշխատանքի, ստաժի, սոցիալական երաշխիքների, բնակարանների և իրավական կարգավիճակի մնացած արցախցիներին գոյատևել։ Հիմա խոսում են «ինտեգրացիայի» մասին։
Քննարկումները ցույց տվեցին, թե ինչ քաղաքականություն է մտադիր վարել ՀՀ կառավարությունը Արցախի ժողովրդի նկատմամբ։ Աջակցության կրճատում եւ օգնության տրամադրում միայն ամենախոցելի կատեգորիաներին, իսկ մնացածները թող տակից դուրս գան ինչպես ուզում են։
Կառավարությունը մեկ տարի առաջ հայտարարեց արցախցիների զբաղվածության ծրագիր, սակայն այդպես էլ թվեր չներկայացրեց, թե խառը-խշտիկ ծրագրով քանի մարդ է աշխատանքի տեղավորվել։ Տեղեկություններ չկան, որ մեծ ծախսեր “կերած” այս ծրագիրը շատերին օգնել է աշխատանք գտնել։
Ինչ վերաբերում է բնակապահովման ծրագրին, ապա այստեղ էլ կարելի է խոսել լիակատար ձախողման մասին՝ ծրագրի մեկնարկից 5 ամսում միայն 24 ընտանիքի վկայական է հաստատվել։ Կառավարության տվյալներով՝ ընտանիքների մեծամասնությանը վկայական չեն տալիս ընտանիքի նույնիսկ մեկ անդամի հետ կապված խնդիրների պատճառով: Եվ եթե սկզբում կառավարությունը պնդում էր, որ արցախցիները չեն ցանկանում քաղաքացիություն ընդունել, հետևաբար բնակապահովման ծրագիրն առաջ չի գնում, ապա այժմ պարզ է դարձել, որ մոտ 5000 մարդ արդեն դիմել է քաղաքացիություն ստանալու համար, ավելի քան 4000 արցախցի ստացել է քաղաքացիություն, սակայն քչերն են դիմում բնակարանային ծրագրի համար։
Փորձագետները նշում են, որ բնակապահովման ծրագիրը պատրաստված է այնպես, որ հնարավոր չլինի օգտվել դրանից: Ճիշտ այնպես, ինչպես զբաղվածության ծրագիրը, որը այդպես էլ ոչինչ չտվեց արցախցիներին։
Ստացվում է, որ պետությունը, ձախողելով երկու խոշոր ծրագիր, ոչ թե ուղղում է սխալները, այլ նվազեցնում է աջակցությունը՝ տասնյակ հազարավոր մարդկանց դատապարտելով սովի ու զրկելով նրանց կացարանից։ Գնացեք գործ արեք, ասում է կառավարությունը։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: