Պարզվում է, միջազգային իրավունքում չկան «էթնիկ զտումներ» և «վերադարձի իրավունք» հասկացություններ

  • 18:45 17.11.2024

Արցախի օկուպացիայից և բնիկ բնակչության տեղահանումից ավելի քան մեկ տարի անց իրավական գնահատական ​​չի տրվել, թե ինչ է տեղի ունեցել 2020-2023 թվականներին, և ով է պատասխանատու 150 հազար մարդու տառապանքների, կորուստների, ունեցվածքի և իրավունքների համար։

Հայաստանի խորհրդարանը այդպես էլ չի հրապարակել 2020 թվականի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցը և ոչինչ չի ասել Արցախի շրջափակման, ագրեսիայի, օկուպացիայի և տեղահանության մասին։ Ավելին, ՀՀ խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանն ակնարկել է, որ Ադրբեջանը «իրավունք ուներ»։

Մինչդեռ քաղաքական և իրավական գործընթացները, ինչ-որ մեկի դրդմամբ, տարվել են երկու անպտուղ ուղղություններով՝ էթնիկ զտումներ և վերադարձի իրավունք։

Ինչո՞ւ հենց այս կատեգորիաները ընտրվեցին որպես հիմնական ուղղություններ։

Ինչպես պարզվեց, քանի որ այս երկու հասկացությունները միջազգային իրավունքի կատեգորիաներ չեն։ Այո, ճիշտ եք լսել:

Միջազգային իրավունքով էթնիկ զտումները ճանաչված չեն որպես հանցագործության առանձին տեսակ, այս հասկացության հստակ սահմանում չկա, և կոնկրետ գործողություններ, որոնք կարող են որակվել որպես էթնիկ զտումներ, սահմանված չեն:

Ի դեպ, այս մասին վերջերս հիշեցրել են Freedom House-ի հովանու միջազգային կազմակերպությունների պատրաստած զեկույցի հեղինակները։ Զեկույցի ամբողջական տեքստի ներկայացման ժամանակ, որտեղ 2023 թվականին Արցախում տեղի ունեցած իրադարձությունները որակվում են որպես «էթնիկ զտումներ», հեղինակներին հարցրել են, թե դա ինչ քաղաքական և իրավական հետևանքներ կարող է ունենալ, և նրանք խոստովանել են, որ «էթնիկ զտումները» չեն հանդիսանում հանցագործություն միջազգային իրավունքում։

Էթնիկ զտումները հաճախ համարժեք են արտաքսմանը, որը Ժնևի կոնվենցիաների լուրջ խախտում է, ինչպես նաև հանցագործություն մարդկության դեմ և հետևաբար Միջազգային տրիբունալի իրավասության ներքո է:

Այդ դեպքում ինչո՞ւ Արցախում տեղի ունեցածը չանվանել ուղղակի օկուպացիա և տեղահանություն։ Ի վերջո, բոլորի աչքի առաջ 150 հազար մարդ վտարվել է հայրենի հողից, և նրանց հողը գրավվել է։ Պատասխանը պարզ ՝է որովհետեւ դա ենթադրում է լուրջ քաղաքական պատասխանատվություն։

«Օկուպացիա», «տեղահանում», «ագրեսիա» տերմինների մերժումը և «էթնիկ զտումներ» հասկացության նախապատվությունը հուշում է, որ հանցագործներին խնամքով պաշտպանում են պատասխանատվությունից և արվում է ամեն ինչ, որպեսզի հարցեր չառաջանան տարածքների, կարգավիճակի, իրավունքների եւ ինքնորոշման վերաբերյալ։

Ինչ վերաբերում է «Օսկանյանի կոմիտեի» թեթեւ ձեռքով շրջանառության մեջ դրված «վերադարձի իրավունքին», ապա այս իրավունքը նույնպես հորինվածք է։ «Չնայած միջազգային իրավունքում նման արտահայտություն չեք գտնի, սակայն վերադարձի իրավունքը ավանդական իրավունքի նորմ է։ Այսինքն՝ դարեր շարունակ պետությունները ճանաչել են, որ բռնի տեղահանվածներն իրավունք ունեն վերադառնալ իրենց տները»,- վերջին քննարկումների ժամանակ հայտարարեց միջազգային իրավունքի փորձագետ Արա Ղազարյանը։

Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 13-րդ հոդվածում ասվում է, որ «յուրաքանչյուր ոք իրավունք ունի լքելու յուրաքանչյուր երկիր, ներառյալ իր երկիրը, և վերադառնալու իր երկիրը»: Նախորդ պարբերությունը օգտագործում է «պետություն» տերմինը («Յուրաքանչյուր անձ ունի ազատ տեղաշարժվելու և յուրաքանչյուր պետության ներսում իր բնակության վայր ընտրելու իրավունք»): Ոչ ոք չգիտի, թե ինչպես կարելի է նույնականացնել “սեփական երկրի” և “պետութուն” հասկացությունները։

Այսպիսով, պարզվում է, որ մի ամբողջ տարի հազարավոր մարդիկ, անկեղծորեն հավատալով իրենց նպատակին, ձգտել են «էթնիկ զտումների» և «վերադարձի իրավունքի» միջազգային ճանաչմանը, թեև այս տերմինները չեն ենթադրում քաղաքական և իրավական հետևանքներ հանցագործների համար։ Ընդհակառակը, նրանց պաշտպանում են պատասխանատվությունից։

Նաիրա Հայրումյան

f