Sեպտեմբերի 19-ին Արսենը ծառայության մեջ էր, Հարավի ուղղությունում՝ թշնամու հարվածների տակ

  • 19:03 17.11.2024

Արսենն Արցախի Ասկերան քաղաքում է ծնվել, մեծացել ու դպրոց գնացել։ Դպրոցն ավարտելուց հետո զորակոչվել էր ԱՀ ՊԲ շարքերը՝ կատարելու հայ երիտասարդին վերապահված սուրբ առաքելությունը։ 2023-ի սեպտեմբերի 19-ին նա մարտական ծառայության մեջ էր։

Հարավի ուղղությունում էր՝ թշնամու առաջին հարվածների տակ։ Օրեր շարունակ ոչ մի լուր չկար Արսենից շրջափակման մեջ էր։ Մայրը չէր գտնում իր տեղը, և երբ Ստեփանակերտի օդանավակայանում մինուճար որդուն անսպասելի տեսավ, աչքերին չէր հավատում։ Ի՞նչ իմանար, որ արհավիրքը դեռ  առջևում է։ Սկսվել էր Արցախի հայաթափումը, մարդիկ վառելիքի փնտրտուքի մեջ էին։

Սեպտեմբերի 23-ը կամ 24-ն էր, երբ վերջին անգամ տեսա Արսենին։ Ստեփանակերտի Հեքիմյան փողոցում էի,և հանկարծ նկատեցի Արսենին։ Ընկերոջ՝ Դավիթի հետ էր։ Իրենք ինձ չէին նկատել։ Կանչեցի։ Լսել էի, որ Արսենը վտանգի մեջ է եղել, բայց չգիտեի, որ ողջ ու առողջ վերադարձել է դիրքերից։ Տղաները մտազբաղ ու տխուր էին։ Ակամա հարցրի՝ ինչո՞ւ են այդքան տխուր, երկուսն էլ ինձ նայեցին արտասվաթոր հայացքով ու պատասխանեցին՝ տխուր չենք, հոգնած ենք։ Ու գնացին։ Երկար նայում էի նրանց հետևից ու փառք տալիս Աստծուն, որ ողջ են, և ինքս ինձ նախատելով շարունակեցի ճանապարհս ինչպե՞ս կարող են տխուր չլինել, ինչերի՜ միջով են անցել, քանիքանի՜ տղաներ են զոհվել նրանց աչքերի առաջ։

Եկավ չարաբաստիկ սեպտեմբերի 25-ը՝ Արցախի պատմության ամենացավոտ օրերից մեկը։ Արսենն այնտեղ էր անբաժան ընկեր Դավիթի հետ։ Արսենը ծանր այրվածքներով տեղափոխվեց Երևան, սակայն բժիշկներն ի զորու չէին փրկել նրա կյանքը։ Սեպտեմբերի 27-ին դադարեց բաբախել բազում երազանքներով պարուրված նրա սիրտը։

Արսենի ուսուցչուհի Ռուզաննա Խաչատրյանը կարոտով է հիշում սիրելի աշակերտին, ցավում նրա կորուստը

-Իր համար մի սիրուն հեքիաթ էր հյուսել Արսենը․ կավարտի դպրոցը, կընդունվի համալսարան, հետո կծառայի բանակում, գեղեցիկ ընտանիք կկազմի (սիրած աղջիկ ուներ արդեն) ու իր որդիներին կպատմի իր ու սերնդակիցների պայքարի մասին։ Պատերազմի ժամանակ, մի կերպ դուրս գալով օղակումից, այլ փորձանքի մեջ հայտնվեց։ Պատրաստվում էր ընտանիքը դուրս հանել դավաճանված Արցախից։ Սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած առեղծվածային ու ամենակուլ պայթյունին զոհ գնաց Արսենը։

Ընկերները կարոտում են

-Նրա հետ կարելի էր մինչև աշխարհի ծայրը գնալ ու միշտ ապահով զգալ։ Սիրում էր կյանքը, շատ երազանքներ ու նպատակներ ուներ։ Ծառայությունն ավարտելուց հետո մտադիր էր մեծ կյանք մտնել, ծնողներին նեցուկ լինել։

Արսենի ծնողները՝ Վիգենն ու Նարինեն, քույրը՝ Անին, հաստատվել են Լոռու մարզի Վանաձոր քաղաքում։ Այդտեղ է իր վերջին հանգրվանը գտել Արսենը։  

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

f