ԵԽ-ն կոչ է անում Բաքվին պայմաններ ստեղծել՝ ԼՂ-ից տեղահանված հայերի անվտանգ վերադարձի համար

  • 00:40 19.11.2024

Եվրոպայի խորհրդի Ազգային փոքրամասնությունների պաշտպանության շրջանակային կոնվենցիայի խորհրդատվական կոմիտեն հրապարակել է Ադրբեջանի վերաբերյալ իր հինգերորդ փուլային զեկույցը։

Նշվում է, որ ազգային փոքրամասնությունները ներկայացնող անձանց իրավունքները պաշտպանված են Սահմանադրությամբ և բազմամշակութայնության քաղաքականությամբ։ Այնուամենայնիվ, միայն դա բավարար չէ իրավունքների լիարժեք և արդյունավետ հավասարությունը երաշխավորելու համար:

Անդրադարձ է կատարվում նաև Լեռնային Ղարաբաղի հայերին։ Նշվում է, որ պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկել Ղարաբաղյան հակամարտությանը հաջորդած իրավիճակի լուծման համար։ «Այս կարծիքում Խորհրդատվական կոմիտեն առաջին անգամ գնահատում է իրավիճակը Ղարաբաղի տարածաշրջանում։ Մոնիթորինգի այս շրջանի ընթացքում Ադրբեջանը վերահաստատել է իր արդյունավետ վերահսկողությունը Ղարաբաղի, ինչպես նաև հարակից յոթ շրջանների նկատմամբ։ Միևնույն ժամանակ, Լաչինի միջանցքի գրեթե տասը ամիս շրջափակումից, 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի իշխանությունների ռազմական գործողությունից և միջանցքի հանկարծակի վերաբացումից հետո ավելի քան 100.000 հայեր լքել են տարածաշրջանը»,- ասվում է զեկույցում։

Որպես անհապաղ գործողությունների հանձնարարական՝ Խորհրդատվական կոմիտեն կոչ է անում իշխանություններին ստեղծել քաղաքական, իրավական և գործնական պայմաններ, որոնք անհրաժեշտ են Ղարաբաղից տեղահանված հայերի անվտանգ, անխոչընդոտ և կայուն վերադարձի համար, նաև ստեղծել սեփականության հարցերով զբաղվելու հատուկ մեխանիզմ:

Իշխանություններին նաև կոչ է արվում գույքագրել, պաշտպանել և պահպանել հայկական բոլոր կրոնական և մշակութային վայրերը, ինչպես նաև հետաքննել տարածաշրջանում էթնիկ հայերի կողմից օգտագործվող պատմական և մշակութային հուշարձանների և գերեզմանոցների վանդալիզմի, ոչնչացման և փոփոխության բոլոր մեղադրանքները:

«Վերջապես, վկայակոչելով Հայաստանի Հանրապետության դեմ ուղղված խիստ հրապարակային նորմատիվները Ղարաբաղյան հակամարտության համատեքստում և դրա անմիջական ազդեցությունն էթնիկ հայերի նկատմամբ վերաբերմունքի վրա՝ Խորհրդատվական կոմիտեն կոչ է անում իշխանություններին ձեռնպահ մնալ և խստորեն դատապարտել անհանդուրժողականության և էթնիկ ատելության տարածման ցանկացած դրսևորում հայ համայնքին պատկանող անձանց նկատմամբ՝ հաշտեցման գործընթացը հեշտացնելու նպատակով»,- նշում են զեկույցի հեղինակները։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ factor.am-ում։

f