«Մեր երազանքը հիմա հակադրում են մեզ՝ Արցախյան շարժումը սկսվել է նրանով, որ պետք է միանանք Հայաստանին”․ Նարինե Աղաբալյան

  • 12:03 19.11.2024

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից բռնի տեղահանված անձանց իրավունքներն ու սոցիալական ներառումը» խորագրով քննարկման ժամանակ այսօր «Մենք ենք մեր սարերը» կազմակերպության անդամ, արցախցի Նաիրնե Աղաբալյանն անդրադարձավ հարցին, որ ՀՀ կառավարության՝ արցախցիներիկ համար նախպատեսված բնակապահովման ծրագիրը ձախողվել է։

«Երբ լավ չմշակված ծրագրի ձախողումը փորձում են բարդել արցախցիների վրա՝ պատճառաբանելով, որ արցախցին չի ուզում գնալ սահմանում բնակվել, արցախցին չի ուզում ընդունել Հայաստանի քաղաքացիություն, արցախցին չի ուզում ծառայել Հայաստանի բանակում, սա ոչ թե տանում է այդ խնդիրների լուծմանը, այլ ավելի է խորացնում այդ խնդիրները։ Իհարկե, ճգնաժամերը պետք է օգտագործել նաեւ որպես հնարավորություն, եւ եթե կա մարդկային այսքան հոսք, իհարկե, պետք է մտածել նաեւ Հայաստանի մեռնող գյուղերը բնակեցնելու, համայնքներն ուժեղացնելու մասին, բայց դա պետք է անել համալիր ծրագրերի միջոցով, ոչ թե մարդկանց պարտադրել անորոշ պայմաններով գնալ սահմանամերձ համայնքներ՝ չիմանալով՝ այդ տունն ի վերջո իրենն է, թե ոչ։

Այսինքն՝ անորոշությունն այնքան մեծ է, որ մարդիկ դժվարանում են այդ ընտրությունը կատարել։ Այսօր էլ բոլոր սահմանային համայնքներում ապրող արացախցիներ կան, եւ պետք չէ ներկայացնել, թե արցախցիները չեն ուզում գնալ սահման։ Կգնան, եթե լինեն համապատասխան պայմաններ»,- ասաց նա։

ՀՀ կառավարության բնակապահովման ծրագհրից օգտվելու համար պարտադիր պայման է, որ արցախցիները ձեռք բերեն ՀՀ քաղաքացիություն։ Անդրադառնալով այս նորմին՝ Նարինե Աղաբալյանն ասաց․ «Մեր երազանքը հիմա հակադրում են մեզ՝ 1988 թվականին Արցախյան շարժումը սկսվել է նրանով, որ պետք է միանանք Հայաստանին եւ ունենանք Հայաստանի քաղաքացիություն։ Հիմա այդ խնդիրն այնպես է մատուցվում, որ ակամայից մարդիկ մտածում են, որ պետք չէ ընդունել ՀՀ քաղաքացիություն։ Այսինքն՝ մենք 35 տարի ապրել ենք այն գիտակցմամբ, որ մեր անձնագրի մեջ քաղաքացիության դիմաց գրված է՝ Հայաստանի Հանրապետություն։ Սա շատերի համար հոգեբանական խնդիր է, երբ ասում են՝ Արցախի Հանրապետության անձնագիրը պիտի հանձնես, կարծես թե վերադարձի վերջին հույսը մարդկանց մոտ մարում է»։

Նարինե Աղաբալյանը նաեւ ասաց, որ բանկերն էլ են հրաժարվում վարկեր տրամադրել արցախցիներին՝ օգտվելու բնակապահովման ծրագրից․ «Օրինակ, եթե ես օգտվեմ այդ սերտիֆիկատներից եւ փորձեմ տուն ձեռք բերել, ապա հարց է առաջանում՝ եթե վաղը չափահաս երեխան որոշի տեղափոխվել մեկ այլ բնակավայր, եւ պետությունն առգրավի այդ բնակարանը, ապա բանկի համար խնդիրը ո՞նց է լուծվելու։ Եվ այդ հիմքով շատ բանկեր հրաժարվում են վարկեր տալ։ Առավել եւս, որ այսքան ողբերգությունից հետո շատ շատերն անվարկունակ կարող են ճանաչվել»։

Նա նաեւ ասաց, որ արցախցիները բավարար չափով ներգրավված չեն իրենց վերաբերյալ որոշումների կայացմանը։ Հիմա արդեն, տեսնելով, որ ծրագիրը ձախողվել է, արցախցիներն իրենց նախաձեռնությամբ առաջարկությունների փաթեթ են մշակել, որը փորձում են ներկայացնել ՀՀ կառավարությանը, որպեսզի կարողանան փրկել այս ծրագիրը։

f