ԵԽ-ն ո՞ւր է ուղարկում արցախցիներին․ սեփական արժեքների տրորումը կործանում է Եվրոպան

  • 13:03 19.11.2024

Եվրոպայի խորհրդի Ազգային փոքրամասնությունների պաշտպանության շրջանակային կոնվենցիայի խորհրդատվական կոմիտեն հրապարակել է Ադրբեջանի վերաբերյալ իր հինգերորդ փուլային զեկույցը։

«Այս կարծիքում Խորհրդատվական կոմիտեն առաջին անգամ գնահատում է իրավիճակը Ղարաբաղի տարածաշրջանում։ Մոնիթորինգի այս շրջանի ընթացքում Ադրբեջանը վերահաստատել է իր արդյունավետ վերահսկողությունը Ղարաբաղի, ինչպես նաև հարակից յոթ շրջանների նկատմամբ։ Միևնույն ժամանակ, Լաչինի միջանցքի գրեթե տասը ամիս շրջափակումից, 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի իշխանությունների ռազմական գործողությունից և միջանցքի հանկարծակի վերաբացումից հետո ավելի քան 100.000 հայեր լքել են տարածաշրջանը»,- ասվում է զեկույցում։

Խորհրդատվական կոմիտեն կոչ է անում Բաքվին ստեղծել քաղաքական, իրավական և գործնական պայմաններ, որոնք անհրաժեշտ են Ղարաբաղից տեղահանված հայերի անվտանգ, անխոչընդոտ և կայուն վերադարձի համար, նաև ստեղծել սեփականության հարցերով զբաղվելու հատուկ մեխանիզմ: Իշխանություններին նաև կոչ է արվում գույքագրել, պաշտպանել և պահպանել հայկական բոլոր կրոնական և մշակութային վայրերը:

Այսինքն Եվրոպայի խորհրդի կոմիտեն «արդյունավետ» է համարում այն, որ Ադրբեջանը «վերականգնել է վերահսկողությունը» Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, նույնիսկ բնիկ հայերին իրենց տներից վտարելու եւ նրանց ժառանգությունը սեփականացնելու գնով։

Ո՞ր փաստաթղթի հիման վրա է ԵԽ-ն որոշել, որ Ղարաբաղը Ադրբեջան է։ Չէ՞ որ ԽՍՀՄ փլուզման ժամանակ հենց եվրաատլանտյան երկրներն էին, որ գոռում էին Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքի մասին, մեղադրելով խորհրդային իշխանություններին, որ նրանք ճնշում են մարդու բնական իրավունքնրը։ 30 տարի արեւմտյան երկրները ԵԱՀԿ-ի շրջանակներում պնդում էին, որ Արցախի հարցը վիճելի է եւ պետք է լուծվի միայն խաղաղ ճանապարհով։

Հենց նրանք էին ծափ տալիս Արցախում անցկացվող ընտրություններին, արեւմտյան իրավապաշտպան կազմակերպություններն էին, որ ժողովրդավարությունն Արցախում ավելի բարձր էին դասում, քան Ադրբեջանում։

Հիմա Եվրոպան պնդում է ստալինյան սահմանները, Ալիեւի «ուժի իրավունքը» եւ միայն խնդրում է հին եկեղեցիները չքանդել։ Թեկուզ արդեն քանդածի համար մի բառ անգամ չի ասել Ալիեւին եւ չի նախատել ռուսական զորքերին։

Բա ի՞նչ է փոխվել։ Ե՞րբ եք Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս։ Երբ 2023-ի սեպտեմբերի 17-ին ԵՄ ներկայացուցչին ուղարկել եք Պոլիս, որ ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի հետ Արցախը հայաթափելու որոշում կայացնե՞ն։

2 օր հետո, սեպտեմբերի 19-ին սկսվեց Արցախի օկուպացիան, հակամարտության «ուժային կարգավորումը», եւ Եվրոպան աչք փակեց։ Իսկ եթե արժեք չկա, ուրեմն, չի լինի եւ Արեւմտյան քաղաքակրթությունը։

Հիմա ինքը Եվրոպան դառնում է աջ ազգայնական ուժերի եւ դիկտատորների մայրցամաք, որտեղ ուժի իրավունքը դառնում է օրենք։ Ցտեսութոյւն, Եվրոպա։

f