Միասնական տոմսային համակարգի ներդրումից հետո հանրային տրանսպորտից օգտվողների համար առաջարկվող արտոնությունների փաթեթում հատուկ արտոնություն չկա Արցախից տեղահանավածների համար, այսօր Երևանի ավագանու հերթական նիստի ժամանակ նկատեց ավագանու ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցությա անդամ Մեսրոպ Մանուկյանը։
Արտոնությունների փաթեթը նիստում քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանն էր ներկայացնում։
Գրիգորյանն արձագանքեց՝ նշելով, թե իշխանությունն աջակցության բազմաթիվ ծրագրեր իրականացնում է նրանց համար։
Միասնական տոմսային համակարգը կներդրվի հունվարին՝ 171 նոր ավտոբուսների ուղեգծեր մտնելուն պես։ Ըստ Երևանի քաղաքապետարանի՝ հունվարի 1-ից 8 հազար 800 դրամ կարժենա 30 օրվա տոմսային փաթեթը, 23 հազար 600՝ 90 օրվանը, իսկ մեկ տարվանը՝ 88 հազար դրամ: Բոլորի դեպքում երթևեկությունների թիվը կլինի անսահմանափակ։ Օրական տոմս էլ կլինի՝ 280 և 300 դրամ՝ 90 րոպեի համար։ Մեկ փաթեթից կարող է օգտվել միայն մեկ քաղաքացի:
«Հունվարի 1-ից հանրային տրանսպորտի ոլորտում տհաճ անակնկալ է լինելու երևանցիների և մարզերից մայրաքաղաք եկած քաղաքացիների համար։ Փաստերի ճնշման արդյունքում քաղաքային իշխանություններն ընդունում են, որ քաղաքային տրանսպորտի ոլորտում կա ստվերային շրջանառություն։ Տարբեր հաշվարկներով այդ ստվերն օրական կազմում է 80 000 դոլար կամ տարեկան մոտ 30 մլն դոլար։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն արդեն 6 տարի է` երկրում իշխանություն է, բայց ստվերի հարցում կրավորական կեցվածք է ընդունել։ Սա կասկածներ է առաջացնում, որ իրենք անձնական շահագրգռվածություն ունեն այդ հարցում»,- ասաց «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Սուքիասյանը։
Նրա խոսքով՝ պետք է նորմալ բարեփոխումներն անել տրանսպորտային համակարգում, հետո միայն հասկանալ, թե որքան է պետք բյուջեից հատկացնել որպես դոտացիա, որ գինը չթանկանա։
Սուքիասյանը շեշտեց՝ օրական 50 000 ուղևորի կանխավարկածն ու այժմ տրամադրվող դոտացիայի չափը թույլ է տալիս եզրակացնել, որ միանգամյա ուղևորափոխադրման ինքնարժեքը 60-65 դրամ է։
Սուքիասյանն ընդգծեց՝ դա հնարավորություն է տալիս գինը պահել 100 դրամի սահմաններում ու ժամանակի ընթացքում լրացնել ավտոբուսների պարկը։
Հիշեցնենք, որ հունվարի 1-ից հանրային տրանսպորտից օգտվող քաղաքացիներին վճարման 6 փաթեթ կառաջարկվի։
1 տարի տրանսպորտից անսահմանափակ օգտվելու համար ուղևորը պետք է վճարի 90 000 դրամ, 90 օր անսահմանափակ քանակությամբ տրանսպորտից օգտվելը քաղաքացու համար կարժենա 24 հազար դրամ, 1 ամսվա անսահմանափակ երթերը կլինեն 9000 դրամ։ Հասարակական տրանսպորտից ավելի քիչ օգտվողների համար քաղաքապետարանը սահմանափակ փաթեթներ է առաջարկում․ օրինակ 1 օրվա ընթացքում 8 անգամ տրանսպորտից օգտվելու համար պետք է 900 դրամ վճարել կամ էլ 300 դրամ տալ և 90 րոպեի ընթացքում 3 անգամ տրանսպորտից օգտվել։
Նշենք, որ ըստ նախագծի` Երևանի քաղաքային տրանսպորտից անվճար կօգտվեն մինչև 7 տարեկանները, ծնողազուրկ դպրոցականներն ու ուսանողները, հաշմանդամություն ունեցող անձինք (1-ին կամ 2-րդ խմբի), մանկատներում կամ ծերանոցներում գտնվող անձինք, նախկին ԽՍՀՄ, Սոցիալիստական աշխատանքի հերոսները, Հայաստանի ազգային հերոսները, Մարտական խաչի 1-ին և 2-րդ աստիճանի և Փառքի երեք աստիճանի շքանշաններով պարգևատրվածները և բազմազավակ ընտանիքների ծնողները:
Զեղչեր կգործեն թոշակառուների, դպրոցականների, ուսանողների և նպաստառուների համար։