Միգրացիայի ծառայությունը չի ուսումնասիրել արցախցիների վերաբերյալ Գերմանիայի դատարանի որոշումը

  • 15:13 19.11.2024

Գերմանիայի Քասել քաղաքի վարչական դատարանն օրերս որոշում էր ընդունել, որ արցախցիները քաղաքացիություն չունեցող անձինք են եւ չեն կարող վերադառնալ Արցախ, քանի որ իրենց կյանքին ու առողջությանը վտանգ է սպառնում։

Այսօր «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից բռնի տեղահանված անձանց իրավունքներն ու սոցիալական ներառումը» խորագրով ֆորումի ժամանակ հարց ուղղվեց ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն անձը հաստատող փաստաթղթերի թողարկման վարչության պետ Աննա Մակարյանին՝ սա կարո՞ղ է նախադեպ դառնել, եւ ԵՄ անդամ երկրները ապաստան տրամադրեն արցախցիներին, միգրացիայի տեսանկյունից ի՞նչ ազդեցություն կունենա այս որոշումը։

Աննա Մակարյանն ասաց, որ այս որոշման վերաբերյալ Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունում դեռ պաշտոնական տեսակետ չկա, քննարկումները շարունակվում են։ «Բայց քաղաքացիություն չունեցողի կարգավիճակին վստահ չի հաջորդում փախստականի կարգավիճակը, որովհետեւ դրանք լրիվ տարբեր իրավական կարգավորումներ են։ Պարտադիր չէ, որ քաղաքացիություն չունեցողը հետո դիմի փախստականի կարգավիճակի համար, մարդը կարող է տարիներով չդիմել»,- ասաց նա։

Ըստ Մակարյանի՝ այո, այս որոշմամբ նշել են, որ մարդը ծագման երկիր վերադառնալու հնարավորություն չունի, բայց եվրոպական երկրներից շատերը, երբ մարդիկ գնացել են «հանձնվելու», ասել են՝ դուք արդեն Հայաստանից ունեք պաշտպանություն, վերադարձեք ձեր իսկ պաշտպանության երկիրը։

«Իրականում դեռեւս այս որոշման հիմքը չենք ուսումնասիրել, բայց նույն Գերմանիայից նախորդ տարվա հունվար ամիսն ունեինք ընտանիք, որին ասել էին՝ դուք Հայաստանում պաշտպանություն ունեք, հետ գնացեք Հայաստան։ Եվ այդ ընտանիքին հետ էին ուղարկել Հայաստան։ Դեռեւս սա միակ որոշումն է, եթե վիզա ստանալն ու այնտեղ հասնելը պետք է նախադեպային լինի բոլորի համար, ուրեմն պետք է իրենք սկսեն վիզաները բաժանել, ասել՝ համեցեք, մենք ձեզ կարգավիճակ կտանք։ Իսկ մենք գիտենք, որ վիզա տրամադրելը մի փոքր բարդ է»,- հավելեց Աննա Մակարյանը:

f