Step1.am-ի զրուցակիցն է ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը։
-Պարոն Հայրիկյան, նոյեմբերի 22-ին դուք հավաք եք հրավիրում՝ շեշտադրելով Վիլսոնի իրավարար վճռի հարցը։ Ի՞նչ նպատակ ունի ձեր նախաձեռնությունը։
-Ես այսօր դիմեցի հանրությանը, որ այն մարդիկ ու ուժերը, որոնք իրավիճակը ահազանգային են համարում, պետք է միավորվեն։ Ես սա պայմանականորեն կոչեցի «ահազանգ շարժում»։ Արդեն նախանշել եմ, որ նոյեմբերի 22-ին՝ ժամը 17։00-ին հանդիպենք՝ առանց պարտավորությունների ու ամպագոռգոռ խոստումների։ Կլինի 100 հոգով, թե 100 հազար հոգով, էական չէ։ Ես այդ նախաձեռնության մասին հրապարակում ուզում եմ խոսել նրանց հետ, ովքեր կհասկանան հարցի կարեւորությունը։
Վիլսոնյան իրավարար վճիռը ոչ միայն Սեւրի պայմանագրի հիման վրա Առաջին համաշխարհային պատերազմից հետո ընդունված որոշումներից մեկն էր, որն անժամկետ է, դա այն օրերի քաղաքակիրթ անձերի կողմից, ներառյալ պարտված Օսմանյան կայսրությունը, ընդունված մի փաստաթուղթ է։ Բայց սա իր մեջ այլ տարրեր էլ է պարունակում։ Դրանից առաջ՝ 1914 թվականին արդեն միջազգային համաձայնություն էր կայացել, եւ Թուրքիայի կառավարությունը համաձայնել էր, որ պատմական Հայաստանի տարածքում՝ շատ մեծ ընդգրկումով, պետք է լինեն երկու հայկական նահանգապետություններ։ Եվ այդ նույն միջազգային համաձայնությամբ Բելգիայից եւ Հոլանդիայից Հայաստան էին ուղարկվել գեներալ գուբերնատորներ։ Սա կարեւոր է նրանով, որ 1914 թվականին թուրքական պետությունը համաձայնել էր սրան։ Սակայն երբ համաշխարհային պատերազմն սկսվեց, այդ ծրագիրն անավարտ մնաց։ Սակայն անգամ դա շատ կարեւոր է հայության նկատամամբ իրականացված անարդար վերաբերմունքը գնահատելու համար։ Չգիտես ինչու, մեր դիվանագիտությունը, չնայած իմ բազմաթիվ հուշումներին, չանդրադարձավ այդ իրողությանը։ Բայց այնպես չէ, որ դա կարող է մոռացության մատնվել, ցանկացած պահի դա՝ որպես հզոր գործոն, կարող է իջնել ասպարեզ։
Վիլսոնի իրավարար վճիռը՝ նոյեմբերի 22-ի այդ որոշումը հայության նկատմամաբ ամենակարեւոր միջազգային իրավական փաստաթուղթն է։ Այն տապալվեց ռուս-թուրական նվաճողական պատերազմի հետեւանքով, մասնավորապես, Լենին-Աթաթուրք պայմանագրով։ Այլապես, աշխարհասփյուռ հայությունը կարող էր հավաքվել իրեն հատկացված այդ տարածքում եւ փորձել ինչքան հնարավոր է նվազեցնել տեղի ունեցող ցեղասպանության հետեւանքները։ Այդ փաստաթուղթը ոչ միայն արձանագրում էր Առաջին համաշխարհային պատերազմի արդյունքները՝ բռնապետական կայսրությունների եթե ոչ վերացումով, այլ նվազեցումով, այլ նաեւ դա գործողություն էր, որով միջազգային հանրությունը ոչ միայն ճանաչում էր ցեղասպանությունը, այլեւ առարկայորեն քայլ էր կատարում ցեղասպանության հետեւանքները վերացնելու ուղղությամբ։ Հետագայում բռնազավթված Հայաստանը, այլեւս միջազգային իրավունքի ենթակա չլինելով, չկարողացավ հղումներ կատարել դրան։ Ավելին, բռնազավթված տարածքները Ռուսաստանն ու Թուրքիան բաժանեցին միմիյանց միջեւ, ներառյալ Կարս-Ադրահանը, Նախիջեւանը եւ Արցախը։ Նրանք ավելի վաղ էին դա սկսել, մասնավորապես, Ռուսաստանը 1920 թվականին՝ նույն Սեւրի պայմանագրի կնքման օրը, չգիտես ինչու, Հայաստանի իշխանություններին կարողացել էր համոզել, որ նրանք 11-րդ բանակը մտցնեն Արցախ, Զանգեզուր եւ Նախիջեւան։ Զանգեզուրում Նժդեհը նրանց հեռացրեց, բայց մյուս երկու տարածքներում մնացին։
Ինչո՞ւ եմ ես սա ընդգծում․ շատ մարդիկ ասում են՝ Արեւմուտքը հետեւողական չեղավ Հայաստանի հարցով։ Ես դրա պատճառը համարում եմ հենց այս թույլ տրված սխալը։ 1920 թվականին օգոստոսի 10-ին Թիֆլիսում արդեն քաղաքակիրթ աշխարհի թշնամի դարձած բոլշեւիկյան Ռուսաստանի հետ առանձին պայմանագիր կնքելը եւ նրանց մեր տարածքներ զորքեր մտցնելու թույլտվություն տալն աշխարհն ընկալեց որպես ահազանգ, որ հայերը, հայկական պետությունը վստահելի գործընկեր չեն։ 1920 թվականի օգոստոսի 10-ի Թիֆլիսի պայմանագրից հետո Անգլիայի եւ Ֆրանսիայի դեսպանները Հայաստանում ահազանգ էին բարձարցնում, թե՝ այս ի՞նչ եք անում։ Ես կարծում եմ, որ դա հետագայում շատ լուրջ բարոյահոգեբանական եւ քաղաքական հետեւանքներ ունեցավ մեր ճակատագրի վրա, որովհետեւ իրենք փորձում էին Հայաստանին օգնել՝ չմոռանալով իրենց շահերը, եւ տեսան, որ Հայաստանը չի զսպում բոլշեւիզմը, ինքնագլուխ ռուսանպաստ քայլեր է կատարում։
Վիլսոնի իրավարար վճիռը հիմա ոմանք փորձում են անտեսել, ոմանք ծիծաղում են։ Նրանք անգետներ ու տգետներ են։ Ես այս խնդիրների մասին դեռեւս 50 տարի առաջ եմ խոսել՝ որպես ազգային գործիչ։ Բայց եթե դու գործակալ ես ու ունես նախատրամադրվածություն, եթե անգամ գործակալ չես, մոլորության մեջ ես, ապա ի վիճակի չես ընկալել այն ճշմարիտը, ինչը քեզ մատուցվում է։ Ինչո՞ւ ես ընտրեցի նոյեմբերի 22-ը, ես հանկարծ հասկացա, որ շատ խորհրդավոր բան կա նոյեմբերի 22-ի մեջ։ 1988 թվականի նոյեմբերի 22-ին Հայաստանի Գերագույն խորհուրդը Մոսկվայից հրաման ստացավ՝ նիստ չգումարել, Հայաստանում արտակարգ դրություն հայտարարել։ Նույն նոյեմբերի 22-ին՝ ուղիղ 50 տարի առաջ, ես արդեն երրորդ անգամ դատապարտվեցի Հայաստանի անկախության գաղափարի համար։ Բայց 1988 թվականին սովետական դեպուտատները չենթարկվեցին Մոսկվայի թելադրանքին, ասացին՝ ո՞նց թե, ինչ արտակարգ դրություն, եւ հավաքվեցին Օպերայում։ Այս ամենն ինձ տրամադրեց հասկանալու, որ նոյեմբերի 22-ը տիեզերական օրինաչափությունների մեջ ինչ-որ խորհուրդ ունի։ Գերագույն խորհրդի պատգամավորների անկախության ակցիան նշանակում էր՝ Մոսկվա, մենք ենք որոշում, ինքնորոշվում ենք։ Այդ հասունացումը կար, եւ քանի որ այդ հասունացման գագաթնակետը եղավ նոյեմբերի 22-ը, դա եւս ինձ տրամադրեց նոյեմբերի 22-ին միայնակ նախաձեռնել այս հավաքը։
–Վիլսոնի իրավարար վճռի եւ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքների հարցը բարձրացնելով՝ այս իրավիճակում բեկում մտցնելու հնարավորությո՞ւն եք տեսնում։
– Ոչ, այս պահին ես այդ հարցի բարձրացումը չեմ համարում առաջնահերթ խնդիր։ Ահազանգը վերաբերում է այլ հարցի՝ Հայաստանը միջազգային իրավունքի ենթակա սուբյեկտից վերածվել է ինչ-որ խամաճիկ դրսեւորումներով պետության՝ անհասկանալի, անարժանապատիվ, բառացիորեն միջազգային իրավունքին հակասող։ Դրա համար ես երեկ քաղաքական ուժերի, ՀԿ-ների, անհատ գործիչների կողմից ընդունված հայտարարության մեջ որոշ նրբերանգներ ավելացրեցի։ Հարցը միայն Վիլսոնի իրավարար վճիռը բարձրացնելը չէ, դրա մասին պետք է դիվանագիտական տարբեր ատյաններում խոսել։ Բայց այսօր հարցը նախ եւ առաջ Հայաստանի կայացումն է՝ որպես ինքնուրույն միավոր, արժանապատիվ ղեկավարությամբ։ Իսկ այդ ամենը հնարավոր է միայն մեկ ճանապարհով, մենք ինքնախաբեությամբ չպետք է զբաղվենք։ Եթե մենք նախնական բարեփոխումներ կատարած չլինենք մեր հիմնական օրենքում, ապա չի բացառվում, որ նույնիսկ ամենալավ մարդը, իշխանության գալով, դառնա հաջորդ Նիկոլը։ Մեզ հաջորդ Նիկոլ պետք չէ։ Այսինքն՝ քաղաքացուն այլեւս երկրի տերը դարձնելու խնդիրն է մեր առաջանային խնդիրը։
Ռոզա Հովհաննիսյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: